Ինչ լայնեղ է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդավոր միանձնուհի Ինչ լայնեղ է

Մուրացան

Չհաս է
[ 7 ]

Ա

Իմ խոսքն այժմ երկրորդ իշխանուհու մասին է, բայց ոչ շինծու կամ կարկատած, այլ բուն ազնվատոհմ իշխանուհու որի պապերը մի օր նշանավոր մարդիկ էին, համբավ ու կշիռ ունեին և իրենց մեծ խելքով ժողովրդի բախտն էին կառավարում։

Բայց այդ մարդիկը մեռան և իրենց խելքի և հոգվո մեծությունն էլ իրենց հետ գերեզման տարին, թողնելով իրենց ժառանգներին միայն նյութական հարստություն և ա զ ն վ ա կ ա ն կոչվելու անբռնաբարելի իրավունքը։

Իսկ ժառանգներն ի՞նչ արին։— Իհարկե այն, ինչ որ բնական էր։ Նրանք իրենց համար նոր փառք և անուն ստեղծելու հետամուտ չեղան, որովհետև այդ նեղությունը կրել էին արդեն իրենց նախնիքը։ Նրանցից մի քանիսը, որոնք դեռ մեծարում էին պետական պաշտոնավարությունը, հետամուտ եղան նրան, և ի շնորհս հին բարեկամական կապերի և ոչ սեփական արժանավորության, ձեռք բերին նրան, իսկ մյուսները նստեցին հայրենական ապարանքում և անհոգությամբ սկսան շռայլել ժառանգած հարստությունները:

Եվ որովհետև հարստությունը, ինչպես դուք էլ գիտեք, դիմացկուն ապրանք չէ, այդ պատճառավ Ագապյան տան խնջույքները, պարահանդեսները և այլ իշխանական հարկիքները կես դար միայն կանոնավոր գոյություն ունեցան` սպառելով միևնույն ժամանակ այդ տան թե՛ անշարժ և թե' շարժական հարստությունները։ [ 8 ] Ինչ վերաբերում է այն միջոցին, որտեղից սկսվում է իմ պատմությունը, այդ իշխանական ազնվատոհմին մնացել էին միայն փառավոր անցյալի ավերակները։— Մի ոչ շատ շքեղ տուն, որ յուր արժեքից ավելի ծանրաբեռնված էր պարտքերով, մի քանի սենյակների սարք ու կարգ, որոնք հին իշխանական պաճուճանքների մնացորդներ էին, մի ահագին խոհանոց՝ յուր հին խոհարարական անոթներով, որոնց շատ փոքր մասն էր այժմ գործածության մեջ, մի ծերուկ սպասավոր և մի պառավ սպասուհի, որոնք շատ դժգոհ էին ներկայից, բայց անցյալը հիշելով մխիթարվում էին, և վերջապես մի դատարկ իշխպնական տիտղոս և նրա հետ էլ հոգևարք ազնվականության հատուկ մի մեծամտություն, ահա բոլորը, ինչ որ մնացել էր Ագապյան փառավոր ազգատոհմից նրա վերջին ժառանգներին։ Իշխան Լևոնը, որ այս վերջինների մեջ միակ արու զավակն էր ապրում էր դեռ մի քսան տարի սրանից առաջ։ Չնայելով, որ նա ազնվական էր և արդեն պետական պաշտոնակալ, այսուամենայնիվ նա համաձայնվեցավ ամուսնանալ մի ապատոհմիկ աղջկա հետ, որը հայտնի էր քաղաքում միայն յուր եղբոր շնորհիվ։ Գևորգ Սիմբրյանը (այս էր իշխանուհու եղբոր անունը) յուր ժամանակակիցների մեջ հայտնի էր յուր հանդուգն ձեռնարկություններով, որոնք գրեթե միշտ հաջողվում էին նրան։ Նա այն մարզիկներից մինն էր, որոնք հասարակական շահուց նախանձախնդրության պատրվակով, անձնական շահերը պաշտպանելով դյուրին ճանապարհը գտին։ Այս պատճառով և Գևորգ Սիմբրյանին կարելի էր պատահել բոլոր այն շրջաններում, ուր որ խոսք էր լինում հասարակական խնդիրների կամ պաշտոնավարությանց վերա։ Շատ անգամ նա ինքնակոչ խնամակալ կամ փաստաբան էր հանդիսանում հասարակության այս և այն դասի շահերին և այդ նպատակով կատաղի կռիվներ մղում յուր հակառակորդների հետ, մինչև որ վերջապես խլում էր նրանցից իրեն հասանելի արդար բաժինը։ Եթե պատահեր, որ նրա հակառակորդը մի զորեղ անձնավորություն լիներ, որին հաղթահարելու համար չբավականանային լեզուն ու ձայնը, նա կարող էր հազար [ 9 ] և մի ինտրիգաներ ստեղծել և քաղաքի սինլքոր խուժանը ոտքի հանել այդ հակառակորդի դեմ, իսկ հարկավոր դեպքում մինչև անգամ կործանել տալ այդ հակառակորդի տունը, առանց մազաչափ խղճահարվելու։ Գևորգ Սիմբրյանի վրեժխնդրությունից չէին ազատվիլ նույնիսկ մեռելները, եթե նրանք այս անցավոր աշխարհից հրաժեշտ տալու ժամանակ մոռացած լինեին իրենց ունեցածից մի բան նրան թողնելու Սիմբրյանը կարող էր քանդել նույնիսկ նրանց կտակները և յուր ցանկացած բաժինը հափշտակել—մի գործ, որ բարեկիրթ ժողովուրդների մեջ գարշելի սըբապղծություն է համարվում, իսկ հայերի մոտ Սիմբրյանների շահատակության մրցանակ։

Ահա՛ այսքան զորեղ մարդ էր Գևորգ Սիմբրյանը և չընայելով որ նա ազնվական չէր, այսուամենայնիվ Ագապյան իշխանը բարեհաճեց նրա քրոջ ձեռքը խնդրելու, որովհետև շատ մեծ համարում ուներ նրա վերա և ստացավ առանց դժվարությունների։

Բայց իշխանուհի Դարիան եղբոր չափ բախտավոր չէր։ Յուր ամուսնության ութերորդ տարին դեռ չլրացած իշխան Լևոնը վախճանվեցավ, թողնելով նրան անմխիթար այրի և զավակները դեռահաս որբ։

Այդ որբուկների մեջ նշանավոր էր յուր գեղեցկությամբ անդրանիկ աղջիկը՝ Ամալիան, որին ժողովուրդն առաջին անգամ տեսավ իշխանի հուղարկավորության ժամանակ։ Այդ ժամանակ նա մի յոթնամյա աղջիկ էր, որ հոր դագաղից քարշ ընկած դառնապես ողբում էր նրան։ Տեսավ ժողովուդն այդ ադջկանը և հիացավ։ Դա մի կատարյալ հրեշտակ էր,որ խոստանում էր ժամանակի ամենալավ հոգեհան լինելու…

Չնայելով, որ իշխանուհին ուրիշ զավակներ էլ ուներ, այսուամենայնիվ նա յուր բոլոր խանդն ու գորովն ամփոփեց այդ անդրանիկ դստեր մեջ։ Յուր ամուսնու մահվանից հետո Ամալիան նրա միակ մխիթարությունն էր։

Բայց իշխանուհու եղբայրը թույլ չտվավ, որ յուր քույրը լոկ անձնական հաճության համար պահեր տան մեջ յուր աղջկան։ [ 10 ] - Ամալիան մեծանում է, նրան պետք է ուսում և կրթություն — վճռեց հոգատար մորեղբայրը և իշխանուհի օրիորդին հանձնեc օրիորդաց գիշերօթիկ վարժարանին։

Այնուհետև ի՞նչ էր անում այդտեղ Ագապյան գեղեցկուհին, ոչ ոք հաստատը չգիտեր, միայն թե վարժապետ և Վարժուհի՝ բոլորն էլ միաբերան գովում էին նրա գերբնական ընդունակությունները, որոնք, նրանց ասելով, մրցում էին օրիորդի մեջ նրա արտաքին գեղեցկության հետ։ Այն գովությունները, որոնք մեծ մասամբ շռայլվում էին իշխանուհու տանը, և այն սուրճի կամ շոկոլադի վերա, կատարելապես գոհացնում էին իշխանուհու յուր դստեր վերաբերությամբ ունեցած հետաքրքրությունը։ Շատ քիչ էր պատահում, որ նա ինքը անձամբ այցելեր վարժարանը և ստուգեր յուր լսածները։ Բարոյականի վերաբերությամբ մանավանդ խոսք լինել չէր կարող, որովհետև օրիորդական գիշերօթիկը հռչակված էր այդ կողմից յուր խստությամբ։ Այդպես էին ասում գոնե այդտեղի դաստիարակչուհիները։ Իշխանուհուն անհանգստացնողը միայն ուսման տարիներն էին, որոնք շատ ծանր էին հոլովվում։

Բայց ինչո՞ւ համար էր նա շտապում, կհարցնեք դուք։— Դրա պատճառները շատ էին։ Լինել իշխանուհի և ունենալ մի գեղեցիկ աղջիկ, մի աղջիկ, որի աչքերը կարողանային խելագարացնել երիտասարդներին, դա մի գանձ է։ Բայց շատ քիշ մայրեր կան, որոնք կարողանում են օգտվիլ աստվածատուր պարգևից: Իսկ իշխանուհի Դարիան, որ ապատոհմիկ կանանց խորամանկության հետ միասին ուներ և իշխանական կոչման դյուրությունները, գիտեր, թե յուր տան համար ո՞րպիսի երջանկության հիմնաքար պիտի պատրաստեր Ամալիան։

երբ նա տասնութամյա հասակում թողներ վարժարանը, հարկավ պիտի երևար ժողովրդյանը յուր հրեշտակային գեղեցկությամբ՝ զարդարված հոգեկան և մտավոր հարստություններով։ Քաղաքի զբոսարանները, ակումբները, թատրոնները, պարահանդեսները, որոնք մինչ այն երևան չէին հանել մի ճշմարիտ գեղեցկություն, վերջապես կտեսնեին նրան իրենց մեջ, ինչպես մի լուսավոր աստղ, որ փայլփլում [ 11 ] է խավար հորիզոնի վերա, և հարուստ փեսացուները, որոնք լապտերներով գեղեցկուհիներ էին փնտրում, խելագարված գրոհ կտային նրա ետևից դեպի Ագապյան ապարանքը… Իսկ այնուհետև ո՜րքան նոր ծանոթություններ, ո՜րքան պատիվներ, ո՜րքան ընծաներ կշրջապատեն տիկին իշխանուհուն և ո՜րքան ստրուկներ կվխտային նրա ոտքերի մոտ՝ գեղեցիկ Ամալիայի ձեռքը խնդրելու համար…

Բայց իշխանուհին, իհարկե, շուտ չի գրավվիլ, նա խելք ունի․ նա կուսումնասիրե բոլորին, կշոշափե հարյուրավոր սրտեր և նույնչափ գրպաններ, և երբ կգտնե մի մարդ (գեներալ լինի նա թե իշխանազն), որ յուր հրաշալի դստեր ըստ ամենայնի արժանի լինելուց զատ, կարող կլինի նաև յուր իշխանական տան վաղեմի նիստ ու կացը նորոգել, նա կտա նրան Ամալիայի ձեռքը և ընդնմին յուր անձնական պահանջների մի համեստ ցուցակ…

Ահա սրանք էին իշխանուհի Դարիայի երազները, յուր անդրանիկ դստեր վերաբերությամբ և սրա համար էր, որ օրիորդի ուսման տարիները նրան շատ երկար էին թվում։ Հակառակ կամ դժբախտ դեպքերի մասին իշխանուհին չէր սիրում մտածել, և ճշմարիտը խոստովանած, շատ լավ էր անում, որովհետև դժբախտություններն իրենց այցելած ժամանակ արդեն մտատանջության համար բավական նյութ են բերում. ի՞նչ անմտություն է, ուրեմն, նրանց երևան գալուց առաջ տխուր մտածմունքներով զբաղվիլ։

Բայց թողնենք իշխանուհուն յուր երազների հետ։

Բ

Մի քանի խոսք պարոն Արսեն Մաշտոցյանի մասին։

Ժամանակակից երիտասարդների մեջ նա աչքի ընկնող մի անձնավորություն էր, օժտված այն ամեն բարեմասնություններով, որոնք երիտասարդ մարդու անվանը թե՛ պատիվ և թե' փառք են բերում։

Այսպես, օրինակ, մտավոր կողմից նա բավական զարգացած էր, որովհետև ավարտել էր գիմնազիական կուրսը [ 12 ] և ըստ պատշաճին պարապել ֆրանսիական լեզվի ուսումնասիրությամբ։ Նյութականի կողմից նախանձելի վիճակ ուներ, որովհետև քաղաքի ամենահարուստ ւվաճառականներից մեկի որդին էր. և չնայեւով, որ յուր հայրը մի առատասիրտ մարդ չէր, այսուամենայնիվ յուր երիտասարդական ձգտումները երբեք չէին սահմանափակվում։ Ֆիզիկական կազմությանը գալով, այդ կողմից էլ նա հարուստ էր. բարձր հասակ, լայն թիկունք, վայելուչ իրան, գեղեցիկ դեմք, գրավիչ աչքեր, և այս բոլորի հետ միասին կազմվածքի ընդհանուր առողջություն։

Ահա՛ ձեզ երիտասարդ Մաշտոցյանը, որին, իհարկե ամեն մի լավ ընտանիք կցանկանար իրեն փեսա ունենալ։

Բայց Արսենի հայրը մտադիր չէր նրան շուտով ամուսնացնելու.— «Առաջ մարդ եղիր, հետո ամուսին»— ասում էր ծերուկ Մաշտոցյանը, հավատացած լինելով, որ միայն վաճառական լինելուց հետո երիտասարդն իրավունք ունի «մարդ» անվանել իրեն։ Այս պատճառով և Արսենը ստիպված էր գիմնազիոնը թողնելուն պես յուր հոր խանութը տեղափոխվիլ առևտրական անհուն գիտությանը հասու լինելու համար։

Այդ խանութը, որ գտնվում էր Սիոնի փողոցի խոնավ քարվանսարաներից մինում, բնավ վատ ազդեցություն չարավ երիտասարդ ուսանողի վերա, որովհետև նա ինքն յուր մեջ հակումն էր զգում դեպի յուր համար նախասահմանյալ կոչումը։ Սկզբներում նա միայն խանութի տետրակներն էր թերթում, որոնք մի փոքր նմանություն ունեին իր մաթեմատիկական դասատետրերի հետ, հետո սկսավ հաճախորդների (մուշտարիների) ել ու մուտքը քննել և նրանց հետ խոսալու դժվար քերականությունը ուսումնասիրել, իսկ մի քանի ամսից ետ նա այնպես լավ ծանոթացավ իրեն շրջապատող աշխարհի և նրա մեջ գործող հերոսների հետ, և այնքան հմտություն ցույց տվավ իրեն հանձնված մի քանի գործերում, որ նրա հայրը վստահությամբ յուր գործերը հանձնեց նրան և հեռացավ, իրեն վերապահելով երբեմնապես որդուն խրատելու և հարկավոր ժամանակ գործակատարներին հայհոյելու սրբազան իրավունքը։ [ 13 ] Ինչ վերաբերում է Մաշտոցյանի բնավորությանը, նա վատ չէր. յուր գիտցած տեղում համեստ, մի-մի գործերում առատաձեռն, բարեկամների հետ բարեսիրտ, ընկերական գործերում հաշվով, հասարակաց շահերին երբեմն նախանձախնդիր, միով բանիվ մի լավ գործնական հայ։ Միակ նրա պակասությունն այն էր, որ դեպի յուր թշնամին խիստ էր և անողոք. և թեպետ յուր այդ խստությունը նա քողավորում էր արտաքուստ, այսուամենայնիվ ոչ մի վիրավորանք նա չէր մոռանում առանց վրեժխնդրության։ Նա սիրում էը պատժել, բայց չէր սիրում երևալ իբրև պատմող. այդ պատճառավ նրա թշնամիներից շատերը կրում էին իրենց հանցանքի պատիժը շատ անգամ առանց գիտենալու, թե որտեղից է հասնում նրանց այդ չարիքը։ Այդպիսի վարմանց պատճառը դարձյալ գործնականությունն էր, որ չափից դուրս զարգացած էր երիտասարդ Մաշտոցյանի մեջ։ Նա չէր ցանկանում, որ իրենից դժգոհ մնան մինչև անդամ թշնամիները…

Գ


Գարնանային մի գեղեցիկ օր, երբ առհասարակ քաղաքի փափկասուն կանայք դուրս են գալիս սալարկների վերա զբոսնելու, իսկ ավելի բարեպաշտները քարշ են գալիս սուրբ Դավիթի զառիվայրերի վերա կամ Դիդուբայի ճանապարհներում, պարոն Արսեն Մաշտոցյանը գտնվում էր Մթածմինդայի բարձրանիստ թաղի մեջ։ Նա հոր հրամանավ գնացել էր այնտեղ իրենց պարտապան մի վրացի իշխանից փող պահանջելու։ (Այդ ժամանակ Արսենը դեռ նոր էր տեղափոխվել հոր խանութը և այնտեղ տակավին գործակատարի պաշտոն էր վարում)։ Իշխանական տնից, ինչպես սպասելի էր, ձեռնունայն վերադառնալով, նա ցանկացավ բորբոսնած քարվանսարան գնալուց առաջ՝ օգտվել մի փոքր գարնանային հովաշունչ եղանակից։ Ուստի յուր ճանապարհը երկարելու համար նա քայլերն ուղղեց դեպի սուրբ Դավթի բարձրավանդակը, որի զառիվայրերի վրայով այդ միջոցին [ 14 ] բարձրանում և իջնում էին բազմաթիվ կանայք և աղջկունք, ոմանք զույգ-զույգ, այլք խմբովին, շատերը թևի թև և այլն ըստ կարգին։ Նրանցից մի քանիսը, իսկապես, ուխտ էին գնում սուրբ Դավթին, որը յուր փայլուն գմբեթով բազմած էր Մթա-Ծմինդայի կրծքի վերա. ոմանք ուխտից վերադառնում էին, բայց շատերը միայն այդ պատրվակով դուրս էին եկել նրա հովահար դարևանդների վերա զբոսնելու։ Արսենը կարևոր համարեց մի երկու քառորդ թափառել այդ ուխտագնացների մեջ, քննել սիրուն աղջիկների և կամ հարսների անցուդարձը, կարդալ նրանց մերթ անմեղ և մերթ խորհրդավոր հայացքներր և լսել մինչև անգամ դեդաների բամբասանքներից մի քանի բան, որոնք եթե չհետաքրքրեին նրան, գոնե կզվարճացնեին։ Նա գնաց, բարձրացավ, բայց շուտով նկատեց, որ իրենից զատ ոչ մի տղամարդ չէր երևում ուխտագնացների կամ զբոսնողների մեջ և բոլոր անցնողները գրեթե յուր վերա էին նայում և խմբովին ծիծաղում և կամ յուր մասին դեպի իրան նշաններ ու ակնարկություններ անում։

Երիտասարդը խիստ դժգոհ մնաց յուր որոշումից և սկսավ կամաց-կամաց վայր իջնել դեպի մեծ փողոցը։ Այդտեղ գալու համար նա անցնում էր Օրիորդական վարժարանի մոտով, որի նախադռան առաջ այդ միջոցին կանգնած էին բազմաթիվ կառքեր, բոլորն էլ ծածկված, չնայելով, որ ո՛չ անձրևային էր օրը և ո՛չ տոթագին։ Հենց որ նա հասավ կառքերի մոտ, վարժարանից սկսան դուրս թափվիլ նրա բազմաթիվ սանուհիները և խռնվիլ կառքերի շուրջը։ Շուտով երևեցավ և վերակացուհին, որ սկսավ չորս֊չորս տեղավորել նրանց կառքերի մեջ, հաստ աղջիկներին զգուշությամբ բարակների հետ կցորդելով, որպեսզի կառքերի մեջ բոլորն էլ հավասար հանգստություն վայելեն։ Տեսարանը Արսենին հաճելի թվաց. նա կանգնեց կառքի մոտ և սկսավ վանդակի սիրուն թռչնիկները զննել։ Բարեբախտաբար այդ նրան չարգիլեցին։ Երբ բոլոր սանուհիները տեղավորվեցան կառքերի մեջ, վերակացուհին անհանգստությամբ բացականչեց. «Մեկը պակասում է…»։

— «Այդ ես եմ, իսկո՛ւյն…»,— լսվեցավ ներսից մի անուշ [ 15 ] ձայն և նախադռան մեջ երևեցավ հրեշտակային գեղեցկությամբ մի տասնևհնգամյա աղջիկ, որը յուր կրակոտ աչքերը առաջին անգամ ուղղեց կառքերի մոտ կանգնած երիտասարդի վերա։ Նրա թափանցող հայացքից Արսենը այլայլվեցավ. յուր կյանքի մեջ նա առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի գերբնական գեղեցկություն։ Բայց հազիվ թե նա ժողովեց յուր քաջությունը կրկին անգամ յուր հանդիպակաց գեղեցկուհուն դիտելու, երբ վերակացուհու անհաճո ձայնը լսվեցավ. «Օրիո՛րդ, դուք միշտ ուշանում եք»։ Գեղեցիկ աղջիկը այծյամի արագությամբ իջավ նախադռան սանդուղքից և բարձրացավ կառքի վերա։ Կառաշարը իսկույն ճանապարհ ընկավ։

Երիտասարդը կանգնած տեղը արձանացած՝ երկար ժամանակ նայում էր հեռացող կառքերին և երբ նրանք անհետացան յուր աչքից, այն ժամանակ միայն ինքն իրեն հարցրեց. «Ինչո՞ւ մի անգամ էլ չտեսնել նրան…»,— և այս ասելով սկսավ շտապեցնել քայլերը կառքերին հասնելու համար։ Բայց հազիվ թե մի քսան քայլ փոխեց, երբ հանկարծ հասկացավ այն դժվարիմանալի ճշմարտությունը, որ ինքը չէր կարող ոտքով սլացող կառքերի ետևից հասնել։ Ուստի առաջին պատահած կառքի վերա թռչելով— «քեզ մի կլոր մանեթ, եթե այստեղից անցնող կառախմբին կհասնես»,— ասաց նա կառապանին և վերջինս այնպիսի ոգևորությամբ մտրակեց ձիաներին, որ կառքի հանկարծական շառաչյունը դղրդեց ամբողջ փողոցը։ Մի քանի րոպեից ետ երիտասարդ Մաշտոցյանի սրարշավ կառքը հասավ սանուհիների կառախմբին և սկսավ յուր չափավոր ընթացքով հետևել նրան։

Փառավոր շինություններից մեկի մոտ կառախումբը կանգնեց։ Սա այրի իշխանուհիներից մեկի ապարանքն էր, ուր այդ օրը վարժարանի սանուհիները հրավիրված էին։ Արսենն այս տեսնելով ցած իջավ կառքից և շտապավ հանդիպակաց մուտքի մոտ կանգնեց, որի առջևից սանուհիները պիտի անցնեին իշխանուհու տունը մտնելու համար։ նա սկսավ բոլորին դիտել, բայց ոչ մինը յուր տեսած գեղեցկուհու նման չէր. մի վայրկյան նա կամեցավ հուսահատվիր կարծելով, որ գեղեցկուհին արդեն ներս է մտել։ Բայց նա սխալվում [ 16 ] էր: Գեղեցկուհին դեռ կառքից չէր իջել, նա եկավ, բայց էլի ամենից վերջը։ Արսենը տեսավ նրան և սկսավ մեծ-մեծ աչքերով նայել նրա վերա, կարծես կամենալով հենց այդ աչքերով էլ կլանել նրան։ Սիրուն սանուհին դարձյալ նայեց իրեն դիտող երիտասարդի վերա, բայց այս անգամ զարմացած աչքերով, որոնք կարծես տարակուսում էին հավատալ թե սա ա՞յն երիտասարդն է, որին մի քանի րոպե առաջ տեսել էին վարժարանի մոտ։ Վերջապես գեղեցկուհին էլ ներս մտավ և պարոն Արսեն Մաշտոցյանն այլևս հույս չունենալով նորից նրան տեսնելու, գլուխը քաշ գցած ետ դարձավ դեպի յուր հոր ամենասիրելի բնակավայրը -բազմախոռոչ քարվանսարան։

Ծերուկ Մաշտոցյանը դժգոհ յուր որդու դատարկաձեռն առաքելությունից և մանավանդ նրա ուշանալուց, մի քանի նախատական խոսքերով պատվեց նրան, բայց վերջինս ուշադրություն անգամ չդարձրեց հոր նկատողություններին։ Նրա խելքն ու միտքը զբաղված էին յուր տեսած գեղանիով։ Ո՞վ էր նա, ո՞ւմ աղջիկն էր, ո՞րտեղ կարելի էր տեսնել նրանց կամ ծանոթանալ նրա հետ, այս հարցերը մեծ մտատանջություն էին պատճառում երիտասարդին։ Այդ օրը նա մինչև անգամ շատ քիչ ճաշեց և մնացած ժամերն անցկացրեց լռիկ մտախոհությամբ։

Հետևյալ օրը նա կրկին գնաց վարժարանի փողոցը՝ պտտեց նրա շուրջը մի քանի անգամ, նայեց նրա կիսածածկ պատուհաններին, կանգնեց նախադռան մոտ, կրկին ետ եկավ, կրկին պտտեց, բայց յուր գեղեցկուհուն ոչ մի տեղ նշմարել չկարողացավ։ Վերջապես նա մոտեցավ ծերուկ դռնապանին, որը սանդուղքների վերա նստած ծխում էր և հարցրեց.

