Այս ամենը հիմա անցած է:
Այս ամենը հիմա հեքիաթի է նման։
Ինչպես ա՛րտն էր լինում հողմածեծ,
Այդպես հորձանքը մեր մի օր շաչեց
Եվ արմատից պոկեց անիմաստ
Այդ հորովելը հին։— Եվ հիմա՛
Հնչում է երգը ձեր միասնական ու դաշն
Հերկում եք ու վարում միասին
Ձեր դաշտերը անեզր։
Քշել եք դաշտերից արդեն
Շահագործող մարդուն,
Ոսոխին դժնի ու արնաքամ,
Եվ հերկում եք հիմա զվարթուն
Ձեր հերկը համայնական։—
Եվ դուք գիտեք հիմա՝ այս հերկը,
Որ մշակում եք արդ ու վարում միասին —
Ձեր Լուսավոր կյանքի, ձեր Գալիքի հե՛րկն է
Ինչպես իմ երգը — ե՛րգ է այդ Գալիքի մասին:
Այդ հերկը ձգվում է անծայրածիր
Մեր հինավուրց Նորքից մինչև Խաղաղական։—
Բարձրացել է այսօր մի հոյակապ հնձի
Մեր անսահման երկիրը՝ հագած պողպատ վահան
Այն մոխիրե, այն նեղ ճամբեքի փոխարեն.
Ուր ճռընչում էր սայլը հնավանդ —
Հիմա ձգվում են լայն ճանապարհներ անվերջ
Սառուցյալից մինչև Երևան։
Եվ այդ անվերջ, այդ լայն ճանապարհներով,
Որոնց ծայրը այսօր հասել է Նորք —
Ընթանում են հանդուգն քայլերով
Սերմնացաններ՝ արև ու խնդություն բերող։—
Ճանապարհով այդ մեծ ու անծայրածիր,
Դառն անցյալի հանդեպ անհողդողդ ու աններ՝
Այսօր ելել եք դուք աննախընթաց հնձի,
Ո՜վ գալիքի խիզախ սերմնացաններ...
Քաղաքներում ինչպես մեր վիթխարի,
Քաղաքներում մեր նոր
Ելնում են օրը օրին
Հսկաներ երկաթավոր,—
Քաղաքներում ինչպես բազմահազար
Հարվածայինն է մեր հաղթանակը հարթում —
Այդպես հարթում եք դուք
Ճանապարհը, ուղի՛ն սրբազան
Վաղվա վսեմ մարդու...
Նո՛ւյն հերկն ենք մենք հերկում գրիչով ու մուրճով,
Եվ արորով, խոփով երկաթե.—
Հալոցքներում մեր թեժ, մեր դաշտերում տոթ,
Եվ գրքերում մեր արդեն —
Նո՛ւյն բերքն է բարձրանում ու հորդում,
Նո՛ւյն երգը եռանդոտ,—
Եվ բոլորիս նո՛ւյն ձեռքն է առաջնորդում,
Նո՛ւյն Ղեկավարն անդող:—
Նա շարժում է քո ձեռքը, երբ դու
Շաղում ես սերմը դաշտում,
Նա հանքում քանդում է անդուլ,
Երբ փորում է հարվածային վաշտը,—
Նա շարժում է ահա և՛ իմ ձեռքը,
Որ ձեզ հետ միասին երգիս հունդը ցանեմ,