Jump to content

Կարմիր խաչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 53 ]
ՊԻԵՍՆԵՐ




ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

Անտոն․― Բանվոր
Մարթա․— Անտոնի սիրած աղջիկը
Աննա․— Մարթայի մայրը
Մակար․― Աննայի փոքր որդին
Պաշա․― Մարթայի ընկերուհին
Բանվորներ
Ծերուկ
Մեքենապետ
Լիզա․― Դերձակուհի
Աղջիկներ․― Դերձակուհիներ
Մեծահարուստ աղջիկ
Մեծահարուստ աղջկա հայրը
Լակեյ․
Քաղաքապահ
Հյուրեր

[ 54 ]
Ա. ԱՐԱՐ

1904 թ․ ամառը, կիրակի առավոտ, Ռուսական քաղաք։ Բանվորական թաղամաս։ Նեղ փողոցով վազվզում են երեխաներ։ Ցածլիկ ու փոքր տների առաջ, պատերի տակ նստած վիճում, խոսում են ծեր ու ջահել բանվոր-բանվորուհիներ։ Աննան և Անտոնը նստած են իրենց պատի տակ։


ՏԵՍԱՐԱՆ Ա.

ԱՆՆԱ․― Ե՞ս եղա նրա անկման պատճառը, հա՞յրը, չքավորությո՞ւնը՝ չգիտեմ․․․ (Մտածում է) Նա մի խելոք, գթասիրտ աղջիկ էր․․․ Ինձ համար նա եղել է մայր, քույր․ ես միշտ թույլ ու հիվանդ, կարոտ եմ եղել նրա օգնությանը, նրա պաշտպանությանը։ Սակայն, չնայելով այս ամենին, նա տանջանքս ավելացրեց, կսկիծս անբուժելի դարձրեց․․․ (Սրբում է աչքերը) թաղամասում նրա պես գեղեցիկը, նրա նման խելացին չկա, հավատացեք, Անտոն․ բայց ինչ օգուտ․․․ դուք կարծում եք մյուս աղջիկները անարա՞տ են, վարքուբարքով մաքո՞ւր․․․ չէ՛, հոգիս, ես ամենքին էլ լավ գիտեմ, բայց նրանք խորամանկ են, զգույշ, իրենց պահել գիտեն, ապրում են փեսա ճարելու հույսով ու մտորումներով, իսկ Մարթան․․․

ԱՆՏՈՆ․— Թո՛ղ այդ տխուր մտածմունքը, Աննա։ Ինչ որ էլ պատահած լինի, Մարթային չի արատավորի։ Ով աչք ունի տեսնելու՝ կտեսնի։ Նա մի խելքը գլխին տղամարդու համար երջանկության աղբյուր կլինի։ Ո՞ւմ ինչ նրա անցյալը։ Սխալ անցյալը հարկավոր է մոռացության տալ, որ չպառակտվեն ներկան անսխալ պահող ուժերը․․․

ԱՆՆԱ․— Այդ միայն դուք եք այդպես ասում, միմիայն դո՛ւք։ Անցյալ գիշեր նա ինձ ասում էր․― «Մայր, Անտոնի այդ աստիճան ազնիվ վերաբերմունքը դեպի ինձ՝ ամաչեցնում, կատաղեցնում է ինձ, ճնշում է հոգիս։ Ուզում եմ գլխին մի խաղ սարքել, որ հիասթափվի, տեսնի ինձ իմ իսկական գույնով․․․»։ Տեսնո՞ւմ եք։ Դա լուրջ աղջիկը կասի՞։ Ես ձեզանից ինչպե՜ս գոհ եմ, վճարում եք կանոնավոր, օգնում, պաշտպանում եք, իսկ նա ինչե՜ր է մտածում։ Ուրիշ աղջիկ լիներ․․․ Էհ, ո՛ր մեկն ասեմ։ [ 55 ]ԱՆՏՈՆ.― (Ժպտերես) Միամիտ կաց, Աննա, նա ինձ ոչ մի անախորժություն չի պատճառի, դառնությունից է այդպես ասում։ Նկատել եմ, որ նա տանջվում է, ինչ-որ կատարվում է նրանում․․․ Ժամանակով այս ամենը կանհետանա ու կհանդարտվի նա․․․ բնավորությունն էլ կմեղմանա։

ԱՆՆԱ․— Չկարծեմ․ նա միշտ դատում է առանց մտածելու։ Նա չի քաշվում մեկին վիրավորելուց։ Ամենքին կշտամբում է, ծաղրում, քննադատում։ Նրա պատճառով ազգականներս երես են դարձրել ինձանից։ Ոչ ոք չունենք մեզ մտերիմ կամ ցավակից, հարևաններս ծաղրում են. ես վախենում եմ, որ վերջը նա բոլորովին թշվառանա (Սրբում է աչքերը)։ Իսկ ես էլ ուժ չունեմ․ մանկութ տանջված ու ծեծված եմ։ Մի հարված էլ՝ կընկնիմ, հավատացեք․․․ (Լալիս է թաքուն) Այսօր ամբողջ գիշերը սպասել եմ նրան։ Դժվար է․․․ խիստ դժվար։ Ինչո՞ւ լլկում, անարգում են իմ զավակին, ինչո՞ւ խլում են նրա մարմինը․․․ մեկը չի սիրում նրան, մեկը չի մտածում նրա բախտավորության մասին։

Անտոնը գլուխը հենած ձախ ձեռին, ծխում է սաստիկ։

ՄԱԿԱՐ․― (Սրտատրոփ վազում է կողքի փողոցից) Մայրի՜կ, Միշայի փեսան կառքով եկավ, հարսնացուին տանելու է շրջելու։ Միշան ասում է, որ քույրն այլևս գործարանում բանելու չէ, չորս հատ ոսկի մատանի ունի։ Փեսան Միշային 20 կ․ է տվել։ Մայրիկ, մենք փեսա ունենալու չե՞նք։ Ինչո՞ւ Մարթան չի ամուսնանում, նա բոլոր աղջիկներից գեղեցիկն է։

ԱՆՆԱ․― (Համբուրում է) Նա էլ կամուսնանա, որդիս, քիչ համբերիր․․․

ՄԱԿԱՐ․— (Դժգոհ) Համբերի՜ր, համբերի՜ր, ամեն բանի համար համբերիր, էլ ուրիշ բան չգիտե՞ս ասելու․ (Նենգորեն)։ Ես քիչ առաջ պարծեցա տղաների մոտ, որ Մարթան էլ շուտով նշանվելու է։

ԱՆՆԱ.— Սուտ մի խոսիր, Մակա՛ր, լավ չէ։

ՄԱԿԱՐ.— Ուրիշ ժամանակ լավ չէր, այսօր խիստ լավ եղավ, բոլորն էլ զարմացան, լսո՞ւմ ես։— Իհարկե, ասաց Միշան,― Մարթան գեղեցիկ է և գեղեցիկ տղամարդու էլ պիտի գնա։

ԱՆՏՈՆ.— (Սթափվելով) Այդ ո՞ր գեղեցիկին տվիր քրոջդ։

ՄԱԿԱՐ․― (Վախկոտ) Եթե ասեմ, չե՞ք բարկանա։

ԱՆՏՈՆ․— Իհարկե ո՛չ։

ՄԱԿԱՐ․— Ասացի, որ դուք էլ Մարթային եք առնելու, բոլորն էլ հավանեցին ասածիս, չծաղրեցին, ուրեմն սուտ չէր։

ԱՆՏՈՆ․― (Ծիծաղում է) Դեհ, որ այդպես է, ահա քեզ, գնա քեֆ արա (Ուշք չդարձնելով մոր նշաններին, Մակարն անհետանում է փողոցում

ԱՆՆԱ․— Դուք երես եք տալիս նրան։ [ 56 ]ԱՆՏՈՆ.— Ես սիրում եմ նրան։

ԱՆՆԱ.— Շնորհակալ եմ։ Աստված էլ ձեր սիրտը ուրախացնի, վատ օր չտեսնեք կյանքի մեջ․․․

ԱՆՏՈՆ.— (Մտատանջ) Թո՛ղ, Աննա, լսիր ինչ եմ ասում։ Եկ հանգիստ թողնենք Մարթային․․․ չճնշենք (Հուզվում է) խնամենք սիրով, մխիթարենք, թող ապրի իր ուզածի ու գիտցածի պես․․․ կյանքը պատահարների խաղալիք է, ո՞վ գիտե․․․ (Լռում է իսկույն):

ԱՆՆԱ.— Թող ապրի, իմ միակ ցանկությունն է նրան հանգիստ ու բախտավոր տեսնել։ Իսկ նա այդ չի հասկանում, ծաղրում է։ Ես ավելի շատ նրանից եմ վախենում, քան նա ինձանից․․․ չէ՞ որ մայր եմ ու կան բաներ, որ ինձ դժվար է տանելը․․․

ԱՆՏՈՆ.— Սխալվում ես. նա քեզ էլ, ինձ էլ լավ է հասկանում։ Միայն թե հպարտ է ու համառ։ Կտուժե, միայն թե չխոստովանի։ (Ինքն-իրեն) Սաստիկ համառ, ինքն իրա մեջ լճացած․․․ (Խոսակցության ձևը փոխելով): Այսօր տուն գալու չէ՞։

ԱՆՆԱ.— Չգիտեմ։ Նա ինձ առհասարակ ոչինչ չի ասում: Եթե սխալմամբ մի բան հարցնեմ, սպառնում է, որ կթողնի և կանհետանա։ Գոնե մեկի հետ կապվեր ու ապրեր, (Անտոնը ցնցվում է) թե չէ ի՞նչ շահ նրա գեղեցկությունից։ Ես քանիսին գիտեմ, որ այդ միջոցով ապահովել են և՛ իրենց, և՛ ծնողներին․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ հուզված) Թող, Աննա․․․ խնդրում եմ․․․ (Աննան լուռ ու զարմացած դիտում է նրան, մոտենում է նրանց մի ծեր բանվոր:

ԾԵՐ ԲԱՆՎՈՐ.— (Անտոնին) Բարև, առյուծ. (Ծիծաղելով խփում է ուսին): Կիրակի օրով ի՞նչ ես նստել պառավի կշտին. ջահել տղա ես, գնա քեֆ արա, աղջիկներին քարշ տուր հետևիցդ։ Ա՛խ․․․ լավ տղա ես, բայց ախորժակ չունես ապրելու։

ԱՆՏՈՆ.— (Թողնելով իր տխուր մտքերը) Ախորժակ ունեմ և լավ ախորժակ, բայց սրտիս ուզած պատառը չեմ գտնում․․․

ԾԵՐՈՒԿ.— (Միայն Անտոնին) Լավ պատառը քթիդ տակն է, ինչո՞ւ ես թողնում, որ ուրիշները լափեն։

ԱՆՏՈՆ.— (Զայրացած) Ես քեզ խնդրել էի զգույշ կենալ․․․

ԾԵՐՈՒԿ.— Դեհ մի բարկանալ, քեզ սիրելուցս եմ ասում, սովորություն ունեմ կատակ անել ջահելների հետ, զայրացնել նրանց․․․

ԱՆՏՈՆ.— Իսկ ես, դժբախտաբար, սովորություն չունեմ պատժելու կանանց և ծերերին․․․ (Շրջվում է զայրացած):

ԾԵՐՈՒԿ.— Լավ ես անում, որդի, խիստ լավ. վասնզի աստված ինքն իր ձեռքով պատժել է նրանց. առաջիններին որ կին է ստեղծել, երկրորդներին որ խլում է տվածները և դեպի փոսը հրում: Էհ, տուր մի [ 57 ]ծխախոտ, վեր առաքենք ցավերս։ (Ծխում են)։ Պատերազմից նոր լուր կա՞։

ԱՆՏՈՆ․— Կա, բայց ոչ մխիթարական։ Դրություններս վատ է, ծերուկ․․․

ԾԵՐՈՒԿ․— Բայց զինվորը մեղավոր չէ, լսիր ինձ, ռուս զինվորը ապրել չգիտենալով հանդերձ, գիտե քաջի նման մեռնել։ Ես այդ լավ գիտեմ։ Նա զրկանքին, քաղցին սովոր է ծնված օրից՝ այդ պատճառով դիմացկուն ու համբերատար է պատերազմի դաշտում։ Ահա քեզ հաղթելու գրավականներ․ սակայն գրություններս, ասում ես, վատ է։ Ուրեմն ճակատագիրն է․ նրանից չենք փախչի։ (Անտոնը ձեռքերը գրպանում շրջում է տան առաջ։ Հեռվից երևում է Մարթան՝ ավելի քան ճոխ հագնված։ Անտոնը երջանիկ ժպիտը երեսին նայում է նրան։ Մարթան բարևում է ծերին և տուն մտնում

ԾԵՐՈՒԿ․— Սիրուն արջիկ է։ Աստված վկա, կարծես թագուհի լինի։ (Դրդում է Աննային) Տեսա՞ր, նույնիսկ առյուծին չնկատեց․ կեցցես աղջիկ։ Հը, Աննա, նա ո՛չ քեզ է նման, մոլորված, խեղճ ու կրակ, ո՛չ էլ գազան հորը․․․

ԱՆՆԱ․― (Դժգոհ) Նա իմ աղջիկն է, պապ․․․ մի կպչիր նրան․․․

ԾԵՐՈԻԿ.― (Զղջալով) Դե՛հ, լավ, լավ․․․ հանաք արի։ (Դիմում է Անտոնին աղերսանքով)։ Տուր մի քանի կոպեկ, աստված սիրես, ամանը կա, գնամ կոկորդս թրջեմ։ (Անտոնը տալիս է, ծերը հեռանում է

ՄԱՐԹԱ.— (Նստում է պատուհանին) Բարև պրոլետար։

(Անտոնը ուրախ մոտենում է և բռնում ձեռքը

ԱՆՏՈՆ․― Իսկ ես կարծեցի, թե չտեսար ինձ։

ՄԱՐԹԱ․― Ես քեզ դեռ փողոցի ծայրից նկատեցի, բայց․․․ Գիտե՞ս որտեղից եմ գալիս։

(Անտոնը չի պատասխանում։ Մարթան լուռ դիտում է նրան

ՄԱՐԹԱ.— Դու չե՞ս հետաքրքրվում։

ԱՆՏՈՆ․— Ո՛չ, ինձ հետաքրքրում է միայն մարդկանց ո՛ւր գնալը։

ՄԱՐԹԱ․— Ե՞ս էլ մարդ եմ։

ԱՆՏՈՆ․― Իհարկե։

ՄԱՐԹԱ․― Թող ձեռքս։

ԱՆՏՈՆ․— Մի՞թե իրավունք չունեմ ձեռքդ բռնելու։ (Զգույշ համբուրում է)։ Որքան մատանիներ ես հագել, սիրո՞ւմ ես․․․

ՄԱՐԹԱ․― (Անտարբեր) Սիրածս չսիրածս չեմ իմանում։ Հագնում են ուրիշները, ես էլ ետ չեմ մնում նրանցից։

ԱՆՏՈՆ․— (Խուլ ձայնով) Երևի նվերներ են․․․

ՄԱՐԹԱ․— Գրեթե (Մտազբաղ)․ ամեն մարդ իր հիշատակն է թողել։ Քեզ պատահե՞լ է տեսնել մի ավերակ մատուռ, ուր ամեն մի այցելու [ 58 ]անպայման իր անունն ու ազգանունն է գրում։ Ես էլ մի ավերակ մատուռ եմ․․․ (Անտոնը բաց է թողնում նրա ձեռքը):

ՄԱՐԹԱ.— Բարկացա՞ր։

ԱՆՏՈՆ.— Բոլորովին. ի՞նչ իրավունք ունեմ։

ՄԱՐԹԱ.— Ստելը քեզ չի սազում, ես աչքերումդ կարդում եմ, որ ստում ես չարաչար։

ԱՆՏՈՆ.— Եթե աչքերիս այբբենարանը կարդալ գիտենայիր, այդ և մի քանի նման հարցեր չէիր տա ինձ, երբե՜ք․․․

ՄԱՐԹԱ.— Սովորիր բոլորը, այն ժամանակ կխոսենք միմյանց հասկանալու համար․․․

ՄԱՐԹԱ.— (Մտածում է) Գիտե՞ս, ես խաղում եմ քեզ հետ։ Ոչ թե դու, այլ ես ինքս եմ ստում։ (Բռնում է Անտոնի ձեռքը): Ես քեզ այն չեմ ասում, ինչ-որ մտածում եմ։ Չեմ էլ կարող ասել։ Սակայն լսիր միայն այս փոքրիկ ճշմարտությունը, որոշ ծրագրով, միտումներով մարդուն ուղղել, ինչպես ասում ես «հեղաշրջել» չի կարելի, Անտոն, հավատա ինձ․․․

ԱՆՏՈՆ.— (Ժպտում է) Այդ ի՞նչ մարդու մասին է խոսքդ։

ՄԱՐԹԱ.— (Նույնպես) Մի մարդու, որին միայն կշտամբում են ու խրատում։

ԱՆՏՈՆ.— Ասա այն մարդուն, որ նրան միայն սիրում են ու գուրգուրում (Ծիծաղում են):

ՄԱՐԹԱ.— (Խաղում է Անտոնի գոտու հետ և զննող հայացքով նայում նրա դեմքին):

ԱՆՏՈՆ.— Ինչ ուզում ես ասա, լավ աղջիկ ես։ Ես գոհ եմ, որ պատահեցի քեզ, իսկ բախտավոր կլինեի, եթե մի բարոյական, գաղափարական կապ հաստատվեր մեր մեջ, հասկանայիր ինձ, ապրեիր գիտակցորեն, նայեիր կյանքին բաց աչքերով։

ՄԱՐԹԱ.— (Լայն բանալով աչքերը) Ես այդպես էլ նայում եմ։

ԱՆՏՈՆ.— (Ժպտում է) Ո՛չ, Մարթա, ցավալին այն է, որ չես նայում։ Ոչ թե միայն դու, այլ առհասարակ մեր բոլոր աղջիկները, չնչին բացառությամբ։ Ես մի կողմ եմ թողնում բուրժուական ընտանիքում սնվածներին, մի կողմ եմ թողնում քաղքենի պատմական ավանդություններով լճացած ու ճահճացած միջին դասակարգի աղջիկներին, այլ վերցնում եմ քեզ և բոլոր բանվորական միջավայրում մեծացածներին ու չեմ կարող ներել ձեզ․․․

ՄԱՐԹԱ.— (Հորանջում է) Սկսե՜ց․․․

ԱՆՏՈՆ.— (Ոգևորված) Չեմ կարող անտարբեր նայել ձեր մոլոր մտքերին ու քնած հոգուն։ Կյանքի անիվը պտտվում է արագ։ Այս օրը երեկվա նման չէ, վաղը գալու է նոր հովերով, նոր պահանջներով, իսկ դուք այդ չեք զգում, չեք տեսնում։ Ձեզ լափել է անձնական բարօրության [ 59 ]ագահ ցանկությունը, առօրյա հացի ահը։ Ձեզ կեղեքում, հարստահարում են գործարաններում, արհեստանոցներում, մասնավոր տներում, սակայն դուք քնած եք, չեք զգում, չեք զգում որ տանուլ եք տվել բանական մարդու ամենանվիրականը (հուզված) չեք զգում ձեր կորստի մեծությունը․․․ (Տխուր) Իսկ մեզ համար ի՜նչ խրախույս՝ տեսնել ձեզ մեր կողքին, մեր զենքերով զինված․․․

ՄԱՐԹԱ․— Զարմանալի մարդ ես։ Իսկ եթե ես զինվելու կամ կռվելու ո՛չ պահանջ եմ զգում, ո՛չ էլ տրամադրություն ունեմ։

ԱՆՏՈՆ․— (Խիստ) Պիտի զգաս, այլ կերպ չի կարելի ապրել։

ՄԱՐԹԱ․— Ես ապրում եմ և գոհ եմ իմ վիճակից։

ԱՆՏՈՆ․— (Զայրացած հետ է գնում) Գո՜հ ես․․․ մի՞թե գոհ ես դու։

ՄԱՐԹԱ․— (Նույնպես) Այո՛, մի՞թե չես տեսնում։

ԱՆՏՈՆ․— (Խուլ ձայնով) Չէ․․․ չեմ տեսնում․․․ չեմ ուզում տեսնել այդ․․․

ՄԱՐԹԱ․— Որովհետև դու ցանկանում ես, որ բոլորը դժգոհ լինեն, բոլորը տրտնջան, բողոքեն ու պահանջեն։ Երբ դու սկսում ես խոսել, ինձ թվում է, թե դուրսը անձրև է գալիս, աշնան համառ ու անվերջ անձրև, խփում է կտրին, դռանը, ծեծում լուսամուտը, ծառին, թոշնած տերևին, մարդու դեմքին՝ մի խոսքով ամեն բանի թախիծը գրկում է հոգիս։ Փախչել աշնան անձրևից չեմ կարող, ուժ չունեմ․․․ (Մտածում է) Դուրս եմ գալիս, աշունը կանչում է ինձ, անձրևը խփում է գլխիս, լիզում դեմքս, հոգիս դուրս է քաշում մոռացության երազների գրկից, լքում է, իջնում ինձ վրա, սոսկում եմ ինչ-որ անխուսափելի ցասման ներկայությունից․․․ (Գունատվում է) Ու զգում եմ, որ մի տեղ ցավ կա, մի տեղ տառապանք, մի տեղ դավն է իշխում, մի տեղ ոճիրը շրջում անպատիժ, մի տեղ մեռնում են մարդիկ, որ պիտի ապրեին, մի տեղ թաղվում են դեռ չապրսւծ։ Ահա այս եմ զգում քո նկարագրած կյանքին նայելիս․․․ Դու միշտ իմ դեմ մի մռայլ, անհատակ խորխորատ ես բաց արել ու հրում ես ինձ այնտեղ։ Հրում ես գիտակցության և արթնացած մտքի անունով, որը դու ունես, որից զուրկ եմ ես․․․ ինչո՞ւ ես անում այդ․․․ (Տանջված ու թույլ ձայնով) Իմ հոգին էլ, մարմինն էլ հոգնած են, հասկանո՞ւմ ես․․․ քեզ ինչ շահ իմ մոլորվելուց․ ամեն մարդ պիտի ապրի այնպես, ինչպես որ կարող է և ընդունակ է, ինչպես որ ինքը հասկանում է կյանքը․․․

ԱՆՏՈՆ․— (Զգացված) Լավ ասացիր՝ դուրսը անձրև է ու աշուն․․․ երբեմն քեզ խիստ հաջողվում է ազդող կերպով որոշել իրերի դրությունը։ Դուրսը անձրև է ու աշուն․․․ (Մտածում է) Իսկ ի՞նչ կանես, եթե քեզ ասեն, Մարթա, մի լքվիր, մի փախչիր, կաց (Ոգևորվում է)։ Թող աշուն լինի, լինի մեգ ու մշուշ, անձրև պաղ ու անհամբույր։ Արթուն կաց․ շուտով կհասնի կենսատու գարուն, կարմիր ու վառ արևի տակ կեռա [ 60 ]արթնացող կյանքը, հպարտ ու կայտառ աշնան լքումից հետք չի մնա։ Արթուն կաց, Մարթա՛, ողջունելու այդ գարնան, ջահել ու սիրուն, թարմ հույզ ու տենչանքներով թևավորված վայելելու այդ գարնան համբույրն ու ժպիտը, հրճվելու արևի տտկ․․․ (նայում է անհամբեր) Ի՞նչ կասես․․․

ՄԱՐԹԱ․— (Անտարբեր) Երբ այդպես, քո ասածի պես լինի, դու ինձ կկանչես՝ կգամ․․․

ԱՆՏՈՆ․— (Վշտացած) Կգաս․․․ Իհարկե․ այն ժամանակ քեզ նման եկողների թիվը շատ կլինի, իսկ մինչ այդ, քանի՞ մայր իր զավակի կորուստը պիտի ողբա, քանի՞ որբ հայր պիտի որոնե, քանի դիակներ պիտի դիզվեն իրար վրա անթաղ ու անխաչ, ագռավներին կեր ու կերակուր, քանի՞ խելոք գլուխներ պիտ ջախջախվեն, քանի ժիր բազուկներ պիտ մաշվեն կայանների մեջ, որքա՜ն անմեղ արյուն պիտ հոսե․․․ դու այս գիտնալ չես կամենում․․․ սպասում ես բարվոք կյանքին մի հեռու անկյունից․․․ վերջ տանք․․․ Ես չեմ կարող լսել քեզ․․․

ՄԱՐԹԱ․— (Բարկացած) Այդ քո ազատ կամքն է։

ԱՆՏՈՆ․— (Հանդարտվելով, մեղմ) Ների՛ր։

ՄԱՐԹԱ․— (Դեպի մորը, որ ամբողջ խոսակցության լւնթացքում մոլորված հայացքով հետևում Էր նրանց)։ Մայր, այդպես հուսահատ մի նայիր ինձ, քիչ էլ համբերիր՝ մի հարուստ փեսացու կգտնեմ, կպսակվեմ, անպատճառ։ Լսո՞ւմ ես մայր․ քաղաքի հենց կենտրոնում մի երկհարկանի սեփական տուն կունենամ, կառք, ծառաներ, աղախիններ, դու էլ չես աշխատի, հագած-կապած, կերած-խմած տանտիրուհու նման կխաղաս թոռներիդ հետ։ Մակարը կգնա արտասահման բժշկվելու, այնպես կապրենք երջանիկ։ (Անտոնին, կամաց) Մի դրա դեմքին նայիր, ինչպե՜ս է հրճվում։ (Մորը) Հը՜ , մայր, ի՞նչ կասես դրան, չե՞ս հավատում, մի՞թե պառավել եմ կամ տգեղացել․․․