— Չգիտե՞ք արդյոք, ո՞վ էր այն աղջիկը, որ երեկ իշխանուհու տունը գնալու ժամանակ ամենից վերջը դուրս եկավ այստեղից։

- Նրանք բոլորն էլ միասին դուրս գնացին,— պատասխանեց պահապանը,— ոչ ոք այնտեղ իրավունք չունի միայնակ դուրս գնալու։ [ 17 ] — Ո՛չ, դուք ինձ չհասկացաք, ես այն աղջիկն եմ ասում» որ ամենից գեղեցիկն էր։

— Այստեղ բոլորն էլ գեղեցիկ են,— նկատեց դռնապանն առանց գլուխը բարձրացնելու։

— Ուրեմն, դուք նրանց միմյանցից չեք զանազանում:

— Իհարկե ոչ, դա իմ ի՞նչ գործն է։

— Կնշանակե դուք այստեղ ոչ ոքին չեք ճանաչում։

— Իհարկե ոչ, սատանան ճանաչի նրանց։ ես միայն դռնապան եմ և ուրիշ ոչինչ։

Երիտասարդը տեսավ, որ յուր ցանկացած մարդուն չէր հանդիպել և յուր հետազոտությունն ապարդյուն է անցնում, ուստի ցած իջավ նախադռան սանդուղքներից, մի քանի անգամ էլ նայեց վարժարանի կիսածածկ պատուհաններին, դիտեց ներսից երևացող աղջկերանց գլուխները, նայեց աջ ու ձախ և ապա ոչ մի շահավոր եզրակացության չդգալով` գլխիկոր վերադարձավ տուն։

Այնուհետև նա դարձյալ մի քանի անգամ զբոսանքի գնաց այդ կողմերը, զանազան հնարներ գործ գրավ յուր անծանոթ գեղեցկուհուն կրկին անգամ տեսնելու, կամ գոնե նրա ազգանունն իմանալու, բայց իզուր. այդ բանը նրան չհաջողվեցավ և երիտասարդը վերջ ի վերջո վճռեց այլևս չմտածել յուր գեղեցկուհու մասին։

Դ

Այս անցքից հետո անցան երեք երկար տարիներ։ Երի- տասարդ Մաշտոցյանը այդ բոլոր ժամանակում հոգվով և մարմնով նվիրվեցավ հոր գործին։ Առաջին տարում արդեն նա տիրապետել էր նրան և յուր աչալուրջ ու հմուտ գործավարությամբ արժանացել էր հոր վստահությանը, այդ պատճառավ և վերջինս, ինչպես առաջ էլ հիշեցի, հոժարությամբ տեղի տվավ յուր առույգ և երիտասրադ որդուն, հանձնելով նրան յուր բոլոր գործերր, յուր գույքն ու պարտքը, և յուր առևտրական տան հոգսերը։

Այնուհետև երիտնյսարդ որդու համար բացվում էր գործունեության [ 18 ] լայն և ընդարձակ ասպարեզ. իհարկե, ո՛չ փշալից ու տատասկոտ, որպիսիների մեջ գործում են առհասարակ դժբախտ գրագետները, հեղինակները, մանավանդ խմբագիրները, այլ մի ասպարեզ, ուր առանց ցանելու բուսնում է վարդը, ուր առանց քաջագործությունների հնձում են դափնիներ… Սինքլոր խուժանը սիրում է ա՛յն աստծուն, որի հրաշքները աչքով տեսնում է. իսկ ոսկին, որ բուսնում է այդ ասպարեզի վերա, ամենից շատ է հրաշքներ գործում։ Ահա թե ինչու հարուստների փառքը աճում է ժամերով։

Կարճ ժամանակի մեջ Արսեն Մաշտոցյանի անունը ընդհանրացավ. նրա գործերը գնալով մեծ ծավալ էին ստանում, քաղաքի մեջ արդեն կրկնապատկվում էին նրա խանութները, և Մաշտոցյան տան ֆիրման, որ մինչև այն միայն Մոսկվայի հետ ուներ հարաբերություն, այժմ հաստատում էր յուր սեփական տան բաժանմունքները և' Վիեննայում, և՛ Պարիզում, և՛ Մանչեստրում, և՛ Մարսելում։

Երիտասարդ վաճառականի դրամական ուժը գնալով բազմապատկվում էր, որովհետև նրա բոլոր ձեռնարկություններն էլ հաջողվում էին։ Մյուս կողմից էլ ժամանակի արդյունավոր դրությունը նպաստում էր նրա շահերին։ Մի քանի հայտնի գործերի մեջ նշանավոր օգուտներ գանձելով, Արսեն Մաշտոցյանը ժողովրդյան բերանը անցավ. և չնայելով, որ նա խիստ խորհրդապահ էր և յուր նյութական կարողության վերաբերությամբ ոչինչ չէր խոսում նույնիսկ յուր ամենամտերիմ բարեկամների հետ և մինչև անգամ յուր հաշվապահները մի որոշ գաղափար չունեին նրա հարստության մասին, այսուամենայնիվ ժողովուրդը պարոն Մաշտոցյանին կես-միլիոնատեր էր ճանաչում, մի հարստություն, որ Կովկասի մեջ պատկառելի է համարվում, չնայելով, որ մի եվրոպացի դերասանուհի առանց քաշվելու կարող էր ծիծաղել նրա վերա։

Այսպիսի մի համ բավ ստանալուց հետո, հարկ չկա ասել, որ մեր երիտասարդ կես-միլիոնատերը պիտի պաշարվեր բազմաթիվ անկոչ բարեկամներով։ Ամեն տեղ նրան գլուխ են տալիս, ամեն տեղ մեծարում են, ամեն տեղից հրավիրում են, հասարակական (ձրիավար) պաշտոններ են առաջարկում և այլ բազմաթիվ փառք ու պատիվներ են ընծայաբերում: [ 19 ] Բայց ինքը` պարոն Մաշտոցյանը` շատ ուրախ չէր այդ պատիվները ստանալով, որովհետև այդ բոլոր ոչնչությունների համար նա ստիպված էր փող վճարել։ Հոգնեցնում էին նրան մանավանդ բարձրաստիճան պաշտոնակալների մտերմական գրությունները, որոնք անընդհատ նրա քաջառողջության մասին տեղեկություններ էին հարցնում, իսկ ստորագրությունից առաջ կամ Հ. Գ.-ից ետ փող պահանջում երկու օրով կամ շատ-շատ մի շաբաթով—պայմանաժամ, որ երբեք չէր լրանում…

Շատ անգամ պարոն Մաշտոցյանը զայրանում էր ինքն յուր վերա, որ մի դատարկ փառասիրության շնորհիվ կապվել էր այդ բյուրոկրատ մարդիկների հետ, որոնք իրենց անխիղճ պահանջներով հանգստություն չէին տալիս իրեն, բայց երբեմրն էլ մխիթարվում էր, երբ նրանց աջակցությամբ խլում էր յուր մի զորեղ հակառակորդներից մի օգտավետ կապալ կամ մի պատվաբեր հանձնարարական։

Առևտրական տեսակետից նայելով գործին, հարկ չկա ասել, որ Մաշտոցյանը վնաս չէր անում այդ զոհաբերությունների մեջ. ըստ որում, մեկի փոխարեն ստանում էր հինգ կամ տասն, մանավանդ պարտավորված աստիճանավորը միշտ երախտահատույց է լինում երկյուղը միայն ապագայի մասին էր` այսինքն երբ այսօրվա աստիճանավորը վաղը պաշտոնաթող լինելով կշարունակեր ձանձրացնել իրեն, առանց փոխարինել կարողանալու:

Բայց ինչևէ, այս բոլոր կողմնակի հաշիվներն ի մի գումար առած, դարձյալ տարվա վերջում Մաշտոցյանի զեն և շահու կշիռը չէին ծանրացնում. հաջողակ առևտրի օգուտը ծածկում էր ընդհանուր Ծախուց մեծությունը և Դրամագլխի գումարը հաստանում էր օրեցօր։

Այսպիսի հաջողակ հանգամանքներում առհասարակ զարթում է երիտասարդների մեջ ամուսնանալու ցանկությունը, թեպետ նա ձախորդության ժամանակ էլ քնած չէ լինում երիտասարդների սրտերում, այս պատճառով և պարոն Արսեն Մաշտոցյանը վերջին ժամանակները սկսել էր ողորմածաբար ականջ դնել յուր մերձավորների խրատին, որով նրրանք ստիպում էին նրան ամուսնանալ։ Երիտասարդի «հոգին [ 20 ] hոժար էր, մարմինն էլ տկար չէր», բայց խնդիրը նրանում էր, թե ի՛նչ աղջիկ պիտի ուզեր, որովհետև ամբողջ Թիֆլիսը յուր բոլոր արտադրություններով չէր կարողանում գրավել մեր հարուստ փեսայացուի սիրտը։

Ե

Աշուն էր․ խոնավ և մառախլապատ երեկո։ Մի կողմից տեղում էր անձրևը և մյուս կողմից փչում էր քամին և ողողում անցորդներին ոտից մինչև գլուխ։ Քաղաքի փողոցները հետզհետե դատարկվում էին, և խանութները սկսում էին խավարվել։ Ասպարեզը մնացել էր անհամբեր կառքերին, որոնք սրարշավ թռչում էին աջ և ձախ, մեկ փողոցից դեպի մյուսը, տանելով իրենց մեջ հազար և մի տեսակ արդար ու մեղավոր արարածներ…

Բայց չնայելով եղանակի վատթարությանը, քաղաքային ակումբը տալիս էր այդ երեկո յուր ձմեռային բնակարանի առաջին պարահանդեսը, որի չար բախտից խառնվել էին տարերքը։ Ամբողջ փողոցի վերա միայն այդ ժողովարանի տունն էր, որ յուր ներսում կենդանություն էր ցույց տալիս։

Երկու գազեղեն ղամբարները լուսավորում էին նրա ընդարձակ մուտքը, որի առաջ հետզհետե գալիս խռնվում էին բազմաթիվ կառքեր, բերելով իրենց հետ ակումբների պատվելի անդամներին, անդամուհիներին, պարահանդեսի ասպետներին և նրանց ազնվազարմ տիրուհիներին։ Ակումբի նախագավթի մեջ տիրում էր մեծ իրարանցում: Օրիորդները ու տիկինները արդեն սկսել էին հոգնեցնել սպասավորներին, վերջինները զբաղված էին գլխավորապես նրանց բազմազան վերնազգեստների, շալերի ու փողպատների՝ կախարանների վերա տեղավորելովը։ Երիտասարդ ասպետներն իրենց կողմից չարչարում էին միայն նախագավթի մեծ հայելին և նրա առաջ դրած սանդրերն ու խոզանակները։ Շտապով և գրեթե միմյանց թևակոխելով՝ նրանք սանրվում ու կոկվում էին, ցավելով միևնույն ժամանակ, որ ակումբի վարչությունը մոռացել էր [ 21 ] նախագավթի մեջ մի արդուկ (ութո) էլ հոգալու իրենց մազերն ըստ պատշաճին արդելու համար։

Եվ այսպես, ամենից առաջ պատրաստվողները միմյանց ետևից շտապում էին դեպի վեր, բայց այնպիսի անհանգստությամբ, որ կարծես իրենցից առաջ անցնողները պարահանդեսը կերան, առանց իրենց վերա մտածելու։

Հանգիստ սրտնով էին մոտենում այդ պատրաստություններին միայն ծերունիները, կամ գոնե հիսունից ոչ պակաս աշուն տեսնողները։ Նրանք գիտեին, որ վերև իրենց սպասողներ չկան, և որ երաժշտությունն իրենց համար չպիտի նվագե։ Շատ-շատ իրենց հասակակիցներից մինը պիտի հրավիրեր նրանցից մինին յուր հետ նարդ խաղալու և մի ուրիշը թավազա պիտի աներ մյուսին Էֆենջյանցի մի պապիրոս կամ մի պտղունց քթախոտ։ Բայց թե ինչու՞ նրանք անպատճառ պարահանդես էին եկել, այդ դժվար է իմանալ. մարդիկ միշտ աշխատում են ապրել․ իսկ ապրողին չէ կարելի ստիպել, որ նա չզվարճանա։

Բոլորովին ուրիշ տեսարան էր ներկայացնում կանանց առանձնարանը։ Սա ավելի նման էր մի վարսավիրի (պարիկմախերի) խանութին, միայն այն զանազանությամբ, որ սա ավելի ճոխ էր զարդարված։ Սենյակի չորս պատերը բռնած էին ոսկեզօծ հայելիներ իրենց մարմարյա սեղաններով, որոնց վերա խառնիխուոն ընկած էին զանազան տեսակ սանդրեր, խոզանակներ և ապակյա տփիկներ, լի զանազան հոտավետ փոշիներով։ Իսկ մնացած պարապ անկյուններում շարված էին թավշյա բազմոցներ ու թիկնաթոռներ՝ պես-պես ոճով ու տարազով։ Տիկիններից մի քանիսը, որոնք դեռ նոր էին շնորհ բերել այդտեղ, կրծքերի գեղեցիկ ելևէջով հանգչում էին բազմոցների վերա, մի քանիսը կանգնած հայելիների առաջ զգուշությամբ ուղղում էին իրենց հագուստը, և նրանց վերայի զարդերը, ուրիշները կարգավորում էին գլխի հյուսակները, ծաղիկները և այլ պաճուճանքները։ Սակավաթիվ չէին և նրանք, որոնք մի ձեռքով բռնած պուդրայի փնջիկը, իսկ մյուսով փափուկ և սպիտակ ղենջակը, անընդհատ փորձում էին սպիտակացնելու իրենց դեմքի կամ պարանոցի այս կամ այն մասը, բարձրաձայն գանգատվելով, որ շուտ-շուտ քրտնելու [ 22 ] վատ սովորություն ունին, որին դժբախտաբար միայն օգնում էր անուշահոտ փոշին։

Համեստ օրիորդներից մի քանիսն էլ շուտ-շուտ դահլիճից վերադառնում էին այդտեղ, պատճառաբանելով, որ հյուրերի սակավության պատճառավ դահլիճը դեռ ցուրտ է, և ցանկանում էին մի քանի րոպե տաքանալ առանձնարանում, և այդ ժամանակ պատահմամբ նկատելով հայելու մեջ, որ իրենց զարդերի կամ գանգուրների ներդաշնակությունը խանգարված է, իսկույն ուղղում էին նրան և գոհ սրտով հեռանում, շարժելով միևնույն ժամանակ բազմոցների վերա հանգչող տիկնանց ծիծաղը, որոնք միևնույն ժամանակ սրտատրոփ սպասում էին, որ հայելիները զուգվողներից ազատվին և հերթը հասնե իրենց։

Վերջապես երաժշտությունը թնդաց և ամեն կողմ ցրված հյուրերը գունդագունդ հավաքվեցան ընդհանուր դահլիճը, որ լուսավորված էր բյուրեղյա երեք մեծամեծ ջահերով և բազմաթիվ կանթեղներով։ Շուտով ընկերները ընկերուհիները պտրտելու ելան, և ասպետները տիրուհիներին պատահեցին: Ջերմաջերմ ողջույններ, քաղցր զրույցներ, հաճոյախոսություններ և մանավանդ նորանոր ծանոթություններ, մի քանի րոպե երաժշտությունը մոռացվեցավ, չնայելով, որ նա անընդհատ որոտում էր։

— Ես վաղուց փափագում էի ծանոթանալ ձեզ հետ, оրիորդ, և այժմ օրհնում եմ այն առիթը, որ ինձ հասցնում է նպատակին…— հաճոյարար խոսում էր ասպետներից մինը:

— Այո՛, ես այդ գիտեի, շնորհակալ եմ,— ծեքծեքվելով և հակիրճ պատասխանում էր օրիորդը, և ականջ դնում ասպետի մյուս հաճոյախոսություններին։

— Տիկին, դուք հրաշալի եք այս երեկո, մի թե Աստղիկը ձեզ հանձներ յուր դերը,— քաղցր ժպիտով հարցնում էր գրագետներից մինը, հին վարժուհիներից մինին։

— Աստղիկն անձամբ ներկա է այստեղ,— hանձնապաստան կատակով պատասխանում էր տիկինը և շարունակում յուր դիցաբանական զրուցատրությունը։

— Պատիվ ունիմ ներկայացնելու ձեզ, օրիորդ, պարոն Սերովբե Նախլամազյանին, դոկտոր փիլիսոփայության մասնագետ [ 23 ] մանկավարժ և անհաշտ թշնամի բժշկականության…— մի առանձին հոգատարությամբ և բառերի կտրուկ շեշտահարությամբ ծանոթացնում էր կես համալսարանականի մեկը մի ամբողջ համալսարանականի՝ սևաչյա և բարձրահասակ մի աղջկա հետ, իսկ այս վերջինը քնքշբար հայտնում էր յուր գոհունակությունը այդ նոր ծանոթության համար։

Բայց մենք, իհարկե, բոլորի խոսակցություններից նմուշներ չպետք է բերենք։

Պարերն սկսվում էին։ Ասպետները շտապեցին աթոռների վերա վիճակ ձգելու և յուրաքանչյուրը՝ նրանցից մի զույգ իրեն և իր տիրուհուն հատկացնելով, կապեց նրանց միասին յուր սպիտակ թաշկինակով ապագա կադրիլի համար և ինքը պատրաստվեցավ նախերգանք վալսում շահատակելու։

Վալսը սկսվեցավ. սև ֆրակներն ու սպիտակ ձեռնոցները փաթաթվեցան ճկուն ու դյուրաթեք մեջքերին, նրբաստեղծ շրջազգեստներն իրենց փրփրադեզ քղանցքներով մտան ասպարեզ, ակումբի դահլիճը կերպարանափոխվեցավ, մարդ թև կին թիթեռներ դարձած սկսան ճախրել աջ ու ձախ։ Վալսը գնալով տաքանում էր, մարդիկ ոգևորվում էին, կանայք հիանում կամ բարկանում. բայց ընդհանրապես երևում էր, որ բոլորն էլ գոհ էին, թե՛ պարող և թե՛ նայող, բոլորի երեսին էլ փայլում էր հրճվանք, կարծես աշխարհում մի քանի րոպեի մեջ վշտերը չքացել էին։

Երկար շարունակվում էր վալսը, ասպետներից յուրաքանչյուրն արդեն հոգնեցրել էր մի քանի տիրուհիներ և ձեռնոցները ձգձգելով դեռ որոնում էր ուրիշները։

Բարեբախտաբար պարոն պարապետն ասպարեզը դատարկ գտնելով լռեցրեց երաժշտությունը և վերջ տվավ ծայրահեղ ոգևորություններին։

Մի փոքր ժամանակից ետ, երբ պարախումբը պատրաստվել էր արդեն առաջին կադրիլի համար և ճակատ առ ճակատ կանգնած սպասում էին պարապետի հրամանին, շտապավ ներս մտավ դահլիճը պարոն Գևորգ Սիմբրյանը, որի հետ ընթերցողները առաջին գլխում ծանոթացան, և սկսավ անհանգստությամբ չորս կողմը հածել յուր աչքերը։ Ըստ երևույթին նա պտրտում էր մեկին, բայց ո՞վ էր այդ մեկը, հայտնի չէր: [ 24 ] Երբ երաժշտությունը սկսավ յուր գործը, և պարողները փութացին միմյանց մեջ խառնվելու, պարոն Սիմբրյանը թթվեցրեց դեմքը և դուրս գնաց։ Նա ցանկացած յուր անձը չէր գտել դահլիճի մեջ։ Հենը այդ միջոցին երբ նա անցնում էր նախասենյակից, ակումբի շատախոս անդամներից մեկը զանազան բացականչություններով ողջունում էր սանդուղքներով բարձրացող յուր բարեկամներից մինին։ Սիմբրյանը հետաքրքրությամբ ետ նայեց դեպի սանդուղքները և տեսնելով պարոն Արսեն Մաշտոցյանին, որ ծիծաղադեմ բարձրանում էր դեպի վեր, շտապով խույս տվավ նախասենյակից։

— Քn տալոջ աղջիկը իմ գործը պիտի խանգարե, — կամացուկ շշնջաց նա յուր կնոջ ականջում, որը պարսկական ոճով կահավորված մի սենյակում ազատորեն ձգվել էր բազմարանի վերա և ուրախ—ուրախ խոսում էր մի քանի երիտասարդների հետ։

— Ի՞նչ է պատահել,— անհանգստությամբ հարցրեց Ռոզա Անդեևնան և խոսակիցները թողնելով, առանձնացավ ամուսնու հետ սենյակի անկյունը։

— Ամալիան դեռ չէ երևում, իսկ Մաշտոցյանը արդեն այստեղ է,— խորհրդավոր եղանակավ հայտարարեց Սիմբրյանլւ և աչքերը հարցական ձևով հառեց դեպի ամուսինը։

— Եվ ա՞յդ է Ամալիայի հանցանքը,— արհամարհական ժպիտով հարցրեց տիկինը։

— Իհարկե, և դու երևի դրան նշանակություն չես տալիս։

— Ի՞նչ նշանակություն պետք է տալ։

— Ա՛յն, որ գործը կարող չէ հաջողվիլ:

— Բայց ինչո՞ւ համար, ասա՛ խնդրեմ, մի՞թե քո շինելիք գործը այնքան խախուտ հիմք ունի, որ Ամալիայի ուշանալը կարող է նրան խանգարել։

— Ա՛յ կին, նա մինչև անգամ հիմք չունի, ես նոր եմ նրան հիմնարկում, հասկանո՞ւմ ես։

— Էհ, ուրե՞մն…

— Ուրեմն եթե նա ուշանա, Մաշտոցյանը կարող է դուրս գնալ, որովհետև ես նրան հազիվ այսօր համոզեցի մի քառորդ ժամ նվիրել այս գործին և այսպես բանը կդժվարանա։

— Օ՜ , հո՜, հո՜, շատ մեծ մարդ է. կարծես Ամալիային [ 25 ] փեսաներ են պակասում, — արհամարհանոք նկատեց տիկինը։

— Դու նրա համար ես այդպես խոսում, Ռոզա, որովհետև ապագայի մասին չես սիրում մտածել, և մանավանդ, որովհետև կին ես, — նեղացած խոսեց Սիմբրյանր։

— Երբեք էլ չէի ցանկալ մարդ լինիլ, — ընդհատեց տիկինը։

— Հավատում եմ, որովհետև հիմարները ավելի հանգիստ են ապրում աշխարհում։

Մինչդեռ երկու ամուսինները այս վիճաբանության մեջ էին, ներս մտավ Ագապյան գեղեցկուհին յուր իշխանուհի մոր ընկերակցությամբ։

Վարժարանն ավարտելուց ետ այս առաջին անգամն էր, որ օրիորդ Ամալիան մտնում էր հասարակաց պարահանդեսը… Այդ օրը նա արդեն տասնևութ տարեկան էր, հետևապես ժամանակն էր, որ նա երբեմնապես վայելեր աշխարհային զվարճությունները և սովորեր զանազանել աշխարհի չարն ոա բարին։

Այդպես էր ասում իշխանուհի Դարիան։

Սիմբրյան և Ագապյան տան ներկայացուցիչները մտերմաբար ողջունեցին միմյանց։

— Ամալիա, դու մորեղբորդ շատ անհանգստացրիր, քո պատճառով նա կամենում էր կռվել ինձ հետ, — ասաց տիկին Սիմբրյանը։

— Մի՞թե, և ինչու համար, — հարցրեց օրիորդը հետաքրքրությամբ։

— Դու շատ ուշացար, իսկ նա պատճառ ուներ քեզ ավելի վաղ սպասելու։

— Կատակ է անում Ռոզան, — շտապեց մորեղբայրը ընդհատել կնոջը, վախենալով նրա շատախոսությունից։

— Թողեք, խնդրում եմ, որ նա խոսի, — պահանջեց օրիորդը,— երևի ես մի հանցանք եմ գործել իմ ուշանալովս։

Բայց տիկին Աիմբրյանը, որ ամուսնու խորհրդավոր ակնարկությամբ արդեն զգացել էր յուր լռելու անհրաժեշտությունը, փոխեց յուր խոսքի վերջավորությունը։ — Մորեղբայրդ ցանկանում էր, որ այսօր դու մի քանի ժամ ավելի վայելեիր [ 26 ] պարահանդեսի զվարճությունները,— ասաց նա,— այդ պատճառավ նեղացավ ինձանից, որ ես անձամբ չեմ եկել քեզ ավելի վաղ այստեղ բերելու։ Բայց ոչինչ, դեռ ժամանակ շատ ունինք․ գնանք դահլիճը,— ավելացրեց նա և օրիորդին յուր թևն առնելով դիմեց դեպի բուն պարահանդեսը։

Պարոն Սիմբրյանը շտապեց Մաշտոցյանին որոնելու։ Նա գտնվում էր յուր հավասարակիցների մի շքեղ շրջանում, ուր տաք֊տաք խոսում էին մի անծանոթ գեղեցկուհու մասին, որը այդ երեկո յուր այցելությամբ պատվել էր ակումբի պարահանդեսը։ Մաշտոցյանը նրան չէր տեսել, բայց հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակիցներին։

Մի երկուսն ասում էին, որ նորեկը ֆրանսուհի էր և երևի դաստիարակչուհի տեղական հարուստներից մեկի տանը։ Ուրիշները՝ թե նա վրաց մի իշխանուհի է, որը երևի ապրում է Թիֆլիսից դուրս. գտնվեցավ մինչև անգամ մի երիտասարդ, որ պնդում էր, թե այդ աղջիկն օպերայի դերասանուհիներից մինն, և որ ինքը նրան տեսել է «Ֆաուստի» մեջ Մարգարիտի դերում։

Սիմբրյանը իսկույն հասկացավ, թե ի՞նչ աղջկա մասին է խոսքը և ուրախացավ ինքը յուր մեջ։ «Բանը ինքն իրեն շինվում է,— մտածեց նա և մոտեցավ Մաշտոցյանին։

— Կամենում ես տեսնել այդ գեղեցկուհուն,— կամա֊ ցուկ շշնջաց նա նրա ականջին։

— Երևի այդ նա է այնպես չէ՞։

— Չգիտեմ, ե՛կ և տես։

Մաշտոցյանը իսկույն թևը տվավ Սիմբրյանին և նրանք երկուսը միասին մտան դահլիճը։ Կադրիլը վերջանում էր։ Հյուրերի մեծամասնությունը հառել էր յուր աչքերը դեպի դահլիճի ճակատը, ուր ջահերի շլացուցիչ լուսավորության առաջ, ինչպես գերբնական մի դիցուհի կանգնած էր օրիորդ Ամալիան։ Նրա հարուստ երկնագույն շրջազգեստը, որ զարդարված էր ամենանուրբ հյուսկեններով և միայն կիսով չափ էր քողավորում յուր մարմարյա կուրծքն ու բազուկները, մի առանձին պերճություն էր տալիս նրա ուղղաձիգ հասակին, որի վերա շնորհաշուք կերպով իշխում էր յուր հպարտ և գեղեցիկ գլուխը։ Նրա սևորակ ու [ 27 ] կրակոտ աչքերը, որոնք հովանավորված էին երկարատեգ արտևանունքներով, մերթ ընդ մերթ նայում էին դեպի դահլիճի չորս բոլորքը, որտեղ հարյուրավոր աչքեր հիացմամբ դիմում էին իրեն, երբեմն էլ այդ հայացքները ետ մղելու համար գեղանի օրիորդը ծածկում էր յուր դեմքը փղոսկրյա հովհարով, որի քնքշիկ շարժումներից ծածանում էին գեղեցիկ գանգուրները յուր սպիտակափառ ճակատի վերա։

Մանկամարդ իշխանուհին դեռ ժպտադեմ և շնորհաշուք խոսակցում էր տիկին Սիմբրյանի հետ, երբ վերջնոյս ամուսինը յուր թևն առած երիտասարդ Մաշտոցյանին, մտավ դահլիճը։

-Ո՞ւր է գեղեցիկ աղջիկը,- հետաքրքրությամբ հարցրեց երիտասարդը։

-Ահա՛, մեր դիմաց,— մատնացույց արավ դեպի նրան Սիմբրյանը։

Երիտասարդը տեսավ գեղեցկուհուն թե չէ, քնից զարթնածի նման խլեց յուր ձեռքը Սիմբրյանի թևից և մի քանի քայլ առաջ անցավ դեպի գեղանին։

-Ի՞նչ պատահեց քեզ, գժվեցար,— ծիծաղելով հարցրեց Սիմբրյանը։

-«Աստված իմ, սա այն աղջիկն է, ճիշտ ա՜յն աղջիկը»,— շշնջաց ինքն իրեն երիտասարդը, ուշ չդարձնելով Սիմբրյանի խոսքերին։

-Ո՞ր աղջիկը, մի՞թե դու նրան ճանաչում ես,— հարցրեց կրկին Սիմբրյանը։

-Այո՛, ես այդ աղջկան տեսա երեք տարի սրանից առաջ Օրիորդական գիշերօթիկում. ես տեսա նրան մի օր, և էլ այնուհետև ոչ մի տեղ չկարողացա տեսնել. նրա գեղեցիկ դեմքը ես մինչև այսօր էլ հիշում եմ, նույնն է, ինչ որ էր երեք տարի սրանից առաջ, նա գրեթե չի փոխվել։

-Ուրեմն դու տեսել ես իմ քրոջ աղջկան դեռ իմ ցույց տալուց առաջ։

-Ների՛ր ինձ, խնդրում եմ, այս գեղանին տեսնելուց ետ, ես էլ ոչ մի աղջկա անուն լսել չեմ կարող, ես պետք է իմանամ, թե ո՞վ է այս դիցուհին և նրա ետևից պիտի գնամ [ 28 ] թեկուզ մինչև աշխարհի վերջը,— ջերմությամբ պատասխանեց երիտասարդը, առանց ըմբռնելու Սիմբրյանից լսածի միտքը և շտապեց դեպի առաջ։

— Ո՞ւր ես վազում, խելագար,— բացականչեց Սիմբրյանը նրա թևից քաշելով,— քեզ ասում եմ, թե դա իմ քրոջ աղջիկն է։

Մաշտոցյանը ետ դարձավ և սկսավ զարմացած աչքերով նայել Սիմբրյանի վերա։ Նա կարծես չէր հավատում նրա խոսքերին և պատրաստվում էր հանդիմանել նրան յուր ստախոսության համար։

— Դու դժվարանում ես հավատալ, այնպես չէ՞,— գուշակեց Սիմբրյանը։

— Այո՛, ես չեմ հավատում ձեզ,— պատասխանեց երիտասարդը վստահությամբ։

— Նայի՛ր, ուրեմն. ովքե՞ր են նրա մոտ կանգնած, իմ կինս և քույրս, դու հո՛ ճանաչում ես նրանց։

— Այո՛, նա խոսում է Ռոզա Անդրեևնայի հետ, իսկ նրա կողքին կանգնած է իշխանուհի Ագապյանը… Ուրեմն, ճշմարիտ որ նա ձեր քրոջ աղջիկն է։

— Այժմ հավատո՞ւմ եք ինձ։

— Այո՛, բայց մի՞թե այս օրիորդի ձեռքն էիք խոստանում ինձ։

— Նույնիսկ այդ օրիորդի։

— Օ՜հ, եթե արդարև դուք կամենում եք դրանով բախտավորեցնել ինձ, ես հավիտյան երախտագետ կլինեմ դեպի ձեզ,— ջերմությամբ բացականչեց երիտասարդը և ամուր—ամուր սեղմեց Սիմբրյանի ձեռքը։

— Դուք ցանկանում եք Ամալիայի հետ ծանոթանալ, այնպես չէ՞ ։

— Կյանքս կտայի դրա համար։

— Գնանք ուրեմն,— ասաց Սիմբրյանը,— ես քեզ կներկայացնեմ իմ քրոջը և քեռորդուն։ Եվ նրանք երկուսը միասին դիմեցին դեպի նրանց։

Քիչ ժամանակից ետ պարոն Արսեն Մաշտոցյանը ճեմում էր դահլիճի մեջ գեղեցիկ իշխանուհու հետ միասին և քաղցր զրուցատրությամբ զբաղեցնում էր նրան։ Իշխանուհի Դարիան [ 29 ] հետևում էր նրանց, խոսակցելով յուր եղբոր և նրա կնոջ հետ, բայց միևնույն ժամանակ տեսությունից չհեռացնելով երիտասարդ զույգին, ինչպես մի հմուտ որսորդ, որ քայլ առ քայլ հետևում է միամիտ երեին։

Ինչ վերաբերում է օըիորդ Ամալիային, նա շատ հաճությամբ էր լսում նոր բարեկամի զրույցներն ու հաճոյախոսությունները, ինչպես առհասարակ բոլոր նորավարտ սանուհիները, հետևապես առանց դիմադրության էլ ընդունեց նրա առաջարկությունը երկրորդ կադրիլում յուր հետ պարելու։

Մաշտոցյանի բարեկամները, տեսնելով նրան պարահանդեսի այդ միակ թագուհու հետ մտերմացած, նախանձից մեռնում էին, բայց որովհետև նրան խանգարել չէին կարող, հետևապես ստիպված էին իրենց ճակատագիրը անիծելու։

Պարահանդեսի վերջում պարոն Մաշտոցյանը մի մեծածախ ընթրիքով պատվասիրեց Ագապյան և Սիմբրյան գերդաստանի չորս թանկագին անդամներին ու գոհ սրտով և հոգվո ամենաուրախ տրամադրությամբ վերադարձավ տուն:

Զ

Անհրաժեշտ մի փոքրիկ բացատրություն նախընթաց երեկոյան պարահանդեսի ժամանակ պարոն Գևորգ Սիմբրյանի բռնած ընթացքի համար։

Այն օրից սկսած, որ օրիորդ Ամալիան թողեց օրիորդական գիշերօթիկը, նրա ապագայի խնդիրը ծանրացավ պարոն Սիմբրյանի սրտի վերա։ Ինչպես հարազատ մորեղբայր և շատ չար ու բարի տեսած մարդ, նա գուշակում էր, թե ինչ թշվառ վախճան կունենար այդ աղջկա վերաբերությամբ այսօրվա ունեցած ամենափոքր անհոգությունը։

Նա գիտեր, որ գեղեցկությունը երկսայրի սուր է մի կնոջ ապագայի համար. նա կարող է բարձրացնել նրան մինչև երջանկության գագաթնակետը կամ գլորել թշվառության անհատակ անդունդը։ Մի առաքինի և հաստատուն բնավորության տեր կնոջ համար գեղեցկությունը թանկագին զարդ է. նա ստիպում է մարդկանց ճանաչել իրմով առաքինությունը [ 30 ] և պաշտել նրան. նա հարգանք է ծնեցնում նույնիսկ ապառաժ սրտերում. ճշմարիտ արժանավորությունը երկրպագվում է նրա շնորհիվ։ Բայց նույն այդ գեղեցկությունը մի դժբախտություն է թեթևամիտ և սնափառ կնոջ համար։ Այգ գեղեցկությամբ, ճշմարիտ է, նա խմբում է յուր չորս կողմն անթիվ երկրպագուներ, բայց դրանցից ամեն մեկը մոտենում է նրան յուր որոշ նպատակով, առանց ներքին հարգանքի, առանց ազնիվ զգացմունքների… Մի քանի գողտրիկ հաճոյախոսություններ, մի քանի քաղաքավար շարժմունքներ, որոնք մեր շատ երիտասարդների միակ արժանավորությունն են կազմում և որոնք սակայն բավականաչափ գգվում են թեթևամիտ գեղեցկուհիների ինքնասիրությունը, կարողանում են այս վերջինների սիրտն ու զգացմունքը հաղթահարելու և նրանց գերելու։ Այնուհետև վտանգը դառնում է անխուսափելի և կորուստը տեղի է ունենում յուր բնական ճանապարհով։ Զղջումը վերա է հասնում հենց այն ժամանակ, երբ արդեն կորուստը անդառնալի…

Այս ամենը քաջ գիտենալով, պարոն Սիմբրյանը շտապում էր գտնել յուր քեռդստեր համար մի արժանավոր փեսացու և ամուսնացնել նրան որքան կարելի է շուտ, այսինքն` քանի որ դեռ Ամալիան շատ չէր ծանոթացել աշխարհի հետ և քանի որ նա ազատ էր անսիրտ և անհոգի երիտասարդության դավադրություններից։ Բացի այս, պարոն Սիմբրյանին հարկավոր էր Ամալիայի շնորհիվ բարեկամանալ այնպիսի մի մարդու հետ, որ նյութական մեծ ուժ ունենար և որ հարկավոր ժամանակում բարեհաճեր իրեն թև ու թիկունք դառնալու։ Հենց այս էր, եթե չեմ սխալվում, և իշխանուհի Դարիայի ցանկությունը։ Բայց ո՞վ էր Թիֆլիսի մեջ այն անձը, որ թե՛ գեղեցիկ, թե՛ առողջ և թե՛ զարգացած լիներ Ամալիային հաճելի լինելու համար և թե՛ հարուստ պարոն Սիմբրյանին և յուր քրոջը գրավելու համար։ Այդպիսին միայն Արսեն Մաշտոցյանն էր, որին ճանաչում են ընթերցողները։

Եվ ահա պարոն Սիմբրյանը մոտենում է նրան, տեղեկանում է նրա ամուսնանալու ցանկությանը և իշխանուհի Ամալիային արժանի գովեստներով առաջարկում է Մաշտոցյանին նրա ձեռը։ [ 31 ] Վերջինս չէր ճանաչում այդ աղջկանը և պնդում էր, որ չեր տեսել նրան ոչ մի տեղ, հետևապես անկարող էր ընդունել Սիմբրյանի առաջարկությունը, նախքան աղջկա հետ ծանոթանալը։ Այդ պատճառավ նա խոստացավ նրան Ակումբի առաջին պարահանդեսին ներկա գտնվիլ մի փոքր ժամանակով և այդտեղ օրիորդի հետ ծանոթանալուց ետ, հայտնել Սիմբրյանին յուր վերջնական որոշումը։

Այնուհետև արդեն հայտնի է ընթերցողներին, թե այս ժամադրությունը ինչպես տեղի ունեցավ և ինչ վախճան ստացավ։

Բայց ո՞րքան մեծ եղավ պարոն Սիմբրյանի զարմանքը, երբ պարահանդեսի հաջորդ օրը հայտնելով յուր այս դիտավորությունը իշխանուհի Դարիային` նրանից մերժումն ստացավ։

— Իմ աղջիկը ես այդպես շուտ մարդու տալ չեմ կարող, և ա՛յն առաջին պատահած երիտասարդին,— նկատեց իշանուհին.— Ամալիան այնքան երիտասարդ և այնքան գեղեցիկ է, որ Մաշտոցյանից ավելի հարուստ և ավելի պատվավոր մարդիկ կարող են խնդրել նրա ձեռքը. բացի այս, Մաշտոցյանը մի վաճառական է և ուրիշ ոչինչ. իսկ մի վաճառականը Ամալիայի համար շատ քիչ է. իմ աղջիկը իշխանազն է և իշխանի հետ էլ պիտի ամուսնանա. եթե այդ չհաջողվեցավ, գոնե մի գեներալի հետ, և ոչ թե մի հասարակ վաճառականի, որի հայրը տասնյակ տարիներ առաջ մի փերեզակ էր։

— Դարիկո, եկ ես ու դու մեր մեջ անկեղծությամբ խոսենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսում,— մի փոքր վրդովված խոսեց Սիմբրյանը.— այդ բոլորն ինչ որ դու ասացիր, միայն դատարկ խոսքեր են, ես ինքս շատ լավ եմ ճանաչում ձեր իշխանական տան արժեքը, ձեր իշխանազնությունը դեռ չէ ապացուցանում, որ դուք մեծ մարդիկներ եք. կամենո՞ւմ ես այդ իշխանազն ցեղից ես լակեյներ կբերեմ քեզ համար։ Բայց բանը նրանումն է, թե արդյոք այդ իշխանական տիտղոսի և նրա համար ունեցած ձեր մեծամտության արժանավայել կարողություն էլ ունի՞ք դուք։ Կարո՛՛ղ ես արդյոք մի քանի տարի շարունակ այնպես պատվավոր պահել քո աղջիկը [ 32 ] որ քո ցանկացած իշխաններն ու գեներալները հետամուտ լինին նրա ձեռքը խնդրելու։ Պատիվն էլ եթե մյուս կողմը դնենք, փող ունի՞ս դու նրան երեկվա պես միշտ զուգված ու զարդարված պահելու, կամ գոնե խելք` սրիկաների որոգայթներից նրան միշտ ազատ պահելու։

Եվ վերջապես ինչու՞ համար ես իշխան ու գեներալ պտրտում, մեր կյանքի միակ նպատակը երջանիկ ապրելը չէ՞. է՜հ ո՞ր իշխանի տանը կարող է Ամալիան այնքան բախտավոր լինել, որքան Արսեն Մաշտոցյանի տանը։ Իշխանությունն էլ, ուժն էլ, պատիվն էլ այժմ փողի մեջ է, իսկ Մաշտոցյանն այնքան փող ունի, որ քո աղջկանը ոչ թե իշխանուհու, այլև պրինցեսի պես կարող է պահել։ Ի վերջո ի՞նչ ես դու շատ իշխանազնությունից խոսում, քո եղբայրը ես չե՞մ, մեր հայրը մի աղքատ կոշկակար չէ՞ր, և եթե մեր հարևան Ղարսոյի ողորմությամբ ես մի քիչ ուսում չառնեի ու իմ խելքի ուժով անուն չաշխատեի, դուն Ագապյանների հարսը կդառնայի՞ր։ Մի քանի տասնյակ տարի առաջ երազումդ էլ չէիր տեսնում, թե ինչ բան է իշխանազնությունը, բայց հիմա քո մեծամտությունն ինձ վերա ես ուզում ծախել: Թող, քույրիկս, այդ հիմարությունները, մենք իրար ճանաչում ենք և միմյանց չպետք է խաբենք։

Իշխանուհին տեսավ, որ էլ ընդդիմանալու տեղը չէ. յուր առաջ նստած էր այն եղբայրը, որ ճանաչում էր յուր անցյալը և ներկան և որին ինքը պարտական էր յուր բոլոր գոյությամբ. պետք էր լսել նրան։ Բայց ո՞վ չգիտե, որ տարիներով պաշտած ու գուրգուրած իդեալը մի օրում ուրանալ հեշտ չէ։

Դեռ Ամալիան մի փոքրիկ աղջիկ էր, որ իշխանուհին պարծենում էր նրա ապագայով. նա մտածում էր նրա բախտի վերա պատվաստել յուրը և նոր իշխանական տան խնամությամբ բարձրացնել Ագապյանի տան ընկած անունը: Այսօր այդ բոլորը ցնդվում էր օդի մեջ, որովհետև տխուր իրականությունը գալիս էր նրան համոզելու, թե պետք է հնազանդվել յուր եղբոր վճռին։ Այսուամենայնիվ իշխանուհին վերջին միջոցը գործ դրեց անուղղակի ճանապարհով յուր եղբոր դիտավորությունը խանգարելու։ [ 33 ] — Ես համաձայն եմ քեզ հետ,— ասաց նա եղբորը,—առաջարկիր այդ Ամալիային իրեն, նա չափահաս աղջիկ է և պետք է որ ինքը վճռե յուր ապագայի խնդիրը։ Այդ դեպքում ես ցանկանում եմ պատասխանատվությունից ազատ լինել:

Սիմբրյանը համաձայնվեցավ։

Այդ միջոցին օրիորդ Ամալիան գտնվում էր մի ուրիշ սենյակում յուր ձայնագրության ուսուցիչ Պլատոն Ջոմարջիձեի հետ։ Այս պարոնը հասարակ մահկանացուներից չէր, նա էլ օրիորդ Ամալիայի նման իշխանական ծագումն ուներ։ Բայց վարժապետություն էր անում օրիորդին մի բախտավոր դիպվածով։ Մի անգամ օրիորդ Ամալիան յուր մոր հետ միասին հրավիրվեցավ վրաց մի արիստոկրատ ընտանիքի հացկերույթին։ Բախտի բերմամբ այդտեղ գտնվում էր և իշխան Ջոմարջիձեն, որը հենց նոր էր վերադարձել Իտալիայից, ուր նա գնացել էր իր ձայնը կատարելագործելու։ Հացկերույթի ժամանակ օրիորդ Ամալիային ճանաչող տիկիններն ու օրիորդներր ստիպեցին նրան երգելու և նա մի քնքշիկ ընդդիմությունից հետո երգեց. բայց երգեց այնպես հրաշալի, որ նույնիսկ իշխան Ջոմարջիձեն հիացավ։

— Այս աղջիկը մեծ ապագա ունի,— բացականչեց նա և ապա մոտենալով իշխանուհի Դարիային, ասաց.— իշխանուհի, թույլ տվեք, որ ես մի քանի ամիս պարապեմ ձեր իշխանուհի դստեր հետ և ուսուցանեմ նրան յուր ձայնը մշակելու արհեստը։

— Ի՞նչ վարձատրություն կպահանջեք ձեր այդ նեղության համար, ծիծաղելով հարցրեց իշխանուհին, կարծելով, թե իշխանը կատակ է անում։

— Ոչինչ. ինձ բավական է այն հոգեկան զվարճությունը, որ ես կզգամ մի նշանավոր տաղանդ զարգացնելով անկեղծությամբ պատասխանեց իշխան Պլատոնը։

Իշխանուհին տեսնելով, որ երիտասարդ երգիչը ձրիաբար առաջարկում է իրեն մի արժանավոր ծառայություն, ուրախությամբ ընդունեց և հետևյալ օրից արդեն իշխան Պլատոնը սկսավ հաճախել օրիորդի մոտ և երգեցողության դասեր տալ նրան:

Բայց ինչպես որ բնական էր՝ իշխան Պլատոնի յուր աշակերտուհու [ 34 ] վերաբերությամբ ունեցած պլատոնական հարաբերությունը միշտ նույնը չմնաց, շուտով նա տեսավ, որ իշխանուհին գեղեցիկ աչքեր ունի, և որ նրանց մեջ այրվում է մի աստվածային կրակ… Մի երեսնօրյա դասախոսությունից ետ, վարժապետի և աշակերտուհու զրույցները մտերմական կերպարանք առին, առանց մայր իշխանուհու գիտության։

Այն միևնույն միջոցին, երբ Սիմբրյանը խոսում էր քրոջ հետ յուր քեռդստեր ապագա ամուսնության մասին, Ամալիան դաշնամուրի առաջ նստած պատմում էր Ջոմարջիձեին նախընթաց ավուր պարահանդեսի մանրամասնությունները: Ի միջիայլոց նա պատմեց նրան յուր ծանոթանալը Արսեն Մաշտոցյանի հետ, նրա հետ պարելը և նրա հյուրասիրությունը։ Պատմության այս կտորն ուսուցչի ուշադրությունը գրավեց, մանավանդ երբ իմացավ, որ ծանոթացնողը Սիմբրյանն է եղած, որը մի քանի օր առաջ հայտնել էր իրեն յուր աշակերտուհուն ամուսնացնելու դիտավորությունը։

-«Այս մարդիկ ինձ դեմ հզոր հակառակորդ են հանում»,— մտածեց նա ինքն իրեն և մտքումը դրավ մինչև վերջը մաքառելու։

-Ամալիա, կարողացե՞լ եք արդյոք գուշակել ձեր մորեղբոր` Մաշտոցյանի հետ ձեզ ծանոթացնելու դիտավորությունը,— խորամանկությամբ հարցրեց նա օրիորդից։

-Ոչ, մի՞թե դուք կարծում եք, թե դա մի առանձին դիտավորությամբ է եղած։

-Այո՛, ձեր մորեղբայրը ցանկանում է յուր իշխանուհի քեռդուստրը ամուսնացնել այդ ապատոհմիկ վաճառականի հետ։

Վերջին բառերը նա արտասանեց արհամարհանքով։

-Այդ անկարելի է,— վիրավորված բացականչեց օրիորդը,- իմ մորեղբայրը չի մտածիլ այդքան նվաստացնել ինձ։

Իշխանը ինքն իրեն ուրախացավ օրիորդի այդ պատասխանով, բայց շարունակեց գռգռել նրան։

-Ձեր մորեղբայրը հայ չէ՞ միթե, այդ հայերից ամեն բան սպասելի է։ Մի՞թե նրանք կարող են գնահատել արյան ազնվությունը. նրանցը փողն է, փողի հետ էլ կամուսնացնեն ձեզ։ [ 35 ] — Իմ մորեղբորից, ընդհակառակը, ես այդ աստիճան ստորություն չեմ սպասում, նա թույլ չի տալ իրեն աղարտել իմ հայրական տան պատիվը։

— Այդ հետո կտեսնենք, — ծիծաղելով պատասխանեց իշխանը, լսելով Սիմբրյանի ձայնը, որ յուր քրոջ հետ խոսելով մոտենում էր Ամալիայի սենյակին, ստիպեց աշակերտուհուն մի բան երգելու, որպեսզի իրենց մտերմական խոսակցության վերա չպատահեն, իսկ ինքը ձախ կողմից սկսավ մեղմով զարկել դաշնամուրի ստեղունքները, կեղծելով, իբր թե ձայնակցում է երգին։

— Ամալիա, երևի դու ցանկանում ես Շտոլցի[1] հացը խլել,— ծիծաղելով նկատեց Սիմբրյանը, քրոջ հետ միասին մտնելով նրա սենյակը։

— Գուցե մի օր նրան կգերազանցե,— շողոքորթեց օրիորդին ուսուցիչը,— այժմ դեռ վաղ է։

— Ես էլ այդ հավատն ունիմ Ամալիայի վերա, մանավանդ, երբ իշխանն է նրա վարժապետը,— պատասխանեց Սիմբրյանը և բազկաթոռն առաջ քաշելով նստեց դաշնամուրի մոտ։ Բայց վարժապետը կարծես գուշակեց, որ քույր ու եղբայր խոսելիք ունեին յուր աշակերտուհու հետ, ուստի դասը կարճ կտրելով հեռացավ։

— Քեզ մի շատ լավ նորություն ունիմ հայտնելու, Ամալիա,— սկսավ խոսել Սիմբրյանը,— ի՞նչ ես խոստանում ինձ, որ հայտնեմ։

— Առաջ հայտնի՛ր, որ արժեքը տեսնեմ,— սառնությամբ պատասխանեց օրիորդը, գուշակելով մորեղբոր հառաջաբանության հետևանքը։

— Մենք, այսինքն ես և մայրդ, որոշել ենք քեզ ամուսնացնել, ի՞նչ ես կարծում, լա՞վ որոշում ենք արել, թե՞ վատ։

— Կարծում եմ դեռ իմ ամուսնանալու ժամանակը չէ, սիրելի մորեղբայր, ուրեմն ձեր որոշման մասին կարծիք հայտնել չեմ կարող։

— Սխալվում ես, սիրելիս, ուրիշները ամուսնանում են դեռ տասնհինգ կամ տասնվեց տարեկան հասակում, իսկ դու [ 36 ] արդեն տասնութ տարեկան ես և շուտով տասնևինը կմտնես։ Այդ բավական մեծ հասակ է կովկասցի աղջկա համար։

— Լա՛վ, թողնենք հասակը. ո՞վ է իմ փեսացուն,— ժպտալով հարցրեց Ամալիան:

— Քո փեսացո՞ւն, ա՛յ, դրա համար կարող ես հարցնել. ես ոչինչ ասելիք չունիմ։ Քո փեսացուն մի շատ առողջ, գեղեցիկ, զարգացած և հարուստ երիտասարդ է, նա թիֆլիսի բոլոր երիտասարդների մեջ ընտրվածը և միակն է…

— Բայց ո՞վ է,— անհանգստությամբ ընդհատեց օրիորդը:

— Պարոն Արսեն Մաշտոցյանը,— ծանրությամբ պատասխանեց քեռին,— այն պատվական երիտասարդը, որի հետ երեկ ծանոթանալու պատիվը ունեցար։

Ամալիան հոնքերը կիտեց և նրա աչքերը բարկությունից սկսան փայլել։

— Մորեղբայր, կատա՞կ եք անում ինձ հետ,— հարցրեց նա խորհրդավոր եղանակով։

— Կատա՞կ, ինչու համար, սիրելիս, շատ լրջությամբ եմ խոսում։

— Ավելի վատ. ուրեմն դուք գիտակցաբար ստորացնում եք ինձ։

— Ստորացնե՞լ, ինչու՞ համար, Ամալիա, մի՞թե այդպիսի առաջարկություն անելը քեզ ստորացնել կնշանակե։

— Իհարկե, ի՜նչ լայեղ է ինձ ամուսնանալ մի որևէ վաճառականի հետ…— խորին արհամարհանքով բացականչեց իշխանուհի օրիորդը և ձեռքում բռնած նոտաները բարկացած շպրտեց դաշնամուրի վերա։

— Ամալիա, այդ վարմունքը քեզ չի վայելիր,— դառնությամբ նկատեց Սիմբրյանը,— դու երիտասարդ ես և արածդ չես հասկանում։

— Ավելի կանեմ, եթե երկրորդ անգամ թույլ կտաք ձեզ այդպես կոպիտ կերպով ինձ անպատվելու։

— Ամալիա, դու քո բախտը հեռացնում ես քեզանից. հետո շատ կզղջաս, բայց արդեն ուշ կլինի։

— Ավելի կգերադասեմ ազնվական պատվով մեռնել, քան թե վաճառականի կին դառնալով հարյուր տարի ապրել։ Մի՛ [ 37 ] խոսեք ինձ հետ այլևս այդ նյութի վերա. ես չեմ կամենում լսել:

— Դուք ի՞նչ եք ասում, տիկին,— դարձավ Սիմբրյանը յուր քրոջը, որ թեպետ լուռ, բայց ներքին հաճությամբ լսում էր յուր դստերը։— Դուք է՞լ նույն մտքին եք, ինչ որ ձեր աղջի՞կը:

— Ամուսնացողը նա է, եթե նա չէ հավանում, ես ի՞նչ կարող եմ ասել,— պատասխանեց իշխանուհին անտարբերությամբ։

Սիմբրյանը տեսավ, որ յուր քրոջ հիմարությունը գերազանցում էր աղջկանը, ուստի վերին աստիճան վրդովված, «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասաց ավետարանի խոսքերով և բարկացած դուրս գնաց սենյակից։

Է

Առաջիկա կյուրակե օրը պարոն Մաշտոցյանը հարմար գտավ այցելել Ագապյաններին, յուր ծանոթությունը հաստատելու և յուր ապագա հարսնացվին ի մոտո ճանաչելու համար։ Նա ոչինչ տեղեկություն չուներ ա՛յն դժգոհությունից. որ տեղի էր ունեցել Ագապյանների և պարոն Սիմբրյանի մեջ։ Երբ ծերուկ սպասավորը հայտնեց օրիորդ իշխանուհուն մի անծանոթ հյուրի գալուստը, նա հրամայեց առաջնորդել նրան յուր մոտ, որովհետև մայր իշխանուհին դեռ եկեղեցումն էր: Ինքը օրիորդը այդ ժամանակ նստած էր դաշնամուրի առաջ և երգում ու նվագում էր։ Մտնելով դահլիճը, պարոն Մաշտոցյանը լսեց օրիորդի դաշնահարության և երգի ձայնը. նա մի քանի րոպե կանգ առավ դահլիճում, չհամարձակվելով խանգարել իշխանուհու մուսաներին։ Օրիորդը երգում էր ոգևորված. նրա անուշ և ոլորուն ձայնը միախառնվելով դաշնամուրի բեկբեկուն և սրտաշարժ հնչյունների հետ ստեղծում էր մի հրաշալի մեղեդի, որով բանաստեղծը երգել էր մի օր սիրո անմահությունը:

Քանի՜-քանի՜ գեղեցիկ պատկերներ նկարվեցան այդ րոպեին երիտասարդի երևակայության առաջ։ Նա հանկարծ [ 38 ] մտաբերեց ա՛յն բախտավոր օրը, երբ Ամալիան յուր սիրելի ամուսինը կլինի և յուր տան մեջ էլ նույնպիսի ոգևորությամբ կերգի և կնվագի դաշնակը. այն ժամանակ նա կհիշեցնե նրան այս միևնույն օրը, երբ ինքը դահլիճի մեջ կանգնած զմայլմամբ լսում էր իրեն առանց համարձակվելու խանգարել նրա մենավոր ոգևորությունը։

«Այսօր ես այստեղ կանգնած եմ անվստահ հույսով՝ թե արդյոք պիտի հաջողեմ քեզ ժառանգելու,— մտածում էր ինքն իրեն երիտասարդը,— բայց կգա երևի մի օր, երբ ես առանց քո գիտության կկանգնեմ իմ սեփական դահլիճում և այսպես կլսեմ քո դաշնահարությունը. բայց ո՞վ երջանկությունս, այն ժամանակ այսպիսի կասկածներ չեն տանջիլ ինձ, այն ժամանակ հանգիստ սրտով կսպասեմ քեզ հետ գրկախառնվելու րոպեներին»։ Բայց նա երկար չկարողացավ այս երազներով զբաղվել։

— Դուք կարող եք ներս գնալ,— լսեցրեց յուր անհաճո ձայնը ծերուկ առաջնորդը,— երգելուն մի՛ նայեք, մեր իշխանուհին ամեն օր է երգում։

Մաշտոցյանր կարծես քնից արթնացավ. նա չէր սպասում սպասավորի նկատողությանը, որովհետև չգիտեր էլ թե նա յուր հետևում կանգնած է. այժմ ստիպված էր առաջ գնալու: Երբ ներս մտավ, իշխանուհի օրիորդը դեռ երգում էր․ նա այնպես ձևացրեց, իբր թե չէ նշմարում Մաշտոցյանին։ Վերջինս մնաց կանգնած, մինչև որ օրիորդը յուր նվագը վերջացրեց։ Դարձնելով յուր դեմքը, նա տեսավ Մաշտոցյանին:

— Օ՜հ, դո՛ւք այստե՞ղ, հազար ներողություն, ինչպե՞ս պատահեց, որ ես ձեր գալը չիմացա,— զարմացմամբ բացականչեց օրիորդը և քաղաքավարությամբ առաջարկեց նրան նստել հանդիպակաց բազկաթոռի վերա։

— Իշխանուհի, դուք ա՛յնպես գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք երգում, որ ես կցանկանայի ամբողջ օրն աննկատելի մնալ ձեզանից, միայն թե լսեի ձեր կախարդող մեղեդին։

— Շնորհակալ եմ ձեր հաճոյախոսության համար. ես հազիվ թե արժանի եմ նրան,— ժպտալով պատասխանեց օրիորդը։ [ 39 ] — Հաճոյախոսությո՞ւն, երբե՛ք, ես ճշմարտությունն եմ ասում, օրիորդ. հաճոյախոսելու բնավ տեղիք չունիմ։

-Ավելի լավ. ուրեմն ինձ մնում է ուրախանալ, որ մի բանով կարողացել եմ ձեզ զվարճացնել,— նկատեց օրիորդը ինքնագոհ ժպիտով։

Այսուհետև Մաշտոցյանը և իշխանուհին, որոնք խոսակցության մի կարևոր նյութ չունեին, բայց պարտավոր էին միմյանց զբաղեցնել, սկսան, ինչպես բնական էր խոսել իրենց ծանոթության սկզբնապատճառ պարահանդեսի, նրա մեջ տեղի ունեցած անցքերի, մի քանի աչքի ընկնող անձնավորությունների և այլ այսպիսի աննպատակ բաների վերա։ Վերադարձավ եկեղեցուց և մայր իշխանուհին, որը յուր կողմից նույնպես քաղցրությամբ ողջունեց երիտասարդի գալուստը, և սկսավ ընկերակցել նրանց խոսակցությանը, ավելացնելով մի քանի նոր պատմություններ երկու երիտասարդներին անծանոթ անցյալից։ Այդ պատմություններից երևաց, որ Մաշտոցյանի պապը շատ սրտակից բարեկամ էր եղած իշխանուհու հոր հետ, իսկ հայրը դրացի ընկեր նույնիսկ իշխանուհու հետ, թե մի ժամանակ նրանց տունը գրեթե մեկ էր. թե ամեն օր այդ երկու դրացիները միասին էին ժամանակ անցուցանում, միասին ուտում, խմում և քեֆ անում, թե ինչպես հիմա ժամանակները փոխվել են, ինչպես դրացության բարեկամությունը մոռացվել և նրա օրենքները խախտվել են և այլ այսպիսի հին ու անպետք ճշմարտություններ։

Այս բոլոր աննպատակ խոսակցության ժամանակ երեք խոսակիցներն էլ մի որոշ նպատակ ունեին իրենց համար: Երիտասարդ Մաշտոցյանն ուշի ուշով դիտում էր օրիորդ Ամալիային, որ յուր կարծիքով յուր անբռնաբարելի սեփականությունն էր։ Վաճառականին հատուկ սրամտությամբ նա քննում էր նրա արտասանած ամեն մի խոսքը, նրա յուրաքանչյուր հայացքը, ժպիտը և շարժմունքը։ Նա կարծում էր, թե այդ ճանապարհով կարող էր ուսումնասիրել յուր ապագա հարսնացուին և նախքան առաջարկություն անելը՝ ճանաչել նրան։ Սա, իհարկե, մի տղայական խորամանկություն էր, որ նրան մի ճշմարիտ եզրակացության հասցնել չէր կարող։ Մի կին ճանաչելու համար շատ քիչ են ոչ միայն վայրկենական [ 40 ] այցելությունները, այլև տարիների կենակցությունը։ Կինը մի գաղտնիք է, որի բանալին յուրաքանչյուր անգամ նորից պետք է ստեղծել, ըստ որում նրա բարոյական կազմությունը ոչ մի տեսական օրենքի չէ ենթարկվում։ նույնիսկ փորձառու մարդիկ ընդհանրապես կանանց մասին խոսելու ժամանակ զգուշանում են որոշ կարծիքներ հայտնելուց, որովհետև մի վերաբերությամբ ունեցած փորձառուությունը անպետք է լինում մյուսի համար։ Հետևապես մի երիտասարդ Մաշտոցյանի համար շատ վաղ էր օրիորդ Ագապյանին ճանաչել՝ դեռ յուր առաջին ծանոթության ժամանակ։ Իսկ վերջինս, չնայելով որ արդեն մերժել էր Մաշտոցյանի հետ ամուսնանալու առաջարկությունը, այսուամենայնիվ ոչինչ ջանք չէր խնայում նույն երիտասարդի ներկայությամբ ավելի գեղեցիկ և շնորհալի, ավելի խելոք և զարգացած երևալու, քան ինչ որ էր իսկապես։ Սա մի բնական ձգտում էր՝ հատուկ ցուցամոլության. բայց քննիչ երիտասարդը չէր տեսնում այդ բանը Ամալիայի գեղեցիկ աչքերը խանգարում էին նրան… ինչ մայր իշխանուհուն էր վերաբերում, նա առաջ աշխատում էր գտնել երիտասարդի մեջ մի աչքի ընկնող պակասություն, խելքի մեջ լիներ այդ, թե դեմքի վերա, որպեսզի կրկին անգամ յուր եղբորից առաջարկություն ստանալուց այդ պակասության առարկությամբ ազատվեր նրանից։ Բայց երբ տեսավ երիտասարդը անբիծ էր (ըստ յուր քննության), այժմ մտածում էր ունենալ նրան ի նկատի, որ եթե իշխանների ու գեներալների բանը չհաջողվի, գոնե այս հարստություն էլ է մնա իրենց, որովհետև իշխանուհին փորձով գիտեր, որ հարսնացու աղջիկներին միայն մի անգամ են հետամուտ լինում. խելք ունեցողը այդ մի անգամը չպետք է ձեռքից տա։

Բայց պարոն Մաշտոցյանը զգաց, որ հակառակ ընդունված սովորության, երկարացան յուր այցելության ժամերը։ Սա պատրաստվում էր արդեն դուրս գալու, երբ ներս մտավ իշխան Ջոմարջիձեն։ Մաշտոցյանի ներկայությունը պարոն ուսուցչի վերա վատ տպավորություն արավ,— «Ուրեմն սրանք կատակ չեն անում,— մտածեց նա ինքն իրեն,— այս բուրժուան կամենում է հափշտակել իմ սեփականությունը…»։ [ 41 ] Երբ Մաշտոցյանը դուրս գնաց, ուսուցիչը խորամանկությամբ մոտեցավ մայր իշխանուհուն և կեղծավոր ժպիտով հարցրեց.