ԱՆՆԱ․— Ա՜խ, աղջիկս․․․

ՄԱՐԹԱ․— (Չի թողնում մորը խոսքը վերջացնելու, բարկացած) «Ամբողջ թաղամասում ո՞վ կա քեզանից սիրուն ու իւելացի»։ (Հենվում է պատուհանին, ինքն իրեն) իմ միակ զենքերը, որոնցից առաջինը խլվում է, երկրորդը՝ արհամարհվում․․․

ԱՆՏՈՆ․— Ինձ ինչո՞ւ մոռացար։

ՄԱՐԹԱ․— (Չի նայում նրան) Իսկ․․․ քեզ կպսակեմ քո գարնան գալուն սպասող, մազերը կտրած, ծխախոտը բերանին մի քաջասիրտ «ընկերի» հետ, առավոտից մինչև ուշ գիշեր, ձեոք-ձեռքի տված, կյանքը հեղաշրջեք սիրուն խոսքերով ու նորն ստեղծեք․․․

ԱՆՏՈՆ․— (Շրջում է մտազբաղ

ԱՆՆԱ․— Նրան մի բարկացնի։ Ինչո՞ւ այդպես կոպիտ ես վարվում հետը․ քո տեղը մի ուրիշը լիներ․․․

ՄԱՐԹԱ․— (Բարկացած) Ոչ մի խոսք, քանի անգամ ասել եմ․․․ [ 61 ]ԱՆՏՈՆ․— (Դառնացած) Դեհ, մի կանչիր, մարդ կիմանա։

ՄԱՐԹԱ․— (Կատաղած) Թող իմանան։ Ես ոչ ոքից չեմ վախենում։ Ւսկ դու մյուս անգամ չհամարձակվես կրկնել ասածդ․ վերջին անգամ ասում եմ՝ կանհայտանամ, դու կլինես պատճառը․․․

ԱՆՆԱ․— (Վախեցած) Էլ չեմ ասի, ներիր։

ՄԱՐԹԱ․— (Ավելի է գոռում) Ինչ-որ կարող էի՝ արի, ինչ-որ ունեի՝ վաճառքի հանեցի։ Էլ ի՞նչ ես ուզում ինձանից․․․ Էլ ի՞նչ մնաց, որ չեմ զոհել քեզ համար․ ասա, պարզիր․․․

ԱՆՏՈՆ․— (Շշմած Աննային աչքով է անում հեռանալու։ Աննան մտնում է տուն, իսկ ինքը մոտենում է Մարթային, գուրգուրանքով) Գիտե՞ս ինչ եմ մտածում։

ՄԱՐԹԱ․— (Արհամարհանքով) Իմ մասին մի նորություն։

ԱՆՏՈՆ․— Ճիշտ է․ նայում եմ քեզ և զարմանում․ ինչո՞ւ քո մեջ բացակայում է մի բան շինելու, ստեղծելու ցանկությունը, տիպար զանգված ես, քանդում ես առավոտից մինչև ուշ գիշեր, քանդում անսիրտ, անխնա և հրճվում փլատակների վրա։

ՄԱՐԹԱ․— (Դժգոն, ժպտով) Իսկ առաջ ասում էիր, թե ոչինչ չեմ անում․․․

ԱՆՏՈՆ․— Սպասիր, մի կտրիր խոսքս։ Օրինակ, սկսում ես մի կար, ձեռագործ, ամիսներ անկատար քարշ է գալիս սենյակում, մինչև որ կամ մայրդ է վերջացնում, կամ մեկին ես տալիս։ Կարդում ես գրքի, թերթի կեսը՝ խնդրելով, որ մնացածը ուրիշը վերջացնի, կամ պատմի քեզ։ Վճռում ես մի բան անել ու թողնում կիսաճանապարհ։ Հարգում ես մեկին, հետևյալ օրը հետը խռովելու անխուսափելի հնարը որոնելով, սիրում ես մեկին, ատելու ծրագիրը նախօրոք կազմելով և այսպես անվերջ․․․

ՄԱՐԹԱ․— (Որ լարված լսում էր) Վերջացրի՞ր։

ԱՆՏՈՆ․— (Տխուր) Գրեթե․․․

ՄԱՐԹԱ․— (Վշտացած) Ուրեմն ինձ այդպե՞ս ես հասկացել․․․ (Երկար մտածում է) Գիտե՞ս ինչ, մի կնոջ հասկանալը քո բանը չէ․․․ Դու կարդա, ճառիր, խոսիր, աշխատիր, ամեն ինչ արա, միայն մի՛ ջանա նրան հասկանալու՝ այդ քո խելքից, մտքից, ուժից վեր բան է, հավատա՛, պրոլետար։

ԱՆՏՈՆ․— (Ծիծաղում է) Մի՞թե։

ՄԱՐԹԱ․— (Լուրջ) Ճիշտ եմ ասում․․․ Հետո, այն որ սիրում կամ հարգում եմ մեկին, ատելության պատրաստակամությամբ՝ ճիշտ է։ Միայն ոչ քո հասկացած կետից։ Ճիշտ է, որովհետև նոր մարդուն ես մոտենում եմ ինչ-որ սպասելիքներով, ինչ-որ նոր աշխարհներ տեսնելու նրա մեջ, որից այսպես թե այնպես զրկված եմ ես։ Մոտենում եմ որոնողի հուսաշատ սպասելիքներով․․․ սակայն երբ որոնածս չեմ [ 62 ]գտնում, տեսնում եմ նրանց ինձնից էլ արատավոր, անպետք, ինձնից էլ վատ, մեղավոր, թքում եմ ու հեռանում․․․ Ես ինքս ինձ եմ ուտում, որ վատ եմ, կարո՞ղ եմ վեպի մեջ վատը հարատև սեր կամ հարգանք զգալ։

ԱՆՏՈՆ․— (Քննող հայացքը Մարթային հառած) Մարթա, ուրեմն դու որոնում ես քե՛զ համար․․․

ՄԱՐԹԱ․— (Կտրում է նրա խոսքը) Թող, բավակա՛ն է։ Լավ կանես, եթե իմ մասին չմտածես, չնկատես ինձ․․․ հաշվիր թե չկամ․․․

ԱՆՏՈՆ․— Դու ինձ արգելում ես․․․

ՄԱՐԹԱ․— (Շտապ) Խնդրում եմ․․․

ԱՆՏՈՆ․— Իսկ եթե չկարողանա՞մ․․․ չես ուզում պատասխանել։ (Գգվանքով բռնում է ձեռքը) Դե՛հ, թող, մի տխրիր։ (Հուսաբեկ) Երբ տանը չես լինում, կարոտն ու խանդը կրծում է հոգիս, րոպեներն եմ հաշվում, ծրագրեր եմ կազմում՝ տեսնելիս ուրախացնել, մխիթարել, բավականություն տալ քեգ։ Իսկ երբ մոտդ եմ լինում, հակառակն է դուրս գալիս, սկսում ենք վիճել, հակառակվել միմյանց և բաժանվել դժգոհ, վշտացած։ (Աղերսանքով) Սովորեցրու ինձ, Մարթա, ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս խուսափել այս ակամա վրդովմունքներից։ Ասա (Նկատելով Մարթային մտատանջ) Դեհ, թող, ի՞նչ ես մտածում, ինչո՞ւ տխրեցիր․․․

ՄԱՐԹԱ․— (Սաստիկ տխուր) Ես արդեն ասացի, որ ինձ չնկատես, այն ժամանակ ոչ մի վեճ, ոչ մի թյուրիմացություն չի պատահի․․․ (Հեռանում է լուսամուտից

ԱՆՏՈՆ․— (Մենակ ու դառնացած) Չնկատե՜մ քեզ․․․ ո՛չ, ո՛չ, չեմ կարող, ուշ է։ Այժմ չափից դուրս մեծ է հմայիչ ուժդ ինձ վրա։ Գերել ու տիրել ես հոգուս, մտքիս, էությանս․․․ ո՛չ, ո՛չ․․․ Կյանքը ինձ ընկճված չէ տեսել, երբեք, արգելքը չէ դիտել իմ թիկունքը։ (Ժպտով) Իսկ քեզանից խուսափել, փախչել չեմ կարող, երբեք։ (Ուժգին) Սիրում եմ քեզ․․․

ՀԱՐԲԱԾ ԲԱՆՎՈՐ․— (Ճոճվելով երևում է անկյունից, սպառնալով) Անիծված, ասում եմ քեզ՝ բավ է, խղճա, մի մարիր օջախիս ճրագը։ Վեց հատ աղջիկ կա, բավական է։ Ծնիր մի տղա, (Ձեքերով ցույց է տալիս ու լալիս) մի փոքրիկ, չարաճճի մանչուկ, որ փողոցից տղաները գան, կանչեն նրան՝ «Օհան Կուլիկով, եկ խաղանք» (Ծիծաղում է ու հազում) Օհան Կուզմիչ Կուլիկով։ (Բռունցքներով հարվածում է պատուհանին, փակ դռանը։ Անտոնը վազում է ու գրկած հեռացնում է նրան դռնից)։ Անտոն Ֆոմիչ, ընկեր․․․ մի բարկանա։ Ես օղուց չեմ արբել․ ցավից, կսկծից եմ արբել։ Ես մի․․․ մի ազնիվ բանվոր, ինչու անժառանգ կորչեմ։ Ասացեք, ինչո՞ւ (Հարձակվում է դեպի դուռը․ Անտոնը պահում է նրան) Կխեղդեմ․․․ (Բռունցք է ցույց տալիս) Ի՞նչ ես ջգրացնում․․․ ինչո՞ւ դիտմամբ աղջիկ ես ծնում․․․ կխեղդեմ։ Ի՞նչ է ուզածս՝ մի որդի․․․ փոքրիկ չար տղա, որ քույրերին ծեծի, հրամայի քեզ․․․ աղմկի տանը․․․ փողոցը․․․ [ 63 ]ԱՆՏՈՆ․― Հանգստացիր, երեխաները լալիս են, ինչեր ես ասում։

ԲԱՆՎՈՐ․— (Ուզում է հարձակվել) Կխեղդեմ բոլորիդ էլ։

ԱՆՏՈՆ․— (Բռնում է նրան, զայրացած) Վերջ տուր, անսիրտ կենդանի, թե չէ գանգդ կփշրեմ։ Տանը քաղցից նվաղում է ծննդկան կինդ, իսկ դու․․․

ԲԱՆՎՈՐ․— (Կծկվում է պատի տակ և հազում սաստիկ) Անտոն Ֆոմիչ, ինչո՞ւ է խաբում ինձ այդ օձը։ Ինն ամիս շարունակ ասում էր, որ տղա է։ (Լալիս է) Ինչու էր խաբում․․․ ահա վեցերորդ անգամն Է, որ խաբում է նա ինձ․․․ Կխեղդեմ, ծնիր տղա, մի փոքրիկ, չարաճճի տղա, որ փողոցում կռվի, քար քաշե անցորդներին։

ԱՆՏՈՆ․— (Կատաղած) Լռիր․․․ քնիր այստեղ, ես քեզ տուն չեմ թողնի․․․ (Դռան շեմքին Մարթային նկատելով) Մարթա, եկ գնա ներս, հանգստացրու, երեխաները լալիս են․ (Մարթան վազում է բանվորի տուն) Քնի՛ր, ասում եմ։

ԲԱՆՎՈՐ․— Օհան Կուլիկով․․․ Իմ որդին․․․ Կխեղդեմ․․․

Բ․ ԱՐԱՐ

Մեծ սենյակ, երեք փոքր լուսամուտներ դեպի փողոց։ Մի անկյունում վառարան, կողքին՝ մի դուռ ղեպի կողքի սենյակը։ Վառարանի դիմացի անկյունը մահհակալ՝ վարագույրով ծածկված։ Աղքատիկ կահկարասի։ Մի փոքրիկ կոմոդ լուսամուտների մեջտեղը, վրան գրքեր, թղթե ծաղիկներ, հայելի։ Քիչ հեռու պատից կախ մի հնամաշ, փոքրիկ ջութակ։

ՊԱՇԱ․— Ասում են խառնակիչները պատրաստվում եև տապալելու Ռուսաստանը․ հրեաները տակառներով, որպես աղած ձուկ, դրամ են ուղարկում ճապոնացոց։ Դրա համար Էլ միշտ հաղթությունը նրանց կողմն է։ Օ՜, ինչպես տանջվում եմ։ Ինչ պատուհաս է պատրաստվում իմ հսկա հայրենիքի գլխին։ Մի՞թե նա, մեծ Ռուսաստանը, պարտություն պիտի կրե ինչ-որ թզուկ Ճապոնիայից։ Մտածում եմ գիշեր ցերեկ։ Հնար չկա։ Ուժ ունենայի, տակն ու վրա կանեի ամբողջ աշխարհը՝ մի դիպչեք իմ հայրենիքին, իմ ժողովրդին։

ՄԱՐԹԱ․— Իզուր ես այդպես մտածում։ Ասում եմ քեզ, որ սուտ է այդ ամենը․ ո՛չ տակառով դրամ, ո՛չ խառնակիչներ, միայն ասացին, որ բանվորները պատրաստվում են բողոքելու ինչ-որ իրավունքներ ձեռք բերելու համար։ Ռուսաստանին սպառնացող վտանգ չկա և չի էլ կարող ինել։ Ո՞վ կհանդգնի, երեխա ես, ի՞նչ է։

ՊԱՇԱ․— (Կասկածանքով) Անտոն Ֆոմի՞չն էր այդպես ասում։

ՄԱՐԹԱ․— (Անտարբեր) Ոչ, լսել եմ կողմնակի խոսակցությունից։

ՊԱՇԱ․— Երևի նա քեզանից թաքցնում է։ Նա ամեն բան գիտե, [ 64 ]զգույշ կաց նրանից։ Ինձ թվում է, թե նա հասարակ բանվոր չէ։ Ամուսինս պատահել է նրան հարուստ աղջիկների հետ․․․ Կիրակի երեկո թատրոնում է եղել․ հագված, սանրված, կարծես գործարանատեր լինի։ Տեսնո՞ւմ ես, իսկ մյուս բանվորները․ ինքդ դատիր։

ՄԱՐԹԱ․— (Ինքն իրեն) «Հարուստ աղջիկների հետ»․․․ (Մտորում է, Պաշային) Մյուս բանվորները տգետ են, հարբում են, իսկ Անտոնը միայն ծխում է, այն էլ տրտունջով։ Կարդացած մարդ է, առանց գրքի, թերթի օր չի անցնում․․․

ՊԱՇԱ․— Իսկ իմ կարծիքով հենց այդ կարդացողներն են ոճրագործներն ու հայրենիքի դավաճանները։ Հարբեցողից ինչ վախ․ հարբեց՝ էլ գաղտնիք չկա, գիտցածն ու մտածածը փողոց է հանում։

ՄԱՐԹԱ․— Սխալվում ես, ամեն մի չարիքի պատճառը օղին է։ Այդ ինձ ու քեզ լավ հայտնի պիտի լինի․ տեսնո՞ւմ ես, մենք ուր հասանք հարբեցող ծնողների պատճառով։ Իսկ Անտոնը, եթե ամուսնանա, նրա ո՛չ կինը փողոց կընկնի, ո՛չ էլ աղջիկը։

ՊԱՇԱ․— (Հուզված) Սակայն թույլ կտա, որ իր հայրենիքին վտանգ սպառնացողների շարքերը խտանան։ Ես գիտեմ դրանց․․․ Նա միայն քեզ կարող է համոզել։ Անցյալ օրվա թռուցիկը կարդացի՞ր։

ՄԱՐԹԱ․— (Քմծիծաղ) Այդ էլ նա՞ էր գրել։

ՊԱՇԱ․— (Զայրացած) Նա չէր, նրա ընկերն էր, միևնույն չէ՞։ Շշմեցրել են խեղճ բանվորներին իրենց խոստումներով։ Անիծվեն դրանք։ Դու դատիր, սա անիրավություն չէ՞ միթե տերն իր ծառայի հետ դուքով խոսի։ Սա էլ պահանջ է։ Ուրեմն հարուստ մի տերն իր խլնքոտ ու գռեհիկ ծառային տալով իր կոշիկները խոնարհաբար խնդրելու է․— «Օհան, խնդրեմ բարի լինեք և մաքրեք իմ կոշիկները․․․»։

ՄԱՐԹԱ․— (Ծիծաղում է

ՊԱՇԱ․— (Դժգոհ) Ծիծաղում ես․ կարծես մի շատ ուրախալի դեպք է պատմածս և կարծես քո երակներում չի հոսում ռուսի արյուն։

ՄԱՐԹԱ․— Այդ ամենը թող, ասա ինչպե՞ս որ երևացիր։

ՊԱՇԱ․— Իսկ դու հաճա՞խ ես գալիս։ Անցյալ օրը աղջիկները գանգատվում էին, որ դու սկսել ես խուսափել նրանցից։

ՄԱՐԹԱ․— (Դժգոհ ու տրտում) Մի քանի շաբաթ կլինի, որ տանից դուրս չեմ եկել․․․

ՊԱՇԱ․— (Հետաքրքիր) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ․— (Մտազբաղ) Չեմ իմանում։

ՊԱՇԱ․— (Նեղանալով) Առաջ մեր մեջ գաղտնիքներ չկային, Մարթա։

ՄԱՐԹԱ․— Հիմա էլ չկան, հավատա․․․ միայն ես դժգոհ եմ ինձանից։ Մայրս նույնպես․․․ զգալ է տալիս, որ վաստակս նվազում է։ [ 65 ]կարիքս՝ աճում․․․ Օֆ, երնեկ այն խելառ օրերին, Պաշա, հիշո՞ւմ ես․․․ ոչ խելք ունեինք․․․

ՊԱՇԱ․— (Ժպտում է) Գտար ինչին երանի տալու։ Իսկ որ վաստակդ նվազում է ու տարիքդ անցնում, ինքդ ես մեղավորը։ Ոչ մի հանգամանքից չկարողացար օգտվել։ Քեզ ասում էի պսակվիր այն ծերուկի հետ։ Այժմ նա մեռած կլիներ, իսկ դու սիրուն ու հարուստ այրի․․․

ՄԱՐԹԱ․— Ես չեմ կարող կողակից ունենալ։

ՊԱՇԱ․— Սակայն մեկն ունենալու դեմ լինելով հանդերձ, չես խորշում տասնյակներից։

ՄԱՐԹԱ․— (Հազիվ լսելի) Դա իմ արհեստն է, Պաշա։ Դրա համար ես օրինական փաստաթուղթ ունեմ․․․ տանտիկին լինելը մեզ նմաններին չի սազում։

ՊԱՇԱ․— (Գոհ) Թվում է, թե ինձ սազում է։ Գրեթե մի տարի է, որ մենք ապրում ենք հաշտ ու սիրով։

ՄԱՐԹԱ․— (Հեգնորեն) Սիրո՜վ։ Թող, խնդրեմ։ Ի՜նչ սեր, որտեղի՞ց ճարեցիր։

ՊԱՇԱ․— (Անվստահ) Մի քիչ կար․․․ մնացել էր․․․

ՄԱՐԹԱ․— (Լուրջ) Ինքնախաբեություն է (Շրջվում է հուզված

ՊԱՇԱ․— (Հետևելով նրան) Սխալվում ես․․․ մի ջինջ ու հստակ, ավելի շուտ մի մոլի զգացմունք է։ Այդպես են սիրում ծեր կաղ ու տկար շները իրենց տերերին։ Սողում են նրա հետևից, լիզում ձեռքերի տեղ աչքերը՝ գիշեր ու ցերեկ դուրս շպրտվելու ահի մեջ, մի առողջ ու ջահելին տեղի տալու սարսափը դեմքերին․․․ (Նստում է գլխիկոր

ՄԱՐԹԱ․— (Կարեկցորեն) Տեսնո՞ւմ ես․․․ Իսկ ես այդ չեմ կարող անել։ Գինին ու ծախված գիշերը գերադասում եմ․․․ լլկանք, կեղծիք, կեղտ՝ մի գիշերով, կարճ ժամանակով, փախչելու, ազատվելու ու մոռացվելու ապրեցնող հուսով, իսկ դո՞ւ․․․

ՊԱՇԱ․— (Տրտում) Ինչ արած (Քիչ լռելուց հետո) Գիտե՞ս ինչու եմ եկել։

ՄԱՐԹԱ․— (Անաարբեր) Ասա, որ գիտենամ։

ՊԱՇԱ․— (Ամոթխած) Ինձ թվում է, թե․․․ հղի եմ․․․ մայր եմ լինելու․․․ (Մարթան ցնցվում է և դուրս նայում պատուհանից։ Պաշան շարունակում է սաստիկ հուզված) Մեկը չունեի, եկա քեզ մոտ։ Սիրտս լցված է սաստիկ, ուզում էի քեզ հետ խոսել։ (Նստում է Մարթայի դիմացը) Մեքենա գնեցի, կար եմ անում․․․ Ուզում եմ տնտեսել նրա համար․․․ ուսումի կտամ, (Հուզմունքից դողում է) Կպաշտպանեմ․․․ Չեմ թողնի, որ մեկը խեթ նայի նրան։ Ինչ որ ես չկերա, նա պիտի ուտե, ինչ որ ես չտեսա, նա պիտի տեսնի․․․ Ինձ մայրս ծախեց կես շիշ օղի ավել խմելու համար, ես կյանքս կզոհեմ իմ զավակի երջանկության համար (Լալիս է[ 66 ]ՄԱՐԹԱ․— (Սաստիկ գունատ) Հարբած չե՞ս։

ՊԱՇԱ․— (Աչքերը սրբելով) Ես այժմ չեմ խմում։

ՄԱՐԹԱ․— Գիշեր ցերեկ տանն ես, հավատարիմ․․․

ՊԱՇԱ․— (Խոսքը կտրելով) Հավատարիմ շան պես։

ՄԱՐԹԱ․— Իսկ նա (Հեգնանքով) ամուսինդ։

ՊԱՇԱ․— (Խույս տալով նրա հայացքից) Ես խոսում եմ միայն իմ մասին․․․

ՄԱՐԹԱ․— (Կատաղած) Այդպես եք դուք, ամենքդ։ Ատում եմ ձեզ․․․ Իմ մայրն էլ հարբած հորս ծեծից կապտած, ջարդված դուրս էր գալիս փողոց, ժպտում, հաճախ պարծենում, որ ծեծված չէ․․․ (Քիչ մտածելով) Իսկապես կարծում ես, որ երեխա՞ կունենաս։ Իսկ եթե․․․

ՊԱՇԱ․— Լռիր, թող ապրեմ հույսով։

ՄԱՐԹԱ․— Ապրիր, որ հիասթափումը է՛լ ավելի դառը լինի․․․

ՊԱՇԱ․— (Ծիծաղում է) Դուրս չես գալիս, խոսում, դատում ես լուրջ միանձնուհու նման (Ցուցամատը շարժելով)։ Կարծում ես չե՞մ հասկանում․․․ Մի զարմանար, տա աստված դու էլ բախտավոր լինես (Համբուրում է)։ Շնորհակալ եմ, խոսեցինք թեթևացա, աստված էլ քեզ մխիթարե (Գնում է

ՄԱՐԹԱ․— (Մեծ դժվարությամբ) Կա՛ց։ (Պաշան ետ է գալիս զարմացած։ Մարթան ինքն իրեն) Ի՞նչ էի ուզում ասել․․․ Հա (Պաշային) Ասա ի՞նչ կերպ (Շփոթվում է

ՊԱՇԱ․— (Ժպտալով) Ինչ կերպ իմ կյանքն այս ընթացքը ստացավ։

ՄԱՐԹԱ․— (Ուրախ) Այո՛, այո՛ ․․․ միայն ճիշտն ասա․․․ (Քաշվելով) Ես էլ ուզում եմ․․․ (Փոխում է խոսքը) Ես հոգնել եմ, Պաշա․․․

ՊԱՇԱ․— (Ժպտում է) Ես մի քիչ փող էի տնտեսել սև օրվա համար։ Դա ինձ օգնեց (Ժպտում է) օրինավոր կին դառնալու․․․ Մանրամասնությունը հետաքրքիր չէ․․․

ՄԱՐԹԱ․— (Հիասթափ) Մի՞թե գոհ ես դու․․․

ՊԱՇԱ․— (Խուսափում է նրա քննող հայացքից) Այժմ մի անկյուն ունեմ սթափվելու։ Ամբողջ օրը զբաղված եմ աշխատանքով․ դա էլ մի տեսակ մխիթարանք է, մոռացում․․․ Իսկ իմ կյանքը մանկութ սահել է մայթերի վրա, էժան հյուրանոցներում․․․ հոգնել էի, Մարթա՛․․․

ՄԱՐԹԱ․— (Կարեկցորեն շոյում է) Դեհ գնա, կուշանաս, լավ արիր, որ եկար (Պաշան գնում է, լսվում երեկոյան շչակի ձայնը մոտ գործարանից