— Կարող եմ արդյոք շնորհավորել իշխանուհուն յուր սիրելի դստեր արժանավոր նշանադրությունը։

— Նշանադրությո՞ւն,— զարմացմամբ բացականչեց իշխանուհին,— այդ աոաջին անգամ ձեզանից եմ լսում։

— Մի՛ ծածկեք ձեր բարեկամից այն, ինչ որ բոլոր քաղաքն արդեն գիտե,— շարունակեց Ջոմարջիձեն խորամանկությամբ,— ես միայն կարող եմ ուրախանալ ձեր դստեը բախտավորության համար։

— Այդպես բան չկա դեռ, իշխան, ձեզանից ծածկելու ոչինչ չունինք։

— Ուրեմն ինձ սխալեցրել են։

— Անպատճառ։ Բայց ում համար են ասում, թե Ամալիայի փեսացուն է։

— Ահա՛ այս երիտասարդ վաճառականի։ Եվ եթե. թույլ կտաք ինձ անկեղծ լինելու, կասեմ, որ մեր իշխանների շրջանում շատ արհամարհանքով են նայում ձեր այս ընտրությանը։ Իշխանուհիներից շատերը ափսոսանքով են խոսում օրիորդ Ամալիայի մասին, և խիստ զարմանում են, որ նա թույլ է տվել իրեն այդպես անխղճաբար յուր անունը անպատվելու։

— Ուրեմն գտնվել են մարդիկ, որ հավատացել են այդ շինծու լուրերին,— հեգնական ժպիտով հարցրեց իշխանուհին։

Այդ դեռ բոլորը չէ,— շարունակեց ուսուցիչը,— մեր երիտասարդ իշխաններից մեկը, որ հայտնի է մեր մեջ յուր զարգացմամբ և կալվածների մեծ հարստությունով և որը տեսել է Ամալիային պարահանդեսում, պատրաստվում է եղել այս օրերս օրիորդի ձեռքը խնդրելու, բայց լսելով այդ դժբախտ լուրը, հուսահատվել է, և ինչպես ասում են՝ վճռել է հեռանալու քաղաքից, այդ անհավասար ամուսնության հարսանիքը չտեսնելու համար։

— Աստված իմ, աստված իմ, այդ քո եղբայրը, մայրիկ, մեզ պիտի խայտառակե աշխարհքում.— վրդովված բպցակնչեց [ 42 ] Ամալիան դեպի մայրը դիմելով,— անպտճառ նա է այդ մասին խոսացել փողոցում և լսողները տարածել են ամեն տեղ։

— Հանգիստ եղի՛ր, աղջիկս, իմ եղբայրը այդ մասին խոսել չէր կարող, քանի որ այդ առթիվ մեզ մոտ խոսք ու զրույց չէ եղել,— խորհրդավոր ձայնով և ակնարկությամբ խրատեց մայրն աղջկան,— ի՞նչ հարկ կա վրդովվելու մի հնարած լուրի համար. բոլոր աշխարհքն էլ գիտե, որ իշխան Լևոն Ադապյանի աղջիկը մի փերեզակի որդուն ամուսին չի դառնալ, որքան էլ որ նա հարուստ լինի։ Ւսկ ձեզ, իշխան,— դարձավ նա դեպի ուսուցիչը,— խնդրում եմ հերքել ձեր շրջաններում այդ լուրի ճշմարտությունը։ Մենք թշնամիներ շատ ունենք և այդ զրպարտությունն անշուշտ նրանցից մեկի գործն է։

Այս ասելով իշխանուհին հեռացավ, կամենալով ժամանակ տալ սրտացավ ուսուցչին պարապել յուր աշակերտուհու հետ։

Անցյալ դասերի մի քանի կրկնություններից ետ, որոնք տեղի ունեցան մայր իշխանուհուն ապահովեցնելու համար, իշխան Պլատոնը կրկին հետամուտ եղավ իրեն հետաքրքրող ճշմարտությանը։

— Ամալիա, ստո՞ւյգ է արդյոք իմ լսածների վերաբերությամբ ձեր մոր տված հերքումը, ասացեք ինձ ճիշտը, որովհետև, ինքներդ գիտեք, որ ձեր ապագա բախտավորության խնդիրը վաղուց իմ հոգածության առարկան է դարձած։

Ամալիան չպատասխանեց։

— Օրիորդ, մի ծածկեք ինձանից ճշմարտությունը,— թախանձեց ուսուցիչը,— անհրաժեշտ է, որ ես այն այսօր ևեթ իմանամ, որովհետև կա մի վճիռ, որի լավ կամ վատ վախճանը պիտի որոշե ձեր բախտը։

Օրիորդը սկսավ տարուբերվիլ. նա վախենում էր, թե մի գուցե յուր համառությամբ փչացներ մի գործ, որ արդարև մեծ բախտ պիտի ստեղծեր յուր համար։

— Իմ մոր հերքումը ճշմարիտ է միայն իմ վերաբերությամբ,— պատասխանեց վերջապես Ամալիան, — Բայց ճշմարիտ չէ իմ մորեղբոր վերաբերությամբ։ Նա արդարև առաջրկել է [ 43 ] ինձ ամուսնանալ Մաշտոցյանի հետ և ես բացե ի բաց մերժել եմ նրա առաջարկությունը։

— Տեսա՞ք, որ իմ գուշակությունը սխալ չէր, ես ասացի, որ մորեղբայրդ այդ դիտավորությամբ է ծանոթացրել ձեզ Մաշտոցյանի հետ, իսկ դուք չէիք կամենում հավատալ։

— Իրավունք ունիք, ես սխալվում էի,— պատասխանեց օրիորդը, և տեսնելով, որ արդեն բացվել է ուսուցչի առաջ, կամեցավ օգուտ քաղել այդ դեպքից։— Այժմ դուք ասացեք ինձ, ո՞վ է այն հարուստ իշխանը, որ պատրաստված է եղեր այս օրերս իմ ձեռքը խնդրելու, — հարցրեց նա ուսուցչին։

— Այն իշխա՞նը… ներեցեք. նրա անունը տալ չեմ կարող,— ժպտալով պատասխանեց վերջինս։

— Խնդրում եմ, աղաչում եմ, մի՛ մերժեք ինձ այդ…— թախանձեց օրիորդը,— գոնե ասացեք ինձ միայն նրա անունը։

— Նրա անո՞ւնը…

— Այո՛, միայն անունը։

— Իշխան Պլատոն Ջոմարջիձե, ձեր ամենախոնարհ ծառան։

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց դեպի գետինը։

— Երևի դուք այս պատասխանին չէիք սպասում, այնպես չէ՞,— հարցրեց ուսուցիչ իշխանը։

— Ես չէի կարծում… թե դուք այսպես կամաչեցնեիք ինձ… ես ձեր մասին երբեք չեմ մտածել… -կակազեց օրիորդը, բայց մի խորհրդավոր հայացք, որ նա գաղտագողի ձգեց յուր ուսուցչի վերա, արդեն մատնեց այն ներքին գոհունակությունը, որ նա զգում էր այս հայտնության վերաբերությամբ։

— Երբե՞ք, ի՞նչ եք ասում, Ամալիա, մի՞թե թույլ կտաք ինձ հավատալ, որ դուք երբեք իմ մասին չեք մտածել։

— Այսինքն ես կամենում եմ ասել, թե երբեք չեմ մտածել, որ դուք այդպիսի առաջարկություն կանեիք ինձ։ Ես արդարև հարգում եմ ձեզ, իբրև իմ ուսուցչին, բայց… վերջապես ես չեմ կարող բոլորը ասել… [ 44 ] — Ես հասկանում եմ, օրիորդ. դուք կամենում եք ասել, թե ես ձեզ հարգում եմ, բայց չեմ սիրում, այնպես չէ՞։

— Ոչ, այդ էլ չէ… ես չեմ ասում, թե չեմ սիր… ա՛խ, բայց գիտեք… ա՜խ, ես ամաչում եմ…

— Ուրեմն դուք ինձ սիրում եք, աստված իմ, ասացեք, Ամալիա, ասացե՛ք, որ դուք արդարև սիրում եք ինձ,— ոգևորված բացականչեց երիտասարդ իշխանը և հանկարծ, առանց քաշվելու, գրկեց օրիորդի փափուկ մեջքը, ամուր սեղմելով նրան յուր կուրծքի վերա։

— Ախ, դուք անխոհեմ մարդ,—շշնջաց օրիորդը և արագությամբ դուրս խլվելով երիտասարդի գրկից, շառագունած դեմքով նստեց սենյակի անկյունում դրված բազմարանի վերա։

— Ամալիա՛, իմ հրեշտակ, մի զայրանաք իմ վարմունքի վերա,— աղաչավոր ձայնով մոտեցավ իշխանը օրիորդին,— դուք ա՛յնքան գեղեցիկ և ա՛յնքան հրաշալի եք, որ ես չեմ կարող անտարբեր սրտով նստել ձեր առաջ, մի նեղանաք իմ վարմունքից, նեղացեք ձեր աստվածային աչքերի ազդեցությունից. ապառաժն անգամ կփշրվեր նրա առաջ, ո՞ւր մնաց ես, մի թույլ և զգայուն արարած, որ ստեղծված եմ միմիայն սիրելու համար։

Օրիորդը լուռ էր. նա չէր կարողանում նայել յուր երկրպագուի կրակոտ աչքերին, որոնց մեջ այդ րոպեին վառվում էր մի կատարյալ հնոց։

— Դուք չեք խոսում, Ամալիա, բայց գոհ եմ, որ գոնե լսում եք ինձ,— շարունակեց երիտասարդը նույն եռանդով.— ես կամենում եմ ասել ձեզ բոլորը, ինչ որ ամբարված է այս անուժ սրտի մեջ։ Ես ձեզ սիրում եմ, Ամալիա, սիրում եմ հոգվո բոլոր զորությամբ, իմ սրտի բոլոր կարողությամբ։ Այն օրից սկսած, որ ես ձեզ առաջին անգամ տեսի այն հացկերույթի վերա և առաջին անգամ լսեցի ձեր հրեշտակային ձայնը, մի հրեղեն շանթ խլվելով այդ դիցական աչքերից՝ պլպլվեցավ իմ խեղճ ու տկար սրտին, և այն օրից սկսած նա այրվում, խորովվում է ձեր սիրո անշեջ կրակով… Գթացեք ինձ վերա, օրիորդ, գթացե՛ք իմ խեղճ սրտին, նա արժանի է ձեր կարեկցության… [ 45 ] Օրիորդը դարձյալ լուռ էր։

— Ուրեմն թող հուսամ, որ դուք գոնե ինձ լսում եք,— քաղցրությամբ կրկին շարունակեց երիտասարդը,— ես ձեզ անկեղծությամբ խոստովանեցի բոլորը, ինչ որ զգում էի. այժմ մնում է ինձ ասել միայն մի երկու խոսք։ Սիրելով ձեզ, օրիորդ, ես չեմ բավականանում միայն այս դատարկ խոստովանությամբ, ես միևնույն ժամանակ խնդրում եմ ձեր ձեոքը և սիրտը և դրանց փոխարեն տալիս եմ ձեզ իմ իշխանական անունը և պատիվը, և դնում եմ ձեր ոտքերի մոտ իմ բոլոր կարողությունը, հարստությունը, կալվածները և հազարավոր հպատակները։ Կառավարեցեք նրանց ինչպես գիտեք, ինչպես կամենում եք, միայն թե այդ բոլորի փոխարեն տվեք ինձ ձեր սերը։

Օրիորդը այս անգամ բարձրացրեց յուր աչքերը, և քաղցրությամբ նայեց իշխանի վերա։

—Դուք խոստանում եք ինձ այդ սերն, այնպես չէ՞,— ջերմությամբ հարցրեց երիտասարդը։

—Գնացե՛ք. դուք շատ ուշացաք. իմ մայրը կարող է կասկածել,— հանդարտ ձայնով խոսեց օրիորդը և պարզեց յուր ձեռքը դեպի նրան։

—Գնա՜լ, բայց առանց ձեզանից մի խոստովանության խոսք լսելո՜ւ,— բացականչեց երիտասարդը տենդային հուզմամբ օրիորդի ձեռքը բռնելով։

—Գնացե՛ք, աղաչում եմ. ձեր բոլոր խոսածները ես հանդարտ սրտով լսեցի և այս բավական է. գնացե՛ք…

Երիտասարդը հասկացավ օրիորդի միտքը, և ավելի չդիմադրեց. նա ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը և շտապավ դուրս գնաց սենյակից:

Մի քանի րոպեից ետ Ամալիան կրկին ձեռքն առավ նոտաները և հանդարտ սրտով նստեց դաշնամուրի առաջ։

Իշխանուհի Դարիան յուր աղջկանը գտավ բնական դրության մեջ։ [ 46 ]

Ը

Առաջին այցելության քաղցր ընդունելությունից քաջալերվելով, պարոն Մաշտոցյանը սկսավ այնուհետև հաճախել Ագապյանների տունը և շատ անգամ. իբրև մերձավոր բարեկամ ժամերով նստել օրիորդ Ամալիայի մոտ, խոսակցել նրա հետ, լսել նրա քաղցր երգեցողությունը և երբեմն էլ զմայլել նրա հափշտակող դաշնահարությամբ։

Բայց և այնպես այս առավելությունները չէին գոհացնում երիտասարդ Մաշտոցյանին, նա ցանկանում էր ավելին։ Յուր բոլոր այցելությունների ժամանակ նա Ագապյաններից ստանում էր միմիայն մի քաղաքավարի ընդունելություն, որը նրանք շատ անգամ հասցնում էին ծայրահեղ նրբության: Բայց, իհարկե, այդ բավական չէր. սիրահար փեսացուն վայրկյան առ վայրկյան սպասում էր լսել նրանցից մի խոսք, մի ակնարկություն, որ կապ ունենար յուր դիտավորության հետ. նա սպասում էր, որ մայր իշխանուհին մի օր իրեն յուր փեսա անվաներ, կամ օրիորդ Ամալիան՝ յուր սիրահար։ Իսկ այդպիսի ակնարկություններ տեղի չէին ունենում։

Վերջապես նա վճռեց դիմել պարոն Սիմբրյանին և խնդրել նրա աջակցությունն այս կարևոր գործի մեջ։

— Դուք մի հնոց վառեցիք իմ սրտում ու հեռացաք,— ասաց նա մի օր Սիմբրյանին այլաբանորեն,— այժմ կարևոր է, որ այդ հնոցի համար փայտն էլ ինքներդ մատակարարեք։

— Պատրաստ եմ ձեզ ծառայելու,— պատասխանեց նա ժպտալով,— միայն թե ասացե՛ք ինչո՞ւմն է խնդիրը։

— Մի՞թե դեռ պետք է բացատրել ձեզ, չէ՞ որ դուք էիք աոաջինը, որ ինձ հիշեցրիք։

— Հասկանում եմ, Ամալիայի մասին է ձեր խոսքը, բայց ի՞նչ եք կամենում, որ ես անեմ։

— Առաջարկեցեք իմ կողմից ձեր քույր իշխանուհուն հանձնել ինձ այն, ինչ որ ինձ է պատկանում։

— Ամալիայի ձեռքը, այնպես չէ՞։

— Այո՛, իմ միակ գանձն աշխարհի վերա։

Սխմբրյանը մի վայրկյան լռեց։ [ 47 ] -Ի՞նչ է պատահել. դուք լռում եք, - անհանգստությամբ հարցրեց Մաշտոցյանը։

-Ոչի՛նչ, սիրելիս, ես մտածում եմ այն հանձնարարության վերա, որը դուք անում եք ինձ, և գտնում եմ, որ ես նրան կատարել չեմ կարող։

-Ի՞նչպես, դուք ուրեմն ընդդեմ եք իմ ցանկությանը։

-Ընդհակառակը, ես եմ առաջինը, որ փափագում եմ ձեր այդ միությանը, որովհետև հավատում եմ նրա երջանիկ ապագային։ Եվ խոսքիս ապացույց այն է, որ ես ինքս ծանոթացրի ձեզ իմ քրոջ և քեռադստեր հետ և հիշեցրի ձեզ Ամալիայի հետ ամուսնանալու անզուգական առավելությունը։

-Ուրեմն ինչու՞ չեք ցանկանում ձեր ձեռքով էլ պսակել գործը։

-Ա՛յ թե ինչու՞ համար։ Դուք հո գիտեք, սիրելիս, որ ժամանակները փոխվել են և մանավանդ ամուսնական խնդիրներում էլ առաջին տեղը չեն բռնում բարեկամների, խնամակալների և նույնիսկ ծնողների խորհուրդները։ Լուսավորության շնորհիվ այժմ գործն այն տեղն է հասել, որ ամուսնացողներն իրենք են ընտրում իրենց ընկերները, իրենք են ընդունում, կամ մերժում առաջարկությունները և իրենք էլ վերջավորում գործը։ Ամալիան ինքը հասած ու զարգացած աղջիկ է, նա մինչև անգամ կարող է վիրավորվել, եթե ես ձեռներեց լինեմ այդ գործում. և նույնիսկ նրա մայրը հազիվ թե համաձայնվի մի դրական պատասխան տալ ձեզ, եթե դուք դիմեք նրան: Ուրեմն ավելի լավ է և հարմար, եթե դուք ինքներդ անեք այդ առաջարկությունը նույնիսկ իրեն Ամալիային, փառք աստծո, դուք այժմ միմյանց ավելի քան ծանոթ եք և միմյանցից քաշվելու բան չունեք։ Արեք նրան ձեր առաջարկությունն ազատորեն և երբ նրա հաճությունը կառնեք, հարսանյաց ուրախությունը մենք միասին կկատարենք։ Այս վերջին դեպքում ես ձեր երկուսիդ խոնարհ ծառան եմ։

Մաշտոցյանն այս խորհրդին ընդդիմանալու պատճառ չուներ։ Միայն չգիտեր ի՞նչ ձևով անել յուր առաջարկությունը։ Չնայելով հաճախակի այցելություններին, նա վերջին օրն էլ այնպես անծանոթ էր Ամալիային, ինչպես և առաջ: Նա չէր ճանաչում ո՛չ նրա սիրտը, ո՛չ նրա հոգին, ո՛չ զգացումները, [ 48 ] և ո՛չ ձգտումները, որովհետև օրիորդը միշտ կոճկված էր լինում նրա մոտ։ Կընդունե՞ր արդյոք յուր առաջարկությունը, թե ոչ, հայտնի չէր։

Եվ արդարև այսպիսի դիպվածում, ոչինչ այնքան դժվար չէ, որքան ամուսնական մի առաջարկություն. այդ կնշանակի ուղղակի պահանջել մարդիկներից, որ հավատան յուր աներևույթ բարեմասնություններին, յուր հոգեկան արժանավորությանը և կամ հավանեն յուր արտաքին կերպարանքին, ինչպես մի ծախու հանվող արձանի, որին քանդակագործը հանում է հրապարակ, ի տես ժողովրդյան։ Բոլորովին ուրիշ պայմաններ ունի այն մարդու գործը, որ այս կամ այն հանգամանքի շնորհիվ սիրվել է մի աղջկանից, նրա գործը ստեղծում և պսակում է նույն ինքն սերը, առանց նեղություն պատճառելու մեկին, կամ մյուսին։

Բայց ինչպես էլ որ լիներ, Մաշտոցյանը պիտի վերջ տար այդ տարտամ դրությանը. նա որոշեց անմիջապես դիմել իրեն օրիորդին։

Օրը կիրակի էր, բայց դեռ ոչ ոք չէր այցելել Ագապյաններին։

Օրիորդ իշխանուհին միայնակ նստած գիրք էր կարգում, երբ ներս մտավ Մաշտոցյանը։ Սովորական ողջույնից ետ երիտասարդը նկատեց.— Առաջին անգամ է, որ պատահում եմ մի աղջկա, որը դաշնակահար լինելով հանդերձ՝ սիրում է ընթերցանություն:

— Փոփոխություններն առույգացնում են կյանքը, միօրինակությունն է, որ անշարժություն և հետևապես մեռելություն է առաջացնում,— ժպտալով պատասխանեց օրիորդը։ 

— Այդ ճշմարիտ է, բայց ես կարծել եմ, որ երաժշտությունը նույն ինքը մարմնացյալ փոփոխություն է։

— Գուցե միայն լսողների համար, բայց նվագողներն այդ կարծիքը չունեն նրա մասին:

-Ի՞նչ եք կարդում դուք։

-Մի ռոման, ուր ինչպես միշտ երգվում և չարչարվում է սերը։

-Դուք ուրեմն սիրո՞ւմ եք սիրահարական ռոմաններ։

-Այո՛, ինձ զվարճացնում են սիրային արկածները: [ 49 ] — Բայց չէ՞ որ շատ անգամ էլ նրանք կլացացնեն ձեզ։

— Ես առհասարակ այդքան դյուրազգաց չեմ։

— Մի՞թե,— զարգացմամբ բացականչեց երիտասադը,— ձեզ նման մի գեղեցկուհին պետք է, որ ամբողջապես ստեղծված լինի զգացմունքներից։

— Այդ ես կարծում եմ օգուտ կբերի ուրիշներին, բայց ոչ ինձ:

— Ուրեմն դուք երբեք ուրիշների համար չե՞ք մտածում։

— Ինչո՞ւ չէ եթե միայն այդ ուրիշն էլ ինձ համար է մտածում։

— Հասկանում եմ. դուք ուրեմն ավելի ինքնասեր եք, քան մարդասեր։

— Այդ վերջին բառը. ես կարծում եմ այն մարդիկներն են ստեղծել, որոնք ուրիշին տալու ոչինչ չեն ունեցել,— ծիծաղելով նկատեց օրիորդը։

— Գուցե՛,— մի առանձին անվստահությամբ շեշտեց Մաշտոցյանը, կարծելով, թե օրիորդի ակնարկությունն իրեն է վերաբերում։ Բայց ցանկանալով միևնույն ժամանակ մոտենալ յուր նպատակին, հարցրեց.

— Ի՞նչ չափով եք առհասարակ մտածում դուք ա՛յն մարդկերանց վերա, որոնք միայն ձեզ համար են մտածում։

— Միայն ի՞նձ համար։

— Այո՛, միայն ձեզ համար։

— Այդ ես չեմ հասկանում. մի՞թե կարող է գտնվել մի մարդ, որի հոգածության առարկան միայն ես լինիմ։

— Ինչո՞ւ չէ. եթե մեկը սիրում է ձեզ, նա չէ կարող ուրիշ բանի վերա մտածել։

— Այո՛, եթե սիրում է. բայց ես դեռ այդպիսի մարդ չեմ ճանաչում, հետևապես, չեմ կարող այժմյանից ասել, թե փոխադարձաբար ի՞նչ կանեմ ես նրա համար։

— Բայց եթե այդ մարդը գար և ուղղակի խոստովաներ ձեզ յուր սրտի զգացմունքը, մի՞թե դուք կզայրանայիք նրա վերա։

— Երբե՛ք, ինչու՞ համար վիրավորել մի մարդու, որի [ 50 ] միակ հանցանքը ինձ սիրելն է. թող սիրե՝ ով կամենում է. սիրեն՝ որքան ցանկանում են։

-Թույլ կտա՞ք ուրեմն, որ բոլոր մարդիկ սիրեն ձեզ,- զարմացմամբ հարցրեց Մաշտոցյանը և յուր նախանձոտ աչքերը հառեց օրիորդի վերա։

-Զարմանալի հարց,- ծիծաղելով պատասխանեց օրիորդը,- կարելի էր միայն թույլ չտալ, որ մարդիկ ատեն ինձ, ապա թե չէ սիրելուն ի՞նչ կա, նրանց սիրելը հոգ չէ ապացուցանում, թե ես էլ նրանց եմ սիրում։

-Հասկանում եմ, ուրեմն դուք ընդհանրապես բարեկամական սիրո մասին եք խոսում։

-Մի՞թե թշնամական սեր էլ կա աշխարհում։

-Թշնամական սեր չկա, բայց կա մի սեր, որ հասարակ բարեկամական չէ. այդ սերը մինչև անգամ մարդկային էլ չէ. նա աստվածային է…

Բայց ո՞ւմ են սիրում այդ աստվածային սիրով։

-Նրան, ով արժանի է այդ սիրուն։

-Օրինակի համար, ցույց տվեք ինձ մի այդպիսի անձնավորություն։

-Իշխանուհի Ամալիան, մահկանացուների մեջ գեղեցկագույնը…

-Կա՞ն, ուրեմն, այնպիսի մարդիկ, որոնք այդ աստվածային սիրով սիրում են նրան,- ծիծաղելով հարցրեց օրիորդը։

-Չգիտեմ կա՞ն, թե ոչ, բայց գիտեմ, որ կա՛ մեկը, որ սիրում է և որ պատրաստ է ամեն ինչ զոհելու միմիայն նրա փոխադարձ սիրոյն արժանանալու համար։

-Հետաքրքիր է տեսնել այդ մարդուն,- հեգնական ժպիտով պատասխանեց օրիորդը։

-Այդ մարդը ձեր առջևն է, օրիորդ,- ջերմեռանդությամբ պատասխանեց երիտասարդը։

Ամալիան աշխատեց շառագունել, բայց այդ չհաջողվեց նրան. վերջապես նա յուր գեղեցիկ աչքերը խոնարհեց գետին։

-Արդյոք թո՞ւյլ եք տալիս նրան սիրելու ձեզ,- հարցրեց Մաշտոցյանը։ [ 51 ] — Ես ոչ ոքին չեմ արգելում… — ցած ձայնով պատասխանեց օրիորդը։

—Բայց նա կարո՞ղ է հուսալ. որ փոխադարձաբար կսիրվի ձեզանից։

— Չգիտեմ։

— Այդ իրավացի պատասխան է. արդարև դուք այժմյանից իմ այդ հարցին դրական պատասխան տալ չեք կարող, պետք է սպասել գոնե մոտիկ ապագային։ Բայց ես մի ուրիշ առաջարկություն ունեմ, նրան որոշակի պատասխանելը ձեր իրավունքն է…

- Խոսեցեք. ես ձեզ լսում եմ։

— Օրիորդ, նոր չէ, որ ես ճանաչում և սիրում եմ ձեզ:

Երեք տարուց ավելի է, որ ես առաջին անգամ տեսա ձեզ ձեր վարժարանի դռներում. դուք ձեր ընկերուհիների հետ միասին պատրաստվում էիք գնալու ձեզ հյուրասիրող մի իշխանուհու տունը։ Այն ժամանակ դուք նույնչափ գեղեցիկ և հրաշալի էիք, որչափ և այսօր։ Երբ առաջին անգամ տեսա ձեզ գրեթե հափշտակվեցա, մանավանդ երբ դուք ուղղեցիք ինձ ձեր կախարդող հայացքը, եթե շրջապատողներից չվախենայի, այդ րոպեին ես կընկնեի ձեր առաջ և կերկրպագեի ձեզ։ Բայց դուք ձեզ սպասող կառքը հեծաք և ձեր ընկերուհիների հետ միասին հեռացաք։ Ես նույնպես կառքով հետևեցի ձեզ։ Կրկին անգամ մեր հայացքները պատահեցան իրար իշխանուհու տան մուտքի առաջ և այնուհետև էլ ես չտեսա ձեզ… Բայց այդ օրից սկսած ես անդադար մտածում էի ձեզ վերա։ Ո՞վ գիտե, գուցե դուք էլ մի բան հիշում եք իմ այս պատմածներից։

— Գրեթե ոչինչ։

— Հասկանալի է. ուրիշ կերպ լինել չէր կարող։ Բայց այս բոլոր հիշածներս մի նպատակ ունին, օրիորդ, և այդ նպատակի համար ես կամենում եմ ազատորեն խոսել, հավատալով, որ դուք այնքան զարգացած եք, որ կարող եք հասկանալ ինձ և անկեղծորեն պատասխանել իմ առաջարկությանը։

— Խոսեցեք, խնդրեմ, ազատ եք։ [ 52 ] -Իմ խոսքը կարճ է, օրիորդ, ես խնդրում եմ ձեր ձեռքը. կարո՞ղ եք արդյոք չմերժել ինձ այն։

-Իմ ձե՞ռը։

-Այո՛։

-Դուք սիրո՞ւմ եք անկեղծությունը։

-Ինչպես իմ աստծուն։

-Եվ չե՞ք ցավիլ, եթե այդ անկեղծությունը վնասե ձեզ։

-Գուցե կցավիմ, բայց և անտրտունջ կհնազանդվիմ նրան։

-Որովհետև դուք այդքան քաջություն ունիք, հարգելի բարեկամ, ուրեմն ես կարող եմ անկեղծաբար խնդրել ձեզ, որ չվշտանաք. ես մերժում եմ ձեր խնդիրը։

Մաշտոցյանը կարծես շանթահար եղավ. բայց և իսկույն զսպեց յուր այլայլությունը. նա փորձեց մինչև անգամ ժպտալ՝ օրիորդի մերժման ազդեցությունը անզգալի անելու համար, սակայն այդ ջանքը ապարդյուն անցավ, բնությունը մի քանի րոպե հաղթանակեց և նրանք երկուսն էլ սկսան լուռ ու մունջ նայել իրար։

Երբ մի քանի վայրկյան անցավ, երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը։

-Չեմ կարող չխոստովանվել, օրիորդ, որ ձեր մերժումը ինձ մեծ ցավ է պատճառում։ Ես, որ այսքան ժամանակ միայն ձեզ վերա էի մտածում, ձեզ երազռւմ և ձեզ հետ կենակցելու հույսով ուրախանում, այժմ անկարելի է, որ հոգվով չափ չվշտանամ՝ իմ գողտրիկ երազները օդի մեջ ցնդած տեսնելով: Բայց և այնպես, ես հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչու՞ համար եք մերժում ինձ։ Եթե դուք ինձ չեք սիրում այժմ, այդ որքան էլ ինձ համար ցավ է, այսուամենայնիվ հարգելի պատճառ չէ իմ խնդիրը մերժելու համար. ես կարծում եմ և հավատացած եմ, որ մի օր դուք կսիրեք ինձ, եթե համաձայնվիք միայն տալ ինձ ձեր ձեռը։ Դուք էլ կարող եք վկայել, որ սերը մի օրվա մեջ չէ ծնունդ առնում և ոչ աճում. ամեն մի անձնանվիրություն զարթուցանում է սեր. իսկ ես կարող եմ արժանի լինել ձեզ կատարյալ անձնվիրությամբ։

-Սե՞րը. իհարկե ոչ, սերը չէ իմ մերժման պատճառը. [ 53 ] ընդհակառակը, ես հավատացած եմ, որ դուք կարող եք սիրել տալ ձեզ՝ ի՞նչպես և ո՞ւմ որ կամենաք։

-Ուրեմն իմ արտաքին կերպարանքն է ձեզ համար հակակրականը։

-Ամենևին ոչ. դուք գեղեցիկ տղամարդ եք, և ձեր ապագայի ամուսինն իրավմամբ կարող է ձեզնով պարծենալ։

-Ուրեմն իմ հարստությունը ձեզ համար շատ փո՞քր է երևում. և դուք երևի վախենում եք ազնվական տան արժանավայել ապրուստ չունենալ։

-Ընդհակառակը. ինձ ասել են, և ես հավատում եմ, որ ամբողջ Թիֆլիսի մեջ եթե ոչ առաջինը, գոնե երկրորդն եք դուք ձեր հարստությամբ, հետևապես կասկածելու էլ տեղիք չունեմ, թե ձեր ամուսինը կարող է երբևիցե ամենահարուստ ազնվականից պակաս կյանք վարել։

-Աստված իմ, ուրեմն ինչո՞ւմն է իմ պակասությունը, ինչով եմ ես անարժան ձեր սիրուն,- զարմացմամբ բացականչեց երիտասարդը։

-Կամենո՞ւմ եք, որ ես անկեղծ լինեմ։

-Այո՛, աղաչում եմ։

-Դուք վաճառական եք։

-Եվ ա՞յդ է իմ հանցանքը,- հեգնական ժպիտով հարցրեց Մաշտոցյանը։

-Այո՛, և այդ դժբախտաբար բավական մեծ արատ է մի իշխանական տան աղջկա համար։

-Հասկանում եմ. ուրեմն դուք կցանկանայիք, որ ձեր ամուսինն անպատճառ մի հայտնի իշխանազն, կամ գոնե տոհմիկ ազնվական լիներ։

-Այո. բայց ներեցեք, որ ես անկեղծաբար խոսեցի, դուք այնքան զարգացած եք, որ ինձ կհասկանաք։

-Կատարելապես. այդ կողմից միամիտ եղեք։ Բայց և այնպես թույլ տվեք ինձ էլ անկեղծաբար մի քանի խոսք ասելու։

-Շնորհ արեք խնդրեմ. ուրախությամբ կլսեմ ձեզ։

-Մեր իշխանների և ազնվականների մասին շատ սխալ գաղափար ունիք դուք, օրիորդ. այն նշանակությունը, ինչ որ լուսավորյալ ազգերը տալիս են իրենց հին ազնվականությանը [ 54 ] — անկարելի է մեր ազնվականությանը հատկացնել։ նրանց նախահայրներն արդարև մի օր մեծ մարդիկներ են եղել, դյուցազնական սիրտ և հոյակապ հանճար են ունեցել, հայրենիքի համար ապրել և հայրենիքի համար են մեռել, իրենց մեծ գործերով սերունդներ են ոգևորել և վերջապես որդվոց որդի ճշմարիտ ազնվականության պատկառ մնալով` խորշել են թզուկներ ծնելուց և սնուցանելուց որպեսզի նրանց ապիրատ գործերով տոհմական ընդ նմին և հայրենական արժանապատվությունը չարատավորվի։ Ամբողջ դարեր ազնվականությամբ ապրող մի տոհմի հետ արդարև մեծ փառք է կապել և՛ անուն, և՛ կյանք, և այդ փառքը ձեռք բերելու համար` գովության արժանի է մի կնոջ ջանքը, եթե միայն այդ կինն էլ զգում է յուր մեջ այդ փառավոր տոհմին արժանի լինելու կոչումն։

Բայց մի՞թե միևնույն գովությամբ կարող ենք խոսել և մեր ազնվականներից շատերի վերա, որոնց նախահայրերն այդ կոչումը ձեռք են բերել ոչ թե հայրենիքին մի նշանավոր ծառայություն անելով, այլ շատ անգամ…

— Մեր հայ իշխանազուների մասին, կարծեմ, չեք կարող այդ տեսակ կարծիք հայտնել,— ընդհատեց օրիորդը հանկարծ հայասեր դառնալով (չնայելով, որ այդ առաջին անգամն էր հայության ապավինում)։

— Հայ իշխանազուննե՞ր, ո՞րտեղ են նրանք,— ծիծաղելով հարցրեց Մաշտոցյանը։— Չլինի թե այս Սլկունիները, Ռշտունիները, Արշակունիները և այլ բազմաթիվ շինծու ունիները դուք ճշմարիտ իշխանազուններ եք կարծում և կամ Մելիք-Պողոսյաաններն ու Սողոսյանները ազնվականներ։ Շատ սխալվում եք։ Եթե դուք մի օր մտածած լինեիք հայերեն սովորելու, դուք մեր գրքերից կիմանայիք, որ այդ Սլկունիների, Ռշտունիների, Արշակունիների և այլոց ցեղերը հարյուրավոր տարիներ սրանից առաջ ջնջվել, անհետացել են և նրանց գերեզմաններն անհայտության մեջ կորել են։ Այս նոր Սլկունիներն ու Ռշտունիներր ոչ այլ ինչ են, եթե ոչ` Խոյից, Ջուղայից, Համադանից, Վանից և հայոց երկրի ուրիշ կողմերից շատ տարիներ առաջ Վրաստան գաղթած փինաչիների, ջորեպանների և այլ այս տեսակ մարդկանց սերունդներ: [ 55 ] Նորեկ մարդիկ առհասարակ հանդուգն և ձեռներեց են լինում. և ահա դրանք Վրաստան մտնելով շտապել են մի վկայաթղթով իշխանազուններ հրատարակվիլ… Ինչ մեր Մելիք-Պողոսյաններին ու Սողոսյաններին է վերաբերում, դրանք էլ հայ գյուղերի խեղճ տանուտերերի որդիք են, շատ սակավ բացառությամբ։ Հայոց գյուղերում մի ժամանակ ամեն տանուտեր մելիք էր կոչվում․ չնայելով, որ այդ խեղճ մարդուն մեկն էր լինում նա․ բայց այսօր այդ մարդկանց սնափաո սերունդը ինքն իրեն ազնվական է երազում և չէ սխալվում, որովհետև հավատացողներ կան։ Բայց այն ժամանակվա բնիկները, վաճառականներ լինեին նրանք, թե՛ արհեստավորներ, իհարկե, կարիք չունեին նոր անուն և պատիվ ձեռք բերելու, որովհետև այն ժամանակ նրանք արդեն սեփական անուն և պատիվ ունեին։ Միակ նրանց սխալմունքն այն է եղել, որ չեն մտածել, թե իշխանազուն օրիորդները մի օր կարհամարհեն նրանց թոռներին…

— Վերջապես այս բոլորից հետո, օրիորդ, մի փոքրիկ բացատրություն ևս և մենք հավիտյան կբաժանվենք միմյանցից։ Ձեր պաշտած ազնվականության վերա այնքան խոսելով, ես երբեք միտք չունեի ձեզ համոզելու՝ ընդունել իմ առաջարկությունը. քավ լիցի, ազնվականի ամուսին լինելու ձեր փառամոլ ցանկությունը արդեն բավական էր մի անգամ ընդմիշտ իմ սիրտը ձեզանից սառեցնելու․ ես միայն ցանկացա ծանոթացնել ձեզ այն ոչնչության հետ, որին կուրորեն պաշտում եք դուք։ Իսկ այսուհետև կմնա մեզ ապացուցանել՝ թե մեզանից որն է ճշմարիտ ազնվականը։

Այս ասելով երիտասարդը վերցրեց գդակը և քաղաքավարությամբ գլուխ տալով իշխանուհուն, դուրս գնաց սենյակից։

Թ

— «Օրիորդ Ագապյանը մերժել է յուր ձեռը Արսեն Մաշտոցյանին»։ Այս լուրը շուտով քաղաքի մեջ տարածվելով՝ մեծ խոսակցության և շատ տեղ էլ վիճաբանության առարկա դարձավ։ Կային մարդիկ, որոնք գովում էին իշխանուհի [ 56 ] օրիորդի վարմունքը։ Դրանք գլխավորապես իշխանազուն ընտանիքներից էին, որոնք ասում էին, թե մեծ հանդգնություն է մի վաճառականի համար ձգտել իշխանական տան փեսայության, եթե նա զուրկ է ազնվական անարատ արյունից։ Հասարակաստեղծ մարդիկ, ընդհակառակը, պախարակում էին օրիորդի և նրա մոր սնափառությունը, որին նրանք տգիտությամբ զոհում էին իրենց թե՛ ներկան և թե՛ ապագան։ Որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Ագապյանները նյութական կողմից աննախանձելի դրության մեջ էին։ Այսուամենայնիվ ոչ ոք սիրտ չարավ նրանց վարմունքը դեմ հանդիման դատապարտելու, այդպիսին միայն Սիմբրյանն էր, որ օրիորդի այս քաջագործությունը լսելուն պես, շտապեց մի որևէ միջոցով գործը շտկելու, բայց գտնելով թե՛ նրան և թե՛ յուր մորը անուղղելի համառության մեջ, զայրացած հեռացավ նրանցից, երդվելով չտեսնել այլևս նրանց հիմար երեսը։

Շատ պատվական երիտասարդներ էլ, որոնք մի անգամ տեսել էին, իշխանուհի օրիորդին և իրենք իրենց արժանի համարելով նրա հետ ամուսնանալուն՝ մտադրվել էին խնդրել նրա ձեռը, լսելով օրիորդի այս մեծամիտ վարմունքը, ետ կեցան իրենց դիտավորություններից, որովհետև չկամեցան բախտակից լինել երիտասարդ Մաշտոցյանին, որը թեպետ ամեն բանով բարձր էր իրենցից, բայց և այնպես մերժվել էր հպարտ իշխանուհուց։ Իշխանազունների մեջ էլ չկային այնպիսիները, որոնք նյութական կարողությամբ ապահովված լինեին, այդ պատճառով հարսնացու օրիորդը երկար ժամանակ մնաց առանց խնամախոսության։ Եվ թեպետ հետզհետե շատանում էին նրա ծանոթներն ու բարեկամները, բայց դրանք բոլորն էլ այնպիսի մարդիկ էին, որոնք միայն նրա գեղեցկությամբ զվարճանալու համար էին նրա շուրջը խմբվում։ Ապա թե ոչ յուր անունը և պատիվը նրա հետ կապել ցանկացող մի մարդ չէր մոտենում նրան։

Այս հանգամանքը սկսում էր մտատանջություն պատճառել մայր իշխանուհուն, և կարծես մոտենում էր զղջման ժամանակը։ Բայց իշխան Ջոմարջիձեն կարողացավ հարմար դեպքից օգուտ քաղել։ Նա առաջարկեց օրիորդին ճանապարհորդել [ 57 ] յուր հետ Իտալիա, յուր նշանավոր ձայնը այնտեղ կատարելագործելու համար: Ամալիան, որ կարծես թե սկսում էր սիրել իշխանին, իբրև մի մարդու, որ անկեղծաբար հոգում էր յուր առաջադիմության համար, ուրախությամբ համաձայնվեցավ։ Մի գաղտնի նպատակ էլ, որ նա խնամքով ծածկում էր յուր սրտում, նրան ավելի գրգռեց շտապեցնել գործը։ Այդ այն էր, որ նա հավատալով Ջոմարջիձեի խոստումներին, ինքն յուր մտքում որոշել էր նրա հարստության, կալվածների, հպատակների և այլ կարողությանը տիրուհի դառնալ։ Այս ճանապարհորդությունը նրանց ավելի կմոտեցներ իրար և շուտով կբացվեր յուր ապագա ամուսնու առաջ։ Դժվարությունը միայն նրանումն էր, թե ինչպես համոզել մայր իշխանուհուն։ Բայց որքան մեծ եղավ թե՛ օրիորդի և թե՛ իշխանի զարմանքը, երբ իշխանուհին այս առաջարկությունը լսելուն պես տվավ յուր համաձայնությունը։ Բայց մայր իշխանուհու նպատակը ոչ ոք չհասկացավ։ Նա պարզ տեսնում էր, որ բախտը օրըստօրե յուր երեսը դարձնում էր գեղեցիկ Ամալիայից. ամուսնացող և հարուստ երիտասարդները հեռու էին փախչում նրանից, իշխաններն ու գեներալները ոչ մի տեղ չէին երևում, իսկ դատարկապորտ և զվարճասեր մարդիկ հետզհետե ձանձրացնում էին իրենց։ Հետևապես Ամալիայի միառժամանակ քաղաքից հեռանալը ամեն կողմից էլ շահավետ էր։ Առաջին՝ այդ առիթով նա յուր ձայնը կկատարելագործեր, որը գուցե նրան կհարկավորվեր որևէ ձախող բախտի ժամանակ. երկրորդ՝ Մաշտոցյանի առաջարկությունը մերժելու առթիվ քաղաքի մեջ տարածված լուրերն ու խոսակցությունները, որոնք իրեն չափով գրգռում էին լսողների զայրույթը, կմոռացվեին շուտով և ապագա փեսացուները խաղաղ սրտով կմոտենային Ագապյաններին․ երրորդ՝ Ամալիայի առժամանակյա բացակայությունը կնպաստեր կրկին անգամ հետաքրքրելի դառնալուն, երբ նա վերադառնար Իտալիայից, որովհետև հին ճշմարտություն է, որ միշտ մի տեղ մնացող ջուրը հոտում է. և վերջապես չորրորդ՝ Ագապյանների տունը կազատվեր դատարկապորտ և զվարճասեր երիտասարդների անկոչ բարեկամությունից ու անօգուտ [ 58 ] այցելություններից, որոնք վերջ ի վերջո արատ պիտի բերեին այդ տան անվանը։

Մի կողմից այս բանավոր պատճառները և մյուս կողմից մայր իշխանուհու Ջոմարջիձեի վերաբերությամբ ունեցած մեծ հավատը համոզեցին նրան ընդունել Ամալիայի առաջարկությունը՝ յուր ուսուցչի հետ միասին Իտալիա ճանապարհորդելու։ Այս նորությունը պարոն Սիմբրյանը լսեց կատարյալ անտարբերությամբ, որովհետև գեղեցիկ Ամալիայի միջոցով շահվելու հույսը նա միանգամ ընդմիշտ կորցրել էր։

Եվ այսպես՝ մի գեղեցիկ օր օրիորդ իշխանուհին յուր երիտասարդ ուսուցչի հետ միասին ճանապարհ ընկավ դեպի մուսաների պատմական աշխարհը — բանաստեղծությամբ հարուստ Իտալիան։

Ժ

Բшյց Արսեն Մաշտոցյանի փառքը գնալով մեծանում էր և նրա առևտրական հաջողությունները հաջորդում էին միմյանց։ Ագապյանների մերժումը ոչ միայն ազդեցություն չունեցավ աղջկատեր ծնողների վերա, ընդհակառակը, նրանք ուրախացան, որ գեղեցկության մի հզոր հակառակորդ հեռացավ ասպարեզից։ Շուտով ճարպիկ միջնորդները սկսան շրջապատել հարուստ փեսացվին իրենց բազմազան և բազմախոստում առաջարկություններով։

Սակայն Մաշտոցյանր արդեն փորձված էր։ Նա այժմ խոստովանում էր, որ աղջկա գեղեցկությունը, օժիտը և հարստությունը միայն նրա առաքինության մեջ պետք է որոնել, որ գեղեցկությունը և հարստությունը մի-մի չարիքներ են, եթե լծորդված չեն առաքինության հետ։ Այդ պատճառավ նա մերժեց ամեն մի փարթամ առաջարկություն և ընտրեց իրեն հարսնացու այնպիսի մի աղջիկ, որ հարուստ ընտանյաց զավակ լինելով հանդերձ՝ զարդարված էր նաև առաքինական բարեմասնություններով։ Նրա հարսանյաց հանդեսը թեպետ ավելի համեստ, քան յուր հարստության վայել շքով անցավ, բայց նա համեմված էր այնպիսի ուրախությամբ, [ 59 ] որին երբեք չէ հաջորդում զղջումը։ Այսպիսով երիտասարդի նյութական հարստության վերա ավելացավ մի ուրիշ անզուգական հարստություն, որ իսկական հիմնաքար դարձավ նրա տան հարստության համար։

Բայց իշխանուհի Դարիան լսեց այս բոլոր պատմությունը վրդովված հոգվով։ Եվ չնայելով, որ ինքն եղավ առաջինը, որ մերժեց յուր եղբոր առաջարկությունը-Ամալիային Մաշտոցյանի հետ ամուսնացնելու, այսուամենայնիվ նա տխրում էր, որ դեպքերն այդ ընթացքն առին։ Դժբախտաբար մի բարեկամ էլ չկար, որ սփոփեր նրան ապագայի վարդագույն խոստումներով։ Երբեմն֊երբեմն նա քաջալերում էր ինքն իրեն, մտածելով, որ շուտով Ամալիան կվերադառնա, որ նա նրան կամուսնացնե, որ նրանով կուրախանա, բայց երբեմն էլ չարագուշակ մտածմունքները տանջում, կեղեքում էին նրա սիրտը և հոգին. «Գուցե իմ Ամալիան էլ չվերադառնա, գուցե նոր բախտի հանդիպելով մոռանա, կամ գուցե…»։ Եվ նա այլևս չէր կարողանում շարունակել յուր սարսափելի գուշակությունը։

Բայց Ամալիան յուր ուսուցչի առաջարկությամբ հասնելով Իտալիա՝ կանգ առավ հռչակավոր Նեապոլում, ուր գտնվում էր հայտնի երաժշտական դպրոցը։ Այնուհետև հաճախո՞ւմ էր նա այնտեղ, թե՞ ոչ, ուսանո՞ւմ էր մի բան, թե՞ զվարճանում էր անգործությամբ, ճիշտը հայտնի չէր ոչ միայն նրա մորը, այլև նրա կովկասցի բարեկամուհիներից և ոչ մինին։ Միայն ստեպ֊ստեպ ստացվում էին նրա նամակները, որոնց մեջ նա հուսալիր խոստումներ էր գրում յուր հռչակավոր ապագայի մասին, գեղեցիկ գույներով դրվատում էր յուր աշխատասիրությունը, հառաջադիմությունը, դպրոցի վարչության յուր վերա ունեցած սերն ու համակրանքը, և այլն, և այլն։ Պատահում էր, որ երբեմն էլ նա հիշողություններ էր անում յուր նախկին ուսուցիչ և բարերար Ջոմարջիձեի մասին, երախտագետ սրտով գովելով նրա խնամատարությունը:— «Իշխան Պլատոնը,— գրում էր նա յուր մորը,— թեպետ վաղուց գտնվում է Հռոմում, բայց երբեմն այցելում է Նեապոլ, խրախուսում է ինձ յուր խորհուրդներով և բարեխոսում Կոնսերվատվարի վարչությանը՝ հոգածու աչք ունենալ [ 60 ] ինձ վերա։ Ցավալի է միայն, որ իշխանի պաշտոնը չի ներում նրան ավելի շուտ-շուտ ինձ այցելելու, կամ յուր տեսակցությունը գեթ մի օրով երկարելու, որովհետև առավոտյան գնացքով նա գալիս է Նեապոլ և կեսավուր գնացքով վերադառնում: Բայց նա այնքան բարի և այնքան ազնիվ է, որ ես կկամենայի ամսվա մեջ գոնե մի օր նրա ընկերակցությամբ անցուցանել»։

Եվ մի՞թե այս էր ճշմարտությունը։ Իհարկե ոչ։ Իշխան Պլատոնը Իտալիա մտնելու օրից սկսած անբաժան էր մնում օրիորդ Ամալիայի հետ Նեապոլում: Վերջինս մի քանի անգամ միայն այցելեց Կոնսերվատվարը և այն լոկ զվարճության, կամ նրա ներքին կյանքին մասամբ ծանոթանալու համար։ (Որովհետև նա յուր նամակների մեջ երբեմնապես զանազան հիշողություններ էր անում այդ հաստատության մասին, հետևապես նրան հարկավոր էր գեթ մի հարևանցի ծանոթություն նրա հետ)։ Իսկ մնացյալ ժամանակը անցուցանում էր իշխան Պլատոնի հետ զանազան զվարճություններով, որովհետև վաղուց արդեն նրանք անձնատուր էին եղած սիրահարության արբեցության… Երբ Նեապոլի մեջ կյանքը ձանձրալի դարձավ, երկու սիրահարները սկսան ճանապարհորդել դեպի Իտալիայի ուրիշ հետաքրքիր կողմերը:

Սիրահարներն առհասարակ զգուշավոր են լինում իրենց ծնողների և բարեկամների շրջանում. անծանոթ քաղաքներում ընդհակառակը` զգուշությունը ավելորդ բեռն է համարվում նրանց համար, բայց դա մի սխալմունք է` դարձյալ անփորձության հատուկ։ Զգուշությունը հարկավոր է ամեն տեղ, ուր որ բաց երկինք կա։ Հակառակ կարծիք ունեցողը անպայման կպատժվի։

Այդպես էլ պատահեց մեր սիրահար զույգին։ Դեռ մինչև այժմ էլ գաղտնիք է մնացել, թե ո՞վ էր այն անձը, որ իտալական մի քաղաքից գրել էր իշխանուհի Դարիային նրա դուստր Ամալիայի` իշխան Պլատոնի հետ ունեցած սիրակցությանց մանրամասն պատմությունը, սկսած ա՛յն օրից, որ նրանք այնտեղից փոխադրվեցան Հռոմ և ապա Վենետիկ` Ադրիատական ծովափանց գեղեցկություններով զվարճանալու համար։ [ 61 ] Շուտով մի չարագուժ նամակ հասավ Կովկասից Ամալիային, որի մեջ նրա թշվառ մայրն անիծում էր այն օրը որի մեջ յուր անդրանիկ դուստրը աշխարհ եկավ՝ Ագապյան տան անունը խայտառակելու համար… «Մինչև այժմ իմ վերջին կոպեկները ես խնայելով ղրկում էի քեզ, ապերախտ զավակ,— գրում էր նրան վշտահար մայրը,— և սպասում էի, որ իմ խնայողությամբ հավաքած այդ լումաներով դու կհարստացնես այն գանձը, որ անարատ հանձնեցի քեզ, և որ իմ և քո միակ պարծանքն էր աշխարհում, բայց դու այդ անգին գանձը,— որ քո կուսական պարկեշտությունն էր, արատավորեցի՛ր… Այսուհետև դու իմ աղջիկը չես, Ամալիա, դու անպատվությամբ մեռար. և ես չեմ կամենում, որ դու այլևս կենդանանաս…»:

Այսպիսի մի տխուր հիասթափությունից հետո, կարծիք չկար, որ մայր իշխանուհին այլևս պիտի մերժեր Ամալիային յուր դրամական օժանդակությունը։ Իշխան Պլատոնի պարտքով վերցրած փողերից շատ քիչ բան էր մնացել, այնպես որ սիրահարները ստիպված էին վաղընդփույթ վերադառնալ Կովկաս, օտար երկրում սովամահ չկորչելու համար։ Բայց ի՞նչ երեսով գալ։

Իշխան Ջոմարջիձեի համար ասենք մի դժվարություն չկար, նրա միակ հոգսը յուր պարտատերերն էին, որոնցից Իտալիա գալու համար նա բավական պարտք էր վերցրել։ Բայց մեր ժամանակում ո՞վ է պարտքի համար անքուն գիշեր անցուցանում։ Դժվար դրությունը Ամալիայինն էր. նա չէր կարողանում հաշտվել ա՛յն մտքի հետ, թե երբևիցե կարող է յուր մոր աչքին երևալ։ Նա պատվավոր թողել էր հայրենի քաղաքը և անպատիվ մուտ պիտի գործեր այնտեղ։ Սա մի հեշտ ձեռնարկություն չէր։ Բայց սիրահար իշխանը ստիպված էր նրան համոզելու, որովհետև ապրուստի միջոցները սպառվում էին. մի քանի օր ևս և ճանապարհի փող էլ չէր մնա խեղճ Պլատոնի գրպանում։ Բայց նա իրեն մեծ հարուստ էր ցույց տվել Ամալիայի մոտ, կալվածների և հպատակների տեր… ի՞նչպես կարող է այժմ հայտնել, որ ապրելու փող չկա։ Այս պատճառով նա գործ դրեց յուր բոլոր ճարպկությունը, համոզելու Ամալիային վերադառնալ Կովկաս, ազնվաբար խոստանալով [ 62 ] Թիֆլիս ժամանելուն հետևյալ օրը պսակվել նրա հետ և բառնալ նրա վրայից ամեն արատ և անվանարկություն:

Ամալիան համոզվեցավ. և ահա մի գեղեցիկ օր սիրահար զույգը մուտք գործեց հայրենի քաղաքը և իջևանեց տեղական հյուրանոցներից մինում։

ԺԱ

— Ինձ պետք է տանես իմ մոր մոտ,— ասաց Ամալիան Պլատոնին, երբ նրանք մի քանի ժամ հանգիստ առին հյուրանոցում,— ես միայնակ չեմ կարող գնալ. դու անպատճառ պիտի ընկերակցես ինձ։

— Ես նույնպես, Ամալիա, նրան տեսնել չեմ կարող: Դու գիտես, որ քո մոր ականջը հազար ու մի զրպարտություններ են հասցրել մեր թշնամիները։ Ուրեմն անխոհեմություն է ինձ համար երևալ նրա աչքին, քանի որ դու չես նախապատրաստել նրան՝ ինձ իբրև յուր փեսա ընդունելու։

— Զարմանում եմ, թե դու արդեն այդ կոչումը քեզ վերա ես առնում, ի՞նչ հարկ կա այլևս քաշվելու. մի՞թե դու իրավունք չունեիր ինձ վերա իբրև իմ ամուսին...