ՄԱՐԹԱ․— (Մենակ) Ամենքն էլ դժգոհ են․․․ այժմ ո՞վ դժդոհ չէ․․․ սակայն շատ քչերի համար երջանկություն է սթափվել մի հարկի տակ։ Թշվառ աղջիկ, ես գիտեմ, թե ինչ գնով տնտեսում էիր կոպեկները ու մի բան ծամած լինելու համար․․․ Է՛հ, ինչո՞ւ հիշել, պետք է մոռանա՜լ, [ 67 ]մոռանա՜լ (Շրջում է մտատանջ)։ Բայց լավ ասաց, թե կյանքը սահել է մայթերի վրա․․․ Կիսաքաղց, անառակ տարիների շարանը, կյանք է եղել, հա՛, հա՛, հա՛․ լկտի վայելումների, ծախված գիշերների սև կյանք է եղել․․․ ու սահել է անարգելք, սահել է առանց ետ նայելու․․․ Իսկ աղքատությունը նույնն է մնացել, տառապանքը, զրկանքը նույնը, բոլորը նույնը։ Միայն ես եմ փոխվել, որովհետև կյանքս սահել է ու սահել։ Որքա՜ն փոխվել եմ ես․․․ (Նստում է մի պահ լուռ, անորոշ կետի հայացքը հառած) Երազ է կարծես, թե՞ վաղուց լսած մի սիրուն հեքիաթ, որ ես էլ մի անմեղ ու խենթուլիկ աղջիկ էի, ինչպես լինում են առհասարակ աղջիկները․․․ Իմ տենչանքն էր լոկ կուշտ ուտելն ու վազվզելը բանվորական թաղամասի նեղ ու հոտած փողոցում, ուր այնքա՜ն շատ, այնքա՜ն կիսամերկ ու կիսաքաղց են աղջիկները․․․ ուր այնքա՜ն առատորեն, օդի հետ ծծում, ներս են քաշում կյանքի այլանդակ ու վարակված օդը, այն օդով մեծացող ու ժամով թառամող աղջիկները։

Հիշում եմ, դեռ 8-9 տարեկան «ամուսիններ» ունեի․․․ Մենք օղի էինք խմում ձորակում, անում էնք այն, ինչ-որ վիճակվել էր տեսնել ու լսել․․․ (Երկար լռություն) Իսկ երբ գործարանի կառավարիչը այդտեղից ինձ ու մորս արդյունավոր պաշտոն առաջարկեց, ես էլ տղաների հետ չխաղացի․․․ Կյանքը սահեց ու սահեց․ հեղեղի նման սահեցին կեղտ ու ոճիր։ Իսկ այժմ․․․ Ի՞նչ եմ ես, ո՞վ եմ ես․․․

ԱՆՏՈՆ․— (Ներս է մտնում մրոտ, յուղոտ) Բարի երեկո, Մարթա։

ՄԱՐԹԱ․— (Առանց նրան նայելու, հեգնանքով) Այժմ (Առանձին շեշտակի) տիրող աննորմալ կարգերի աննորմալ պտուղ․․․

ԱՆՏՈՆ․— (Սկսում է լվացվել, մաքրվել) ճիշտ է զավակս, ավելի քան ճիշտ։

ՄԱՐԹԱ․— (Դժկամ) Թող խնդրեմ։ Ես գարշում եմ քո այդ հատուկ հայրական հոգատարությունից, առհասարակ։ Իսկ ճառերդ ինձ վաղուց ձանձրացրել են։ Դու և քո ընկերներդ մոտենում եք ինձ առանձին ուշաղրությամբ և իմ կյանքն ու ապրումները քրքրում «տնտեսական հողի վրա»։ Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜, ողորմելիներ, ի՞նչ գիտեք դուք, ուր եք ձգտում դուք․․․

ԱՆՏՈՆ․— (Լվացված, մաքրված, սկսում է ծխել) Միշտ միևնույն դժգոհ, բայց խելոք Մարթան։ Մենք ձգտում ենք մարդավայել կյանքի մեր արդար կռվով, այլ կերպ, սիրելիս, ապրելն անկարելի է, դավն ու ոճիրը խեղդում է անզորներին, իսկ անզորների ու անմեղ մեղավորների թիվր խիստ մեծ է մեծ Ռուսաստանում։

ՄԱՐԹԱ․— Խառնակիչներդ հավաքվեցեք և․․․

ԱՆՏՈՆ․— (Ւսկույն) Բողոքողներս հավաքվում ենք (Խրոխտ) վերջ տալու այս անել կացությանը։ (Մեղմ ու գգկանքով մոտենում է Մարթային) Մի մխիթարանք էր քեզ էլ տեսնել մեր շարքերում։ Մի՞թե [ 68 ]հոգնած ես, ուժ չունես մի նորն ստեղծելու պայքարին դիմանալու։ Եկ, լսիր ինձ․ ես քեզ հետ կլինեմ միշտ, կհսկեմ արթուն որպես մի Արգոս․․․

ՄԱՐԹԱ․— Ուժ չունեմ, հոգնած եմ։ Արդարև դիտողին այդպես է երևում։ Կարծում ես գուցե, որ ես կորցրե՞լ եմ ամենը, ինչ որ կար ինձանում արժանի մարդկային ու, ինչպես դուք ասում եք, «մի բարվոք կյանքի» չունիմ փափագ կամ կարոտ։ Թող լինի այդպես։ Ես ձեր «բարվոք կյանքին» չունեմ փափագ կամ կարոտ, այլ ձգտում եմ նրան, որ իմը, իմ անձնականն է լինելու, իմ եսը։ Բարօրության համար զոհ է հարկավոր, ողջակեզ, նահատակ, պատրաստ եմ, ուժ էլ ունեմ, կորով էլ, լսո՞ւմ ես, պրոլետար․․․ ասում են, որ մարդ աշխարհ է գալիս իր բաժին բեռով ու բախտով։ Առաջինը կրել եմ, իսկ երկրորդին դեռ չեմ հասած․․․ (Անտոնը լավ նայում է նրան) Իրավունք չունե՞մ հասնելու։

Լլկանքը, օղին, ծախված ժպիտն ու համբույրը այլևս նողկալի է ինձ համար։ Բավ է, զգում եմ, որ տանջվել եմ անմեղ, անարգվել իզուր։ Խոսի՛ր, պրոլետար, լսել եմ, որ շատ աղջիկների խորհրդատու ես, ինձ էլ սովորեցրու՝ ի՞նչ անել, ո՞ւր փախչել, ո՞ւր որոնել․․․

ԱՆՏՈՆ․— Այդ աղջիկները իմ ընկերներն են, Մարթա, դու իզուր ես խուսափում նրանցից։ Մոռացիր անցյալը, տուր կյանքիդ մի կանոնավոր ընթացք։ Այդ աղջիկները քեզ կօգնեն ինչով, ինչ կերպ որ կամենաս։ Իսկ քո փրկությունը լոկ մեզ հետ է․ այս մի մոռանար, երբե՛ք․․․

ՄԱՐԹԱ․— (Հեգնորեն) Մի՞թե․․․ Երևի ձեր անլեգալ թռուցկիները տարածելու համար գլխից ձեռք վերցրած մեկն է հարկավոր, կամ գուցե այսպիսի մի գլուխն ուսերից բաժանող գործ-հանձնարարողություն։ Ես գիտեմ, որ պատրաստվում եք․․․

ԱՆՏՈՆ․— (Խույս տալով շիտակ պատասխանից) Ինչեր ես մտածում։ Թե՛ ես, թե՛ նրանք ուզում ենք նպաստել քո անձնական բարելավությանը։

ՄԱՐԹԱ․— (Արհամարհանքով) Այսի՞նքն․․․

ԱՆՏՈՆ․— (Շփոթված նրա զննող հայացքից) Եթե․․․ եթե, դու, օրինակի համար, աշխատել ուզենաս, գործ գտնել․․․

ՄԱՐԹԱ․— (Կտրում է խոսքը) Իմ գործը ես եմ գտնում կամ հյուրանոցի սենեկապետը։

ԱՆՏՈՆ․— (Ավելի ևս շփոթ) Պաշտպանել քո իրավունքները․․․

ՄԱՐԹԱ․— (Նորից կտրում է խոսքը) Ես վաղուց է, որ ձեռք եմ բերել իմ իրավունքների օրինական փաստաթուղթը (Մնում է լուռ գլխիկոր, ապա կամաց, կարծես գերեզմանային ձայնով) Ինչպե՜ս աշխատում Էի չարժանանալ այդ պատվին․ ինչ հնարներ էի գործ դնում, չեղավ․․․ Ձմեռվա մի ցուրտ գիշեր էր․ մայրս հիվանդանոցում պառկած էր երկունքով, կենդանի մնացած վերջին քույրս խեղդվում էր բկացավից․․․ տանը ո՛չ վառելիք կար, ո՛չ հաց, ո՛չ լույս։ Մակարը հագուստ [ 69 ]չուներ փողոց դուրս գալու․․․ Միտքը, թե քույրս կմեռնի քաղցից ու ցրտից ուժասպառ, կատաղի վագր էր դարձրել ինձ։ Նա մի սիրունիկ, կապուտաչյա, ոսկեհեր աղջիկ էր ու երբ փոքրիկ, փափլիկ մարմնով հպվում էր կրծքիս, մոռանալ էր տալիս ամեն վիշտ ու դառնություն, որոնցով լիքն է արատավորված կյանքը․․․ Ուշ գիշեր էր. ես տանից դուրս էի եկել բեռ խոստումներով․․․ Ամբողջ մարմնով սառած, փայտացած շրջում էի մայթերի վրա, հարձակվում անցորդների վրա՝ չեն վերցնում․․․ այդ գիշեր ես ընկա․․․ Հետևյալ օրը, երբ դեղին տոմսով քաղաքամասից տուն եկա, քույրս արդեն մեռած էր․․․ (Լալիս է) Լսո՞ւմ ես, պրոլետար, ահա թե ինչպես ձեռք բերի իմ իրավունքների օրինական փաստաթուղթը․․․ Ես քեզանից ավելի պատվավոր քաղաքացի եմ: Ինձ հսկում են, նայում խնամքով, բուժում․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ գունատված մոտենում է ու նստում մոտը, ձեռքը դնում ուսին) Մոռացիր, մի հիշիր, թող, ինչո՞ւ ես տանջում քեզ. թող այդ ամենը․․․

ՄԱՐԹԱ.— (Կսկիծով) Ուշ է, Անտո՛ն։ (Մտածում է) Սկզբում ծանր էր ու դժվար․․․ Կարծում էի թե կցնորվեմ, չեմ դիմանա։ Իսկ երբ նայում էի շուրջս, ինձ նմաններին, ուժ էի ստանում: Թվում էր, թե այդպես էր կյանքի օրենքը։ Շատ եմ մտածել թողնել հեռանալ, սակայն ամենօրյա հացի ահը կաշկանդում էր ինձ։ Վճռել էի, ինչ գնով էլ որ լինի, նեցուկ լինեմ անբախտ մորս, որ կյանքում միայն ծեծ է կերել, ծնել ու թաղել․․․ Չեղավ։ Երեխաները կարկտահար ծաղիկների նման թոշնեցին, մեռան, քաղցն ու զրկանքը մնացին մեզ կենակից․․․ Իսկ այժմ ուշ է ու դժվար ետ դառնալը․․․

ԱՆՏՈՆ.— Իսկ եթե սիրես մեկին․․․ ամուսնանաս․․․

ՄԱՐԹԱ.— Ամենակեղտոտ տղամարդն անգամ սիրահոժար չի ամուսնանում մեզ վրա։ Մենք էլ մեր կողմից նրանց խիստ լավ գիտենք ու չենք ձգտում այդ բախտավորությանը։ Այս դեռ ոչինչ, բարիքը նրանում է, որ հասարակական կարծիքն է մեզ իշխողն ու մեր վիճակը որոշողը։ Մեզ ատում են, մեզանից խորշում։ Ո՞վ կսիրե պոռնիկ աղջկան․․․ Բացառություններ կան և կմնան․․․

ԱՆՏՈՆ.— (Հուսահատ) Դու էլ հետևիր վերջիններին։

ՄԱՐԹԱ.— Թո՛ղ․․․ կապրեմ այսպես։

(Ներս է մտնում Մակարը մի կեռ ձող ու կեղտոտ տոպրակ ձեռքին):

ՄԱՐԹԱ.— Գուցե քաղցա՞ծ ես։ Քիչ սպասիր, հիմա մայրիկը կգա: Լվացվիր, մաքրվիր (Մակարը դժգոհ ինչ-որ փնթփնթում է, լվացվում, մաքրվում ու նստում է պատի տակ:)

ԱՆՏՈՆ.— (Կարծես դառը մտորմունքից սթափվելով, Մարթային) Կերակրիր երեխային. տուն գալիս ինձ մի ընկեր ասաց, որ մայրդ ու մի քանի բանվորուհիներ մնացել են պայմանաժամից դուրս աշխատելու: [ 70 ]Տեսնո՞ւմ ես, Մարթա, դեռ մենք ամենքս էլ գերի ենք մեր օրվա ապրուստին։ Սակայն այդ դեռ չի նշանակում, որ այդ հսկայական չարիքը լափելու է մեզ, որ մենք կուրորեն տանուլ ենք տալու մեր մարդկային իրավունքները․․․ Բանվորությունը այսօր կռիվ է մղում հարստահարման այդ ձևի դեմ, իր արյան գնով ձգտում է կրճատել աշխատանքի ժամերը։ (Զայրույթով) Իսկ մերոնք ձգտում են մի հոգով երկուսի չափ աշխատել, մի օրում երկու օրվա գործ անել, իրենց ուժն ու եռանդը անխնայորեն վատնել․․․

ՄԱՐԹԱ.— (Հեգնում է) Ձգտո՜ւմ են․․․ ինչե՞ր ես ասում. ձգտում են շատ ու էժան աշխատելու։ Ի՜նչ զրպարտություն։ Ինչպե՞ս կարելի է ձգտել։ Է՛հ, Անտոն․․․ մի դատիր հեշտորեն, նրանք չեն ձգտում, նրանք կուլ են գնում ուժից վեր աշխատանքի, որովհետև կին են, մայր, քույր: Չքավորոլթյունը գամել է նրանց ուղեղը քաղցի ահով։ Ի՞նչ անեն, այլ կերպ չի կարելի ապրել․․․ իսկ ձեր անհամ ու խորթ պրոպագանդան էլ չի օգնում, իզուր այնպես պարծենում էր քո ընկերուհին․․․

ԱՆՏՈՆ.— Պրոպագանդան անզոր էր, որովհետև մեր բանվորուհիները տգետ են, անգրագետ, ռուս կինը սիրում է զգալ իրեն միշտ անմեղ նահատակի դերում, օժտված է վտանգավոր ցավ դարձած գթով, ստրկական ներողամտությամբ։ Նա ավելի շատ կզիջե, քան թե կպահանջե, ավելի շուտ կլռե, քան թե կբողոքե․․․

ՄԱՐԹԱ.— (Սաստիկ վշտացած) Այո, այո ռուս կինը ապրում է նահատակի դերում։ Այդպես է կինը, նրան անըմբռնելի քո անմիս ու անարյուն վարդապետությունը։ (Ծիծաղում է) Հա՜, հա՜, հա՜, հա՜։ Ի՜նչ սիրուն ու մխիթարական խոսքեր. «անգլիական շաբաթ, ութ ժամյա աշխատանք»։ Այդ ամենը մեզ համար չէ ասված։ Քո գրքերին նայելով՝ մեր կյանքը մի պարսավիր։ Նրանք իրար նման չեն, հավատա։ Դու գիտե՞ս, արդյոք, այդ տգետ բանվորուհիներին, որոնք այսօր, շաբաթ օրով ուշ են տուն գալու։ Գիտե՞ս, որ նրանցից շատերը ծնված են արգանդի ախտով, շատերը կիծքի տակ թաքցնում են կենդանի արարածներ, աշխատանքից չզրկվելու ահով շատերին սպասում է մի ամբողջ շաբաթ չհավաքած, չժողոված տուն, կեղտ ու ապականության մեջ կորած երեխաներ, բացակայության ժամանակ պատահած անուղղելի սխալ, աններելի մեղք․․․ արբած ամուսնու կամ սիրեկանի անպատկառ հանցանք, հաճախ ծեծ։ (Մնում է լուռ) Քո բրոշյուրները քիչ գիտեն, հոգիս, այն ծով տառապանքից, որ ես տեսել եմ մանկութ․․․ որքա՜ն անտանելի է կյանքը, որքա՜ն անպատիժ ոճիր ու տառապանք է ծնում ու սնում նա․․․ Ուրիշ բան է մխիթարել մեկին, սովորեցնել, թեթևացնել մեկի բեռը, նեցուկ լինել ճգնաժամին։ Բայց դատել պետք չէ, Անտոն, մեղադրելը, պախարակելը. ոչ ոք չի ուզում իր վատ լինելը, չի ձգտում դրան, բայց հակառակ իր ցանկության, նրան մատով են ցույց տալիս։ Ինչո՞ւ, Չէ՞ որ կյանքն է [ 71 ]վատը, ինչո՞ւ է լափում, տրորում, մարդուն որդի նման սողալ տալիս, հողին հավասարեցնում․․․

ԱՆՏՈՆ.— (Որ հիացած լսում էր նրան) Խոսիր, Մարթա, դատիր, թող քո սիրուն աչքերում փայլի բարկության հուրը։ Կեցիր միշտ այդպես, քո դեմքից հեռու վանիր լքման ամպերը, գլուխդ բարձր պահած գնա առաջ հաստատուն քայլերով (Շոյում է մազերը) առանց ետ նայելու․․․ Սիրում եմ տեսնել քեզ այսպես։ Դու շատ ես տեսել, շատ ես ապրել քո այդ զգայուն քնքուշ սրտով։ Հավատում եմ, ասա, պատմիր, սովորեցրու ինձ, եղիր իմ մխիթարանքի մատյանը․․․ երբ մոտդ եմ լինում, մի հմայիչ ջերմություն եռում է կրծքիս տակ, հրաբուխի նման, սրտիս վրա լույս է իջնում, հոգուս՝ անդորր․․․ Թվում է, թե բացվում է մի հսկայական գիրկ, վերցնում, գրկում է ինձ ու վայելքներ խոստացող մեղեդիով օրորում․․․ (Նկատելով Մարթայի ժպիտը) Ժպտում ես։ Տես։ Ինչ լավ է, որ չես վշտանում ու տրտնջում։ Կաց այդպես, հոգիս թող առյուծ դառնա, մտքերս՝ արծիվ, կաց այդպես՝ ես ծառացած եմ արհավիրքի ու մահվան դեմ, ես մահն անարգել ու կյանքը սիրել գիտեմ․․․

ՄԱՐԹԱ.— (Հանդարտ ժպտում է) Ոգևորվեցիր․․․ Դու միշտ այդպես ես եղել։

ԱՆՏՈՆ.— (Նույնպես) Միշտ, իսկ այժմ անչափ, անսահման, ուզում եմ պատահողին գրկեմ, սեղմեմ գրկիս, վարակեմ իմ բերկրալի ոգևորությամբ, ուզում եմ, որ ամենքն էլ ինձ նման հուսան ու խնդան։ Ուզում եմ, որ առաջին վարակվողը դու լինես․ դեպի լավը ունեցած հավատի անհատնում պաշարը դու կիսես ինձ հետ․․․ Դե՛հ, պատասխանիր, ասա մի բան․․․

ՄԱՐԹԱ․— (Մեղմ) Խոսիր, կլսեմ սիրով․․․

ԱՆՏՈՆ.— Հա (Ժպտում է)․․․ Ինչպե՞ս չոգևորվել, երբ բարի ու գեղեցիկ կանգնել են իմ դեմ հպարտ ու անպարտ․ ե՛կ կանչում են արթուն․— Կաց, Անտոն, չընկճվես, բնավ․ ե՛կ դեպի մեր գիրկը հպարտ ու անպարտ․ ե՛կ․․․ թափ տուր թևերդ արծիվների պես, որ կատեն շղթան ու չունեն երկյուղ մրրիկների պես, որ արգելքների գոյության մասին չեն լսել երբեք, սլացիր բարձունքներից էլ հանդուգն, երազներից էլ արագ։ Ե՛կ, մենք քեզ լուր տվինք վարդավառ գարնան հետ, ծաղիկների մրմունջով, քամու թևերի վրա, թռչնիկների վզերից կախած, քո ուղին զուգեցինք աստղերի ցանցի տակ ցողապատ դաշտերի կրծքերին արևի ջերմ համբույրի տակ, կոթող լեռների լանջերին․ քեզ ենք կանչում կյանքի ու էության հիմնի արծաթահնչուն ղողանջներով՝ արթուն կաց և եկ, ու ես հույսը ճակատիս, սերը սրտիս դիմում եմ դեպի բարին ու գեղեցիկը, ես հավատում եմ նրա անխորտակելի, անհերքելի գոյության հաղթանակը՝ կարո՞ղ եմ չոգևորվել։

Ու գնում եմ ես այդ ղողանջների արձագանքով հոգիս աղմկած, օրըստօրե [ 72 ]թափելով իմ վզից կախված և կուրծքս քերող շղթաների օղակներս, որ կյանքն իր հարակից պայմաններում, բռնությունն իր գոյության խրախճանքի կերոններով կռել են ու կոփել, հոգով թույլերի ու մտքով անզորի համար։ Ահա ես, Մարթա, որ քնած էի, արթնացա ու կարդացի բնության հրաշալիքների գերագույն գաղտնիքը, քրքրեցի մարդկային հոգու ապրումները ոսկեզօծ հյուսքին։ Ահա ես, որ սողում էի ցեխոտ գետնի երեսին, մտքով երկինքն եմ քրքրում։ Ես, որ աշխատում էի անդուլ վառ հնոցի առաջ, շեկ երկաթին տված ուժից ու քրտինքից, անմասն, անհաղորդ, այժմ հնոցն ու երկաթը ընկեր են ինձ, իսկ մուրճս իմ կամքին գերի․․․ Կարո՞ղ եմ չոգևորվել ես․․․ Թող լինի դուրսը աշուն ու անձրև, քո ասածի նման, ես արհամարհում եմ նրա լքումը, գարունն է գալիս․․․ (Ժպտալով նստում Է Մարթայի մոտ):

ՄԱՐԹԱ.— Երանի՜ քեզ։

ԱՆՏՈՆ.— (Անսահման սիրով) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ.— Այնպես, եթե ես քեզ նման հոգեկան վայելքների այդքան պաշար ունենայի, մենակություն չէի զգա և կապրեի երջանիկ։

ԱՆՏՈՆ.— Իսկ մարմի՞նը, մի բաժանիր նրանց, կխախտես գոյության իմաստուն ներդաշնակությունը, հոգով ապրելու դարն անցել է․․․

ՄԱՐԹԱ.— (Համառ) Ես կապրեի, ինչի՞ս է պետք մարմնավորը, որ կեղտի ու ոճիրի օրրան է (Երազանքով) Իսկ հոգուն մեկի պղտոր հայացքը անգամ չի հասնի։

ԱՆՏՈՆ.— Սխալվում ես. էությունը մի է, անբաժան, մարդն է նրան ջոկ-ջոկ անուն տալիս, լոկ տարբերելու նյութականը վերացականից։ Նրանք չեն բաժանվում, վասնզի անքակտելի են։ Սուտ է, եթե մեկն ասում է՝ ապրում եմ հոգով դա միայն ճգնավորական զառանցանք է, որ թողել են մեզ անցնող դարերն ու քրիստոնեական վարդապետությունը, ուստի նույնպես, որ հոխորտում են միայն մարմնով, չիք դարձնելով հոգեկանի դերը։ Եթե առաջինը աշխարհիս ունայնության համար է, երկրորդը նրա շինության, ուր մարմնին սնունդ տալու համար չի արհամարհվում ոչ մի պիղծ միջոց, ուր մարմնի բարեկեցության համար հարստահարվում են սերունդներ, կեղեքվում անզորներ․․․ տեսնո՞ւմ ես, սիրելիս․․․ գնանք մի քիչ թափառելու, խաղաղ ու տաք է իրիկունը ազատ դաշտում, ազատ երկնքի տակ կխոսենք, բնությունը արձակում է մարդու կապերը, նա կապանք չի սիրում։ Գնանք, Մարթա։

ՄԱՐԹԱ.— Մայրս գա, հետո․․․ (Սկսում է Անտոնի թափթփված իրերը հավաքել, սեղանը պատրաստել, գնում է դուրս):

ՄԱԿԱՐ.— (Անտոնին, որ մտազբաղ շրջում է սենյակում) Իսկ ես այսօր 9 կ․ վաստակեցի. 3-ը կպահեմ ջութակիս համար, 5-ը կտամ մայրիկին, 1-ը վաղը կծախսեմ ինձ համար։ (Ինքն իրեն) Հավաքում ես կեղտոտ հոտած լաթեր ու փող է դառնում։ (Ժպտում է) Երբ 5 մանեթը [ 73 ]լրացավ, իսկույն Մարթայի հետ կգնամ ջութակ գնելու․ ահ, ինչպե՜ս նվագելու եմ, լավ սրտառուչ երգեր։ (Ցնորամիտ, անշարժ հայացքով)։ Ես այդ երգերն այժմ գիտեմ․․․ Զգում եմ, նվագեցի, աստված վկա, լաց կլինեք (Մնում է լուռ և ապա պատից վար է առնում մի հնամաշ ջութակ և նվագում ինչ-որ տրտում հառաչանքով, լայն բացված աչքերը հառած մի կետի:

ԱՆՏՈՆ.— (Շոյում է) Լավ երեխա (Փող է տալիս ու նստում մոտը):

ՄԱԿԱՐ.— (Սթափվում է) Շնորհակալ եմ, քեռի։ (Խաղում է փողի հետ) Այսօր երբ հավաքածս քուրջերը տարա, Շմարցի պառավ մայրը մենակ էր.— «Նստիր,— ասաց,— կխոսենք, դու լավ տղա ես»։ Նստեցինք բակում։ Ես նրան պատմեցի, որ չեմ ծխում, օղի չեմ խմում մյուս քուրջ հավաքողների նման։ Հավաքում եմ փող, որ ջութակ գնեմ։ Նա ինձ ապուր տվեց ձկով եփած և ասաց, որ աղոթելիս հիշեմ իր որդի Ահարոնին, որ մեռցրել են չար մարդիկ։ Իսկ ես նվիրեցի նրան աղբանոցում գտած մի փոքրիկ մկրատ։ Այդ մկրատը ես վճռել էի տալ մեր դրացի աղջիկ Անուշին, բայց չտվի. անպիտան, երես առած աղջիկը չի ուզում հետս խաղալ, ասում է, որ իմ դեմքը նման է եկեղեցում կախված մի սրբի դեմքի․․․ Խիստ բարի կին է այդ պառավ հրեան և միշտ լաց է լինում: Երբ ջութակ գնեմ, նա ինձ սովորեցնելու է մի հրեական երգ, որ ինքը երգելիս է եղել Լեհաստնում իր օրիորդ ժամանակ։ Նա առաջ այնքան գեղեցիկ է եղել, որ թագավորի որդին նրան չի առել կնության լոկ հրեա լինելու պատճառով․․․

ԱՆՏՈՆ․— (Ցույց տալով ջութակը) Իսկ այս ո՞վ է գնել։

ՄԱԿԱՐ.— Մարթան։

ԱՆՏՈՆ․— Վաղո՞ւց է։

ՄԱԿԱՐ.— Երեք տարի կլինի, այն ժամանակ մենք լավ էինք ապրում. ձեր սենյակում կենում էր հիվանդ օրիորդը, նա էլ ջութակ ուներ ու մի օր բարկացած խփեց պատին, փշրեց։ Ես չէի սիրում նրան, իսկ նա Մարթային շատ էր սիրում․ կարդալ, գրել սովորեցրեց: Այն ժամանակ Մարթան վատ էր․ տուն չէր գալիս շաբաթներով, հորս նման հաշիվը չէր ճանաչում, օգնում էր ամենքին, իսկ օրիորդը կռվում էր նրա հետ և լալիս էին երկուսն էլ։ (Խորհրդավոր) Այժմ Մարթան խնամում է օրիորդի երեխային, որ ապրում է գյուղում մեր քավորի մոտ։ Մարդու բան չասեք, Մարթան ինձ կծեծի․․․ Այդ օրիորդի պատճառով Մարթան իր փողերը վատնեց, նա մեզ մոտ ապրում էր տիրուհու նման, նրա պատճառով բանտ նստեց․․․

ԱՆՏՈՆ․— Ինչո՞ւ։

ՄԱԿԱՐ.— (Հպարտ) Գնացել էր օրիորդի ամուսնու մոտ, ապտակել էր նրան, վատ խոսքեր էր ասել։ Հետո խաբեցին, որ երեխան մեռել [ 74 ]է։ Մարթան մի թուղթ տարավ ու փող ստացավ, որ օրիորդը բժշկվի, սակայն նա մեռավ, փողը մնաց երեխային։ Իսկ եթե նա էլ մեռնի, կմնա Մարթային, օրիորդն է գրել այդպես։

(Ներս են մտնում Մարթան և մի ներկված, դեղին մազերով, գունատ նիհար աղջիկ, որ հեկեկում է):

ՄԱՐԹԱ․— Հանգստացիր, կտեղափոխվես ինձ մոտ, կապրենք միասին։

ՄԱԿԱՐ. — (Անտոնին, խորհրդավոր) Տեսնո՞ւմ եք․․․

(Աղջիկը սրբում է աչքերը և խաչակնքում: Անտոնը մտնում է իր սենյակը: Մարթան հետևում է աչքերով)

ԱՂՋԻԿԸ․ — Այսպես, հագուստներս տանտիրուհին է գրավում վարձի փոխարեն ու ինձ փողոց նետում, գնում եմ Պաշայի մոտ։ (Ժպտում է) Դու տեսե՞լ ես նրա ամուսնուն, անբախտ Պաշա։ Հա, նրա ամուսինը հյուրանոցում է, ինձ հանգիստ չի տալիս։ Պաշան վիրավորվում է ու ինձ մեղադրում, որ գրավում եմ նրա ամուսնուն ու վռնդում է։ Մի քանի օր ցերեկները թափառում էի, իսկ գիշերները քնում պուրակում: Այսօր լսեցի, որ իմ (ուզում է հայհոյել, Մարթան արգելում է) սիրեկանը չէ թե Ռուսաստան է գնացել մեռած մորը թաղելու, այլ կապվել է մի պառավ պոռնիկի հետ։ (Լալիս է ու հազում սաստիկ):

ՄԱՐԹԱ.— (Կարեկից) Հանդարտվիր։ Ես կգնամ նրա մոտ, կխոսեմ։ Գուցե սիրո՞ւմ էիր․․․

ԱՂՋԻԿԸ.— (Անփույթ) Ի՜նչ սեր, ո՞վ է ինձ սիրել, որ ես էլ ուրիշին սիրեմ։ Դժվարն այն է, որ երկու հատ մատանիս ծախեցի ու նրան նոր կոշիկներ գնեցի։ Կոշիկները հին էին, իսկ ես չէի ուզում, որ աղջիկները ծաղրեն նրան։ Ես ամենքին էլ խաբել էի, որ 20 ման. ռոճիկ է ստանում, իսկ Ռուսաստանում էլ հող ու խրճիթ ունի։ Ահա թե ինչ։ (Լալով) Իսկ այժմ նա ապրում է ուրիշի հետ իմ սեփական կոշիկները հագին։ (Հազում է) Կուրացնելու եմ երկուսին էլ, պատմելու եմ ամենքին, որ նա ինձ տանում է․․․

ՄԱՐԹԱ.— (Դարձյալ խանգարում է) Լռիր, կան բաներ, որոնց մասին չեն խոսում․․․

ԱՂՋԻԿԸ.— (Ծիծաղում է) Տեր Աստված, կարծես оրինավոր կին լինեմ (Հազում է):

(Մտնում են անկարգ, աղմուկով մի խումբ աղջիկներ):

Ա. ԱՂՋԻԿ.— Քո արածը խոզություն է. ինչո՞ւ չես երևում։

Բ. ԱՂՋԻԿ.— Անցյալ կիրակի Դոնի ափին քեֆ արինք. եղեգնուտի միջից մի վերարկու գտա, ծախեցի 3 մանեթով․

(Պտույտ է գալիս կրունկի վրա: Անտոնն ուզում է դուրս գնալ: Լիզան մոտենում է ու բարևում: Նա ժպտում է ու փախչում): [ 75 ]Գ. ԱՂՋԻԿ.—(Լուռ, Անտոնին դիտելուց հետո) Այժմ ինձ չի զարմացնում քո նստակյաց կյանքը։

ԼԻԶԱ․— (Բարձրաձայն) Զուր ենթադրություն։

Գ. ԱՂՋԻԿ.— Քե՞զ ինչ։

ՄԱՐԹԱ.— Գիտե՞ք, աղջիկներ, դժվար թե կարողանամ այսօր տանից դուրս գալ․․․ գործ ունեմ․․․

Ա. ԱՂՋԻԿ.— Ասա որ ամաչում ես մեզ հետ երևալու։

Գ. ԱՂՋԻԿ.— Կամ թե ամուսնանում ես․․․

ՄԱՐԹԱ.— Ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը (Մնում է շվար):

ԼԻԶԱ.— (Մի պահ մտածում է. միայն Մարթային) Ես նրանց խոսք կհասկացնեմ։ Եթե լուրջ պատճառ ունես, կեցիր: Փող պե՞տք է, վաղը կբերեմ պարտքս, հիվանդ չե՞ս․․․

ՄԱԿԱՐ․— Ես ինչպե՜ս ատում եմ այս աղջիկներին, երբ մեծանամ, տուն թողնելու չեմ․․․

ՄԱՐԹԱ.— (Ծիծաղում է):

ԼԻՋԱ.— (Ներս է ընկնում) Ասա, ի՞նչ է պատահել, չկարողացա համբերել։

ՄԱՐԹԱ.— (Բռնում է նրա կոճակից) Եկ թողնենք այս կյանքը։

ԼԻԶԱ․— (Ապշած) Մեռնե՞նք․․․

ՄԱՐԹԱ.— (Շտապ) Ո՛չ, ապրենք այլ կերպ, մի բան անենք։

ԼԻԶԱ.— Ի՞նչ գիտենք, որ ինչ անենք, հանա՞ք ես անում։

ՄԱՐԹԱ.— (Խեղճ ու մոլոր) Ես լուրջ եմ ասում։

ԼԻԶԱ․— Իսկ ես չեմ հասկանում. ապրենք այլ կերպ, կարծես մեկին խանգարում ենք։

ՄԱՐԹԱ.— Դեհ գնա։ (Դրսից հայհոյում են) աղմկում են դռան առաջ, լավ չէ։

ԼԻԶԱ.— (Երկար զարմացած դիտում է Մարթային) Բարկացա՞ր։ (Պարում է կաֆե շանտանային պար երգելով):

«Ո՛չ աղջիկ ենք, ո՛չ էլ կին,
Պատկանում ենք ամենքին,
Ու այս կյանքում անօգուտ
Չենք վայելում սեր ու գութ։

Գարուն, ամառ ու ձմեռ
Օր կը քաշենք առանց բեռ,
Մինչ թառամի մեր կաշին
Հողը տիրե մեր լեշին․․․»։

Ահա քեզ մեր կյանքը, մեր գործը (Գնում է):

(Մարթան հավաքում է աղջիկների խառնած իրերը, մտնում է Աննան, լուռ, գունատ): [ 76 ]ԱՆՆԱ.— Մակար, եկե՞լ ես, սպասել տվի, (Շտապով նայում է) եկ սրտիս, եկ իմ միակ, իմ հարազատ։ (Գրկում է, համբուրում: Նստում են ուտելու: Մարթայից ծածուկ ծոցից հանում է օղու մի փոքրիկ շիշ):

ՄԱԿԱՐ.— (Կամաց) Մի քիչ էլ ինձ թող։

(Աննան տալիս է թաքուն: Մարթան գլուխը Անտոնի սենյակի դռանը հենած կանգնում է լուռ ու մտատանջ):

ՄԱՐԹԱ.— Սիրում եմ քեզ, սակայն չեմ համարձակվում հայտնել քեզ այդ: Վախենում եմ մոտենալ քեզ՝ ես մեղավոր եմ ու արատավոր, դու անմեղ ու արժանի․․․

ՄԱԿԱՐ.— (Մորը) Պառավն ասում է, որ նա այնպես գեղեցիկ է եղել ու երգել է այնքան լավ, որ թագավորները նրան կնության չեն առել լոկ հրեա լինելու պատճառով։

Գ. ԱՐԱՐ

Շքեղ տուն, պարտեզ, շատրվան, լայն տերրասում բացած շեն սեղան, դիմացը հեռուն տանող լայն ծառուղին մաքրում ու ջրում է ծերուկ «խոխոլը», պճնված մալոռուս ծծմայրը մանկական մի սիրուն կառք բռնած շրջում է:

ԾԵՐՈՒԿ.— (Հեռվից ապշած դիտում է նրան) Բո՛ւհ, սատանի ճուտ, փքվել է հնդկահավի նման։ (Ավելում է կասես բարկացած):

ԾԾՄԱՅՐ.— Պապ, սպասիր անցնեմ, փոշի մի հանիր։

ԾԵՐՈՒԿ.— (Հայացքով չափում է նրան) Վաղո՞ւց է, որ այդպես քնքշացել ես։

ԾԾՄԱՅՐ.— (Ծիծաղում է) Վաղո՜ւց․․․

ԾԵՐՈՒԿ.— Բայց քայլում ես կոշիկ հագած արջի նման:

ԾԾՄԱՅՐ.— (Կառքը շրջում է դեպի ծերուկը) Իսկ դու լավ ես կծում նույնիսկ ատամներիդ վատ ժամանակը։

ԾԵՐՈՒԿ.— (Ինչ-որ փնթփնթում է) Դեհ անցիր, գնա՛։

ԾԾՄԱՅՐ.— (Նստում է նստարանի վրա ձեռքերը փորին խաչելով) Օֆ, տեսա, որ գյուղից նոր եկած ես, ասի գնամ քիչ խոսեմ, մխիթարվեմ, իսկ դու վռնդում ես։

ԾԵՐՈՒԿ.— (Նայում է աչքի տակով ու ժպտում) Որտեղացի՞ ես:

ԾԾՄԱՅՐ.— (Անգիր արած դասի նման) Խարկովյան նահանգից, Ստարաբիլյան գավառից, Շուշկինյան վիճակից, Ստալակև գյուղից։

ԾԵՐՈՒԿ.— (Ավելի մտերմորեն) Ինչպե՞ս է, գո՞հ ես դրանցից (Ցախավելով ցույց է տալիս տունը):

ԾԾՄԱՅՐ.— Է՜հ, ոչինչ, լավ են կերակրում, հագցնում։ [ 77 ]ԾԵՐՈԻԿ.— (Քմծիծաղ) Առաջինը երևում է, համաձայն եմ, իսկ երկրորդը ինձ դուր չի գալիս։

ԾԾՄԱՅՐ.— Ի՜նչ արած, ձևը այդ է։ Դժբախտությունը նրանումն է, որ ոչ մի կերպ չեմ հաշտվում իմ վիճակի հետ։ Տխուր է, գյուղի կարոտը մաշում է ինձ։ Գիշերները չեմ քնում, այս գիշեր էլ այնպես տխուր էր, նստեցի պատուհանի վրա ու մտքով սլացա գյուղ։ Թվաց, թե լսում եմ քնած անապատի մշշոց. մեր դրացու գամփռը հաչեց մեկի վրա, աքլորները ձայն տվին իրար, վազեց մեկը փողոցով․․․ հասավ ինձ քաղած խոտի անուշ բուրմունքը, արբեցրեց ու ես կարծելով թե տանն եմ, սկսեցի բարձր ձայնով երգել։ (Աչքերն է սրբում) Երեխան քնից սարսափահար զարթնեց, լաց եղավ․․․ ինձ անարգեցին, որ մյուս անգամ չհամարձակվեմ հիմարանալու․․․

ԾԵՐՈՒԿ.— (Կարեկցորեն) Տանը ի՞նչ ունես։

ԾԾՄԱՅՐ.— Սկեսրայր, սկեսուր, մի տագր, երկու հարսնացու տալ և մի 8-9 ամսական տղա, ամուսինս էլ զինվոր է գնացել հեռու երկիր։ Գրում է, որ գարուն, ամառ ձյունը չի հալվում սարերի գագաթից:

ԾԵՐՈՒԿ.— (Ծիծաղում է սրտանց) Թու, սատանի ճուտ, չի՞ հալվում։

ԾԾՄԱՅՐ.— Հա, ապրում են զարմանալի մարդիկ. խաչակնքում են, մեծ-մեծ եկեղեցիներ ունեն, բայց ռուս չեն։

ԾԵՐՈՒԿ.— (Հրճվում է) Թու, սատանի ճուտ, խաչակնքում են ու ռուս չե՞ն։

ԾԾՄԱՅՐ.— Կանայք ճակատներին շատ ոսկի դրամներ են հագնում․․․ սև մազերով են, սև աչքերով․․․

ԾԵՐՈՒԿ.— (Հրճվանքին չափ չկա) Թու, սատանի ճուտ, ոսկի են հագնում․․․ (Հանդարտվելուց հետո) Հող ունե՞ք։

ԾԾՄԱՅՐ.— Շատ քիչ․․․ Ինձ տագրս օր չէր տալիս, ասում էր ապրիր հետս։ Հազիվ կերակրվում ենք, ասում էր, հնարավորություն չկա, ասում էր, կարգվել մինչև եղբորս գալը, ասում էր, կապրենք միասին, ես քեզ մի դեյրացու, ասում էր ու տիրացուի կնոջ պես մի գլխի շալ կգնեմ, ասում էր․․․

ԾԵՐՈՒԿ.— (Զարմացած) Ինչո՞ւ չհամաձայնվեցիր։

ԾԾՄԱՅՐ.— Ես վախենում էի նրանից, նա վատ գրքեր էր կարդում, ասում էր․․․ (Սաստիկ ծիծաղում է) աշխարհը կլոր է ձմերուկի նման, օղի չէր խմում. չէր խաչակնքում․․․

ԾԵՐՈՒԿ.— (Սաստիկ զայրացած) Թու, սատանի ճուտ։

ԾԾՄԱՅՐ.— (Ծիծաղով) Ասում էր, որ ինքն էլ, ես էլ, նույնիսկ գյուղի քահանան՝ պոչ ունենք, առաջ կապիկներ ենք եղել ասում է (Թուլանամ է ծիծաղից):

ԾԵՐՈՒԿ.— Թու, սատանի ճուտ, անպատկառ: [ 78 ]ԾԾՄԱՅՐ.— (Աչքերն է սրբում) Ասում էր, որ հասարակական հողը պետք է բաժանել հավասար, տերերն էլ, ռամիկներն էլ պիտի հավասար ցանեն, քաղեն, ասում էր։

ԾԵՐՈՒԿ.— Թու․․․ (Մտազբաղ ծոծրակն է քորում):

ԾԾՄԱՅՐ.— Մարդիկ հավասար են, ասում էր: Աստված տեր ու ծառա չի ստեղծել: Ասում էր։

ԾԵՐՈՒԿ.— (Մոլոր նայում է ձեռքերին) Թու․․․ (Զսպում է իրեն):

ԾԾՄԱՅՐ.— Զինվոր գնալ պետք չէ, ասում էր, պատերազմը մեղք է․․․ բոլոր մարդիկ եղբայրներ են, ասում էր․․․

ԾԵՐՈՒԿ.— Հա՞ (Մնում է շշմած):

ԾԾՄԱՅՐ.— (Երկյուղով նայում է տան կողմը և իսկույն բարձրանում ու հեռանում է):

ԾԵՐՈՒԿ.— Թու, սատանի ճուտ․․․ Ինչեր ասաց․․․ «մարդիկ եղբայրներ են, ասում է»․․․ (Մնում է զարմացած):

ՄԱԿԱՐ.— (Գալիս է մի փոքրիկ շուն ու թերթ ձեռին) Բարև պապ:

ԾԵՐՈՒԿ.— Աստծու բարին թոռ, ի՞նչ կամենաս։

ՄԱԿԱՐ.— Սրանից երկու օր առաջ այս շնիկը գտա փողոցում։ Քույրս այսօր թերթում կարդաց, որ խնդրում են գտնողին վերադարձնել: (Ցույց է տալիս թերթը) Տե՛ս, այստեղ գրված է, որ խոստանում են վարձատրություն։

ԾԵՐՈՒԿ.— (Խեթ խեթ նայում է թերթին) Գրածին խելքս չի հասնում, անգրագետների բանակից եմ, բայց որ վարձատրելու են, այդ լավ է, տար, տղա, մի բան կտան (Մակարն ուզում է գնալ) բայց կեցիր, ինչո՞ւ բերիր, կխաղայիր հետը, նրանք շատ ունեն։

ՄԱԿԱՐ.— Ես ուզում էի թողնել, քույրս ասաց տար, նա հասարակ շուն չէ, դժվար է կերակրել:

ԾԵՐՈՒԿ.— (Ժպտուն) Տեսնո՞ւմ ես, խելոք քույր ես ունեցել, թեև աշխարհում այնքան խելոք կնիկ կա, որքան սև կոպեկ իմ ու քո գրպանում, դե՛հ տար։

(Մակարը մոտենում է տերրասի սանդուխներին, աղախինը ինչ-որ բան է դուրս բերում տան հետևից ու դնում սեղանի վրա, Մակարին նկատելով):

ԱՂԱԽԻՆ.— Ի՞նչ ես ուզում։

ՄԱԿԱՐ.— (Վախկոտ վար է առնում գլխարկը) Ձեր շնիկն եմ բերել, օրիորդ, այստեղ գրված է․․․

ԱՂԱԽԻՆ.— Ա՜, դա մեր շնիկն է, ինչպես պիտի ուրախանա օրիորդը։

(Վերցնում է շունը և ներս վազում: Մակարը զարմացած շուրջն է դիտում):

ՕՐԻՈՐԴ. (Դուրս գալով տերրաս) Այդ դո՞ւ ես բերել իմ [ 79 ]շնիկին, բարի տղա, որտեղից գտար, երբ, քեզ ո՞վ տվեց մեր հասցեն (Նկատելով թերթը) հա, կարդալ գիտե՞ս։

ՄԱԿԱՐ.— (Հպարտ) Քույրս, Մարթան կարդաց. այստեղ գրված է, որ․․․

ՕՐԻՈՐԴ.— (Ժպտալով) Որ գտնողին խոստանում է վարձատրություն։ (Մակարը գլխով է անում) Այս րոպեիս, հոգիս, սպասիր մի քիչ: (Ներս է վազում, լսվում է ծիծաղ, աղմուկ, խնդրում են մեկին նվագել, ծափահարում են):

ՄԱԿԱՐ.— (Մտազբաղ) Եթե մի մանեթ տա․․․ Ինչ սիրուն աղջիկ էր, ասաց «շնորհակալություն, բարի տղա»։ (Վճռական) Երևի կտա․․․ (Համոզված), Իհարկե կտա, իսկ եթե չբերեի՝ լավ կլիներ։ (Նայում է շուրջը) Մարթան ապրեր այստեղ․․․ Նա սաստիկ սիրում է ծաղիկներ, պարտեզ․․․ Մարթան էլ, մայրիկն էլ ասացին, որ ինչ-որ տան, իմն է, ջութակիս բախտին։ Ես համոզված եմ, որ մի մանեթ կտա։ (Կամաց ու խիստ հուզված) Իսկ երբ ջութակ գնեցի, մի օր կգամ այստեղ, առավոտ կանուխ, երբ դեռ թռչունները քնած են լինում, ամենքը, կթաքնվեմ այս ծաղիկների տակ, կնվագեմ մի նուրբ երգ սիրուն օրիորդի համար։ Նա կզարթնի իմ նվագի ձայնից, կհրամայի երգչին իր մոտ բերել. ծառաները կընկնեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, որ գտնեն ջութակահարին և ով էլ որ լինի, ուր էլ որ լինի տանեն օրիորդի մոտ՝ ճիշտ հեքիաթի նման։ (Պարծենկոտ) Կգտնեն։ Ես իսկույն կփախչեմ պառավ Շմարցի մոտ։ Նա ինձ կթաքցնի քուրջերի մեջ՝ փնտրիր որ գտնես․․․

(Տանից լսվող աղմուկը դադարում է—լսվում է նվագածություն, հեծկլտում, լալիս է ջութակը հուզիչ ելևէջներով և բաց լուսամուտներից դուրս լողում: Մակարը մի պահ մնում է շանթահար, գլխարկը վար է ընկնում ձեռքից: Նրա վտիտ մարմինը մերթ դողում է, մերթ ցնցվում, կցկտուր ելևէջները հիպնոսացրած նրան, քաշում են մագնիսի նման դեպի իրենց: Մակարը վերացած, լայն բացված աչքերը հառած անորոշ բարձրության, թեթև ու անձայն լուսնոտի նման տերրասի սանդուխի պատերին հենված սողում է դեպի վեր, վիզն երկարացրած ձգվում է դեպի նվագը և անմտորեն կպչում է սեղանին ու վար ձգում ամաններ, գդալներ և այլն):

ԼԱԿԵՅ.— (Տերրասի ձախ կողմից ինչ-որ բերելով) Ախ, դու սրիկա. (Խփում է տղին ու դեն հրում) Դեռ կաթնատամներդ չեն թափվել գողությո՞ւն ես անում։

ՆԵՐՍԻՑ ՁԱՅՆԵՐ.— Ի՞նչ պատահեց։

ԼԱԿԵՅ.— (Հավաքելով թափթփված իրերը. Մակարը ցնորամիտ ժպիտը երեսին կանգնել է պատի տակ) Օր ցերեկով գողություն։ (Մակարը նորից դիմում է դեպի նվագը) Ես ցույց կտամ, անպիտան գող (հարձակվում է որ խփի): [ 80 ]ՕՐԻՈՐԴ.— (Մոտենալով լուսամուտին) Սխալվում ես, դա իմ շնիկը բերող տղան է, երևում է որ աղքատ, բայց ազնիվ տղա է։ (Մակարին) Այս րոպեիս (Ուզում է հեռանալ):

ԼԱԿԵՅ.— Ես նրան բռնեցի գողության մեջ, օրիորդ։

ՕՐԻՈՐԴ.— (Բարկացած) Զրպարտել անմեղին գովելի չէ, իսկ ծեծելը մի թույլ տղայի, ավելի քան անգթություն (Հեռանում է զայրացած):

ԼԱԿԵՅ.— (Վշտացած ու բարձր, որ ամենքը իմանան) Ես չզրպարտեցի, այլ ձեր ոսկի գդալները հանեցի գրպանից (Մինչ այն դադարում է նվագը, հյուրերը դուրս են գալիս):