— Ես քեզ հասկանում եմ, Ամալիա, բայց քո մայրը հազիվ թե հասկանա ինձ։ Նա առաջին անգամից իսկ կսկսի հանդիմանել ինձ։ Իսկ ես չեմ ուզում նրանից հանդիմանություն լսել, որովհետև ես արժանի չեմ դրան։ Առայժմ ինքդ գնա նրա մոտ. դու կարող ես ամոքել նրա սիրտը. իսկ երեկոյան, երբ դու կիմացնես ինձ գործի դրությունը, ես նույնպես կգամ ձեզ մոտ։

Ամալիան լռեց, բայց դա համաձայնության նշան չէր. նա տարուբերվում էր անվճռականության, հուսո և երկյուղի մեջ։ Ամոթը առաջին անգամ սկսում էր տանջել նրան և նա զգում էր յուր հանցանքի բոլոր ծանրությունը... Բայց և այնպես անհրաժեշտ էր մի որոշ եզրակացության գալ։ Եվ նա վճռեց միայնակ գնալ մոր մոտ։ Ուստի փողոց իջնելով նստեց [ 63 ] առաջին պատահած կառքի մեջ և շտապեց դեպի հայրենական տունը, որից նա բացակա էր մի ամբողջ տարի։

Մայր իշխանուհին տխուր և մտախոհ ճեմում էր դահլիճի մեջ` երբ Ամալիան ներս մտավ։ Տեսնելով աղջկանը, նա առաջին անգամ չհավատաց յուր աչքերին և կարծես թե ինքն իրեն երազի մեջ էր զգում։ Բայց լսելով Ամալիայի ձայնը, նա խելագարի նման վազեց դեպի նրան։

- Աստվա'ծ իմ, Ամալիա, մի՞թե այդ դու ես,— բացականչեց նա ուրախությամբ և երկու բազուկները տարածելով ջերմությամբ գրկեց նրան և կաթոգին համբույրներով երեսը ծածկեց։

- Օ՚հ, սիրելի մայրիկ, ես այսպիսի ընդունելություն չէի սպասում քեզանից. ես այնքա՜ն հանցավոր եմ քո առաջ, որ այս քո խանդաղատանքը մեծ շնորհ եմ համարում ինձ համար…- ասաց Ամալիան։

Բայց նա դեռ խոսքը չէր վերջացրել, երբ մայրը հանկարծ ետ քաշվեցավ նրանից, կարծես մի թունավոր օձից խայթված։

- Ի՞նչ պատահեց քեզ, մայր իմ,- զարմացմամբ հարցրեց Ամալիան և մոտեցավ նրան։

- Հեռո՜ւ, Ամալիա, հեռո՜ւ ինձանից. о՛հ ինչպե՜ս հիմարացա ես, աստված իմ. դու իմ աղջիկը չես, Ամալիա, հեռացիր այստեղից. դու արատավորեցիր քո անբիծ անունը, դու կործանեցիր ինձ…

- Բայց, մայր իմ…

- Մի՛ խոսիր, ես չեմ ուզում քեզ լսել, և ոչ քո երեսը տեսնել. ես հիմարացա և գրկեցի քեզ, բայց դու, ապերախտ զավակ, դու արժանի չես քո մոր գգվանքին։

- Օ՜հ, մայր իմ, մայր իմ, ներիր ինձ, ես հանցավոր եմ քո առաջ,- աղաչավոր ձայնով մոտեցավ դեպի նրան Ամալիան և ծունկ չոքեց մոր առաջ։

- Ներել քեզ, և մի՞թե այդ հնարավոր է. ներե՞լ մի աղջկա, որ յուր անառակությամբ անպատվեց հայրենի տան անունը և յուր ծնողի հիշատակը…

- Բայց ես, մայր իմ, նույնչափ գոնե հանցավոր չեմ, որքան կարծում ես դու. ես սիրել եմ մի մարդու, որ ամեն [ 64 ] կերպ անձնվեր է եղել դեպի ինձ, որին ես արժանի եմ գտել իմ սիրուն… և վերջապես մի՞թե ես իրավունք չունեի իմ ապագա ամուսնուն սիրելու։

— Ամուսի՞ն, ի՞նչ ասացիր, դուք ուրեմն ամուսնացե՞լ եք,— կարծես ուրախանալով հարցրեց մայրը։

— Ոչ, բայց մենք պիտի ամուսնանանք. մենք եկանք առաջ քո օրհնությունն ստանալու։

— Օրհնությո՛ւն, բայց ինչու՞ համար. մի՞թե դու մոռացել ես, որ դու հայ ես, իսկ քո փեսացուն վրացի։

— Ո՛չ, մայր իմ, չեմ մոռացել. բայց այսպիսի դեպքում, երբ մենք արդեն սիրել ենք միմյանց…

Իշխանուհին կարծես հասկացավ աղջկա միտքը, և չկամենալով, որ նա յուր միտքը շարունակե, ընդհատեց նրան.

— Բավական է, աղջիկս. ես իրավունք չունեմ այժմ դավանության հարցերով զբաղվելու։ Վեր կաց, ես քեզ ներում եմ, միայն թե ամուսնանաս և չխաբես ինձ…

— Խաբե՞լ, աստված չանե, ի՞նչպես կարող եմ ես այդքան հանդգնությամբ ստախոսել։

— Որտե՞ղ է ուրեմն Պլատոնը։

— Նա հյուրանոցումն է և սրտատրոփ սպասում է, թե ինչ լուր կուղարկեմ ես նրա համար։

— Ի՞նչ լուր է սպասում նա։

— Թե արդյոք դոլ ներո՞ւմ ես մեզ և թո՞ւյլ ես տալիս մեզ ամուսնանալու։

— Նույնիսկ այս երեկո, եթե այդ կարող եք դուք։ Ձեր ամուսնությունն այսուհետև իմ սրտի միակ բաղձանքը պիտի լինի:

— Օ՜հ, մայր իմ, ինչպես կուրախանար Պլատոնը, եթե նա լսեր քեզ այս րոպեին։

— Ուղարկի՛ր ծառային նրա ետևից և թող նա շուտ գա մեզ մոտ։

Ամալիան իսկույն վազեց յուր առանձնարանը. նա նրան նույն դրութան մեջ գտավ, ինչպես թողել էր. բայց դեռ նրան ողջունելու և նրանով զբաղվելու ժամանակ չուներ, նա շտապավ վերցրեց գրիչ և թուղթ և գրեց իշխանին հետևյալ նամակը. [ 65 ] «Սիրելի Պլատո՛ն.

Մորս գտի տան մեջ միայնակ. սկզբում նա կատարյալ ուրախրությամբ ընդունեց ինձ, գրկեց և համբուրեց. բայց հետո հիշելով մի քանի բան իմ անցյալից, նա հուզվեց, արտասվեց և հանդիմանեց ինձ։ Բայց այդ անախորժ փոփոխությունը երկար չտևեց. վերջ ի վերջո նա հանդարտվեցավ և ներեց մեզ. մանավանդ նա ուրախ է, որ մենք պիտի ամուսնանք։ Այժմ նա սպասում է յուր սիրելի փեսային, շտապի՛ր, ժամանակը թանկ է։

Քո Ամալիա»:

Վերջացնելով նամակը նա զանգահարեց։

Ծերուկ սպասավորը ներս եկավ, բայց զարմանքից սառեցավ դռան մոտ։

— Հա, ի՞նչ պատահեց քեզ, Բաբո, զարմանո՞ւմ ես, որ ես այստեղ եմ։

— Օ՜հ, տիրուհի, սա մի հրաշք է մի՞թե դուք այստեղ եք…

— Ինչպես տեսնում ես։

— Բայց մի՞թե կարելի է...

— Լավ, բացատրությունը հետո. վերցրու այս նամակը, հասիր շուտով «Կովկաս» հյուրանոցը և տուր իշխան Պլատոնին. նա գտնվում է վեցերորդ համարում։

Սպասավորը կրկնել չտվավ տիրուհու հրամանը և նամակը վերցնելով շտապեց դեպի հյուրանոցը։

Ամալիան վերադարձավ մոր մոտ և սկսեց զբաղեցնել նրան զանազան պատմություններով, աշխատելով որքան կարելի է, մեղմել նրա սրտմտությունը, և նախապատրաստել նրան շատ սիրով Պլատոնին ընդունելու։

Բայց ո՜րքան մեծ եղավ խեղճ Ամալիայի զարմանքն որ երկյուղը, երբ ծառան վերադառնալով հայտնեց, որ իշխան Պլատոնը «Կովկաս» հյուրանոցում չէ գտնվում։

— Երևի ծառան լավ չէ հասկացել իմ պատվերը, կամ սխալ հարցմունք է արել հյուրանոցից,— ասաց Ամալիան մորը,— ավելի լավ է ես կերթամ նրան այստեղ բերելու։ [ 66 ] Մայրը չընդդիմացավ և Ամալիան կառքը բերել տալով նստեց և շտապեց հյուրանոցը։

Հասնելով վեցերորդ համարին, նա ամուր֊ամուր բախեց դուռը, բայց ներսից բացող չեղավ։ Շուտով երևեցավ հյուրանոցի ծառան։

— Ո՞ւմն եք կամենում, տիկին,— հարցրեց նա Ամալիային։

— Իշխան Ջոմարջիձեն, մի՞թե նա այստեղ չէ:

— Ոչ, տիկին, նա այսօր դուրս դնաց այստեղից։

— Դո՞ւրս գնաց, ի՞նչ եք ասում. այդ անկարելի է։

— Այո՛, նա դուրս գնաց։

— Բոլորովի՞ն։

— Բոլորովին։

— Բայց նրա իրեղենները երևի այստեղ են։

— Ո՛չ, տիկին։

— Անկարելի է. նա չէր կարող հեռանալ այստեղից։

— Կարող եք ինքներդ համոզվել,— ասաց ծառան և հանելով գրպանից սենյակի բանալին, բացավ դուռը և դատարկ համարը ցույց տվավ թերահավատ տիկնոջը։

Ամալիան անզգայաբար ներս մտավ և աչք ածեց սենյակի չորս կողմը, կարծես աշխատելով գտնել յուր փախստականին մի որևէ անկյունում պահված։ Բայց երբ սենյակի դատարկությունը տեսավ, գլուխը սկսավ պտտիլ, և նա նստեց աթոռներից մեկի վերա:

— Բայց մի՞թե դուք չգիտեք, թե ուր գնաց իշխանը,- կրկին հարցրեց նա ծառային։

— Ո՛չ, տիկին. մենք միայն նրա կառքում նստելը տեսանք։

— Եվ նա ձեզ ոչ մի խոսք չապսպրե՞ց։

— Ոչ մի խոսք։

— Գուցե նա փոխվել է մի ուրիշ հյուրանոց, կամ գնացել է յուր տունը։

— Դարձյալ չգիտեմ։ [ 67 ] Հուսահատությունը տիրեց երիտասարդ իշխանուհուն և նրա հետ միասին հազար և մի տխուր գուշակություններ սկսան պտտվիլ նրա գլխում.- Արդյոք Պլատոնը խաբե՞ց, արդյոք նա թողե՞ց իրենց, արդյո՞ք հավիտյան հեռացավ նա, թե դեռ պիտի վերադառնար. ոչինչ հայտնի չէր։ Այժմ նա չգիտեր անգամ, թե ո՞ւր պիտի գնար, արդյոք յուր մոր մոտ, թե՞ յուր գայթակղեցնողի ետևից։

Առաջինից ամաչում էր երկրորդի ո՞ւր լինելը չգիտեր։ Այժմ էլ խելաբերում, թե որպիսի հիմարությամբ էր կապվել նա յուր սիրահարի հետ. նա չէր ճանաչում մինչև անգամ նրա բնակարանը, և չգիտեր իսկ, թե այդ իշխան փեսացուն սեփական տուն ունե՞ր, թե ոչ, որ գոնե այդ տունը պտրտելով կարողանար նրա տիրոջը գտնել։ Բայց հյուրանոցի ծառան սպասում էր տիկնոջը, նա պետք էր հեռանար այդ ժամանակավոր ապաստարանից։ Եվ Ամալիան վեր կացավ աթոռից և երերալով դուրս գնաց սենյակից: Իջնելով փողոց` նա տեսավ յուր կառապանին, որ սպասում էր իրեն։

-Բարեկա՛մ, ճանաչո՞ւմ ես դու իշխան Ջոմարջիձեի տունը,— հարցրեց նա նրան։

-Ո՛չ, տիկին. այդպիսի տուն ես չեմ ճանաչում,- պատասխանեց կառապանը։

-Եվ ոչ իրեն իշխանի՞ն:

-Եվ ոչ իշխանին։

-Լավ, վերադարձից ա՛յն տունը, որտեղից ինձ բերիր,- հրամայեց նա և նստավ կառքի մեջ։

Հասնելով տուն, նա գտավ սեղանի վերա յուր հասցեով մի նամակ։ Ձեռքը, որով գրված էր հասցեն, նա ճանաչեց. դա իշխան Պլատոնինն էր: Ամալիան կես ուրախությունից և կես տխրությունից դողացող ձեռքերով սկսավ բանալ ծրարը. իշխանը նրան գրում էր մի քանի տող.

«Հարգելի օրիորդ.

Անձնական մի քանի գործերի պատճառավ, որոնց մասին հենց նոր տեղեկություն առի, ստիպված եմ այժմ ևեթ քաղաքից դուրս գնալու։ Շտապում եմ այս մասին տեղեկացնել ձեզ, որ իզուր տեղը հյուրանոց չգաք ինձ պտրտելու։ Մի [ 68 ] քանի օրից ես կաշխատեմ վերադառնալ քաղաք։ Այն ժամանակ, իհարկե, ես կայցելեմ ձեզ, և այն գործի համար հարկ եղածը կխոսենք։

Ձեր խոնարհ ծառա Պլատոն Ջոմարջիձե»:

Վերջացնելով նամակը, նա անզգայաբար ձգեց նրան սեղանի վերա և ինքը նրա առաջ մնաց արձանացած։ Յուր մեծ և սևորակ ալքերը անթարթ նայում էին չարագուժ թերթի վերա և յուր ուղեղը աստիճանաբար ընդարմ անալով՝ կարծես դադարում էր մտածելուց։ Ամալիայի համար այլևս գաղտնիք չէր մնում,որ յուր սիրահարը թողնում էր իրեն. նամակի ոճն ու խոսքերն այդ ճշմարտությունն էին արտահայտում։ Բայց ավա՜ղ, որքա՜ն ծանր է մի կին մարդու համար համոզվիր թե ինքը դժբախտ է արդեն… ինչպես մի ջրամոյն, որ մահը աչքի առաջ տեսնելով, կռվում է ալիքների դեմ, այնպես էլ խեղճ աղջիկը հետզհետե խելաբերելով ոգորում էր յուր զգացմունքների հետ. նա չէր կամենում հավատալ յուր գուշակություններին. նա աշխատում էր չհուսահատվել… «Անկարելի է, որ Պլատոնը այդ աստիճան անազնիվ լինի,— ինքն իրեն երազում էր նա,— ես չեմ կարող հավատալ, թե նա կդավաճանե ինձ, նա՛, որ այնքան շատ էր սիրում ինձ, նա, որ այնքա՜ն զոհաբերություններ արավ ինձ համար»։

Բայց տխուր իրականությունը նրա աչքերի առաջին էր. նա իրավունք չուներ նրան չտեսնելու…

Բացի այդ նա պարտավոր էր գոհացնել յուր մոր ակնկալությունը, բերելով նրա մոտ իշխան Պլատոնին և նրա բերանով ապացուցանել, որ նրանք արդարև պատրաստ են օրինավոր պսակով ամուսնանալու, միայն թե սպասում են մայր իշխանուհու սրտագին օրհնությանը…

Ի՞նչ անե ուրեմն, ի՞նչ պատասխանն սպասող մորը։

Բայց նույնիսկ Ամալիային այսքան մտատանջություն պատճառող Պլատոնի նամակը՝ նրան այդ հոգսերից միառժամանակ ազատվելու էլ պատճառ դարձավ։— «Արի ես խորամանկություն գործ դնեմ,— մտածեց նա ինքն իրեն,— [ 69 ] մայրս կարդալ չգիտե. ես մի ուրիշ նամակ կգրեմ դարձյալ Պլատոնի կողմից և կկարդամ նրա մոտ, այսպիսով թե՛ ես ազատ կլինեմ կրկնակի խայտառակությունից և թե ժամանակ կվաստակեմ Պլատոնին գտնելու համար»։ Եվ նա նստելով սեղանի առաջ, շարադրեց հետևյալ գրությունը.

«Հոգվույս անգին հատոր,
սիրեցյալդ իմ Ամալիա.


«Մի անակնկալ դեպքով ստիպված եմ այս րոպեին հեռանալ քաղաքից։ Գորիի մոտ գտնված իմ երկու գյուղերի բնակիչների մեջ մեծ կռիվ է ծագել, որի մասին այսօր հեռագրել են իմ հավատարմատարին։ Վերջինի ինձ տված զեկուցումից երևում է, որ գործը շուտով սուր կերպարանք կստանա, եթե ես շտապավ չհասնեմ անկարգության տեղը։ Որքան էլ որ ինձ համար տանջանք է մի քանի օրով քեզանից հեռու գտնվիլ, այսուամենայնիվ ապագա անհաճոյություններից ազատ մնալու համար՝ ստիպված եմ կրել այդ նեղությունը: Ես մեծ հույս ունեմ, որ մայր իշխանուհին արդեն ներումն է շնորհել մեզ։ Հայտնիր նրան իմ որդիական խորին հարգանքը և ջերմագին ողջունիր իմ կողմից, խնդրիր նույնպես նրան իմ կողմից օգնել քեզ՝ հոգալու մեր հարսանյաց համար կարևոր պատրաստությունները։ Ես կամենում եմ մի քանի օրից ետ անպատճառ տեղի ունենա մեր այդ իշխանական ուրախությունը։ Անշուշտ եմ, որ մայր իշխանուհին չէ ընդդիմանալու յուր փեսայի այդ կարևոր ցանկությանը։

Ջերմագին համբույրներով

մնամ քեղ անկեղծ երկրպագու

Պլատոն Ջոմարջիձե»:

Վերջացնելով նամակը, Ամալիան փակեց նրան ծրարի մեջ և թողեց սեղանի վերա միևնույն տեղ, ուր տեսել էր Պլատոնի իսկական նամակը և ինքը գնաց մոր մոտ։

Իշխանուհին տեսնելով նրան միայնակ, հարցրեց անհանգստությամբ.

— Ո՞ւր է Պլատոնը, մի՞թե առանց նրան եկար դու: [ 70 ] — նրան յուր համարում չգտի. հյուրանոցի սպասավորը հայտնեց, որ իմ այնտեղից հեռանալուց մի քանի ժամ հետո մի երիտասարդ եկել է նրա մոտ, և մի փոքր միջոցից ետ նրանք երկուսն էլ կառքով գնացին դեպի պոստի կայարանը. պատվիրելով հյուրանոցի տիրոջը լավ հսկել սենյակում թողած իրեղեններին, ըստ որում մի երկու օրով իշխանը բացակայելու է քաղաքից։ Բայց զարմանում եմ, թե ինչպե՜ս է պատահել, որ Պլատոնը գոնե մի նամակ էլ չէ ղրկել ինձ,— ավելացրեց Ամալիան կատարյալ անտարբերությամբ, կամենալով այսպիսով հավատացնել յուր մորը, որ իշխանի այդ անակնկալ կերպով բացակայելու գործում կասկածելու ոչինչ չէ տեսնում։

— Նամա՞կ, ինչպես չէ, մի փոքր առաջ աղախինը մի նամակ բերավ այստեղ և ասաց, որ քո հասցեովն է. ես հրամայեցի նրան քո սենյակը տանելու։

— Մի՞թե, ուրեմն այդ նամակը անպատճառ Պլատոնիցն է,— նկատեց Ամալիան և շտապով զանգահարեց։

Աղախինը երևաց։

— Ո՞րտեղ ես դրել այն նամակը, որ մի փոքր առաջ տվել են քեզ. բե՛ր շուտով,— հրամայեց Ամալիան և աղախինը վազելով գնաց և բերավ նրան կեղծ գրությունը։

Ամալիան շտապով քանդեց ծրարը, կարդաց նամակը բարձր ձայնով և ապա դեմքը խոժոռեց ու խորհրդավոր ձևով սկսավ շարժել գլուխը ի նշան բարկության։

— Ինչո՞ւ համար ես բարկանում, Ամալիա, մարդը ստիպված է եղել հեռանալու. նա հո դրանով մի հանցանք չէ գործել,— նկատեց դյուրահավատ իշխանուհին:

— Իհարկե, հանցանք է գործել. նա պարտավոր էր առաջ քեզ այցելել և ապա գնալ յուր գործին,— իբր թե վիրավորված պատասխանեց Ամալիան։

— Եթե այդ է միայն նրա հանցանքը, ոչինչ, ես ներում եմ նրան։

— Իհարկե միայն այդ, ուրիշ ի՞նչ հանցանք կարող էր գործել նա,— պաշտպանեց Պլատոնին Ամալիան և այդպիսով էլ միառժամանակ վերջ ստացավ նրա մտատանջությունը։ [ 71 ]

ԺԲ

Մի երկու օրից ետ արդեն բարեկամ շրջանների մեջ տարածվեցավ օրիորդ Ամալիայի գալստյան լուրը. և սրտակից բարեկամուհիներից շատերը առանց սպասելու նրա այցելությանը, իրենք առաջինը շտապեցին նրա հետ տեսնվելու: Բանից երևաց, որ այդ սրտակիցներն իսկապես ա՛յն հետաքրքիրներն էին, որոնք մինչև այն ուշի ուշով հետևել էին Ամալիայի և նրա ուսուցչի վերաբերությամբ քաղաքում տարածված լուրերին և մեծ հաճությամբ զբաղվել էին այդ լուրերից հրեշավոր պատմություններ հյուսելով։

Ամալիայի մայրը, որ տհաճությամբ էր ողջունում այդ տեսակ բարեկամների գալուստը, առանձին ծանոթացրեց աղջկանը նրանց դիտավորության հետ և պատվիրեց նրան զգուշանալ յուր զրույցների մեջ` գոնե մինչև յուր ամուսնության օրը։

Ամալիան կարողացավ օգուտ քաղել այդ նախազգուշությունից։ Նրա բոլոր խոսակցությունը—ինչ տեսակ ացելուի հետ էլ որ լիներ—միշտ վերաբերում էր նեապոլի հռչակավոր Կոնսերվատվարին, նրա օրենքներին, նրա դասատուներին, նրա մեծանուն պրոֆեսորներին, նրա երաժշտական գործիքներին և վերջապես իտալական երգիչներին, երգչուհիներին և այլ այս տեսակ երաժշտական նորություններին։ Զբոսարանների, հանդիսարանների կամ զվարճության տեղերի մասին բնավ խոսք չէր լինում։ Նույնիսկ Պլատոն Ջոմարջիձեի անունը մնում էր առանց հիշատակության։ Ամալիային լսողները կհավատային, որ նա Նեապոլի երաժշտական դպրոցից շատ ուրիշ ոչինչ չէ տեսել Իտալիայում: Եվ նա, իհարկե, հենց այդ նպատակին էլ հարմարեցնում էր յուր զրույցները։

Սակայն մի օր պառավ օրիորդներից մինը, որը մի անգամ Ջոմարջիձեի վերաբերությամբ հակառակորդ էր համարվում իշխանուհի Ամալիային, կարողացավ նրա պահքը լուծել: Նա հայտնեց մի լուր, որ Ամալիային անհանգիստ դրությնան մեջ դրավ։

Այդ օրը նրա եղբայրր մեծ խնջույք ուներ «Պարիզ» [ 72 ] հյուրանոցում: Օրիորդը հայտնեց, որ այդ ճաշկերույթը կազմված է երիտասարդ բարեկամների խնդրանոք իշխան Ջոմարջիձեի գալուստը տոնելու համար։

Բարեբախտաբար իշխանուհի Դարիան ներկա չէր այս հայտնությանը, և Ամալիան կարողացավ հետաքրքրվիլ նրանով։

-Ի՞նչ նշանակություն ունի նրա գալուստը տոնելը,— հարցրեց նա օրիորդին:

-Այն, որ մեր երիտասարդների մեջ միակ տաղանդավոր մարդն է, հայտնի յուր շնորհալի արվեստով։ Երիտասարդները կամենում են պատվել նրան։

-Ուրեմն հացկերույթը ընդհանուրին է վերաբերում և ոչ թե միայն ձեր եղբորը,- խորամանկությամբ նկատեց Ամալիան։

-Երիտասարդները մասնակից են միայն ուրախությանը, բայց ծախքը եղբորս է։

-Այդ ինչո՞ւ համար։

-Որովհետև… Բայց ինչու՞ համար եք հետաքրքրվում,- հարցրեց օրիորդը:

-Այնպես, կամենում եմ իմանալ, թե ձեր եղբայրը ի՞նչ կապ ունի Ջոմարջիձեի հետ։

-Այդ հին պատմություն է,- նկատեց մի տիկին, որ երկուսի խոսակցությունն էլ լսում էր,- օրիորդի եղբայրը կամենում էր Ջոմարջիձեին փեսայացնել իրեն։

-Մի՞թե, ուրեմն կարող ենք շնորհավորել ձեզ,- վերաբերավ Ամալիան կատարյալ անտարբերությամբ և մինչև անգամ ժպտալով: Բայց օրիորդի շառագունիլը ավելացրեց նրա ներքին հուզմունքը։ Այսուամենայնիվ նա աշխատեց խոսակցությունը ուրիշ նյութի վերա դարձնել, որպեսզի մայրը վերա չհասներ։ Իրեն հարկավոր տեղեկությունը Ամալիան արդեն քաղել էր, ավելին կարող էր յուր դիտավորությունը խանգարել։ Երբ իշխանուհին ներս մտավ, նրանք արդեն վիճում էին այն բանի վերա, թե քաղաքային վարչությունը ձևի՞ համար է սակագին (տաքսա) նշանակում քաղաքում վաճառվող մթերքների վերա, թե՞ իսկապես հսկում էլ է այդ սակագնի գործադրությանը։ Վիճող ձայների մեծամասնությունը [ 73 ] որի վերա և ավելացավ իշխանուհու ձայնը, ա՛յն եզրակացության եկավ, որ այդ բանը արդարև լոկ ձևակատարություն է և որ դրանից խեղճ ժողովուրդը դրեթե օգուտ չէ ստանում։

Երբ լրաբեր օրիորդը հեռացավ, Ամալիան շտապեց յուր առանձնարանը և կանչեց այնտեղ ծառային։

— Դու ճանաչո՞ւմ ես «Պարիզ» հյուրանոցը,— հարցրեց նա նրան։

— Ինչպե՞ս չէ, ճանաչում եմ։

— Իսկ իշխան Պլատոն Ջոմարջիձեի՞ն։

— Ա՞յն, որ անցյալ տարի դաս էր տալիս ձեզ։

— Այո։

— Շատ լավ եմ ճանաչում։

— Բարի. ուրեմն կերթաս այդ հյուրանոցը, այնտեղ այսօր խնջույք կա և երևի արդեն վերջանալու վերա է։ Դրսում, կամ այնտեղի ծառաների մոտ կսպասես, երբ մյուս հյուրերի հետ միասին դուրս կգա և իշխան Ջոմարջիձեն, դու կհետևես նրան հեռվից և կտեսնես, թե ո՞ր տունն է մտնում գիշերելու համար։ Եթե ոտով կերթա նա, դուն էլ ոտով կհետևես, իսկ եթե կառք կնստե, դու էլ կառք կնստես, միայն միշտ աշխատելով, որ նա չտեսնե քեզ։ Երբ տուն կհասնեք, դու լավ կդիտես նրա տան թե՛ փողոցը և թե՛ մուտքը և ապա կվերադառնաս։