ՄԱԿԱՐ.— (Որ դեռ չէ սթափվել, զմայլանքի ժպիտը երեսին դիմում է հյուրերին) Ի՜նչ երգ․․․ Ինչպիսի՜ ելևէջներ․․․ Ես հենց այդ տեսակ երգն եմ սիրում, որ կասես կպչում է ինձ, հոգուս, մարմնիս, գրկում է ինձ, օրորում, համբուրում ու լալիս․․․ (Աղերսանքով) Ո՞վ էր նվագում նոր ջութակի վրա։ (Լսողների դեմքին ահ ու կասկած) Թողեք գեթ մոտից նայեմ, չէ՞ որ ես էլ ջութակ եմ գնելու․․․ (Տխուր ու հանդարտ ձայնով): Ես դեռ շատ փոքր էի, երբ տեսա երազում, որ մի ծերուկ ինձ ոսկելար ջութակ տվեց։ Երբ ես աղեղը քսեցի լարերին, ջութակը ճչաց ու ես արթնացա։ Մարթան, Կլարան լալիս էին, մայրս ճչում էր ցնորվածի պես, բանվորները այլալյած վազում էին դես ու դեն, կաթսան պայթել ու սպանել էր հորս։ Մենք հեռացանք գործարանի հանրակացարանից, իսկ ջութակի ճիչը մնաց այստեղ (Ցույց է տալիս կուրծքը) կրծում է ու ճնշում։ Երբ ասում եմ մորս, նա չի հասկանում։ Մարթան ասում է, որ ամենքս էլ ծնված ենք մեր բաժին բեռով, որ պիտի ճնշե մեզ գիշեր-ցերեկ․․․ (Մնում է մի պահ լուռ) Երբ ջութակ ունեցա, պիտի նվագեմ, որ հալվի վերանա այդ ճնշումը իմ կրծքի վրայից, պիտ նվագեմ, որ մարդիկ իմանան իմ ցավը, իսկ երբ նվագեցի, չեն արգելի, ուզեն չուզեն կլսեն․․․ (Ընդհանուր աննպաստ տրամադրությունը նկատելով) Ես գող չեմ։ (Լալիս է աղեկտուր) Ես շնիկը բերի, բարի օրիորդը ինձ խոստացավ վարձատրել։

ՕՐԻՈՐԴ.— Թողեք նրան, նա ճիշտ է ասում։

Մի ջանել շքեղ հագնված երիտասարդ.— Չեմ հասկանում, պարոնայք, ակներև է, որ մենք գործ ունենք (գլուխն է ցույց տալիս) հետ։ Նման դեպքում ամեն մի կարգասեր քաղաքացու պարտականությունն է դիմել ուր որ հարկն է։

ՕՐԻՈՐԴ.— (Զարմացած) Ինչե՞ր եք ասում, հայր, տո՛ւր․․․

ՏԱՆՏԵՐ.— (Հաստափոր ծերուկ) Վարձատրության մասին ոչ մի խոսք․․․

ՋԱՀԵԼ ՊԱՐՈՆ.— (Մակարին) Դուք ի՞նչ գործով եք պարապում․․․ կամ այսպես ասած, ը՜, ի՞նչ մարդ եք։ [ 81 ]ՄԱԿԱՐ.— (Մտերմորեն ժպտում է) Ես հրեա Շմարցի համար քուրջ եմ հավաքում։

ՄԻ ՀԱՍՏ ԿԻՆ.— Քաղցած էիր, հաց ուզեիր. քո ինչ գործն է սեղանից գդալները հավաքել այն ժամանակ, երբ դեռ մենք նախաճաշած չենք։ (Ընդհանուր ծիծաղ):

ՄԱԿԱՐ.— (Որ ծիծաղում էր ամենքի հետ) Հավատացեք, ես ոչինչ չեմ վերցրել։ (Դիմում է օրիորդին) Որոնեցեք (Դուրս է քաշում գրպանները) Տեսեք, օրիորդ, չկա ոչինչ:

ՀԵՏԵՎԻՏ ՄԵԿԸ ԻՐ ՀՂԻ ԿՆՈՋԸ.— Մաշա, քեզ այդ դրության մեջ չի կարելի դիտել զանազան այլանդակություններ, գնանք (Թևանցուկ գնում են):

ՏԱՆՏԵՐ.— (Ինչ-որ հրահանգներ է տալիս մեկին, նա վազում է իսկույն դեպի փողոց):

ՕՐԻՈՐԴ.— Հայրիկ, ինձ թվում է, թե տղան անմեղ է։

ՏԱՆՏԵՐ.— Ավելի վատ։

ՕՐԻՈՐԴ.— (Զարմացած) Ինչո՞ւ։

ՏԱՆՏԵՐ.— Ուրեմն (Ցույց է տալիս գլուխը) Այս մասը վնասված է։

ՕՐԻՈՐԴ.— (Վախեցած հորն է փաթաթվում) Չես սխալվում, խեղճ տղա։

ՏԱՆՏԵՐ.— (Բռնելով աղջկա դունչը, համբուրում է նրան) Ես միայն քնածս ժամանակ եմ սխալվում։

(Մտնում է մի քաղաքապահ, քաջ իր դերի մեջ և մոտենալով Մակարին, բռնում է թևից ու գնում):

ՄԱԿԱՐ.— (Լալով) Ես ոչինչ չեմ վերցրել, որոնեցեք, հավատացնում եմ։

ՔԱՂԱՔԱՊԱՀ.— Ձա՛յնդ, լակոտ, տերերը սուտ չեն խոսում, դեմքիցդ երևում է՝ ինչ պտուղ լինելդ։

ԾԵՐՈՒԿ.— (Որ այդ ամենը դիտում էր ծառի ետևից, գաղտագողի մոտենում է քաղաքապահին) Փողոց դուրս գալուն պես թող ազատ այդ թշվառին, աստված սիրես, նա անմեղ է։

ՔԱՂԱՔԱՊԱՀ.— (Ցասկոտ սպառնում է նրան ու հեռանում):

ՀԱՍՏ ԿԻՆ.— Իսկ մատները, նկատեցիք, ես կարդացել եմ մի տեղ, որ գրպանահատները այդպիսի տղաներին վերցնում են սովորեցնելու իրենց արհեստը. բարակ, երկար մատներով խիստ դյուրին է մուտք գործել ուրիշի գրպանը, ժամացույցին կամ քսակին տեր դառնալու։

ՀՅՈՒՐԵՐԻՑ ՄԵԿԸ.— Ինչ աստիճանի ճարպկություն. մտել է գողության, կենսագրականն է պատմում։ Բանից դուրս է գալիս (Օրիորդին) որ ձեր հրաշալի նվագածության ունկնդիրներից մեկը և․․․ [ 82 ](Ծիծաղում են) ուզում էր ձեր գդալների վրա մրցել ձեզ հետ (Ընդհանուր ծիծաղ):

ՋԱՀԵԼ.— Զարմանալի կերպով այլասերվում է մարդկությունը: Երևակայեք մի 10-12 տարեկան տղա և այդ աստիճան բարոյական անկում։ Սոսկայի է պարոնայք, միանգամայն սոսկալի․․․

ՀԱՍՏ ԿԻՆ.— Սպասեցեք, մի նման դեպք պատմեմ։ Թաթախման երեկոյին աղջիկս տոնածառ էր սարքել: Հրավիրված էին շատ երեխաներ։ Երբ մեծերը սեղան նստեցին, փեսաս, այդ միլիոնատեր դեմոկրատը (ծիծաղում են) դեհ, գիտեք․․․ Հա, նա հրամայեց սպասավորող լակեյին, որ դուրս գա փողոց և պատահած աղքատ կնոջ, տղամարդու, նամանավանդ երեխայի գլխավոր մուտքից պատշաճավոր ներս ընդունե և բերի հյուրերի մոտ։ Շատերը այդ քմահաճույքը խիստ սրամիտ գտան, շատերը բողոքեցին, որ երեխաները կարող են վարակվել։ Վերջապես, վճռեցինք բակում, դռնապանի հսկողության տակ մի լավ սեղան սարքել, որ մտնողը ուտե, նվերն ստանա և հեռանա։ Այսպես էլ արին։ Իհարկե, փեսայիս առաջարկը իզուր չանցավ. տոն իրիկունով փողոցում ինչն է շատ, եթե ոչ աներես աղքատները, այդպես հերթով մտնում են, ուտում ու հեռանում։ Ի միջի այլոց լինում է մի փոքրիկ, 8-9 տարեկան, ցրտից կապտած, ցնցոտիներ ծածկած, կերակրում են։ Այդ ժամանակ լակեյն ու դռնապանը զբաղված են լինում ակումբից վերադարձող հյուրերին ընդունելով ու մոռանում են աղջկան տուն ուղարկելու: Քիչ չանցած աղմուկ է բարձրանում և ինչ, աղջիկը մտել է մուշտակների տակ և գրպաններն է խառնում։ Երբ դռնապանը նկատում է այդ, վրա է վազում, աղջիկը երանելի ժպիտը երեսին ասում է.— «Քեռի, տես, ես մի սիրունիկ փիսիկ ունեի, ցրտից փայտացել էր երեկ գիշեր ու մեռավ այդպես, տես, սրանք իսկ և իսկ իմ փիսիկի նման են, փափլիկ»,— աղջիկը ցույց է տվել հյուրերից մեկի մուշտակի մորթյա աստառը։ Տեսնո՞ւմ եք, դռնապանը ասում էր, որ նույնիսկ լաց էր լինում, երեսը քսում մուշտակին․․․

ՕՐԻՈՐԴ.— Խեղճ աղջիկ, բան չէ՞ր վերցրել:

ՀԱՍՏ ԿԻՆ.— Ո՛չ, գրպանին երևի չէր հասել. կամ թե շուտ էր բռնվել՝ թողել էր։

ՕՐԻՈՐԴ.— Ի՞նչ արիք նրան։

ՀԱՍՏ ԿԻՆ.— Է՛հ, ոչինչ, անհարմար ժամանակ էր, նվերները ետ առանք ու ճանապարհ դրինք։

ՋԱՀԵԼ.— Իսկ կերա՞ծը․․․ (Ընդհանուր ծիծաղ, նորից ներս են գնում, լսվում է ծիծաղ, աղմկալից խոսակցություն):

ՕՐԻՈՐԴ.— (Մենակ, մտատանջ) Գուցե իրավ, սիրում էր այդ տղան նվագածությունը․․․ ով է իմանում, գուցե մի Գորկի, Շալյապին․․․ [ 83 ]ՄԱՐԹԱ․— (Գալիս է սաստիկ հուզված, գունատ, ծառային) Ասացեք, խնդրեմ․․․

ՕՐԻՈՐԴ․— (Սանդուխներով վար է վազում) Ի՞նչ եք կամենում։

ՄԱՐԹԱ․— (Արագ վազելուց շունչը կտրած, հազիվ գսպում է իրեն) Մի քանի ժամ առաջ մի տղա․․․ շուն բերե՞լ է այստեղ․․․

ՕՐԻՈՐԴ․— (Այլայլվում է) Այո։ (Շփոթվում է Մարթայի սուր հայացքից

ՄԱՐԹԱ․— Ինձ ասացին տեսնողները, որ նրան քաղաքապահը տանում էր քաղաքամաս։ Ի՞նչ է նշանակում այս։

ՕՐԻՈՐԴ․— (Ավելի ևս շփոթված) Կարծեմ նա ինչ-որ սխալմամբ վերցրել է սեղանից։

ՄԱՐԹԱ․— (Սարսափած) Վերցրե՞լ է․․․ (ձայնը նվազում է) Ի՞նչ է վերցրել․ թշվառ երեխա (Տանջանքով)։ Գուցե սխալվում եք, օրիորդ․․․ Նա գող չէ։

ՏԱՆՏԵՐ․— (Մոտենում է նրան, քթի տակ երգելով, աղջկան) Հյուրերը քեզ են սպասում աղջիկս, գնա նորից նվագիր (Աղջիկը տուն է վազում։

ՏԱՆՏԵՐ․— (Լկտի կերպով դիտում է Մարթային և գոհ նրա թողած տպավորությունից, հարցնում է սիրալիր) Ինչո՞վ կարող եմ ծառայել ձեզ, տիրուհի։

ՄԱՐԹԱ․— (Սարսափանար ետ ետ է գնում ու հարցնում հազիվ լսելի խեղդված ձայնով) Այդ դո՞ւք եք․․․

ՏԱՆՏԵՐ․— (Ցնցվում է) Ինչո՞ւ ես եկել։

ՄԱՐԹԱ․— (Նույնպես) Այդ դո՞ւք եք․․․

ՏԱՆՏԵՐ․— Լսո՞ւմ ես, առանց աղմուկի, կարի՞ք ունես․․․

ՄԱՐԹԱ․— (Ուժասպառ) Ինչ հանդիպում։ (Մի պահ մնում է գլխիկոր, ապա տանջված ճայնով) Տուր եղբորս․․․

ՏԱՆՏԵՐ․— (Ուրախ և զարմացած) Այդ երեխան քո եղբա՞յրն է եղել։

ՄԱՐԹԱ․— (Խելացնոր) Շտապիր, ազատիր, տուր եղբորս․․․ Նա չի դիմանա անարգանքի, ծեծի, թույլ է, տուր, հիվանդ մայրս ցնցվում է կսկծից․․․

ՏԱՆՏԵՐ․— Քիչ կամաց, առանձին բան չկա այդքան սրտնեղելու, նրան այնտեղ հարց ու փորձ կանեն և եթե այլ, այսպես ասած, առիթ չգտնեն, կարձակեն տուն։ Նա մի քանի ոսկի գդալներ է գողացել իմ սեղանից (Տռփանքով) Բայց ինչպես մեծացել, հասունացել ես․․․

ՄԱՐԹԱ․— Ո՞վ տեսավ գդալները նրա մոտ։

ՏԱՆՏԵՐ․ — (Պագշոտ ժպիտով դիմում է Մարթային) Կարծեմ մեր լակեյը, դեհ, հանգստացիր, նա ծառային տեսնելով թափել է գետնին ու ասել, որ մոտեցել է լուսամուտին նվագը լսելու, նա ինձ մի քիչ [ 84 ]տարօրինակ երևաց։ Ասում էր, որ սիրում է երգը, ջութակը։ (Ծիծաղում է) Խորամանկ լակոտ էր․․․

ՄԱՐԹԱ․— (Կարծես խոր քնից արթնացած) Հա․․․ մի՛ ծաղրիր, հրեշ (Մոտենում է հարվածելու)։ Ճիշտ է, նա սիրում է երգը, նվագածությունը․․․ նա թույլ ու քնքույշ է, երազկոտ, բայց գող չէ։

ՏԱՆՏԵՐ.— (Չորս կողմը դիտելով) Զգույշ, թե չէ կհրամայեմ մազերիցդ քարշ տալով փողոց նետել․․․

ՄԱՐԹԱ.— (Դառնացած) Չես համարձակվի, լսո՞ւմ ես, դու այդ չես անի, հա՛, հա՛, հա՛, հա՛․․․ գարշելի, ճարպոտ (Ցույց է տալիս տունը) տուն-տեղ, ընտանիք, ոսկի գդալներ, ամեն ինչ ունես, ամեն հարմարություն, բացի մարդկային արժանիքներից․․․ ամեն ինչ ձեռք ես բերել, բացի մարդու կոչումից։ (Մի ինչ-որ կատաղություն իջնում է Մարթայի վրա, լացն ու ծիծաղը մրցում են նրա հուզված դեմքին. հանդուգն, վստահ ու իր միջավայրին հատուկ միմիկայով մոտենում է նա շվարած տանտիրոջը գոռալով) Հիշո՞ւմ ես այն ցոփ ու շվայտ գիշերները․․․ դու գնում էիր խեղճ աղջիկներիս մարդկային ամենանվիրական զգացմունքներն ու տրորում անպատկառորեն։ Մոռացած չես լինի․․․ Հիշո՞ւմ ես, թե ինչպես մեր անմեղ աչքերի առաջ բաց էիր անում լլկանքի անասելի արարքներ, մեզ գինով արբեցած սողալ տալիս ճարպոտ մարմնիդ շուրջը. դու քո անասնական քմահաճույքով ապականում էիր մեր սրտի անբիծ խորքերը, խաղում մեզ հետ, և հագեցած դեն շպրտում․․․

Մենք մեր եսը մոռացանք քո գրկի մեջ, քո լիքը քսակի առաջ և ինչ-որ մաքուր էր և սուրբ, կորցրինք առհավետ․․․ Մեր հոգին զրկվեց իր սրբազան բովանդակությունից, մեր միտքը հաշտվեց անբարոյական ապրումների մրի հետ ու դարձած մի անպարունակ պարկ՝ ընկանք փողոց, արթուն զինվորների պես, մեր դեմքի ու մարմնի արժանիքներին հարմար, դիրքեր բռնեցինք մայթերի վրա ու շեն քաղաքը լափեց մեզ վերջնականորեն։ Տե՛ս, այն սիրուն աղջկա տեղ կին է կանգնած քո դիմաց և քանի անմեղ աղջիկների դու փողոց նետեցիր, կին դարձրած․․․ (Մի պահ լռում է) Դու տուն-տեղ ունես, ընտանիք, ոսկի գդալներ․․․ (Հուզմունքից դողում է) Իսկ ես ոչինչ չունեմ։ Մի խեղճ եղբայր ունեի՝ նրան էլ հասավ քո ոճրագործ ձեռքը․․․ (Վրա է վազում և ուժգին ապտակում) Տո՛ւր եղբորս․․․

ՏԱՆՏԵՐ․— Լկտի․․․ անզգամ․․․ (Հարձակվում է) Ես քեզ․․․

ՄԱՐԹԱ․— (Ինքն իրեն կորցրած) Տուր, ասում եմ, մայրս ցնորվում է (Հարձակվում է նորից

ՏԱՆՏԵՐ․— (Եվս հարձակվում է Մարթայի վրա, ծերուկը վազում, կանգնում է նրանց մեջտեղ

ԾԵՐՈՒԿ.— (Անվախ) Մի դիպչեք աղջկան, ամոթ է․․․ [ 85 ]ՏԱՆՏԵՐ․— (Ինքն իրեն զսպելով ինչ-որ գրում է այցետոմսի վրա․ ծերուկին) Գնա՛ քաղաքամաս, այս տար․․․ (Թաշկինակով սրբում է քրտինքը, անհայտանում պարտեզում

ԾԵՐՈՒԿ․— (Բռնում է Մարթայի թևից) Գնանք աղջիկս․․․ քո եղբայրն անմեղ է, նա կպավ սեղանին, գդալները վար թափվեցին։ Գնանք, մի հուսահատվի (Նայում է Մարթային և թևով աչքերն է սրբում, հետո քիթը

ՄԱՐԹԱ․— (Չհասկանալով) Ո՞ւր գնանք։

ԾԵՐՈՒԿ․— (Կարեկից) Գնանք եղբորդ մոտ, միամիտ կաց, կարձակեն․․․

ՄԱՐԹԱ․— (Ցասկոտ) Դեռ երկար պիտ շրջեմ ես մենակ ու լքված, անպարունակ մի պարկ․․․ հոգիս մորմոքում է կսկծից․ ինչո՞ւ ինձ վիճակվեց միշտ կորցնելը, մինչդեռ կյանքը այսպես հաջող (Ցույց է տալիս տունը) դասավորվում է միշտ խլողի, ոճրագործի համար․ է՛հ, գնանք, պապիկ, գնանք․․․

ԾԵՐՈՒԿ․— (Զայրացած) Թքիր նրանց վրա, աղջիկս, մարդիկ եղբայրներ են։ (Ինքն իրեն) Թու, սատանի ճուտ, այդպես չէր։ (Բարձր) Աստված մարդկանց հավասար է ստեղծել, ծառա ու տեր չպիտի լինի․․․ (Գնում են)։

Դ․ ԱՐԱՐ

Բ․ Արարվածի սենյակը քիչ բարեփոխված, աթոռների վրա, դես ու դեն թափթփված կար ու կտոր, երեք ջահել աղջիկներ կար են անում։ Աննան խիստ փոխված, ավելի ևս տժգույն, կասես ծերացած աշխատում է վառարանի մոտ։ Մարթան մի անկյունում առանձնացած ձեռքով ինչ-որ կարում է։ Առաջին գործողությունից մինչև այժմ անցել է 9 ամիս։ Վարագույրը բացվելուն պես շարունակվում է երգը․ երգում են առաջին և երկրորդ դերձակուհին, ժողովրդական երգի եղանակով։

ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐ․—

Մենք դեռ ջահել, բախտ չտեսած՝
Երկարում ենք օրը կարով,
Որ վաստակենք մի կտոր հաց,
Չթառամենք քաղցի ահով։

Սիրո խինդը մեզ համար չէ,
Մեզ համար չէ երգն ու ծիծաղ․
Պտտիր, անիվ, մի հառաչի,
Հաց չի տալիս կարը դանդաղ․․․

[ 86 ]ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Անպիտաններ, գոնե մի ուրախ երգ երգեցեք, առանց դրան էլ մոլորվել եմ վշտից․․․ ախ․․․ (Մտորում է տրտում ու երգում)․

Դու իմ սեր շուտ արի,
Ես այսօր չեմ կարի․
Հացի տեղ՝ տաք համբույր,
Ջրի տեղ գիրկդ տուր․․․ (Լռում է իսկույն

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— Այ քեզ հիմար, այդպիսի պաշարով երկու օրից կսատկես քաղցած շան պես․․․

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Ես էլ «հավերժ հանգիստ» երգելով, ոտքերիցդ քաշելով կտանեմ աղբանոց թաղելու, վրադ մի խաչ կտնկեմ ու կերգեմ, որ աստ հանգչի մի հիմար ու ծույլ դերձակուհի, որ ապրում էր սիրով ու համբույրով (Ծիծաղում է

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— (Հեգնանքով) Կգրե՜ս, անգրագետները չեն գրում, սիրունիկս։

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Մինչ այդ նա կզարգանա, կարդալ գրել կսովորի (Աչքով է անում Մարթայի կողմը և ծիծաղում է հեգնորեն

ՄԱՐԹԱ․— (Տխուր, ինքն իրեն) Խեղճ աղջիկներ, ապրելու ահը շշմեցրել է ձեզ, իսկ սերն ու համբույրն էլ սնունդ չեն տալիս մարմնին․․․ գրկում է լոկ հոգին, տանում հեռու, այս գարշելի իրականությունից, բաց թողնում երազանքի հովտում ազատ ճախրելու, որ հետ դառնալիս է՛լ ավելի մեծ կսկիծով զգա կյանքի արճիճյա լծի ճնշումը, (Դառն) անիծված կյանքի․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Աղջիկներ, ձեզանից ո՞վ շաբաթ օրը ինձ մի մանեթ փող կտա։

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— Դարձյալ, մի ամիս է 6 կոպեկս չես կարողանում տալ։

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— (Հեգնանքով) Երբ ունենա, կտա․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— (Անճար) Աստված վկա կտամ, իսկ մի մանեթ ինձ խիստ հարկավոր է։ Մարթայից շաբաթ օրը շատ քիչ ստանալիք ունեմ։ Իսկ եթե դատարկաձեռն տուն գնամ, մայրս կսպանե ինձ, ինչ անեմ (Նայում է շվարած)։ Ա՜խ, մի հրաշք, մի փորձանք պատահեր, ազատվեի այս տանջանքից, մինչ այժմ հայրս անգործ է․ տանը ծախելու բան չէ մնացել։ Հինգ ամիս է տան վարձը տված չենք, միակ հույսը իմ աշխատավարձն է, այն էլ անիծվի․․․ (Մկրատը խփում է աթոռին ու կարում է կատաղաբար, լսվում է շչակի մի անսովոր տագնապալից ու երկար սուլոց[ 87 ]ՄԱՐԹԱ.— (Նույնպես) Վատ էր կյանքը, իսկ ես լավ չէի նրանից։ Ես փոխվեցի, իսկ կյանքը մնաց նույնը, չփոխվեց․․․ Ինչ-որ կար այստեղ (ցույց է տալիս կուրծքը) մեկ-մեկ փուլ եկավ, կորավ, ինչո՞վ լցնել այդ բացը, ո՞ւր որոնել նոր բաղձանքներ, ո՞ւր բարձրանալ կամ իջնել, ի՞նչը քանդել կամ շինել (Խուլ) այլ կերպ ապրել չեմ կարող․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Երգում է).

Սերդ խնդրեցի մուրացկանի պես,
Խոստացա լինել ցմահ քո գերին,
Դու աշխատում ես, որ ինձ չհանդիպես,
Քաշվում ես նայել իմ կոշտ ձեռքերին։

ՄԱՐԹԱ.— (Կամաց) Խեղճ աղջիկ, սիրում ես ու գանգատվում, իսկ ես իրավունք չունեմ ո՛չ մեկը և ո՛ր էլ մյուսն անելու․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Լալահառաչ)

Կուզեի լինել շատերի նման
Ես էլ կուշտ ու գոհ ու կերպաս հագիս,
Սակայն չոր հաց էլ լի տա մեքենան
Իսկ ես՝ դեռ մանկութ քաղցած եմ հոգի՜ս․․․
(Աչքերն է սրբում):

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Զգացված) Որտեղի՞ց էլ գտնում ես հարմար երգեր․․․ о՜ֆ․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Երգը կյանքին միշտ պիտի հարմար լինի, որ երգվի։

ԱՆՆԱ.— (Անհանգիստ) Մարթա՛ կեսօրվան շչակն արդեն վաղուց սուլել է, Անտոնն ինչո՞ւ ուշացավ։ (Մտատանջ շրջում է վառարանի շուրջը, նկատելի կերպով կորցնում է ինքն իրան ու ցնորամիտ հայացքը հառած դռանը մնում է քարացած):

ՄԱՐԹԱ.— Չեմ իմանում․․․

ԱՆՆԱ.— (Սարսափահար մոտենում է Մարթային) Փորձանք պատահած չլինե՞․․․ Կաթսան․․․ անիվը․․․ Մարթա, աղջիկս, դարձյալ սկսեցի վախենալ։ (Դողում է, խղճալի կերպով նայելով Մարթային):

ՄԱՐԹԱ.— (Բարկացած) Կրկին գուշակումներ. նստիր, հանգստացիր, ոչինչ չկա։ (Աննան Մարթայից վախեցած մոտենում է դռանը):

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Դժգոհ ու կամաց) Սաստիկ քաղցած եմ, ի՞նչ կարիք կա սպասել Անտոնին։

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Առանց նրան ախորժակով չի ուտվում։ [ 88 ]ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Մեր ախորժակը բաց է դեռ երեկվանից. աշխատեցնելիս րոպե չեն կորցնում, իսկ կերակրելու ժամանակ ժամերն են երկարացնում։

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Չես հավանում, մի կարի:

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Ինչո՞վ ապրեմ:

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Սիրով ու համբույրով (Ծիծաղում են):

(Ներս է մտնում ցրտից կապտած մի աղջիկ իրենից շատ մեծ կոշիկներով ու վերարկուով, խաչակնքում է երեսը, թևով սրբում սառած քիթը և ագահ հայացք ձգելով վառարանին, ասում սերտած դասի նման)— Աղջիկներ, մեր ավագ դերձակուհին ասաց, որ կարերդ թողնեք․․․ (Շուրջն է դիտում) կարերդ թողնեք ու դուրս գաք փողոց։ Ընդհանուր, (Նկատելով աղջիկների ծիծաղը, ինքն էլ է ծիծաղում) ընդհանուր գործադուլ է. ոչ ոք չպիտի աշխատի։ (Աննան ծածուկ մի խաշած գետնախնձոր է տալիս նրան, դերձակուհիները մերթ Մարթային են նայում, մերթ աղջկան: Դրսից ուժգին թակում են դուռը, լուսամուտը: Մի դեմք օդանցքից ներս նայելով գոռում է հուզված)— Ընկեր դերձակուհիներ, միացեք մեզ հետ. թող ոչ մի անիվ, ոչ մի ասեղ չպտտվի, չշարժվի, մինչև որ մեր արդար պահանջներին բավարարություն չտան մեզ հարստահարողները․․․ (Մի քանի դեմքեր մոտենում են լուսամուտին, ծիծաղում են, կանչում. օդանցքից ներս են ճոճում բռունցքներ: Մարթան որ այլայլված դիտում էր այդ ամենը, կարը ձեռին բարձրանում է տեղից և մոտենում աղջիկներին):

ՄԱՐԹԱ.— (Թույլ ձայնով) Ի՞նչ եք շվարել, (Ժպտում է) պատասխան տվեք աղջկան։

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Մենք ձեր դեմ ոչինչ չունենք․․․

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Մենք կարը չենք թողնի, մի ժամից կգնանք (Դրսից գոռում են)— Ապակիները կփշրենք։

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Խելացնոր ընկնում է դես ու դեն հագուստները որոնում և կիսահագնված խաչակնքում է երեսը ջերմեռանդորեն մի քանի անգամ ու դուրս վազում):

ԵՐԿՐՈՐԴ և ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐ.— (Գլխիկոր հագնվում են, ամաչկոտ նայում են Մարթայի կողմը և նույնպես խաչակնքելով գլխիկոր հեռանում են: Փողոցում ուրախ քրքիջ, ծիծաղ, աղմուկ է: Աննան սարքում է սեղանը և քաշվելով մի անկյուն սկսում է ջվալ կարել: Մարթան անհանգիստ մոտենում է լուսամուտին):

ԱՆՆԱ.— (Ինքն իրեն, ցնորամիտ) Խիստ կանուխ էր․․․ հայրդ քնած էր. նա չտեսավ, ես մի փոքրիկ փոս փորեցի գետափին և թաղեցի նրան։ Սաստիկ շտապելուս պատճառով փոսը նեղ եղավ և սիրուն տղան [ 89 ]մեջը կուչ եկած մնաց. այ, այսպես (Չոքեչոք մոտենում է Մարթային և ցույց տալիս) տես այսպես. խի՛-խի՛-խի՛․․․

ՄԱՐԹԱ.— (Կատաղած) Լռի՛ր, լսո՞ւմ ես․․․ (Աննան նստում է տեղն ու կարում):

ԱՆՆԱ.— Իսկ ձմեռները ցուրտ է ու․․․ մրսում է թոռնիկս (Լալիս է) Ես մոռացա գեթ մի լաթով փաթաթել նրան, մրսում է, սիրունիկս, ձմեռները ցուրտ․․․ բուք-բորան․․․

ՄԱՐԹԱ.— (Կսկծից շվարած) Լսի՛ր, խղճա ինձ․․․ կթողնեմ քեզ մենակ, կկորչեմ։

ԱՆՆԱ.— (Բոլորովին ցնորված) Կորի՛ր, հեռացիր․․․ Ես առանց քեզ էլ կապրեմ. այն ժամանակ ոչ ոք ինձ չի արգելի սրտիս ուզածը պատմելու, կորիր․․․ դու ինձ միշտ ճնշել ես ու սաստել (Լալիս է): Իսկ իմ լավ աղջիկը մեռավ, նա քեզանից սիրուն էր ու համեստ․․․ նա չուզեց գործարանի կառավարչին սիրուհի դառնալ ու նրա գրկից փախչելիս ընկավ անիվի մոտ. յուղած անիվը խլեց նրա ոսկեհեր մազերից, վեր ու վար արավ ու (Լալիս է դառնապես) իմ սիրուն Կլարայից բան չմնաց, գրկեի, կրծքիս սեղմեի․․․

ՄԱՐԹԱ.— (Մոտենում է նրան գգվանքով) Մի՛ հիշիր, մոռացիր, մայր, նորից կհիվանդանաս։

ԱՆՆԱ.— (Չլսելով) Իսկ դու լկտի սիրեկաններիդ հետ քեֆի էիր գնացել. նույնիսկ նրա տրորված լեշերին վերջին հրաժեշտը չտվիր, անպատկառ․․․ (Մարթան գլուխը ափերում պահած դուրս է նայում լուսամուտից): (Աննան առանց Մարթայի կողմը նայելու) Հեռացի՛ր, ես վաստակել չգիտեմ, ես քեզանից գեղեցիկ եմ։ (Ժպտում է, խորհրդավոր ձայնով) Նորից կսկսվի գործադուլը․․․ Բանվորները քաղցած գայլերի նման կհավաքվեն, կխոսեն․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․ քաղցից կխոսեն, կվիճեն, առանց օղու, առանց ծխախոտի, թքերը կուլ տալով․ խի՛, խի՛, խի՛, խի՛, մենք էլ սիրուն տեսքով բանվորուհիներս լավ կլվացվենք հոտավետ օճառով, կկոկվենք և դուրս կգանք սիրեկանների դեմ․․․ Ե՞րբ կվերադառնանք, միևնույն չէ, փող կբերենք։ Գիտե՞ս, անգետ աղջիկ, ինչ կնշանակի փողը խռովարարի համար։ Մենք այդպես էինք անում իմ հայրենի քաղաքում․․․ լրտեսում էինք բանվորուհիներին ու վաստակում․․․ (Երկար լռություն):

ՄԱՐԹԱ.— (Սաստիկ անհանգիստ) Ինչո՞ւ ուշացավ․․․

ԱՆՆԱ.— Այժմ խինդ, ծիծաղ չկա. գլուխս ազատվեց կոպիտ կոշիկի պայտած կրունկից․․․ այդ քո հայրն էր ինձ տանջողը, հիշո՞ւմ ես, ես կերակրում էի նրան, իսկ նա—երախտամոռ խոզը ծեծում էր ինձ․․․

ՄԱՐԹԱ.— (Մոտենում է կրկին գուրգուրանքով) Մոռացի՛ր անցածը, մայր․․․ այնպես լավ է մոռանալը, լսիր ինձ․․․

ԱՆՆԱ.— (Կարծես նրան չնկատելով) Աստված պատժեց նրան, նա [ 90 ]պայթեց․․․ Դու կարծում ես կաթսա՞ն պայթեց, չէ աղջիկս, սուտ է, բանվորները խաբեցին, դու նրանց երբեք մի հավատա․․․ նա բարկությունից պայթեց, նախանձեց, որ ինձ ներում էին ուրիշները, ինձ գործ էին տալիս, ինձ հետ լավ էին վարվում. ահա թե ինչու պայթեց նա․․․ Երբ նրա մարմնի կտորները հավաքեցին, աջ ձեռքը չկար․․․ այդ այն ձեռքն էր, որով նա անվերջ հարվածել էր իմ գլխին․․․ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես մի սիրունիկ հրեշտակ այդ ջլոտ ու մրոտ ձեռքը երկինք տարավ աստծուն ցույց տալու և պատմելու իմ և իմ կրած զրկանքների մասին․․․ Ահա թե ինչու իմ գլուխը միշտ ցավում էր․․․ (Լալիս է)։ Իսկ երբ Մակարս մեռավ, ցավս էլ հետը տարավ․․․ Ես տեսա, իմ ձեռքովը դրի նրան խորունկ փոսի մեջ, Մակարիս կողքին, մի ահագին ծանր ցավ էր․․․ (Բարձրանում է ու հարձակվում Մարթայի վրա) Ես քեզ կխեղդեմ, իմ որդին գող չէր․․․ Նա ոչ մի գդալ չէր գողացել․․․ ընկած, պոռնիկ․․․ քեզ ի՞նչ, թե ես ուշ տուն կգամ, չե՞ս տեսնում, գործադուլ է․․․ Անտոնն էլ չեկավ․․․ (Մնում է ակնապիշ) Այս անգամ գործադուլը երկար կտևի․․․ Այժմ բանվորները անվախ են ու համառ․․․ Կարդալ գրել գիտեն․․․ Մարթա, աղջիկս, տուր քո լավ հագուստներից. գնամ շրջեմ, վախենում եմ մենակ մնալուց․․․ Ինձ կծեծեն բանվորները․․․ դու կարծում ես թե ես ցավ չե՞մ զգում․․․ տուր մի բաժակ օղի լցնեմ վերքերիս վրա, որ Մակարը հասցրեց․․․ տուր սիրուն, բայց անբախտ աղջիկս․․․ տուր․․․ (Հետզհետե հանդարտվում է). Ահա նստում եմ կարելու․․․ տուր մոռացվեմ. թեթևանամ․․․ (Մարթան խղճահարված մի բաժակ օղի է տալիս նրան, Աննան ագահ խմում է) Օ՜ֆ, ապրես. ես Մակարիս էլ քեզանից թաքուն օղի էի տալիս, ծխախոտ գնում, որ ամրանար, ժրանար՝ չեղավ․․․ Նա թույլ էր․․․ Նա էլ գնաց. տասնմեկ հատ թաղեցի․․․ մնացինք ես ու դու․․․ (Կարում է) Երբ 10 ջվալը վերջացնեմ, 13 կ. քեզ կտամ, միևնույն է (Մարթան լալիս է) մի լար, մի լար աղջիկս, միևնույն է, միևնույն է․․․ (Գրկում է ծնկները և մնում անշարժ):

(Անտոնը հանկարծակի ներս է վազում, իր սենյակից ինչ-որ վերցնելով նույնպես դուրս է գնում: Մարթան իսկույն լցնում է նրա համար կերակուր, նստում է գլխիկոր՝ հազիվ զսպելով արցունքների հորդ տարափը):

ԱՆՏՈՆ.— (Մոտենում է անսովոր կերպով ուրախ, հպարտ և ձեռքը Մարթայի ուսին ասում) Ի՞նչ ես մտածում, Մարթա, ինչո՞ւ տխուր ես։ (Քննելով նրա դեմքը) Դու լալի՞ս ես (Նստում է դիմացը): Ի՞նչ է պատահել, քեզ վիրավորե՞լ է մեկը, չէ՞ (Մարթան բացասական շարժում է գլուխը, հետզհետե հանդարտված): Դեհ հանգստացիր ու մի էլ մտածի, միևնույն է, առանց կռվի ոչ մի բարօրություն չի այցելի քեզ. իսկ ես այսօր մի պատառ բերանս դրած չեմ, ինչ կասես դրան։

ՄԱՐԹԱ.— (Ողջագուրանքով դիտում է նրան, աչքերում [ 91 ]անպատմելի կարոտ ու զուսպ արտասուք) Ես այդ գիտեմ, քեզնից սովորեցի ու կռվում եմ ահա․․․

ԱՆՏՈՆ.— (Սիրով) Ո՞ւմ, որի՞ դեմ:

ՄԱՐԹԱ.— Նախ ինքս ինձ հետ, և ապա դրա (Ցույց է տալիս մորը) դեհ, նստիր, կեր։ Ինչո՞ւ ուշացար։ (Աննկատելի հանդիմանանքով) Մի շաբաթ է անկանոն կյանք ես վարում, գիշերն էլ տանը չէիր․․․

ԱՆՏՈՆ.— (Ուտում է անուշադիր) Առաջինի հետ լավ ես անում. կռվիր, ջախջախիր նրա համառությունը, իսկ նրան (Ցույց է տալիս Աննային) թող հանգիստ, մեղք է․․․ տեսա՞ր անցյալ երեկո ինչեր էր ասում. մի ցնորված բանվորուհի, որ ապտակում ու թքում էր այն այլանդակությունների երեսին, որին մենք առայժմ ստիպված ենք կյանք անվանելու․․․ (Գդալը վար է դնում և ցավակցորեն դիտում է Աննային):

ՄԱՐԹԱ.— (Դժկամ) Ի՞նչ օգուտ․․․

ԱՆՏՈՆ.— (Զայրացած) Ամեն անգամ, երբ ինձ հուզում, զբաղեցնում է մի երևույթ, դեպք, դու քո հարցերով կարծես սառը ջուր ես ածում ինձ վրա։ (Մտածկոտ) Իսկ ինչե՜ր կարող էիր դու տալ ինձ․․․ (Հանկարծ նկատելով դերձակուհիների բացակայությունը) Ո՞ւր են աղջիկները․․․

ՄԱՐԹԱ.— (Հեգնանքով) Գնացին քո ճանապարհով։

ԱՆՏՈՆ.— (Վեր է ցատկում): Մի՞թե, գործադո՞ւլ հայտարարեցին (Նրա ուրախ բարձր ծիծաղը աղմկում է սենյակը) Կեցցեն, բրավո․․․ հա՛, հա՛, հա՛ (Մարթային նմանվելով նստում է սեղանի մոտ և ձեռքը հենելով երեսին, նուրբ ձայնով) Իսկ ինչպե՞ս է զգում իրեն մեր «գործարանատիրուհին» (Ծիծաղում է):

ՄԱՐԹԱ.— (Սառը) Առանձին ոչինչ. կգան ուրիշները, ասա ի՞նչ է պատահել, քիչ մնաց ապակիները փշրեին։ Մի խլնքոտ աղջիկ էլ ասաց, որ «ընդհանուր գործադուլը սկսվել է»․․․ ճի՞շտ է․․․

ԱՆՏՈՆ.— (Քրքրում է կիսատ թողած կարերը, նայում է մեքենաներին, ժպտում է ու հրճվում) Միասի՞ն գնացին։

ՄԱՐԹԱ.— (Անտարբեր) Միասին։

ԱՆՏՈՆ.— (Չի կարողանում զսպել իրեն, ծիծաղում է) Դեհ, մի պատմիր մանրամասնորեն։

ՄԱՐԹԱ.— (Բարկացած) Սկզբից ինչ-որ ավագ դերձակուհու կողմից մի փոքրիկ աղջիկ էր ուղարկված. նա դեռ չէր վերջացրել, երբ եկան մի խումբ աղջիկներ դռան առաջ աղմկեցին, սպառնացին բռունցքներով, մեկն էլ գլուխը օդանցքից ներս մտցրեց ասաց իր ասելիքը և վերջացավ․․․ դու ոչինչ չկերար, նստիր, կեր․․․

ԱՆՏՈՆ.— (Զգացված նրա հոգատարությունից, նորից նստում է ուտելու և դարձյալ ծիծաղում է) Անգութ աղջիկներ․․․ երեքն էլ միասին գոնե մեկը գթար․․․ [ 92 ]ՄԱՐԹԱ.— Թող, հակառակ դեպքում կվերջացնեմ ու կհեռանամ: Ես ոչ մեկի գթությանը կարոտ չեմ․․․

ԱՆՏՈՆ.— (Տխրում է հանկարծ) Իսկ ես կարոտ եմ մանկութ։ Հավատա, ավելի քան կարոտ, հայր, մայր չեմ տեսել, երևի չեմ ունեցել, չեմ ունեցել քույր, եղբայր, ազգական․․․ ամբողջ կյանքս անցել է կռիվների, հալածանքի մեջ․․․ չգիտեմ ինչ է երջանկությունը, սիրված ու փայփայված լինելը մեկից․․․ (Դառնացած) Ինձ համար դեռ չեմ ապրած․․․ (Կշտամբանքով) Ուզեցի, խանգարեցիր․․․ քո մի ժպիտը, խրախուսական մի խոսքը բավական էր ինձ երջանկացնելու՝ զլացար․․․ թող քո կամքը լինի․․․ այս ձեռքը, որ այնքան վարպետորեն խաղում է ծանր մուրճի հետ, ձև տալիս շիկացած երկաթին, այս կոշտերով ծածկված ձեռքը մի մաքուր ու նուրբ սրտի հետ քեզ են հսկել տարի ու կես, գիշեր ցերեկ։ Այս ձեռքն ու սիրտս չեն խոնարհվել մեկի առաջ, չեն մուրացել երբեք, (Մեղմ) սակայն խոնարհվեցին քո առաջ (Շրջում է հուզված և ապա կանգնում Մարթայի դեմ): Ահ, երկաթ չես որ հետդ խաղամ իմ ուժով, սար չես, որ հիմնատակ տապալեմ, գնդակ չես, որ բաց կրծքով դիմեմ հարվածներիդ (Մեղմ ու սիրալիր) սակայն որքան անհաղթ ես դու, անընկճելի։ Ինձ կատաղեցնում է քո համառությունը։ Ես թույլ եմ քո դեմ հոգով ու հոգեկանով, կարոտ քո այդ գթոտ, խնամատար սիրույն, ռուս աղջկա այդ թանկագին սիրույն․․․ (Նստում է գլխիկոր և ծխում):

ՄԱՐԹԱ.— (Գունատված) Միշտ միևնույնը․․․ բանից դուրս է գալիս, որ ես բնածին մի գթության քույր եմ եղել, աշխարհ եկած կարմիր խաչը կրծքիս․․․ Իսկապես կարմիր խաչը կրծքիս․․․

Դեռ փոքր հասակից իմ խնամքին ու գթությանն են ապավինած եղել խլախտավոր, նիհար ու անվերջ լացող քույր ու եղբայրներ, իմ խնամքին ու գթությանն է հանձնված եղել ծանր ու անվաստակ աշխատանքից բրտացած, օղուց բթացած հայր։ Սա էլ (Ցույց է տալիս մորը) նույնպես։ Ավելի շատ ես եմ եղել նրան մայր, քան թե նա ինձ, անվերջ անարգել ծնել է և դեռ երեխա, ես եմ թեթևացրել նրա երկունքի ցավերը․․․ (Ցավատանջ) Դեռ 10 տարեկան չկայի և կյանքը ինձանից ոչ մի գաղտնիք չուներ․․․ մանկական խաղերի դեռ չմոտեցած, ինձ հրում էին կեղտի, ապականության, տառապանքի ու ոճրագործության ավերումներին ականատես լինելու և հաճախ անձամբ մասնակցելու, և այսպես 25 տարի, գթության քրոջ կարմիր խաչը կրծքիս ես շրջել եմ միշտ արթուն՝ կյանքի հիվանդանոցի անվերջ, անծայր սենյակներում, հիվանդ մարդկանց վշտի թերթիկները կարդալով, վերքերն ու քոսերը լվանալով, հառաչանքի անվերջ երաժշտությունը լսելով․․․ Վատնել եմ սեր, գութ, խնամք, վատնել եմ արբածի նման, անխնա, առանց հաշվի, բավ է, գեթ դու այլ կերպ վարվիր։ (Մնում է շվար ու ապա վճռական) Իսկ դու [ 93 ]թող ինձ․․․ հեռացիր՝ չարատավորեմ միտքդ ու հոգիդ, ես էլ ուզում եմ լինել անկախ, ազատ։ Տե՛ս, մի ժամ առաջ կարում էին՝ մտքով ու հոգով գերի չոր հացին, տրտնջում էին, երգում ու բողոքում։ Դեռ ճաշած էլ չէին, բայց ինչ-որ պատահեց հանկարծ, թևավորվեցին ու թռան աչքիս առաջից։ (Լալիս է) Ո՞ւր թռան, չգիտեմ․․․ Այժմ նրանք, ես գիտեմ, արհամարհում են քաղցը, սառնամանիքը, հպարտ ու երջանիկ են, գոհ են։ Իսկ ես․․․ ինձ դեռ չէ վիճակվել մի այդպիսի թռիչք․․․

ԱՆՏՈՆ.— (Բուռն սիրով չոքում է նրա առաջ, համբուրում ձեռքերը, փայփայում) Թող․․․ ես քեզ մոռանալ կտամ քո ցավատանջ անցյալը, կթեթևացնեմ բեռը, քո վրեժը ես կհանեմ կյանքից (Ցասկոտ) Իսկ մի նորոգ կյանք ստեղծելու համար եկ մեզ մոտ։ (Բաց է անում թևերը) Եկ. իմ սիրած կինը ինձ հետ պիտի լինի, իմ ճամփին կանգնած, իմ ուսին հենված․․․ (Սպասում է թևերը տարածած):

ԱՆՆԱ.— (Ծիծաղում է և խոսում կարծես իրեն երևացող մեկի հետ) Տեսնո՞ւմ ես, խի՛, խի՛, խի՛, հիմա գործադուլը կսկսվի․․․ բանվորները պիտի խոսեն երկար, կատաղի, նրանք այժմ համառ են, հանդուգն ու անվախ, գրել կարդալ գիտեն․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ հուզմունքից խռպոտած ձայնով) Եկ գնանք, մտիր մեր հաղթական շարքերը, միայն մի ուղի կա դեպի բարվոք կյանք՝ մե՛ր ուղին է դա։ Միայն մի կռիվ կա հաղթող ու արդար մե՛ր կռիվն է դա։ Ե՛կ, գնանք, սիրելի Մարթա։ (Անժամանակ շչակների ուժգին սուլոցով աղմկվում է փողոցը. Անտոնը վեր է թռչում տեղից) Կատարվե՜ց․․․ (Բարձրացնում է Մարթային, տանում դեպի լուսամուտը) լսո՞ւմ ես, (Հազիվ կարողանում է խոսել) ես անդուլ պայքարի, հեղեղուկ ապրումների ենթակա մի զինվոր եմ, կուզեի մի հանգրվան ունենալ ու քեզ այնտեղ՝ դշխուհի։ Կարծում էի, թե կուսակցական գործը լիովին կլանել էր սիրտս ու հոգիս, բաց տեղ չէր մնացել։ Սխալվեցի. մեծ բացը ազատ էր մինչ այժմ, քաջի նման գրավիր այդ բացը, ապրենք, կռվենք միասին, ինչ կերպ, որտեղ որ կամենաս․․․

ՄԱՐԹԱ.— (Կարծես քնից արթնանալով) Քո կի՞նը լինել․․․

ԱՆՏՈՆ.— (Աղերսանքով) Այո՛, այո՛․․․

ՄԱՐԹԱ.— (Հուզված) Ես ատել եմ բոլոր նրանց, որոնց կինը լինել ինձ վիճակվել է օրով, թե ժամով․․․

ԱՆՏՈՆ.— (Գոռում է) Մարթա՛․․․

ՄԱՐԹԱ.— …Եվ արհամարհել բոլոր նրանց, որոնք երբևիցե ապավինել են իմ գթությանն ու խնամքին․․․

ԱՆՏՈՆ.— (Ցավից ինքնիրեն կորցրած) Մարթա՛․․․ Խնայիր (Մնում է քարացած):

ՄԱՐԹԱ.— (Մեծ դժվարությամբ) Իսկ քեզ (Դիտում է նրան [ 94 ]զմայլանքով) Դու ինչպես գունատվում ես։ (Երեք անգամ թակում են լուսամուտը) Քեզ ի՞նչ պատահեց․․․ Ինչո՞ւ թակեցին լուսամուտը․․․

ԱՆՏՈՆ.— (Խեղդված) Իսկ ինձ․․․ ասա, շուտ․․․ լսո՞ւմ ես․․․ (խրոխտ) շուտով կատարվելու է մի ահեղ դեպք։ (Ցնցում է Մարթային) Երազներս իրականանում են, ցնորքներս կենդանանում. պատասխան տուր ինձ, Մարթա՛, ուխտս ու ընկերներս ինձ են սպասում, կարո՞ղ եմ գնալ և էլ ետ չգալ․․․ Իսկ եթե եկա․․․

ՄԱՐԹԱ.— (Հազիվ լսելի ձայնով) Գնա․․․ ես կսպասեմ քեզ․․․

ԱՆՏՈՆ.— (Ցավակցորեն) Ասում ես՝ գնա. գիտե՞ս արդյոք, թե ո՞ւր եմ գնում, միամիտ երեխա․․․

ՄԱՐԹԱ.— (Հպարտ) Գիտեմ, գնա շուտ․․․ ես ամեն բան գիտեմ․․․ կուշանաս, Անտոն․․․

ԱՆՏՈՆ.— (Հիացմունքով մի պահ նայում է Մարթային և ապա գրկում ու երկար համբուրում է ճակատը):