Այս ասելով նա տվավ ծառային կառքի փող, և վերջինս մի ակնթարթում անհետացավ։

Այնուհետև Ամալիան նստավ յուր առանձնարանում և խորասուզվեցավ տխուր մտածմունքների մեջ։ Նրա մոտիկ անցյալը, որ ամբողջապես կազմված էր երիտասարդական անփորձություններից, և որ այժմ սպառնում է կործանել նրա ապագան, նկարվեցավ յուր առաջ. նա սարսափով նայում էր այդ տխուր պատկերին, որի վերա դրոշմված էին յուր սխալանքները, որոնց այլևս հնար չկար ուղղելու։ Նա հիշում էր այն զվարճությունները, այն սիրահարական արկածները, որոնց նա զոհել էր իր միակ և անզուգական հարստությունը, յուր կուսական անարատ պատիվը…

—«Եթե արդարև նա թողնե ինձ, ի՞նչ պիտի անեմ ես,[ 74 ] հարցնում էր ինքն իրեն թշվառ աղջիկը,- ի՞նչ պիտի պատասխանեմ ես իմ մորը և ի՞նչ` հասարակությանը… Ամենքը այժմ կուրախանան իմ դժբախտության վերա. որովհետև իմ հանդգնությամբ ես մերժեցի այն առաջարկությունը, որին արժանի էին ինձանից շատ ավելի բարձր աղջիկները…»։

Բայց էլ ի՞նչ կօգնե Ամալիային յուր զղջումը։ Նրան մնում էր մտածել, ի՞նչպես և ո՞ւր հանդիպեր Ջոմարջիձեին, նրա հետ յուր հաշիվը վերջացնելու համար։ Իսկ այնուհետև նա պիտի հանձնվեր աստծո կամքին։

Սակայն անցավ մի երկու ժամ և ծառան չէր երևում։ Ամալիան նորից սկսում էր անհանգստանալ։- «Մի գուցե այն աղջիկը խաբեց ինձ»,- ասում էր նա. բայց մտածելով, որ այդ դեպքում ծառան ավելի շուտ կվերադառնար, հանգստանում էր և ապա համոզվում, որ երևի հացկերույթը դեռ շարունակվում է։

Վերջապես ծառան եկավ։

-Հա, տեսա՞ր իշխանին,- շտապով հարցրեց նրան Ամալիան։

-Տեսա՛, տիրուհի, տեսա, տունն էլ ճանաչեցի,- պատասխանեց ծառան կարծես պարծենալով յուր հաջողության վերա։

Ամալիան հանգիստ շունչ քաշեց։

-Դե՛հ, այժմ պատմիր, թե ինչպես պատահեցիր նրան,- ասաց Ամալիան և ծառան սկսավ յուր պատմությունը։

-Ամենից առաջ ես գնացի «Պարիզ». նա՛, գիտե՞ք, գտնվում է մեծ փողոցի վերա։ Այնտեղի ծառաներից մեկը դրսումն էր, ես նրան հարցրի, թե այստեղ խնջույք կա՞, նա պատասխանեց որ կա. հետո ես հարցրի, թե իմ աղան այստե՞ղ է. նա հարցրեց թե ո՞վ է քո աղան, ես ասացի թե իշխան Պլատոն Ջոմարջիձեն. նա ասաց թե այստեղ է։

-Բայց ինչու՞ համար դու ասացիր, թե դու նրա ծառան ես, գուցե հյուրանոցի սպասավորը ճանաչում է նրա ծառային։

-Օ՜, այդ կողմից միամիտ եղեք, տիրուհի, իշխան Պլատոնը ծառա չունի։ [ 75 ] — Դու այդ ո՞րտեղից գիտես,— զարմացմամբ հարցրեց Ամալիան։

— Ի՞նչպես չէ, ես վաղուց եմ ճանաչում նրան, նա ո՛չ թե միայն ծառա չունի, այլև իր հագուստներն ու կոշիկներն ինքն է սրբում միշտ։

Ամալիան մնաց ապշած, բայց յուր այլայլությունը նա աշխատեց ծածկել։

— Բաբո՛, դու կարծեմ շատ ես սխալվում, ախար չէ՞ որ իշխան Պլատոնը հարստություն ու կալվածներ ունի, ի՞նչպես կարող է ծառա չունենալ, մի՞թե նա այդքան ժլատ է։

— Հարստությո՞ւն. կալվածնե՞ր. ի՞նչ եք ասում, տիրուհի, ո՞վ ասաց ձեզ այդ բաները։ Հիսուն տարի է, որ ես ծառայում եմ ձեզ և հիսուն տարի է, որ ես ճանաչում եմ նրանց։ Նրա հայրը իրավ իշխան էր, մի երկու կալվածներ ուներ, բայց որդին նրանց վաղուց ծախել ու կերել է։ Այս վերջին անգամն էլ նա խաբեց մի կախեթցի իշխանի ու նրանից մի քանի հազար ռուբլի պարտք առնելով գնաց հեռու երկրներ ման եկավ։ Երևի նա այդ փողն էլ է վերջացրել, որ արդեն վերադարձել է այստեղ։ Նա ժլատ չէ, տիրուհի, եթե նա ժլատ լիներ, այժմ հարուստ մարդ կլիներ։

Ամալիան ամբողջ մարմնով դողաց։ Նախազգացո՞ւմն էր այդ, թե՞ դյուրահավանություն, հայտնի չէր. բայց նա հավատաց ծառայի խոսքերին։

— Ո՞րտեղից գիտես դու այդ տեղեկությունները, Բա՛բո,— հարցրեց նա ծառային այնքան նվաղած ձայնով, որ եթե Բաբոն շատ ծերացած չլիներ, կնկատեր իսկույն յուր տիրուհու վրդովմունքը։

— Ծառաները ամեն բան գիտեն, տի՛րուհի. ծառաների հասարակությունը ավելի շատ գաղտնիքներ գիտե, քան թե քաղաքի մեծ կլուբը։

— Ինչո՞ւ ուրեմն այդ բաները նրանց տերերն էլ չգիտեն։

— Պատճառը շատ պարզ է, տիրուհի, որովհետև ծառաներն իրենց տերերի հետ մասլահաթ անելու իրավունք չունին։ — Եթե իշխան Պլատոնն այդպիսի մարդ է, ինչու՞ [ 76 ] նրա պատվի համար խնջույք են սարքել իբրև մի նոր գյուտ արած հայցրեց Ամալիան։

Բաբոն ծիծաղեց և ապա հեգնությամբ նկատեց.

— Ախար մի հարցրեք, տի՛րուհի, թե ինչ մարդիկ էին նրա ընկերները… մարդիկ եմ ասում, որոնց դուք տուն չէիք թողնիլ։

— Լավ, շարունակիր, հետո ի՞նչ եղավ իշխան Պլատոնը։

— Հա՛, ա՛յն էի ասում, երբ իմացա, թե իշխանը այնտեղ է, ես հյուրանոցի դռնում սպասեցի։ Մութը կոխեց. ես կարծում էի, թե հյուրերը երկար կմնան այնտեղ. բայց սխալվում էի։ Մի ժամ չքաշեց և տեսա, որ նրանք գոչելով ու երգելով դուրս թափվեցան հյուրանոցի դահլիճից։ Իշխան Պլատոնը դուրս գալով փողոց, շուտով բաժանվեց յուր ընկերներից. ես հետևեցի նրան։

— Ոտքո՞վ։

— Ո՛չ, տիրուհի, դուք մի շտապեք, ես իսկույն բոլորը կպատմեմ։ Հա՛, այն էի ասում, ես նրան հետևեցի։ Իշխանը արբած էր, բայց օ՜, շատ էր արբած, մինչև մոտակա կառքերին հասնելը, նա քիչ էր մնացել, որ մի քանի անգամ գետին գլորվեր։ Երկու անգամ ես նրան բռնեցի, բայց նա ինձ հայհոյեց: Իհարկե, նա ինձ չճանաչեց։ Վերջապես նա նստավ մոտ կանգնած կառքի մեջ. ես էլ նրա ետև կանգնած կառքը ցատկեցի: — է՜յ, ասի կառապանին, առաջ չվազես և ոչ էլ ետ. քսան քայլ միայն հեռու գնա՛ այդ առաջին կառքից։ Կառապանը, գիտեք, մեր գյուղացի էր. նա իմ հրամանը լավ կատարեց…

— Լա՛վ, վերջացրու, հետո ո՞ր կողմ գնաց իշխանը,— անհամբերությամբ ընդհատեց Ամալիան։

— Իսկույն, տիրուհի, իսկույն, նա գնաց ուղղակի դեպի Մոսկովսկայա Բալկան և մտավ մի նեղ փողոց։

— Հետո՞։

— Եվ հետո կառքից ցած իջավ, մի փոքրիկ տան առաջ և մտավ նրա ներքին հարկը։

— Դու այժմ ճանաչում ես ուրեմն տունը։

— Այո՛ աչքերս փակ կարող եմ գտնել։ [ 77 ] — Լավ, գնա։ Բայց առավոտը վաղ զարթի՛ր։ ես քեզ հետ պիտի գնամ այդ տունը։ 

— Շատ բարի։

— Մորս և ոչ էլ աղախնին ոչինչ չխոսես քեզ պատվիրվածներիս մասին։

— Չեմ համարձակվիլ,— պատասխանեց Բաբոն և դուրս գնաց։

— «Եվ ես հարցնում եմ ծառային, թե դու ո՞րտեղից գիտես այդ տեղեկությունները,— խոսեց ինքն իրեն Ամալիան։ — Ահա՛ մի գաղտնիք, որը չգիտե իմ մայրը, բայց իմ ծառան արդեն գործակցում է նրա մեջ։ Ահա՛ ինչու՞ ընտանեկան գաղտնիքները ծածուկ չեն մնում ծառաների հասարակությունից։ Եվ մենք ողորմելիներս, որ ամուսնական ընտրությունների մեջ համարձակվում ենք սեփական կարծիք ու ձայն ունենալ, շատ անգամ ավելի տգետ ու ավելի անփորձ ենք, քան մեր ծառաներն ու աղախինները։ Եվ մի՞թե կարող է լինել մի դրություն ավելի ստոր և ծաղրական, քան այն, որի մեջ գտնվում ենք մենք։ Այն միջոցին, երբ ես հիացած Պլատոն Ջոմարջիձեի վերա, երազում էի նրա հարստության, նրա կալվածների, նրա հպատակների և նույնիսկ նրա գոյության տիրուհին դառնալ, իմ ծառան արդեն ճանաչում և արհամարհում էր նրան… Եվ դժբախտաբար սա մի կատարյալ ճշմարտություն է»։

Եվ այսպես, թեպետ հպարտ Ամալիան արդեն հիասթափվել ու տխուր ճշտությանը հասու էր եղել, այսուամենայնիվ նա չկարողացավ ետ կանգնել Պլատոն իշխանի հետ տեսնվելու դիտավորությունից։ Որովհետև որքան էլ իրականությունը ճշմարտություն է պարունակում յուր մեջ, այսուամենայնիվ դժբախտացող մարդը սառնասրտությամբ չէ նայում նրա վերա։ Նա միշտ աշխատում է գտնել կամ ստեղծել մի ելք կամ ճանապարհ, նրանից խույս տալու համար։ Ամալիան կարծում էր, որ Բաբոյի հաղորդածները կարող են և սխալ լինել, որ Պլատոնը կարող է մինչև անգամ դեռ մի հարուստ ու պատվավոր մարդ լինել… Վերջապես պետք չէր նրան դատել առանց իրեն էլ լսելու։

Այս մխիթարությամբ նա պառկեց քնելու։ [ 78 ] Առավոտը շատ վաղ արթնացավ Ամալիան։ Նա մտադիր էր ա՜յնպես շուտ գնալ Պլատոնի մոտ և վերադառնալ, որ տան մեջ ոչ ոք չնկատեր նրա առավոտյան բացակայությունը։ Բայց չգիտեր, թե ծառան պատրա՞ստ էր իրեն ընկերակցելու, թե ոչ։ Շտապավ հագնվելով ու լվացվելով նա մոտեցավ յուր տուալետին փոքր ի շատե պչրվելու համար։ Որքան էլ նրա սիրտը տխուր և վիճակը աննախանձելի էր, այսուամենայնիվ գեղեցիկ և գրավիչ երևալու ցանկությունը երբեք չէր նվազում նրա մեջ։ Մանավանդ այդ րոպեին նա ցանկանում էր ավելի գեղեցիկ և ավելի հրապուրիչ լինել յուր սիրահարին կախարդել կարողանալու համար, բայց ինքն իրեն հաշիվ չէր տալիս, թե այսուհետև էլ ինչի՞ն էր հարկավոր յուր սիրոյն և անձնվիրության դավաճան այդ սիրահարը:

Երբ նա դուրս գնաց տան բակը, Բաբոն, արդեն կազմ և պատրաստ յուր տիրուհու հրամանին, մտախոհ ճեմում էր այնտեղ։ Բայց Պլատոնի մոտ գնալու համար դեռ շատ վաղ էր։ Ամալիան ցանկացավ օգուտ քաղել ժամանակից և նախապատրաստվել նրա հետ խոսելու համար։ Այդ նպատակով նա մտավ իրենց փոքրիկ այգին։

Օրը ամառային էր, արևը դեռ չէր ծագել, բայց արևելքը վառվում էր շառագույն լույսով։ Մի քաղցրասիկ զեփյուռ փչում էր այգու մեջ. ճնճղուկները երամով թրթռում էին նրա ծառերի վերա և լցնում օդը իրենց աղմկալից ճռվողյունով: Ամառային առավոտը մի կողմից կազդուրիչ ներգործություն ունեցավ Ամալիայի վերա, իսկ մյուս կողմից տխրեցրեց նրան` հիշեցնելով անցյալի քաղցրությունները, որոնց նա այժմ վայելել չէր կարող։ Պլատոնի հետ խոսելու նախապատրաստությունը մնաց։ Նա հիշեց յուր ծաղկափթիթ մանկությունը, որ անցուցել էր այգ այգվո մեջ, յուր անմեղ կուսական խաղերը այս ծերացած ծառերի տակ, յուր մանկական հրճվանքը այս ճնճղուկների երգերի համար, և վերջապես յուր պատանեկական հասակը` լի ապագայի վարդագույն հույսերով, որոնք ավա՜ղ, այդ րոպեին արդեն կործանված էին…

-«Նույնիսկ մի տարի առաջ որքա՜ն ուրախ, որքան [ 79 ] անհոգ և որքա՞ն բախտավոր ճեմում էի ես այս ծառերի տակ,— մտածում էր նա ինքն իրեն,— ես հարուստ էի իմ հռչակավոր գեղեցկությամբ, իմ իշխանական ծագումով, իմ անբիծ անվամբ, իմ պատվաբեր զարգացմամբ… ինձ համար խոսում էին ամեն տեղ, ինձմով հիանում էին մարդիկ, ինձ պաշտում էին երիտասարդները… Կյանք, սեր և վայելչություն. ամեն տեղ սպասում էին ինձ և միմիայն ինձ… իսկ այսօր, ավաղ, ես կործանված եմ անկանգնելի կերպով, ինձ այլևս ոչինչ չէ մնում, բայց միայն նախատինք և անպատվություն… և ինչու՞ համար այս բոլորը… օ՜հ, Պլատոն, Պլատոն, այդ դո՛ւ ես, դո'ւ միայն սկիզբն և պատճառ իմ դժբախտության, իմ անկման և կործանման…»։ Եվ թշվառ աղջիկը այլևս չկարողացավ շարունակել, նա փաթաթեց գլուխը սև շղարշի մեջ և շտապով դուրս գնաց այգուց։

— Առաջ անցիր, Բաբո, ցույց տուր ինձ այն մարդու բնակարանը,— սրդողած ասաց նրան Ամալիան. —բայց գնա այնպիսի ճանապարհներով, որոնք բազմամարդ չեն լինում:

Բաբոն առաջ անցավ։ Նա գնում էր հանգիստ քայլերով, առանց շտապելու, որովհետև ծերությունը և մանավանդ եր. կար տարիների ծառայությունը խեղճ Բաբոյի ոտներում Լլ ու չէին թողել։ Ամալիան նեղանում էր նրա դանդաղկոտության վրա, բայց ձայն չէր հանում, և այն ոչ թե նրա համար, որ ակնածում էր նրա ծերությունից, այլ նրա համար, որ կարոտ էր նրա օգնության և խորհրդապահության։

Բայց չնայելով, որ օրվա այդ ժամանակը փողոցներում կառք չէ ճարվում, այնուամենայնիվ Բաբոյի բախտից մի գինետան առաջ նրանք պատահեցին մի ծածկված կառքի, որի մեջ քնած էր կառապանը։ Ամալիայի հրամանավ Բաբոն զարթեցրեց կառապանին։ Խեղճ մարդը չգիտեր, թե ի՞նչ պատահմունքով յուր կառքը գտնվում էր այդ գինետան առաջ։ նա կամեցավ մի փոքր մտածել այս գաղտնիքը լուծելու համար, բայց Բաբոն ժամանակ չտվավ նրան։ -«Դեռ գնանք, մենք շտապում ենք, ինչ հարկավոր է, ճանապարհին կմտածես»,— ասաց նա նրան և օգնեց յուր տիրուհուն կառքը նստելու, իսկ ինքը բարձացավ կառապանի նստարանի վերա։

— Դեհ, գնա՛, բարեկամ, շուտ գնա՛. աստվածը քեզ ինձ [ 80 ] համար հասցրեց, թե չէ ես ոտքեր չունեի Մոսկովսկայա Բալկան հասնելու,— սկսավ մտերմաբար խոսել Բաբոն կառապանի հետ։

— Էդ Լավ, բիձա գնանք, բայց դու էն ասա, թե ես ի՞նչ էի շինում այս փողոցում այսպիսի ժամանակ,— պատասխանեց կառապանը ձիաներին մտրակելով։

— Ես իսկույն կիմանամ, բարեկամ։ Ամենից առաջ ինձ ասա տեսնեմ, թե երեկ երեկոյան վերջին անգամ ո՞ւմ որտե՞ղ տարիր։

— Երեկ երեկոյա՞ն։

— Հա՛։

— Երեկ երեկոյան… սպասի՛ր, լավ չեմ հիշում… Բայց չէ, հիմա հիշում եմ. երկու լավ տղաների Վերայի բաղերից բերի Մթածմինդա. նրանք մի մանեթ բաշխեցին ինձ, հետո երեք աբասի էլ գինու փող։ Հետո… ո՞ւմ տարի, չգիտեմ, չէ՛, չէ, ոչ ոքին չտարի. ձիաները դրուստ քշեցի ես միկիտան Ծղալոբի մոտ։ Նա ութ բաժակ լավ կարմիր գինի խմացրեց ինձ, ու ինձանից երկու աբասի առավ, թե վեց շահի, չգիտեմ, հետո…

— Էլ ի՞նչ հետո, հիմար, գինին վերջացնելուց հետո դու էլ մտած կլինեիր կառքը ու մրափած։

— Վա, ձիաները սաղ գիշեր ո՞նց կմնային դրսում։

— Տո, ձիաները լեզո՞ւ ունին, որ քեզանից զանգատվին։

— Այ մարդ, չլինի թե քո ասած լինի, ու ես սաղ գիշեր դրսում պահած լինիմ խեղճերին։

— Դեռ նո՞ր գիտես, որ իմ ասածն է։

— Էդպես որ լինի, իմ կնիկը խո ինձ տուն չի թողնիլ։

— Ի՞նչ կա որ, մյուս գիշեր էլի ութ բաժակ կկոնծես ու էլի փողոցում կքնես։

Մինչդեռ կառապանն ու Բաբոն այս զրուցատրությամբ զբաղված մտնում էին Մոսկովսկայա Բալկան, Ամալիան փաթաթված յուր շղարշի մեջ և կծկված կառքի մի անկյունում ուշադրությամբ դիտում էր իրեն անծանոթ այս նեղ ու մենավոր փողոցները, որոնց մեջ գրեթե անցորդներ չկային։

Միայն այս ու այն պատուհանից կախվում էին կասկածավոր [ 81 ] գոյության տեր կանայք, առավոտյան լոդիկներով և կամ բաց կուրծքերով, իմանալու համար, թե ի՞նչ արարածներ են արդյոք, այդպես առավոտանց իրենց բնակավայրը այցելողները։

Ամալիան առաջին անգամ տեսնելով նրանց լկտի կերպարանքը, զզվում ու դարձնում էր երեսը. բայց հակառակ կողմում ավելի պարկեշտ պատկերի չէր հանդիպում։ Մի տեղ կիսափակ դռներով գինետան մեջ դեռ գոռում-գոչում էին արբեցող շրջմոլիկները, մյուս տեղ մութ ու խոնավ նկուղում բարձրաձայն հայհոյում էին միմյանց թուղթ խաղացող սրիկաները, իսկ մի խոր ընկած բակում անհայտ կոչման տեր կանայք իրար անիծելով ու հայհոյելով միմյանց երես էին ծվատում։

Այս զազիր պատկերները քստմնեցնող տպավորություն արին երիտասարդ իշխանուհու վերա, և նա երեսը ծածկեց նրանց չտեսնելու համար:

Վերջապես մեր ճանապարհորդները անցան դարձյալ մի նեղ փողոց և կառքը կանգնեց Բաբոյին ծանոթ փոքրիկ տան առաջ։

— Ներս մտի՛ր Բաբո, և տե՛ս իշխանը տա՞նն է, թե ոչ,— ձայն տվավ Ամալիան և ծառան իսկույն ներքև ցատկեց։

Նա մտնելով իրեն ծանոթ դռնով, պատահեց մի կնոջ, որ ըստ երևույթին տան տիկինն էր և մի ինչ որ բանով զբաղված էր նախասենյակում։

— Տա՞նն է իշխանը,— հարցրեց նա տիկնոջը։

— Տանն է, ի՞նչ ունիս դու նրա հետ։

— Մեր իշխանուհին կամենում է նրա հետ տեսնվիլ:

— Ձեր իշխանուհի՞ն, ո՞վ է նա և ինչու՞ այդպես վաղ,— զարմացմամբ հարցրեց տիկինը. բայց Բաբոն ավելորդ համարեց նրան պատասխանել, այլ իսկույն դուրս եկավ և հայտնեց յուր տիրուհուն, որ իշխանը տանն է։ 

Ամալիան իջավ կառքից և ներս մտավ։ Նա պատրաստվել էր միմիայն մի դաժան հայացքով խորտակել յուր ազնիվ սիրահարին, ա՛յն մարդուն, որ իրեն ստիպել էր մինչև այս ստորաքարշ արարածների բնակավայրը գալու… Բայց [ 82 ] պատահելով նախասենյակում հիշյալ կնոջը, նա շփոթված կանգ առավ նրա առաջ։

Տիկինը տեսնելով գեղանի իշխանուհուն, խորին ակնածությամբ ողջունեց նրան և քաղաքավարությամբ հրավիրեց յուր հյուրասենյակը։

— Ո՛չ, ես միայն իշխան Պլատոնին եմ ցանկանում տեսնել, ո՞ւր է նա,— հարցրեց Ամալիան։

— Նա հագնվում է, բարեհաճեցեք մի քանի րոպե հանգստանալ մեզ մոտ, եթե դուք կամենում եք անպատճառ տեսնվիլ նրա հետ։

Ամալիան անխոս հետևեց տան տիկնոջը։ Երբ նրանք միայնակ մնացին, Ամալիան հարցրեց։

— Իշխանը ձեզ մոտ վարձո՞վ է մնում։

— Մենք միասին ենք ապրում, —պատասխանեց տիկինը։

— Միասի՞ն,— զարմացմամբ հարցրեց Ամալիան։

— Այո՛, միասին։

— Դուք ուրեմն նրա ազգականուհի՞ն եք։

— Ո՛չ, ես նրա կինն եմ։

— Նրա կի՞նը, անկարելի է, նա ամուսնացած չէ։

— Այդ միևնույն է, ես նրա սիրուհին եմ։

Ամալիան մնաց քարացած։ Նա ամեն բան մտածել էր Պլատոնի համար, բայց նրա այդ աստիճան հրեշ լինելու վերա չէր մտածել։

— Շա՞տ ժամանակ է, տիկին, որ դուք ճանաչում եք միմյանց,— հարցրեց կրկին Ամալիան։

— Երեք տարի է։

— Եվ այդ բոլոր ժամանակ դուք միասի՞ն էիք ապրում։

— Երկու տարի մենք միասին ապրեցինք, տիկին, այնուհետև նա հեռացավ այստեղից. մի տարի բացակայությունից հետո, ահա՛ մի քանի օր է, ինչ որ կրկին վերադարձել է։

— Ո՞րտեղ էր գտնվում նա այս մի տարին։

— Չգիտեմ, արտասահմանում։

— Ի՞նչ էր շինում նա այնտեղ, գիտե՞ք արդյոք։

— Գրեթե ո՛չ, տիկին, ինքն ասում է, որ յուր սեփական [ 83 ] գործերի համար է գնացել, իսկ ուրիշները պատմում էին, որ նա մի անառակ աղջկա ետևից ընկած թափառելիս է եղել զանազան երկրներ…

Ամալիան ամբողջ մարմնով դողաց, աոաջին անգամ նա յուր ականջով լսեց յուր դատապարտությունը` հասարակաց կնոջ բերանից…

Էլ ի՞նչ հարկավոր էր այնուհետև ապագայի մասին գուշակություններ անել, անկումն արդեն մոտենում էր։

Բայց շուտով Պլատոնի ձայնը լսվեցավ նախասենյակում, որ կանչում էր յուր մետրեսին։

—Տիկի՛ն, կանչեցեք իշխանին այստեղ և մեզ մի քանի րոպե մենակ թողեցեք, աղաչում եմ,— խնդրեց Ամալիան տան տիկնոջը և վերջինս հնազանդվելով դուրս գնաց։

Իշխան Ջոմարջիձեն զարմացավ լսելով հանկարծ, որ մի իշխանուհի եկել է իրեն տեսնելու։ Նա չէր կամենում հավատալ, թե այս անհայտ անկյունում Ամալիան կարող է նրան գտնել։ Այնուամենայնիվ նա մի րոպե կանգ առավ նախասենյակում. նախազգացմունքը պաշարեց նրան. նա չէր համարձակվում դեպի հյուրասենյակը առաջանալու։ Եվ արդարեն ի՞նչ երեսով կարող էր նա մտնել այնտեղ, եթե իրեն այդ սենյակում սպասողը Ամալիան ինքն էր. ա՜յն աղջիկը, որ հոգվով ու մարմնով նվիրվել էր իրեն, բայց որին ինքը տրմարդությամբ թողել հեռացել էր… Երիտասարդ իշխանը որքան էլ սրտոտ արկածախնդիր էր, այսուամենայնիվ յուր այս սիրուհու այցելությունը նրան ճնշում էր. նա գիտեր, որ Ամալիան իրենից բացատրություն պիտի պահանջե, իսկ ինքը բացատրություններ տալու ճանապարհ չուներ։

Բայց երկչոտությունը շատ անգամ հանդգնություն է ծնեցնում. «Թող սա էլ մյուսների շարքն անցնե, երբ պարտապանը փող չի ունենում յուր պարտատերերին վճարելու, նա չէ մեռնում, այլ սնանկանում է. թող ուրեմն ես էլ բարոյապես սնանկ ճանաչվիմ»,— վճռեց ազնվատոհմ իշխանը և պատրաստվեցավ հյուրասենյակը մտնելու։

Ամալիան կանգնած էր դռան հանդեպ, սրտմտությամբ լի, անողոք դեմքով և բարկացայտ աչքերով, րոպե առ րոպե նա սպասում էր տեսնել, թե ի՞նչ երեսով կհամարձակվեր [ 84 ] երևալ յուր աչքին ա՛յն անձը, որ քանի օր առաջ ամենաազիվ մարդն էր հռչակում իրեն' խոսքերով, իսկ այսօր ստորներից սորագույնը՝ յուր գործով։

Պլատոնը մտավ. Ամալիան մի քայլ ետ կանգնեց, և յուր կրակոտ աչքերը սևեռեց նրա վերա. մի քանի րոպե նրանք անթարթ աչքերով սկսան դիտել իրար առանց մի բառ արտասանելու, ինչպես երկու քաջ մենամարտողներ, որոնք կռվից առաջ զգուշավոր աչքերով և սուսերամերկ կշռում են միմյանց շարժումը։