ԲՈՍԻԱԿ.— (Հևալով ներս է մտնում) Ընկեր Գաբրիել, ձեզ են սպասում․․․ տվեք կապոցը։ (Նայում է Մարթային կարեկցաբար): Դժվար է սիրած կնոջից բաժանվելը, ինչ արած (Շփում է ցրտից սառած ձեռքերը):

ԱՆՏՈՆ.— (Իր սենյակից մի կապոց դուրս բերելով) Հասի՛ր, մենա՞կ ես։

ԲՈՍԻԱԿ.— Ինձ սպասում են․․․

ԱՆՏՈՆ.— Բանվորները հավաքվե՞լ են․․․

ԲՈՍԻԱԿ.— Չտեսնված բան, ծով բազմություն, առաջինը դո՞ւք եք խոսելու։

ԱՆՏՈՆ.— Այո, գնա (Բոսիակը գնում է, ինքն էլ մտնում է իր սենյակը և քիչ հետո դուրս է գալիս բոլորովին կերպարանափոխված, լայնեզր գլխարկը ձեռքին, մորուքավոր: Մարթան սկզբից շվարած նայում է ու ծիծաղում):

ԱՆՏՈՆ.— (Նույնպես ծիծաղով) Դեհ բաժանվենք։ (Բռնում է Մարթայի ձեռքը) Եթե իմ մասին հարցրին, կասես այն, ինչ որ գիտես, աղջիկների մասին լռիր։ Եթե թաղամասին վտանգ սպառնա, մարդ կուղարկեմ կգաս ինձ մոտ, (Ժպտում է) քեզ մի գործ կգտնվի այնտեղ․․․ Թույլ տուր համբուրեմ․․․ (Գրկում է ու համբուրում) Սպասիր ինձ: (Գնում է, նորից վերադառնում) Խուսափիր հաճախ փողոց դուրս գալուց․․․ (Աղերսանքով) Տանից դուրս մի գար․․․ Մարթա՛, խոսք տուր, որ ասածներս կատարելու ես ճշտությամբ։

ՄԱՐԹԱ.— (Ուրախ) Ոչ մի տեղ չեմ գնա մինչև քո վերադարձը․․․

ԱՆՏՈՆ.— (Նորից համբուրում է ու դուրս վազում):

ՄԱՐԹԱ.— (Մենակ) Գնաց․․․ (Վազում և բարձրանալով լուսամուտից նայում է փողոց) Գնա, փրկիր կեղեքվածներին, իմ կեղեքված սերը [ 95 ]քեզ պահապան․․․ (Վար է իջնում հանկարծ դիպչելով ջութակին, լարերը կարծես հառաչում են

ԱՆՆԱ․― (Աղերսանքով) Մարթա՛, մի կպչիր, Մակարս կբարկանա․․․

ՄԱՐԹԱ․― (Ուղղում է ջութակը) Ես փոշին սրբեցի։

ԱՆՆԱ․— (Ծիծաղում է

ՄԱՐԹԱ․— Երգդ մնաց, իմ թշվառ եղբայր․․․ (Լալիս է

ԱՆՆԱ․― (Առանց ետ նայելու) Մի լար աղջիկս, մի լար սիրուն ու թշվառ աղջիկս․․․ կարծում ես ես քեզ չե՞մ սիրում, չե՞մ խղճում․․․ քիչ առաջ ուզում էի հարձակվել Անտոնի վրա, խեղդել՝ մի դիպչիր իմ զավակին, մի խաբիր․․. (Համոզիչ) Դու նրան մի հավատա, նա քեզ չի սիրում, նա քեզ կծեծի կոշիկի պայտած կրունկով, իր կոշտ բռունցքներով։ (Մոտենում է) Ես չեմ թողնի։ (Գրկում է ու սեղմում կրծքին) Տասնմեկ հատը մեռան, միայն սա մնաց․․․ (Լալիս է) Մի դիպչեք սրան․․․ (Ընկնում է վար

ՄԱՐԹԱ․― (Տանում, տախտի վրա պառկեցնում) Պառկիր, հանգստացիր։

Աղմուկով ներս են մտնում Մարթայի ընկերունիները՝ Լիզան, դեղնագույն մազերով աղջիկ և մի ուրիշը, ձեռքին մի կապոց։

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․— Ձեզ չասացի՞, թե նա տանը նստած կլինի, առանց գիտենալու, թե դուրսը ինչ է կատարվում։ Մի դրան նայեցեք, կարծես գանձ է գտել ու ժպտում է ինքնագոհ, ինչպես էլ գիրացել է։

ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ․— Հրամանքներդ միտինգներին ներկա չէ՞ր։

ՄԱՐԹԱ․— Ոչ օրիորդ, ինչի՞ս է պետք միտինգը, երբ քիչ առաջ իմ արհեստանոցում (Ցույց է տալիս) և՛ միտինգ էր, և՛ գործադուլ, և ապստամբություն․․․ (Ծիծաղում են

ԼԻԶԱ․― Կեցցեն․․․ Ինչ-որ հարստահարեցիր բավական է, սկսել էիր յուղ կապել, ինքդ կարիր ու ինքդ էլ կեր․․․ (Երեք մատները, թաթը մոտեցնում է Մարթայի քթին) չես ուզո՞ւմ․․․ (Ծիծաղում է

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․— Կարծես հանքերի համար ենք եկել․․․

ԼԻԶԱ․— (Լուրջ) Դեհ, ուշադրություն, երկար խոսելու կարիք չեմ զգում։ Այս դերձակուհին էլ մեզ օրինակ։ Հա, Մարթա, մենք էլ չենք ուզում այս ճգնաժամին ձեռքներս ծալած նստել։ Ամենքը կազմակերպվում են, գործադուլ հայտարարում, պահանջներ առաջ բերում, իսկ որովհետև մենք, էհ աղջիկներ, արժե խոսել մեզ վրա, ո՛չ աշխատել ենք, ո՛չ էլ գործադուլ կհայտարարենք, պահանջելու էլ բան չունենք, վասնզի մենք ինքներս ենք մեզ վաճառում, ինչևիցե․ անենք, ինչ-որ կարող ենք, գնանք ապստամբների մոտ, մաքրենք, լվանք, խնամենք՝ դա էլ օգնություն է։ [ 96 ]ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎԸ.— Գնանք, փրկենք Ռուսաստանը (Հուզվում է):

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․— Չգիտես, չես հասկացել, գոնե լռիր. ի՞նչ Ռուսաստան։ Նրան միամիտ կաց, ձեռք տվող չկա. մենք գնում ենք բանվորներին օգնելու։

ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎԸ.— Դե՛հ, մի զայրանա, թող քո ասածը լինի․․․

ԼԻԶԱ․— (Մարթային) Հիշո՞ւմ ես, դու ինձ մի օր ասացիր, որ դժգոհ ես, ուզում ես այլ կերպ ապրել։ Ես այն ժամանակ չհասկացա քեզ, ավելի լավ է, առ կապիր․․․

ՄԱՐԹԱ․— (Զարմացած) Ի՞նչը։

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ.— (Բաց է անում կապոցը և հանելով մի սպիտակ կապ կարմիր խաչով տալիս է Մարթային) Այս. որպես կամավոր գթության քույրեր անարգելք կմտնենք հեղափոխականների մոտ. հասկանալի՞ է։

ՄԱՐԹԱ․— (Շշմած) Դարձյա՞լ կարմիր խաչ․․․

ԼԻԶԱ․— Մի վախենա, գնանք, ինչ ուզում է թող լինի. մի անգամ մեռնելու ենք, միևնույն չէ՞․․․

ՄԱՐԹԱ.— (Տնտղում է) Իմ խաչը․․․ կարմիր գթության․․․ ա՛խ․․․

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ.— (Բարկացած) Դե՛հ շուտ, ի՞նչ ես հիմարացնում մարդու։

ԼԻԶԱ.— (Աչքով է անում) Դու էլ նախօրոք մի տաքանա։

ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ․— Միևնույնը չէ՞, մի օր մեռնելու ենք Ռուսաստանի․․․ (Հանդիպելով աղջկա հայացքին լռում է):

ՄԱՐԹԱ.— (Մի պահ նայում է մորը, ապա ջութակին և հանկարծ գունատվում, խեղդված ձայնով ասում է) Լավ, գալիս եմ․․․ սպասեցեք ինձ բակում, մորս ասելիք ունիմ․․․

(Աղջիկները գնում են՝ նախօրոք թևերին կապելով կարմիր խաչեր):

ՄԱՐԹԱ.— Մա՛յր, լսիր ինչ եմ ասում։ (Մայրը հրում է նրան) Մա՛յր, գնամ Մակարին բերեմ․․․ Մակարին։ (Ցնորվածը չի նայում նրան): Մա՛յր, Մակարին քաղաքամաս տարան, գնամ, բերեմ․․․

ԱՆՆԱ.— (Նստում է ու լալիս) Արդեն տարան, խեղճ երեխա։

ՄԱՐԹԱ․— (Անհամբեր) Գնամ բերեմ նրան․․․

ԱՆՆԱ.— (Անտարբեր) Գնա, աղջիկս, գնա։

ՄԱՐԹԱ.— (Ազատ շունչ քաշելով) Դե՛հ, լսիր, ահա գնում եմ, դու տանից դուրս չգաս․․․ Եթե քեզ հարցնեն իմ մասին, կասես, որ գնացել եմ Մակարին տուն բերելու։ Պահարանում ուտելիք կա, օղի էլ․․․ (Աննան օղու անունը լսելուն պես վեր է ցատկում):

ԱՆՆԱ.— (Շտապեցնելով) Գնա՛, գնա՛, կուշանաս (Անհամբեր նայում է պահարանին): [ 97 ]ՄԱՐԹԱ.— Գնում եմ․․․ Կարո՞ղ եմ չգնալ․․․ Ծնվեցի կարմիր խաչով. ինչո՞ւ չմեռնել նրան թևիս կապած․․․ (Մարում է) Երևի երջանկության համար չեմ ծնված եղել․․․ Ա՜խ, Անտոն․․․

ԱՆՆԱ․— Գնա՛, գնա՛․․․ կուշանաս․․․

ՄԱՐԹԱ.— Թշվառ կին (Կոմոդից ինչ-որ հանում է ու պահում կրծքում): Բոլոր երեխաներիդ մահը գողացավ քեզանից, իսկ ինձ դու քո ձեռքով ես ուղարկում․․․

ԱՆՆԱ.— (Սարսափած) Գնա, աղջիկս, կուշանաս․․․ չես հասնի․․․ (Աղջիկները թակում են դուռը):

ՄԱՐԹԱ.— (Հուզված) Լավ, թող լինի այսպես․․․ դեհ մնաս բարով (Գրկում է):

ԱՆՆԱ— (Ճչում է սարսափահար) Կուշանաս․․․

(Մարթան դուրս է վազում):

Ե. ԱՐԱՐ

(Բարձրավանդակ, հեռուն սևին է տալիս քաղաքը, ձյունախառն քամի, նեղ փողոցներում երևում են մարդկային սիլուետներ, երբեմն լսվում է հրացանաձգություն: Բարիկադի մոտ նստած են մի ծերուկ ու մի քանի բանվորներ, աղմուկ, կանչ, ծիծաղ):

ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ․— (Ծերուկին) Պատմի՛ր, պատմի՛ր։

ԾԵՐՈԻԿ.— Հա, ինձ ասացին, որ հսկեմ ճանապարհը ու մարդ երևալուն պես շվացնեմ։ Մտա վագոնի տակը և նայում, թե ո՞ր տխմարը ծուղակն է ընկնելու։ Հանկարծ փսփսոց եմ լսում։ Թու, սատանի ճուտ, տղամարդը մեռնելիս էլ այդպես չի փսփսում։ Կամաց սողում եմ առաջ և ի՛նչ եմ տեսնում (Ծիծաղում է ինքնագոհ ու ներս է քաշում ծուխը) երեք հոգի (Ծիծաղում է թուլացած) Օ՜ֆ․․․ երեք աղջիկ դիմում են առաջ։ Ի՞նչ անել, շվացնեմ, վախից վայր կընկնեն. դեհ եկ ու դրանց խոսք հասկացրու, չշվացնեմ չի լինի, ընկերները դժգոհ կմնան։ Վերջապես խելքիս զոռ տվի և վճռեցի սուտ վիրավոր ձևանալ ու սկսեցի ողորմելի ձայնով տնքալ։ (Պառկում է ու ձևացնում) Օ՜ֆ, օ՜ֆ, անգութներ, անաստվածներ, ի՞նչ ուզեցիք ծերիցս, ես ձեզ ի՞նչ էի արել․․․ աղջիկները քարացած կանգնեցին. մեկը, որ հազում էր շարունակ, ասաց.— թողնենք, փախչենք,— մյուսները ինչ-որ փսփսացին։ Մի անպիտան էլ ասաց.— գուցե լրտես է, թող սատկի շան պես։— Իսկ երրորդը, որ մի բարձրահասակ սիրուն աղջիկ էր, խիզախորեն մտավ վագոնի տակ և մոտեցավ ինձ․․․ (Լռում է խորհրդավոր):

ԲԱՆՎՈՐՆԵՐԸ․— Հետո՞, հետո՞։

ԾԵՐՈՒԿ.— (Ժպտում է) ․․․Գրկեց գլուխս և անուշ ձայնով հարցրեց իմ ցավի մասին։ [ 98 ]ԲԱՆՎՈՐ.-Եվ դու, իհարկե, բռնվեցիր։

ԾԵՐՈՒԿ.— (Նենգ ժպիտով) Չէ, տեսնեմ նա իր կապոցից վիրակապեր է հանում։ Ես իսկույն հայտնեցի, որ վիրավոր չեմ, այլ լավ ծեծված։ Մի կերպ դուրս եմ սողում վագոնի տակից և նայում ենք մրմյանց: Բանից դուրս է գալիս, որ մենք հին ծանոթներ ենք. ես՝ մահակը ձեռիս, նա՝ գթության քրոջ կարմիր խաչը կրծքին:

ԲԱՆՎՈՐ.— Հետո՞․․․

ԾԵՐՈՒԿ.— (Դժկամ) Էլ ի՞նչ հետո, վերջացավ․․․

ՄՅՈՒՍ ԲԱՆՎՈՐԸ.— Ինչպե՞ս թե վերջացավ, աղջիկները ո՞ւր գնացին։

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ.— (Հեգնանքով) Տուն փախան։

ԾԵՐՈՒԿ.— Տարա ընկերների մոտ։

ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ.— (Մտատանջ) Քանի՞ հոգի էին։

ԾԵՐՈՒԿ.— (Բարկացած) Թու, սատանի ճուտ, ասացի, թե երեք։ Չորս են եղել, մեկը ճանապարհին ընկել է կազակների գնդակից ու իսկույն մեռել։ Մեկն էլ սաստիկ դողում էր ու հազում, նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ մնացած երկուսը աշխատում են իրար հետ․․․

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ.— Իսկապես մենք մինչ այժմ չենք ճանաչել մեր աղջիկներին։ Ինչ պարծանք, որ ընդհանուր բողոքի ու կռվի պահին նրանք աջակցում են մեզ, ձեռք են մեկնում օգնության։ Եթե նրանց կատարածը մի գդալ ջուր է ծովի մեջ, սակայն որքան մեծ է նրանց տված ոգևորությունն ու խրախուսանքը։ Մեր ընկերները, շատ շատերին գիտեմ, որոնք ետ են դառել կիսաճանապարհ, ընկճվել ու մոռացել են անասելի զրկանքներով ձեռք բերած գիտակցության փշրանքները՝ իրենց տգետ մոր անեծքի, լացի, կնոջ անզգամ ու սպառնալից ճիչերի տակ։ Ճիշտ է, ես․․․ (Լսում է հրացանաձգության տարափ, ամենքը վեր են կենում, զենքերը պատրաստելով):

ԱՆՏՈՆ.— (Իջնում է բլրակից մի բանվորի հետ, գլխիկոր ու տրտում) Ասում ես, ոչ մի լուր չբերի՞ր․․․

ԲԱՆՎՈՐ.— Այո՛, առաջին անգամ ցնորված մայրն ասաց, որ գնացել է եղբոր՝ Մակարին բերելու քաղաքամասից, սաստիկ խմած էր։ Երկրորդ անգամ տանը ոչ ոք չկար, հարևաններն ասացին, որ աղջիկը գնացել է ընկերուհիների հետ քաղաք․․․

ԱՆՏՈՆ.— (Շփոթված) Քաղա՞ք ես ասում․․․

ԲԱՆՎՈՐ.— Այո՛, ասացին, որ նա արդեն հայտնի․․․

ԱՆՏՈՆ.— (Գունաթափ) Լավ․․․ Իսկ այսօ՞ր։

ԲԱՆՎՈՐ.— Այսօր էլ, որ գնացի, տունը ծխում էր, պատերն էին մնացել, (Անտոնը ցնցվում է) ասացին, որ մորը ազգականներից մեկը տարել է իր մոտ, իսկ աղջիկը մինչև օրս չկա՜ ու չկա՜․․․ [ 99 ]ԱՆՏՈՆ.— (Հազիվ լսելի) Շնորհակալ եմ․․․ այլևս ոչինչ հարկավոր չէ․․․ գնա ճաշիր (Հանում է ժամացույցը) արդեն 12-ն է։ (Մյուսներին) Ընկերնե՛ր, գնացեք ճաշելու, ես կմնամ այստեղ։ (Բանվորները գնում են, նկատելով ծերին, որ ուղղում է գուրգուրանքով բարիկադին մեկնած կարմիր դրոշն ու ապա տեղավորվում նրա մոտ) Գնա, ծերուկ, դու էլ տաքացիր, կշտացիր, ժամանակ է․․․ (Հենվում է բարիկադին):

ԾԵՐՈՒԿ.— (Գոհ, ուրախ) Ես տաքացել, կշտացել եմ․․․ ԱՆՏՈՆ.— Մի՞թե, այս ճգնաժամին․․․ (Բռնում է գլուխը) Ո՛չ, ո՛չ, անկարելի է, ես սեղանի վրա փող էի դրել, կարիք չզգա․․․ գուցե․․․ Ա՛խ, Մարթա, Մարթա․․․ (Լալիս է շնչախեղդ):

ԾԵՐՈՒԿ.— (Կարեկից) Դժբախտությո՞ւն է պատահել տանը։

ԱՆՏՈՆ.— (Ինքն իրեն) Ասաց.— «Գնա, կսպասեմ քեզ․․․»։— Գնացի ես. ո՛չ, ո՛չ․․․ թևեր առած թռա․․․ ոտքերիս տակ հող չէի զգում և օդի տեղ ագահ ներշնչում, կորով ու եռանդ, ու մի ծանր ու մրոտ մուրճի տեղ կենդանի խոսքով հարվածում էի հնի, բռնության և չարի գլխին. իմ ձայնը երբեք չնվաղեց, չհատնեց խոսքերիս պաշարը, բանվոր բազմության ճոճող գլուխների ծովը արբեցրել էր ինձ, միտքը, որ կարոտով ու փափագով լսում են ինձ, հասկանում, տենչանքներով ձուլվում, միանում են ինձ հետ։ Վեր ու վեհ էր ու այսպես մի շաբաթ միտինգից՝ միտինգ, դիրքից՝ դիրք, բարիկադից՝ բարիկադ, անքուն, անհանգիստ սպասում եմ ողջունելու արշալույսի ղողանջներին, Մարթա, քո սերն ու ժպիտը կրծքիս՝ ի՞նչ արիր դու․․․ ո՞ւր ես դու․․․ ահ․․․ (Գնդակը սուրալով անցնում է նրա մոտից):

ԾԵՐՈՒԿ.— (Սարսափահար) Դե՛հ, քիչ կռացիր, արձակում են անիրավները, կվիրավորվես։

ԱՆՏՈՆ.— (Սթափվելով հրում է ծերին) Հեռու, ես վիրավոր եմ արդեն վաղուց։

ԾԵՐՈՒԿ.— (Ժպտում է) Այսպիսի կտրիճին ո՞վ կարող է վիրավորել:

ԱՆՏՈՆ.— (Ցասկոտ) Մի անգութ, անսիրտ աղջիկ․․․

ԾԵՐՈՒԿ.— (Ծիծաղում է) Իսկ ինձ հետ ընդհակառակն է պատահել։

ԱՆՏՈՆ.— (Ծխում է) Ինչպե՞ս։

ԾԵՐՈՒԿ.— (Հլու) Նստիր, կպատմեմ։

ԱՆՏՈՆ.— (Հպարտ) Այստեղ վախկոտներն են նստում։

ԾԵՐՈՒԿ.— (Ներողամիտ ժպտով) Ես քեզնից պակաս անվախը չէի, բայց պառկա և չզղջացի, հավատա։

ԱՆՏՈՆ.— (Վրդովված) Ծերուկ, հանաքի անհարմար ժամանակ է, լավ կանես եթե մի տաք անկյուն որոնես ու քնես։

ԾԵՐՈՒԿ.— (Համառ) Ինձ պատվիրել են, «արթուն կենալ»։ [ 100 ]ԱՆՏՈՆ.— Ո՞վ։

ԾԵՐՈՒԿ.— Մի սիրուն աղջիկ։

ԱՆՏՈՆ.— (Հայացքով չափում է նրան և անցնելով բարիկադի մյուս կողմը, ծխում է մտատանջ):

ԾԵՐՈՒԿ.— (Հիացած դիտում է նրան) Ի՜նչ զույգ․․․ իսկ ես ի՞նչ անեմ, թու, սատանի ճուտ, տրաքվում եմ, չեմ կարող լռել, մարդ է ուղարկել տուն, որոնում է, լալիս ու տանջվում աչքիս առաջ։ Թու, կյանքումս գաղտնիք պահած չեմ, դրա համար էլ զորաբաժնում ինձ մականունով էին կանչում, ի՛նչ արած, կենդանի մա՞րդն էլ գաղտնիք պահի, ահա խոսքերը շարվել են կոկորդումս, քիչ է մնում շնչահեղձ լինեմ։ Թու․․․ բայց շատ աղաչեց.— «Պապիկ, լռիր ու հետևիր. հաշվիր թե որդիդ է (Զգացվում է) քանի հնարավորություն կա, թող օգնեմ, մխիթարեմ, ով կարոտ է դրան․․․ Թող գթության քույր լինեմ․․․ (Թևով սրբում է աչքերն ու բարձր սրբում քիթը ցուցամատի օգնությամբ) Դեհ, լավ, թող քո ասածը լինի, տրաքվելու էլ լինեմ՝ չեմ ասի․․․ (Մտածում է ու մոտենում Անտոնին) Մի բանով չե՞մ կարող մխիթարել քեզ։

ԱՆՏՈՆ.— (Նայում է նրա խրճուկ կերպարանքին ու հեգնանքով) Ինձ չեն մխիթարում․․․

ԾԵՐՈՒԿ.— (Զարմացած) Ապա ի՞նչ են անում։

ԱՆՏՈՆ.— (Անտարբեր) Ես էլ չգիտեմ։

ԾԵՐՈՒԿ.— Տեսնո՞ւմ ես. (Մտածում է վստահ ու ինքն իրեն) Ինչպե՞ս սկսեմ։

ԱՆՏՈՆ.— Ի՞նչ ես ուզում։

ԾԵՐՈՒԿ.— Ինչո՞ւ համար են կռվում բանվորները։

ԱՆՏՈՆ.— (Անտարբեր) Ազատության:

ԾԵՐՈՒԿ.— (Լուրջ) Ես այդ գիտեմ։

ԱՆՏՈՆ.— Էլ ինչո՞ւ հարցրիր։

ԾԵՐՈՒԿ.— Բայց չէ որ աստված ասել է՝ «Մի՛ սպանիր»։

ԱՆՏՈՆ.— Նա, ում որ ասել է, նրանք չկան այժմ, իսկ եթե մեզ լավ գիտենար, մեզ էլ չէր ասի։

ԾԵՐՈՒԿ.— Նա այդ կտակել է ամբողջ մարդկությանը։

ԱՆՏՈՆ.— Մարդկությունը, կյանքն ու պայմանները, փոխվում և փոխվել են դարերի ընթացքում, իսկ նրա կտակը մնացել է միշտ միևնույնը, չի փոխվել, դրա համար էլ չի հարմարվում մեր կյանքին, մարդկային տառապանքի պատմությունը ցույց է տալիս, որ նա այդ քայլն անելու, այսինքն իր կտակը փոխելու երբեք տրամադիր չի եղել և չէ․․․ իսկ մենք ահա ոտքի ենք կանգնել ուղղելու նրա դարավոր սխալը, հասկացա՞ր․․․

ԾԵՐՈՒԿ.— (Հիացած) Իսկ հետո՞։

ԱՆՏՈՆ.— Ի՞նչ հետո։ [ 101 ]ԾԵՐՈՒԿ.— Ամեն բան տակն ու վրա անելուց հետո ո՞վ պիտի գրե նոր ավետարանը կամ կտակը, ինչպես ասում ես, մարդկությանը և կրոնքին հարմար։

ԱՆՏՈՆ.— Նա արդեն գրված է: (Աղերսանքով) Այժմ թող ինձ, պապիկ, հետո եկ, կխոսենք, կդատենք։ Ես էլ սիրում եմ խոսել։ (Ցույց է տալիս կուրծքը) Ներիր, այստեղ օձեր են գալարվում, լրջորեն մտածելու կամ դատելու անկարող եմ․․․

ԾԵՐՈՒԿ.— (Սիրալիր) Նստիր, աղաչում եմ (Ինքն իրեն) ուղղակի տրաքվում եմ․․․ Ե՞րբ պիտի վերջանա այս տանջանքը, կյանքումս այսքան լռած չեմ եղել․․․ Իմ ի՞նչ գործն էր գաղտնապահ դառնալը։ Թու, Անտոն: (Նստում է տխուր, վազելով գալիս են մի քանի բանվորներ) Ընկեր Անտոն, գլխավոր պահակակետում ձեզ կանչում են (Նկատելի իրարանցում, վազում են դես ու դեն, Անտոնը գնում է, բանվորներից մեկը գաղտագողի ետ է դառնում և հարձակվում ծերուկի վրա):

ԲԱՆՎՈՐ.— (Հանդուգն) Հը, ծեր արջ, լավ կռվեցի՞ր։

ԾԵՐՈԻԿ.— (Անուշադիր) Ինչ է, շքանշա՞ն պիտի տաս։

ԲԱՆՎՈՐ.— Միտքս դրել եմ։

ԾԵՐՈՒԿ.— Զուր ծախս։

ԲԱՆՎՈՐ.— Ինչո՞ւ:

ԾԵՐՈՒԿ.— Ես դեռ շնորհքս ցույց տված չեմ։

ԲԱՆՎՈՐ.— Վախենո՞ւմ էիր։

ԾԵՐՈՒԿ.— Չէ, դեռ կարիք չէ զգացվել։

ԲԱՆՎՈՐ.— Իսկ երբ զգացվի՞:

ԾԵՐՈՒԿ.— Այն ժամանակ կաշխատեմ ամոթով չմնալ։ Ես լավ զինվոր եմ եղել և ավելի լավ կռվել, դե՛հ, գնա գործիդ։

ԲԱՆՎՈՐ.— Ուշ է շնորհքդ ցույց տալու։

ԾԵՐՈՒԿ.— (Միամիտ) Ինչո՞ւ։

ԲԱՆՎՈՐ.— (Արհամարհանքով ցույց է տալիս կարմիր դրոշը) Սա վար առ։

ԾԵՐՈՒԿ.— (Կատաղած) Չհամարձակվես, անպիտան, լակոտ, սրիկա․․․

ԲԱՆՎՈՐ.— Դավաճան, ապստամբ, ո՞ւմ դեմ ես կռվում․․․ (Հարձակվում է):

ԾԵՐՈՒԿ.— (Զայրույթից դողալով) Մի մոտենար, լրտես, ստոր․․․ (Բանվորը հանում է ատրճանակը և սպանում ծերին, խլում է դրոշը, ճղում ու խփում ծերի կրծքին. փախչում: Երևում է Անտոնը մեքենայապետի հետ, երկուսն էլ ընկճված են ու գունաթափ):

ԱՆՏՈՆ.— (Անպատմելի հուսանատ) Վերջացավ․․․ Իսկ ինձ թվում էր, թե կդիմանանք․․․ Ի՜նչ դրություն (Խփում է կրծքին) դեռ բոլորովին դուրս չի թափվել այստեղից վրեժն ու դառնությունը. ինչպե՞ս [ 102 ]հանդուրժել պարտությունը․․․ (Ընկերոջը) Դու գնա․․․ (Ձեռքը նրա ուսին է դնում) Լսիր ինձ․․․ ես այստեղից ոչ մի քայլ անելու չեմ, թող լինի ինչ-որ լինելու է․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ.— Ես քեզ մենակ չեմ թողնի, հասկանո՞ւմ ես․․․ ինձ սպասում են տանը, կին, երեխաներ, մայր․․․ այս տագնապին, երբ մնում է մեզ մեր սեփական կաշու պաշտպանությունը, ի՞նչ անմտություն քո անտեղի համառությունը․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ հուզված գրկում է ընկերոջն ու հեկեկում) Ինձ սպասող չկա․․․ Խոստացել էր մեկը՝ խաբեց․․․ ես դարձյալ մենակ մնացի, դարձյալ անտուն-անտեր․․․ բաղձանքներս ու տենչերս հօդս ցնդվեցին, չարը հաղթեց, բռնությունը ուժեղ էր մեզանից․․․ (Վճռական) Ես կմնամ այստեղ․․․ (Վճռական դիմում է բարիկադին ու հանկարծ նկատելով ծերուկին) Խեղճ ծերուկ, քիչ առաջ հանաք էր անում ու ինձ հիշեցնում աստծու կտակը՝ «Մի՛ սպանիր». (Կռանում է) Պապ, վեր կաց խոսենք. այժմ ես ուզում եմ խոսել (Ցնցում է նրան) Նա վիրավորված է․․․ պապ, ինչ գեղեցիկ դիրք հավերժ քնելու, կեցցե՜ս, ծերուկ․․․

ԾԵՐՈՒԿ.— (Թույլ ձայնով) Մի լակոտ ուզում էր դրոշը վար առնել․․․ չթողի, խփեց․․․ տրաքվում եմ, չեմ կարող․․․ այլևս բռնել․․․ կռացիր․․․

ԱՆՏՈՆ.— (Գթալից) Ասա, ի՞նչ ես ցանկանում, կկատարեմ։

ԾԵՐՈՒԿ.— (Ժպտում է) Սիրիր․․․ Մարթային․․․ լավ պահիր․․․ ասա որ մեռա ձեզ օրհնելով (Թույլ կերպով խաչակնքում է Անտոնի գլուխը):

ԱՆՏՈՆ.— (Ցնորված) Մարթային․․․ ո՞վ ես դու․․․ ո՞ւր է Մարթան․․․

ԾԵՐՈՒԿ.— (Ձգվում է) Օ՜ֆ, հանգստացա․․․ գնա կանչիր նրան․․․ ասա․․․

ԱՆՏՈՆ.— (Մոլորված) Ասա, ո՞ւր է․․․ շուտ․․․ (Վազելով գալիս է մեկը տաք հագնված, մինչև աչքերը շալով փակած, կարմիր խաչը թևին, երկու բանվորների հետ):

ՄԱՐԹԱ.— Զարմանալի բան. տեսել է մեռնող ծերուկին ու փոխանակ մի կերպ հիվանդանոց բերելու կամ իմաց տալու, պատմություն է անում, ես այդ տղային չհավանեցի, ընկերներ։ (Մոտենում է):

(Անտոնը և մեքենայապետը ետ են քաշվում, Մարթան կռանում է) Պապիկ․․․ (Գրկում է գլուխը) Այդ դո՞ւ ես․․․ (Լալիս է):

ԾԵՐՈՒԿ.— (Վերջին ճիգով) Ասացի․․․ չկարողացա․․․ ներիր․․․ Մարթա, զավակս. (Մարթան երկյուղած դնում է մեռնողի գլուխը գետնին, Անտոնը ապշած նայում է նրան, ծերուկը ժպտում է ու <պարզում> ձեռքը դեպի Անտոնը, նա մոտենում է ու ճանաչում

ԱՆՏՈՆ.— Մարթա․․․ (Գրկում է ու չոքում ծերուկի մոտ): [ 103 ]ՄԱՐԹԱ.— (Սաստիկ հուզված բանվորներին) Տարեք․․․ ես իսկույն կգամ։ (Բանվորները վերցնում են դիակն ու հեռանում):

ԱՆՏՈՆ.— (Ինքն իրեն կորցրած) Մարթա․․․ (Գրկում է ու համբուրում) որտե՞ղ էիր։

ՄԱՐԹԱ.— (Բաց է անում դեմքը) Եկել էի քո ետևից․․․

ԱՆՏՈՆ.— (Զարմացած ու չհասկացած) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ.— (Ժպտում է ու ցույց տալիս թևը, Անտոնը հիացած դիտում է նրան ու չի հավատում աչքերին):

ԱՆՏՈՆ.— Անգին աղջիկ․․․ Իսկ ինձ ասացին, որ մայրդ․․․

ՄԱՐԹԱ.— (Տխուր) Նա, տնակը, իմ ողջ անցյալը այրվեց, չկա․․․ ինքն է այրել, թե մարդիկ՝ չգիտեմ, ինձ ասացին, որ պատերն են մնացել․․․ (Անտոնը գրկում է նրան՝ ուզելով մխիթարել) Դու կարծում ես ցավո՞ւմ եմ, երբե՛ք։ Այսպիսի մի բախտավորություն ես նույնիսկ երազած չէի։ (Ոգևորված) Այրվեց ինչ որ հին էր, ապականված, հիվանդ ու անզոր․․․ Իմ աղքատ խրճիթի ծուխն էլ խառնվեց այն մեծ հրդեհին, որից մնացած փլատակները մաքրելու ուխտ եմ արել ես նորը շինելու անխորտակ հավատով՝ լսո՞ւմ ես, պրոլետարիատ․․․

ԱՆՏՈՆ.— (Սիրով) Չեմ հավատում աչքերիս, ականջներիս։

ՄԱՐԹԱ.— Հավատա։ (Սիրով ու ողջագուրանքով) Չէ՞ որ դու էիր ինձ կանչողը, ահա ես էլ եկա․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ.— (Հանում է գլխարկն ու մոտենալով Մարթային) Հասկացա․․․ Անտոնի և ձեր ընկերը, ուրախ եմ ու չափազանց գոհ․․․ (Երկար թափահարում է Մարթայի ձեռքը):

ԱՆՏՈՆ.— (Հպարտ) Հավանեցի՞ր․․․ (Սեղմում է կրծքին) Սա իմ Մարթան է․․․ իմ․․․ իմ․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ.— (Աշխույժ) Լավ, լավ, դրա մասին հետո կխոսենք, պետք է փախչի։ (Մարթային) Իմ կինը մի շատ լավ մարդ է, գոհ կմնաք նրանից։ (Բռնում է Մարթայի թևից) Գնանք (Անտոնին) իսկ դու կեցիր, էլ չեմ խնդրում, դա քո ազատ կամքն է։ (Մարթային) Քիչ առաջ համառել էր, որ տեղիցը շարժվելու չէ։

ԱՆՏՈՆ.— (Կանգնում է նրանց առաջ) Քիչ առաջ․․․ Իսկ այժմ իմ սրտի ընտրյալը ինձ հետ է։ (Տխուր) Ա՜խ, Մարթա, պարտված պիտի փախչենք կռվի դաշտից։ (Մտախոհ) Դեռ մեծ բաց ունի լցնելու ռուս բանվորը իր անհերքելի հաղթանակի դրոշը պարզելու համար։

․․․Դեհ գնանք, մի մխիթարանք, որ տանից դուրս եկա մենակ, այժմ գնում եմ ընկերով՝ երկուսով․․․ ոչինչ։ (Սպառնում է քաղաքին) Ես գնում եմ ուժերս կռելու, կոփելու, ես գնում եմ թշնամիներիդ թիվը ստվարացնելու, արհամարհում եմ քո դավադիր ուժի ժամանակավոր հաղթանակը, ատում ծերացած-հնացած սրտիդ օրհասական քրքիջը․․․ [ 104 ](Ոգևորված) Գնանք, փախչենք, մայրաքաղաքի հեռագիրը արդեն հայտնում է բոլորին․․․

ՄԱՐԹԱ․― (Ազատելով թևը) Ես չեմ փախչում․․․ ինձ խիստ դժվար էր վեր կենալ ու գնալը միայն, այժմ, այս մի շաբաթվա ապրումներից հետո ետ դառնալն ինձ անհնարին է։ Գնալու եմ․․․ (Սրտամորմոք) տուր ձեռքդ իմ թանկագին, իմ սիրելի․․․ թող այս վշտի ու լքման վայրկյանին քեզ հայտնի լինի այն բուռն սերն ու հարգանքը, որ զգացել եմ մի տարի, որ թաքցրել եմ մի տարի․․․

ԱՆՏՈՆ․— (Խելակորույս) Ա՜հ, իսկ ես ինչ վատն եմ եղել, կո՜ւյրը․․․

ՄԱՐԹԱ․— Տուր ձեռքդ․ տձև երկաթի հետ կռեցիր, կոփեցիր և իմ ողջ էությունը, ձև ու դիրք տվիր իմ խոպան մտքին, խլեցիր ինձ խաբող տղմուտ հոսանքից։ Օրհնված լինես դու․․․ (Սրբում է աչքերը) Օրհնված լինի քո ուխտը, քո ճանապարհը․․․ (Մնում է մի պահ լուռ ու խուլ, հազիվ ինքը իրեն զսպելով) ես գնում եմ քո հարթ ճանապարհով, մնաս բարյավ, Անտոն․․․

ԱՆՏՈՆ․— (Անակնկալ երջանկությունից շշմած) Գնանք, այժմ դու իմն ես, ոչ ոք, ոչ մի ուժ քեզ չի կարող խլել իմ ձեռքից․․․ գնանք զավակս․․․ (Ժպտով) Գնանք մի բուն շինենք, սթարվենք, հանգստի կարոտ է հոգիս, շատ եմ տանջվել, շատ եմ մաքառել․․․

ՄԱՐԹԱ․— (Տխուր) Դու ինձ չհասկացար, Անտոն։

ԱՆՏՈՆ․— Գնանք, դեռ խոսելու, վիճելու շատ բան կա։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես ես տանջել ինձ, անգութ աղջիկ․․․

ՄԱՐԹԱ․― (Աղերսանքով) Անտոն, դու չհասկացար ինձ․․․

ԱՆՏՈՆ․― (Զարմացած) Ի՞նչ ես ուզում, սիրելիս։

ՄԱՐԹԱ․— (Խղճալով նայում է Անտոնին) Այն որ մենք պիտի գնանք բաժան-բաժան․․․ (Անտոնը գունատվում է) Ուզում եմ ասել մի ճամփով միևնույն գաղափարի համար, բայց ոչ իրար հետ․․․

ԱՆՏՈՆ․― (Մոլորված) Մարթա, ինչե՜ր ես խոսում․․․

ՄԱՐԹԱ․— (Համոզիչ) Հանդարտվիր։ Ինձ ավելի դժվար է քեզանից բաժանվելը։ (Սրբում է աչքերը) Սակայն ուխտս ստիպում է ինձ խլել, ճնշել խելացնոր սերը սրտիս մեջ․․․ Անտոն, ես տանջանքի զավակ եմ, երջանկության համար, գեթ առ ժամանակ խորթ ու օտար, գնում եմ տանջանքի ու տանջվածների մոտ՝ ինձ մի ճնշիր, մի՛ բռնանա․․․ (Գրկում է նրան) Տե՛ս, բարիկադները, այս հանդուգն ապստամբները քո ծանոթ Մարթային թաղեցին, նա այլևս չկա՝ մեռավ․․․ Այրվեց իր հայրենական խրճիթի, իր դեղին տոմսի հետ․․․ այժմ քո դեմ կանգնած է նոր Մարթան, որ այստեղ, բողոքի ու վրեժի ժխորի մեջ աշխարհ եկավ։ (Աղերսանքով) Այդ նոր Մարթայի վերածննդյան համար շատ բան ես տվել դու, մի զլանար, և հիմա հանդարտվիր, բաժանվենք հաշտորեն։ [ 105 ](Բռնում է ձեռքը) Ժպտա ինձ, սիրելիս. թո՛ղ քո բարի ժպիտը մնա ինձ հիշատակ: (Գլուխը հենում է կրծքին, բոլորն էլ լալիս են) Դե՛հ, մնաս բարով։

ԱՆՏՈՆ.— (Դառնասիրտ) Իհարկե, մի անմտություն էր ընկնել ցնորքների հետևից, մատնվել երազանքի, թող լինի պարտություն և իմ սիրույն, նա էլ թող փուլ գա այս բարիկադների հետ: Կնշանակե նրանց հիմքերը խարխուլ էին․․. (Կատաղած) Պետք էր էլ ավելի ուժեղ զարկ (Պարզում է բռունցքը) էլ ավելի ցասկոտ հարված․․․ (Մարթային) Ես քեզ սիրեցի այնպես, ինչ կերպ որ կարող էի, հոգու էլ ոչ մի անկյուն չմնաց, որ գերած չես։ Ինչո՞ւ այսպես եղավ՝ չգիտեմ․․․ Ազատ ես, Մարթա․․․ Ես, որ ամբողջ իմ հալածական ու թափառական կյանքով կռվել եմ բռնության դեմ ու կռվում եմ՝ ես չեմ կարող բռնանալ քեզ վրա․․․ գնա՛․․․

ՄԱՐԹԱ.— Օ՜, ո՛չ. ես քեզանից այդպես չեմ բաժանվի, հանդարտվիր, Անտոն։

ԱՆՏՈՆ.— (Առանց նրան նայելու) Ես այժմ ավելի քան հանդարտ եմ։

ՄԱՐԹԱ.— (Ժպտալով փաղաքշում է) Իսկ ես կուզեի, որ ինձ հաշտության համբույրով ճանապարհ գցեիր։

ԱՆՏՈՆ.— (Սառն) Դա մի ապահով զենք չէ մենակ ճամփա ընկնող աղջկա համար։

ՄԱՐԹԱ.— (Համբուրում է ձեռքը) Անտոն․․․

ԱՆՏՈՆ.— (Մեղմ ու հուզված նրա գգվանքից) Ասա՛․․․ (Նստում է ու գլուխը առնում ափերի մեջ, Մարթան հետևում է նրան):

ՄԱՐԹԱ.— Անտոն, քո կինը լինելու, քեզ բախտավորացնելու դեռ պատրաստ չեմ, արձակիր ինձ։ Մինչև հիմա դու ապրել ու կռվել ես քո գաղափարի, քո ձգտումների համար և հարվածել միշտ քո ճամփին կանգնողին։ Մի՞թե ես ևս իրավունք չունեմ լինել քեզ նման, առաջ դու էիր կանչում ինձ, ես չէի հասկանում և լսում քեզ, այժմ երբ հասկացա, ինչո՞ւ ես կանգնում իմ դեմ, մի՞թե գերադասում ես այն, որ կեղծեի, խաբեի քեզ ու խոնարհ կին դարձած քեզ ընտանեկան խաղաղություն ստեղծեի կեղծիքի ու անարգանքի մեջ թաքցրած․․․ չէ, չեմ կարող, անձնական ոչ մի վայելք ինձ չի գրավում, ոչ մի անդորր չի կանչում մրրկող հոգուս, մի կանգնիր իմ դիմաց․․․ թող գնամ․․․

ԱՆՏՈՆ.— (Կարոտով) Ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անելու, մի՞թե կարելի է այդքան թեթև կերպով նայել կյանքին, ա՜խ, Մարթա, Մարթա․․․

ՄԱՐԹԱ.— (Խիզախ) Գնում եմ ժողովրդի մոտ․․․

ԱՆՏՈՆ.— (Ժպտում է) Իսկ մինչև այժմ որտե՞ղ էիր, անխելք երեխա, և մի՞թե դրա համար ինձնից փախչել է հարկավոր, մի՞թե ես ժողովրդի թշնամի եմ․․․

ՄԱՐԹԱ.— (Համեստ) Ես այնպես չասի, ինչպես որ պետք էր․․․ [ 106 ]Ես արտահայտվել չեմ կարող (Ժպտում է) Ուզում եմ գնալ գործել․․․ Նվիրվել կեղեքվածներին, իսկ եթե քեզ հետ լինեմ, սերն ու բախտավորությունը կլափե ինձ բոլորովին, կկուրացնե․․․ Ես ուզում եմ քեզ պես լինել․․․ արժանի լինել քեզ․․․ ուզում եմ քավել վատ օրերի մեղքը․․․ Թող սերս քեզ լինի ամբողջովին, խնամքս ու գութս կարոտյալներին։ (Հուզվում է սաստիկ) Չեմ հասկանում, ինչո՞ւ ես համառում, ուրիշ աղջիկների ինքդ էիր հրում, քարոզում, համոզում, որ նստած չմնան, գնան գործեն, մաքառեն․․․ Դու ինքդ դատապարտում էիր, ինքդ հանգստություն չէիր տալիս․․․ (Անտոնը նայում է նրան բուռն սիրով) Կգնամ, կգործեմ որքան ուժերս ներեցին, քեզ կգրեմ միշտ իմ մասին․․․

ԱՆՏՈՆ.— Հետո՞․․․

ՄԱՐԹԱ.— Հետո կգամ (Կարոտալի) Մինչ այդ ինձ չե՞ս մոռանա․․․

ԱՆՏՈՆ.— (Վճռական վեր է կենում և բարձրացնում Մարթային) Գնա․․․ թող քո կամքը լինի․․․ գգույշ կաց, գործելու պաշտոն ու աստիճան չկա այդ ասպարեզում, միշտ խոնարհ ու անկեղծ եղիր։ Գիտցիր, որ չես գնում պարտավորեցնելու կամ սովորեցնելու՝ այլ ընդհակառակը. այս մի մոռանար, հոգիս․․․ (Մեծ դժվարությամբ) Լավ պահիր քեզ․․․ (Գրկում է ու սեղմում կրծքին):

ՄԱՐԹԱ.— Ինձ չե՞ս մոռանա։

ԱՆՏՈՆ.— Քեզ մոռանա՜լ․․․ սիրտս, հոգիս, էությունս հետդ ես տանում, քեզ մոռանա՞լ կլինի․․․

ՄԱՐԹԱ.— (Բերկրանքով) Շնորհակալ եմ, կաշխատեմ, որ գոհ մնաս։ (Ծոցից ծրար է հանում) Առ, օրիորդի որդու մահվան պատճառով ինձ մնաց, մի մասը ես վերցրի․․․ սրանով էլ դու․․․ (Հեծկլտում է) մի անտեր, որբ տղա․․․ ընկեցիկ խնամիր․․․ անունը Մակար դիր․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ զգացված) Դեհ, թող․․․ հերոսուհին էլ լա՞․․․ շտապիր, բաժանվենք, ժամանակը վատ է։ Ո՞ր կողմն ես գնալու․․․ (Քիչ մտածում է) Մենա՞կ ես․․․

ՄԱՐԹԱ.— (Հանգիստ) Որ կողմը եղածը դեռ չգիտեմ, հետո կիմանաս, իսկ գնում եմ Նինայի, Զինայի ու Օլյայի հետ․․․

ԱՆՏՈՆ.— (Զարմանքից քարացած) Նրա՞նց․․․ դո՞ւ․․․ սպասիր (Ինչ-որ մտածում է) Այդ դո՞ւ էիր հիվանդանոցում․․․ այդ քե՞զ էի գովում ընկերներիս․․․ ա՛հ․․․

ՄԱՐԹԱ.— Ես էի․․․

ԱՆՏՈՆ.— Ապա ասում էին, որ օտար տեղից է, ճանապարհը փակվելու առթիվ կայարան եկած․․․

ՄԱՐԹԱ.— Ես խաբել էի, անունս էլ փոխել, որ դու չիմանաս․․․ երբ տանից դուրս եկար, ես էլ իսկույն եկա քո հետևից։

ԱՆՏՈՆ.— (Գոհ, հանգիստ) Ո՞վ էր սպասում․ իսկ այն անպիտանները, գոնե մի խոսք ասեին, այժմ որտե՞ղ են։ [ 107 ]ՄԱՐԹԱ.— Կայարանում ինձ են սպասում, գնացքը շարժվելուն պես գնում ենք:

ԱՆՏՈՆ.— Իսկ եթե ինձ չպատահեի՞ր (Ցավով) պիտի անհայտանայի՞ր այդպես։

ՄԱՐԹԱ.— Ո՛չ, մենք վճռել էինք քեզ անպայման իմաց տալ։

ԱՆՏՈՆ.— Մենք, ուրեմն աղջիկները գիտե՞ն, որ այժմ ինձ մոտ ես։

ՄԱՐԹԱ.— Իհարկե, նրանք գիտեն ու սիրում են քեզ։ Նինան ծիծաղում է քեզ վրա, որ միշտ պարծեցել ես, թե քո սրտում մի կին տեղ ունենալու չէ․․․ իսկ այդ խեղճ ծերուկն էլ իմ խնդրանոք էր գիշեր ցերեկ հսկում քեզ․․․ և այդպես էլ մեռավ, տեսնո՞ւմ ես, նա իմ հին ծանոթն էր․․․

ԱՆՏՈՆ.— (Ապշած) Ա՜հ, նոր եմ գլխի ընկնում․․․

ՄԱՐԹԱ.— Ուրիշ շատ բաներ կան պատմելու, հետո, ուշանում եմ (Երկյուղած) գնամ, Անտոն․․․

ԱՆՏՈՆ.— Գնա,՛ սիրելիս․․․ գնա․․․ (Համբուրում է):

ՄԱՐԹԱ.— (Քանդում է թևից կարմիր խաչը) Իսկ այս քեզ հիշատակ․․․ հիշիր ինձ քո աղոթքներում։

ԱՆՏՈՆ.— Ես չեմ աղոթում, բողոքում եմ. կհիշեմ քեզ իմ բողոքի ու վրեժի վայրկյաններին, որոնք կյանքիցս անբաժան են, գնա, Մարթա․․․ կարող ենք ձերբակալվել․․․ (Տխուր) Տեսա՞ր ինչ եղավ մեր դրությունը։

ՄԱՐԹԱ.— (Խիզախ) Ոչինչ, ես այսպես հպարտ եմ զգում ինձ, այժմ միայն հասկացա, թե ինչեր կարող ենք անել։ Պարտվեցինք, սակայն մեծ շահով, հավատա․․․ բաժանվենք․․․ (Համբուրում է ու վազում բարձրավանդակով):

ԱՆՏՈՆ.— (Վազելով դեպի նա) Մարթա, սպասե՞մ․․․

ՄԱՐԹԱ.— Մնաս բարյավ․․․ սպասիր․․․ քաջ կաց․․․ դեհ, ժպտա, հպարտ կանգնիր… այդպես… մնաք բարյավ (Անհայտանում է):

ԱՆՏՈՆ.— Գնաս բարյավ․․․ (Համբուրում է կարմիր խաչը):