— Դու այստե՞ղ, Ամալիա,— առաջին անգամ ընդհատեց լռությունը Ջոմարջիձեն։ 

— Այո՜, պարոն. ես այստեղ եմ, իսկ դո՞ւք, դո՞ւք էլ այստեղ եք, այնպես չէ՞։

— Ինչպես տեսնում եք։

— Այս տո՞ւնն է, ուրեմն, Գորիի մոտ գտնված ձեր երկու գյուղերը, որոնց բնակիչներին դուք եկել եք խաղաղացնելու,— դառն հեգնությամբ հարցրեց Ամալիան, կամենալով հիշեցնել նրան այն սուտ պատճառը, որ Պլատոնն առաջ էր բերել յուր բացակայության առթիվ գրած նամակում:

Պլատոնը ժպտաց։

— Դուք մա՞րդ եք, թե՞ հրեշ, — բարկացած հարցրեց Ամալիան զայրանալով նրա անտարբերության վերա։

— Նայելով, թե ո՞վ ինչպես է ընդունում ինձ։

— Բայց ես կամենում եմ ձեր բերանից լսել ձեր անունը։

— Հրեշ, եթե ցանկանում եք. բայց ես ինձ մարդ եմ ճանաչում։

— Այո՜, մի մարդ, որ յուր գոյությամբ ներկայացնում է մարդկության մարմնացյալ ստորությունը…

— Օրիորդ, դուք տաքանում եք։

— Ուրեմն սովորեցրեք ինձ ձեզ նման սառնասրտությամբ անպատվությունը տանելու։

— Դրա համար հարկավոր է, որ ամեն մի աննշան վիրավորանքի վերա ուշադրություն չդարձնեք։

— Աննշա՞ն եք համարում ուրեմն ձեր ինձ հասցրած վիրավորանքը։

— Ես չեմ հիշում, թե երբևիցե վիրավորել եմ ձեզ։ [ 85 ] — Օհ, անզգամություն, ո՛րքան զզվելի ես դու… Բայց դուք, պարոն, գոնե հիշո՞ւմ եք, որ մի օր իմ առաջ ծունկ չոքած բոցավառ խոսքերով խոստովանում էիք, որ ինձ սիրում ու պաշտում եք։

— Հիշում եմ. բայց ես սուտ չէի խոսում, ես այն ժամանակ արդարև ձեզ սիրում ու պաշտում էի։

— Եվ դուք խոստանում էիք հավիտյան սիրել…

— Եվ ես չէի խաբում, ես հավիտյան սիրում եմ։

— Դուք հավիտյան սիրո՞ւմ եք… о՜հ, գոնե լռեցեք, լռեցեք, որ հավատամ թե արդարև մի վայրկյան ամաչում եք դուք ձեր անազնվությունից, ձեր ստորությունից և վերջապես ձեր անպատկառ ստախոսությունից…

— Օրիորդ, դուք ինձ զրպարտում եք։

— Հրե՛շ, ուրեմն չեք ստախոսում, երբ ասում եք, թե հավիտյան սիրում եք ինձ, մինչդեռ այս րոպեին, այս միևնույն տան մեջ սիրուհիներ եք պահում։

— Դուք հաստատում եք իմ խոսքը, ես չասացի թե հավիտյան սիրում եմ ձեզ, այլ թե հավիտյան սիրում եմ, այդ կնշանակե, որ այսօր իմ սերը ձեզ եմ նվիրում, իսկ վաղը մի ուրիշին, այսուամենայնիվ միշտ և ամեն օր սիրում եմ. և ահա՛ հենց այդ փոփոխության մեջ էլ կայանում է սիրո հավիտենականությունը,— ցինիկական ժպիտով նկատեց Պլատոնը։

— Պարոն, պարոն, անամոթությունը միայն ձեր պատկերով կարող է շրջել մարդիկների մեջ…— վրդովված բացականչեց Ամալիան։— Եթե դուք այդ կարծիք ունեիք սիրո հավիտենականության վերա, ինչու՞ համար մոտեցաք ինձ, ինչու՞ ինձ սեր խոստացաք, ինչու՞ ինձ հետ ամուսնանալու երդում արիք և իմ միակ հարստությունը՝ իմ պատիվը խլելով, տմարդությամբ ինձ անպատվության ճանապարհի վերա թողիք… ինչ չարիք էի ես ձեզ հասցրել, ե՛ս մի թույլ, մի թշվառ աղջիկ, չէ՞ որ իմ միակ հանցանքը ձեզ հավատալը և սիրելն էր…

— Օրիո՛րդ, հավատացեք, որ ինձ համար շատ ծանր է տեսնել ձեզ այդ աստիճան վրդովված. ես ինքս խոստովանում եմ, որ ձեր վիճակը նախանձելի չէ. ճշմարիտ է, որ դուք [ 86 ] ինձանից մի փոքր ավելի եք զոհել, բայց ի՞նչ արած, կյանքը որի համար մարդիկ այնքան շատ կռվում են, ուրիշ ոչինչ չէ, բայց եթե իմ և ձեր վիճակը։ Եթե ես ձեզ խաբել եմ, ես մեղավոր չեմ. դուք գեղեցիկ էիք ինչպես մի աստվածուհի և ես ձեզ սիրեցի ինչպես հողեղեն մարդ. բայց իհարկե, սիրելը բավական չէր. պետք էր և ձեզ ժառանգել, իսկ դրա համար ես չունեի հարկավոր ուժը, որին հարստություն են անվանում. ուրեմն պետք էր խորամանկություն գործ դնել։ Իմ ձեզ հետ ունեցած շատ խոսակցությունների ժամանակ ես ուսումնասիրեցի ձեր բնավորությունը, դուք մեծ նշանակություն էիք տալիս ազնվատոհմությանը և հարստությանը. ես ազնվատոհմ էի, բայց հարուստ չէի. պետք էր ուրեմն, հավատացնել ձեզ, որ հարուստ էլ եմ։ Եթե ես ճշմարտությամբ ներկայացնեի ձեզ իմ արդի դրությունը, հարկավ դուք իմ երեսին չէիք նայիլ. բայց ես խաբեցի ձեզ և դուք կապվեցաք ինձ հետ։ Հետևապես, որքան ես հանցավոր եմ ձեզ խաբելու մեջ, նույնչափ էլ հանցավոր եք դուք խաբվելու մեջ, այսպիսով հավասարվում են մեր հաշիվները։

— Իսկ ձեր պատի՞ժը, դավաճան, պատիժը ձեր չարագործության համար,— զայրույթից դողացող ձայնով բացականչեց Ամալիան։

— Պատի՞ժը, այդ հայտնի է, օրիորդ, դուք օրենքով կստիպեք ինձ ամուսնանալ ձեզ հետ, իսկ այդ դեպքում դարձյալ պատժվողը դուք կլինեք, որովհետև ես մի հրեշտակի հետ կընկերանամ, իսկ դուք՝ մի սատանայի,— սառնասրտությամբ պատասխանեց Պլատոնը։

— Օ՜հ, թշվառական, գոնե թողեք իմ սրտում մի անկյուն առանց սրբապղծելու, թողեցեք, որ ես հավատամ, թե դուք գոնե մի վայրկյան կարող եք հրեշ չլինել…

— Այդ անօգուտ կլիներ նույնիսկ ձեզ համար, օրիորդ, ավելի լավ է մոլության մեջ կատարյալ լինել, քան թե առաքինության մեջ պակասավոր. ամեն բանից մի քիչ ունենալ կնշանակե ոչինչ չունենալ. այդքան չարաչար խաբվելուց ետ ինչու՞ համար եք ցանկանում նորից խաբվել…

— Գարշելի՛ արարած, դժոխքն անգամ անկարող է հաղթահարել քեզ… — սրտմտությամբ բացականչեց Ամալիան և [ 87 ] զայրույթից գրեթե խելագարված դուրս գնաց յուր փեսացուի բնակարանից։

Բաբոն չափից դուրս անհանգստացավ յուր տիրուհուն վրդովված դրության մեջ տեսնելով. նա օգնեց նրան կառքը բարձրանալու, բայց չկարողացավ հարցնել նրա այլայլության պատճառը, այլ բավականացավ միայն հրամայելով կառապանին մտրակել ձիաները։

ԺԴ

Մի փոքր առաջ, երբ Ամալիան Պլատոնի մոտ գնալու էր պատրաստվում, նա ամեն զգուշություն ի գործ դրավ յուր բացակայությունը մորից ծածկելու. բայց այժմ, երբ վերադառնում էր այնտեղից, նա այդ զգուշության համար մտածելն ավելորդ համարեց։ Դեռևս տուն չհասած, Բաբոն հարցրեց նրանից, թե արդյոք չէ՞ր հրամայիլ կառքը իրենց տանից մի փոքր հեռու կանգնեցնել։

— Ոչ, ուղղակի մեր տան դուռը քշել տուր,— հրամայեց Ամալիան և երկու վայրկյանից ետ ահագին դղրդյունով կառքը կանգնեց Ագապյան տան աոաջ։

Դեռ Ամալիան նոր էր մտնում նախասենյակը, երբ մայրը դիմավորեց նրան բոլորովին անտեղյակ դստեր բացակայության:

— Ամալիա, այդ դո՞ւ կառքով եկար,— հարցրեց իշխանուհին զարմացմամբ։

— Այո՛, ես եկա,— հակիրճ պատասխանեց Ամալիան և շտապավ ներս գնաց դեպի յուր առանձնարանը։

Իշխանուհին չնկատեց յուր դստեր այլայլությունը, բայց շատ հետաքրքրվեցավ իմանալու, թե այդպես վաղ ո՞րտեղից էր վերադառնում նա։

Երբ նրանք ներս մտան առանձնարանը, մայրը հարցրեց կասկածավոր եղանակով.

— Ամալիա, ո՞րտեղ էիր դու այսպես վաղ։

— Այնտեղ, որտեղ դու ինձ ուղարկել էիր,— պատասխանեց [ 88 ] Ամալիան շղարշը դեն ձգելով և վրդովմունքից հոգնած բազկաթոռի վերա ընկնելով։

— Այդ խոսքը ի՞նչ է նշանակում, ես քեզ ոչ մի տեղ չեմ ուղարկել։

— Ինչպե՞ս չէ, մոռանո՞ւմ ես,— դառնությամբ նկատեց Ամալիան,— ես Պլատոնի մոտ էի։

— Պլատոնի մո՞տ, մի՞թե նա արդեն վերադարձել է։

— Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել։

— Ի՞նչպես չէ, դու չէի՞ր, որ կարդացիր ինձ նրա նամակը։

— Այո', կարդացի, բայց այդ նամակով նա մեզ խաբել էր և փախչելով մեզանից՝ ապավինել մի անառակ կնոջ տանը…

— Ի՜նչ եմ լսում, Ամալիա, դու ինձ սարսափեցնում ես,— դողալով խոսեց իշխանուհին։

— Մի տարի առաջ պետք է սարսափեիր, հիմա արդեն ուշ է…

— Ի՞նչ ես կամենում գուժել ինձ, աղջիկս, խոսի՛ր տեսնեմ։

— Այն, որ Պլատոն Ջոմարջիձեն քո աղջկանն անպատվելուց ետ, թողնում է նրան։

— Ի՞նչպես կարող է նա հանդգնել. աշխարհում օրենք կա. ես նրան դատարան քարշ կտամ, մինիստրին կդիմեմ, թագավորին կբողոքեմ… — այլայլված որոտաց իշխանուհին։

— Բոլորովին իզուր, որովհետև նրանից էլ քեզ շահ չի լինել։

— Ի՞նչ ես խոսում, ինչպես թե շահ չի լինիլ. մի՞թե ես նրան այդպես հեշտ իմ ձեռքից բաց կթողնեմ։

— Եթե չթողնես, ի՞նչ կարող ես անել։

— Ես քեզ կամուսնացնեմ նրա հետ։

— Ավելի վատ. դու քու աղջիկը կկապես մի անառակ և մի ամենաաղքատ սրիկայի հետ. մի մարդու, որ սրտում ոչ խիղճ ունի և ոչ երեսում' ամոթ, որի համար չկա աշխարհում և ոչ մի սրբություն…

— Թշվառական, և դու այդ դեռ այսօ՞ր իմացար։

— Այո՛, միայն այսօր։ [ 89 ] —Ուրեմն ինչու՞ այնքան շուտ և այնքան թուլությամբ անձնատուր եղար մի մարդու, որին դեռ այսօր պիտի ճանաչեիր:

— Ես նրան անձնատուր չեղա. դո՛ւ ինձ մատնեցիր նրան:

— Ամալիա, այդ ի՞նչ սոսկալի զրպարտություն ես անում…

— Զրպարտությո՞ւն, բնավ. ես խոսում եմ ճշմարտությունը, դու ինքդ ինձ նրա ձեռը մատնեցիր. դու ինքդ կործանեցիր իմ ապագան։

— Ամալիա, ես կխելագարվեմ. մի՛ տանջիր ինձ այդքան անողորմ. ինչո՞վ եմ ես մեղավոր քո անպատվության գործում։

— Եվ դեռ հարցնո՞ւմ ես, թշվառ դու։

— Ասա՛, ասա՛, ես կամենում եմ, որ դու հաստատապես համոզես, թե արդարև ես եմ քեզ անպատվողը և ոչ թե դու։

— Շատ լավ. ուրեմն պատասխանիր ինձ, դո՞ւ չէիր իմ մայրը, դո՞ւ չէիր ավելի հասակավորը, դո՞ւ չպետք է լինեիր ավելի փորձվածը, ավելի աշխարհ ճանաչողը։

— Իհարկե։

— Ի՞նչ մտածեցիր, ուրեմն, երբ ինձ նման մի տասնութամյա, աշխարհին անծանոթ, չարին ու բարվոյն անտեղյակ և ըստ ամենայնի անփորձ աղջկան հանձնեցիր մի երիտասարդ, փորձառու, լեզվագար, արկածախնդիր և բոլորովին քեզ անծանոթ մարդու խնամատարության. ի՞նչ իրավունք ունեիր ուրեմն սպասել մեզանից ավելին, քան այն, ինչ որ մենք այժմ տալիս ենք քեզ…

— Իսկ դու՞, Ամալիա, դու, ուրեմն, մի ոչնչություն էիր. դու որ տասնութամյա, զարգացած, կրթված մի աղջիկ էիր, ուրեմն այնքան ուժ չպետք է ունենայիր, որ մի տարի գոնե կարողանայիր ծնողական խնամատարության անկարոտ ապրել…

— Ամենից առաջ գիացիր, թե դու ի՞նչպես ես մեծացրել ինձ մինչև իմ տասներկու տարին և այնուհետև թե դու ո՞րտեղ ես տվել ինձ ուսանելու… Դու խոսում ես իմ զարգացման [ 90 ] և կրթության մասին, բայց դու նեղությո՛ւն ես կրել գոնե մի անգամ իմանալու համար, թե արդյոք ինձ կրթո՞ւմ ու զարգացնո՞ւմ էին, թե միայն աշխարհում թեթև ապրելու եղանակն էին սովորեցնում… Օ՜, դու մայր չես եղել ինձ համար և ո՛չ գոնե մի հասարակ խնամակալ. դու իմ թշնամին և դահիճն ես եղել…

— Ամալիա, Ամալիա, դու խոցոտում ես իմ սիրտը, դու վիրավորում ես իմ հոգին…

— Դրանք դատարկ խոսքեր են, մայր իմ, ճշմարտությունն այն է, որ դու ինձ կործանեցիր, որ դու իմ անդարձ կորստյան պատճառ դարձար… Այսուհետև ապարդյուն է նույնիսկ քո զղջումը, ամեն մի իմ անցյալը հիշելով, ամեն մի իմ դժբախտ ներկան տեսնելով ես պիտի անիծեմ քեզ և պիտի անիծեմ անողորմաբար…

— Ամալիա, դու անգութ ես. մտածիր գոնե մի անգամ, որ ես մայր եմ, որ ես չէի ցանկանալ տեսնել իմ աղջկանը, իմ աչքի լույս Ամալիային այսպիսի անարգ դժբախտության մեջ…

— Այո, դու մայր ես, դու չէիր ցանկանալ տեսնել ինձ դժբախտ, ես հավատում եմ, բայց ի՞նչ ես պատասխանում նրան, որ տեսնում ես թե ես արդեն դժբախտ եմ…

— Բայց ես հանցավոր չեմ, Ամալիա…

— Օ՜հ, միշտ իրենց եսը. թող մեռնի աղջիկը, թող ոչնչանա նա, միայն մոր համար չասեն, թե նա հանցավոր է… Օ՜հ, դեն գցեք ձեր վերայից գոնե մայր անունը, գոնե մի՝ պարծենաք դրանով, դուք չեք սիրում ձեր որդիներին. չէ, այդ մայրերը գուցե մի օր եղել են, բայց այժմ չկան… Աշխարհը կերպարանափոխվել է, մայրական գորովի տեղ այժմ բուսյել է մայրենի ինքնասիրությունը. դուք կամենում եք ձեր որդիներին բախտավոր տեսնել միմիայն ձեը հանգստության համար, խելոք, զարգացած, հարուստ — միմիայն ձեր փառքի համար։ Այն օրը, որ նրանք կընկնին, այն օրը, որ նրանք կաղքատանան, դուք նրանց թշնամիների կողմը կանցնեք, և այդ կանեք հանգիստ սրտով, առանց վրդովվելու, որովհետև հասարակությունը ինքը անբարոյականացնում է [ 91 ] ձեզ, սովորեցնելով գլուխ ծռել միայն կանգնած մարդու, միմիայն հարուստ մարդու առաջ…

-Իսկ այն սիրտը, որ միայն որդու սիրո համար է բաբախում, ա՛յն սիրտը, որ միայն նրա համար է ապրում, Ամալիա…

— Նրան պետք է որոնել մուզեումներում և գյուղացու խրճիթների մեջ,— դառնացած ընդհատեց մորը Ամալիան և վրդովված դուրս գնաց առանձնարանից։

Իշխանուհին մնաց քարացած։

— «Ամալիան իրավունք ունի,— մտածեց նա ինքն իրեն,— ես եմ նրա դժբախտության պատճառը. և նա դեռ ամեն բան չգիտե… Եթե ես լավ մայր լինեի, չմտածեի իմ հարստության ու փառքի վերա, եթե ես չաշխատեի նրա ապագան իմ բարեկեցության հարմարեցնելու, եթե ես նրան չսովորեցննի յուր ազնվատոհմությամբ պարծենալու և վերջապես, եթե ես առաջինը չլինեի Մաշտոցյանի նման հարուստ ու պատվավոր երիտասարդի առաջարկության մերժողը, հարկավ նա այժմ մի պատվավոր ընտանիքի հարսը կլիներ, բախտավոր յուր դրությամբ, գոհ յուր վիճակից. բայց իմ հիմարությունը երկուսիս էլ բախտից զրկեց… Եվ ի՞նչ, մի՞թե ես այդ հարվածը զգացի և նրա վնասով բավականացա՞, ոչ, իմ իշխանազուն աղջկա գեղեցկությունն ինձ կուրացրել էր. ես կամենում էի, որ բոլոր աշխարհը ճանաչեր նրան. ես նորանոր ծանոթությունների ետևից ընկա և իմ տունը զվարճասեր երիտասարդության ժողովարան դարձրի։ Խելքս այն ժամանակ գլուխս եկավ, երբ արդեն բոլոր քաղաքը բամբասում էր խեղճ Ամալիայիս և նա ինքը ոչինչ չգիտեր… Բայց ի՞նչ, աչքը շինելու տեղը հոնքն էլ պատառեցի, մի սխալմունքս ուղղելու համար գլորվեցա ուրիշ ավելի խայտառակ սխալմունքի մեջ։ Կամենալով ազատել աղջիկս անվանարկությունից և տունս՝ իմ ձեռքով հավաքած սրիկաներից, հանձնեցի խեղճ Ամալիայիս մի օտար, մի անծանոթ մարդու, ազատություն տալով նրան տանել իմ սիրած ու գուրգուրած աղջկան ո՞վ գիտե ո՞ւր… Օ՜հ, հիմարություն. մի անգամ ինքս ինձ չհարցրի, թե՝ ա՜յ տխմար, դո՛ւ հեռացնում ես աղջկանդ՝ դրան բամբասանքից ազատելու համար. [ 92 ] ախար չէ՞ որ ընտրած միջոցդ ավելի վատթար բամբասանքի տակ պիտի ձգե նրան։ Եթե յուր հոր տան մեջ, յուր մոր հսկողության տակ բամբասում են նրան, ի՞նչ պիտի ասեն ուրեմն, եթե օտար աշխարհում մի օտար երիտասարդի հետ ապրե նա, թեկուզ ամենաանարատ և ամենասուրբ կյանքով։ Եթե այս գարշելի արարածները չեն խղճահարվում իրենց անսիրտ բամբասանքներով եղբոր և քրոջ միությունը սրբապղծել, ի՞նչ չէին խոսիլ, ուրեմն, Ագապյանի աղջկա և Ջոմարջիձեի վերա։ Բայց թողնենք բամբասանքը մի կողմ. ի՞նչ խելքով ես իմ անփորձ աղջկան հանձնեցի այն անծանոթ սրիկային. ի՞նչ իրավունքով ես հավատացի նրա ազնվությանը… Օ՜հ, Ամալիա, Ամալիա, անիծի՛ր ինձ, անիծի՛ր քո մորը, նա է քո դժբախտութան պատճառը…»։ Եվ այս ասելով թշվառ կինը ծեծում էր յուր գլուխը և դառնապես արտասվում։

Բայց Ամալիան մոռացել էր յուր մորը. նա մտախոհ անցուդարձ էր անում դահլիճի մեջ, յուր բոլոր անցյալը նա այդ րոպեին պատկերացնում էր յուր աչքերի առաջ, և տեսնելով նրան կատարյալ ոչնչությամբ լի, դառնացած սրտով բացականչում էր.— «Անարժան ծնողների անարժան որդիք. այդ մենք ենք. արարածներ, որ ապրում ենք աշխարհում մեր ողորմելի գոյությունն ապացուցանելու համար միայն։ Բայց չենք ճանաչում աշխարհում ոչինչ, ինչ որ մարդկային ազնվության և պատվասիրությանն է վերաբերում… կրթություն, դաստիարակություն. սրանք մի-մի բառեր են, բայց որքա՜ն մեծ, որքա՜ն բազմիմաստ, քանի՜-քանի՜ անգամ մենք պատահել ենք այդ բառերին, քանի՜-քանի՜ անգամ մենք արտասանել ենք նրանց, բայց և ոչ մի անգամ չենք ըմբռնել նրանց իմաստը, նրանց նշանակությունը… Ահա՛ թե ինչո՞ւ խեղճ ամալիաների պատիվը վաճառվել է փողոցում… Երբ ես մանուկ էի, իհարկե, ինձ կզվարճացնեին խաղալիքներով. երբ ման գալ սկսա, ես հիշում եմ, որ ինձ պճնում էին հարուստ շորերով, իմ ընկերուհիների մեջ ես առաջինն էի։ Լեզուս բացվեցավ թե չէ, ինձ համար վարժուհի վարձեցին, որ ինձ օտար լեզվով գրել-կարդալ սովորեցուց, մուզիկ և պարի դասեր տվավ։ Ես մեծացա առանց իմ ի՞նչ ազգից լինելը գիտնալու, առանց իմ մայրենի լեզվից մի բառ հասկանալու. թեպետ [ 93 ] նրանից շատ առաջ իմ ազնվուհի լինելս գիտեի և տղա ժամանակից սովորեցնում էին ինձ պահանջել ծառաներից, որ ինձ իշխանուհի անվանեն... Վերջապես ինձ վարժարան տվին, ուր եվրոպական լեզուների հետ ծանոթացա. աշխարհագրություն, թվաբանություն, երկրաչափություն և այլ շատ ություններ սովորեցի, դաշնակ զարնելուն վարժվեցա, երաժշտություն սիրեցի: Շուտով իմ վարժապետները վկայեցին, որ ես ավարտել եմ, ինձ վկայական տվին և ես նրան ծոցս դրած վերադարձա տուն։

«Ահա այս է իմ կրթության վերաբերյալ համառոտ պատմությունը. ա՛յս է լինում և մեր բոլոր հայ ազնվուհիների կրթության չափն ու սահմանը...

«Բայը ի՞նչ ենք բոլորս միասին վեր առած,— ոչնչություններ, անպարունակ դատարկություն...

«Մենք վերադառնում ենք տուն. մեզ շրջապատում են մեր հայ ազգականները. նրանք մեզ հետ խոսում են իրենց լեզվով, իրենց վարք ու բարքից, իրենց սովորություններից։ Մենք չենք հասկանում նրանց, բայց այդ չէ վշտացնում մեզ և ոչ էլ մեր ծնողաց — մենք արդեն ուսումնավարտ ենք...

«Հասարակ կամ միջին դասի շրջանն ենք մտնում. այստեղ խոսում են ձեռագործի վերա, տնտեսության վերա, մայրական պարտավորությանց վերա. և առօրյա կյանքին պիտանի ուրիշ շատ առարկաներից։ Մենք այդ բաների վերա գաղափար անգամ չունենք,— բայց ի՞նչ հոգ. մենք գեղեցիկ պարում, երգում և դաշնամուրի վերա խաղում ենք... իսկ հետո՞, մենք դուրս ենք գալիս փողոց: Հեռու կացեք, հայ իշխանուհիները գալիս են, ահա՛ նրանք։ Շքեղ շրջազգեստ, հարուստ վերարկու, վերջին տարազով գլխարկ, թանկագին սոլեր... Նրանք նայում են շատ բարձրից, ժպտում են շատ անուշ, ճեմում են կոտրատվելով... Նրանք խոսում են ֆրանսերեն, գերմաներեն և, վերջապես անգլերեն, եթե պահանջեք... Նրանց խոսակցության նյութը' թատրոն, մուզիկ, պարահանդեսներ, վիզիտներ... Բայց ի՞նչ բաներ են նրանք իսկապես. տիկնիկներ, խաղալիքներ, որոնք մեծ ճշտությամբ օրինակում են լուսավոր և քաղաքակիրթ կնոջ բոլոր արտաքինը, առանց սեփականելու նրա ներքին արժանավորությունները, [ 94 ] հաստատուն բնավորությունը, ազնիվ ձգտումները…

«Եվ ինչու՞ համար է այս այսպես.— որովհետև ոչ ոք չէ մտածել մեզ կրթելու, դաստիարակելու բառի բուն նշանակությամբ։ Մանկությունից սովորելով պճնասիրության, մեծամտության, դատարկ և սնոտի զվարճություններին, մենք զուրկ ենք մնացել նույնիսկ մեր հասարակ դասի գեղեցիկ հատկություններից. մենք չունենք ո՛չ նրա աշխատասիրությունը, ո՛չ նրա չափավորությունը, ո՛չ նրա խնայողությունը և ո՛չ էլ մինչև անգամ նրա համեստությունը… Եվ այսպես օտարանալով մեր ունեցածից, իսկ օտարից գեղեցիկը սեփականել չկարողանալով՝ մենք դարձել ենք միայն ընդունարան մեր և այլոց պակասությունների… մեր ծնողները չեն մտածել ապրեցնել մեզ ինչպես մարդ, ճանաչեցնել մեզ մեր կոչումը, հարգել տալ մեզ մեր արժանապատվությունը… Նույնիսկ դաստիարակության ամենատարրական պահանջը — մայրենի լեզվի ուսումը, նրանք անտես են արել և մենք նրանցից սովորել ենք միայն արհամարհել ինչ որ մերն է, ինչ որ հայինն է… Բայց ես իմ ճանապարհորդության ժամանակ պատահում էի իտալացիների, շվեյցարացիների, հունգարացիների, հույների և այլն, դրանցից ամեն մեկը զանազանվում են մյուսից յուր սեփական լեզվով, յուր ազգային առանձնահատկությամբ, յուր որոշ բնավորությամբ։ Ճանապարհորդող մարդն անգամ առաջին հայացքից և առաջին խոսքից իսկ կարող է ճանաչել, թե յուր դիմաց կանգնողը իտալացի՞ է, թե շվեյցարացի, հունգարացի՞ է, թե հույն։ Յուրաքանչյուրը դրանցից անպատվություն է համարում յուր համար մայրենի լեզուն չխոսել, յուր բնավորությամբ չշարժվել, յուր ծագումով չպարծենալ… Բայց եթե այդ մարդկանցից մեկը մոտենա մեզ՝ հայ ազնվուհիներիս և ցանկանա մեր ինչ ազգության պատկանիլը ճանաչել, տեր աստված, ինչ գաղափար կարող է նա կազմել մեզ համար։ Հա՞յ ենք մենք,— հայ չենք։ Ռո՞ւս ենք — ռուս չենք, գերմանացի՞ — այն էլ չենք։ Ֆրանսիացի՞ — նույնպես չենք։ Ուրեմն ի՞նչ ենք. ամեն բան և ոչինչ. ահա՛ մեր սկիզբը և վախճանը։

«Եվ ա՛յս բնավորությունր, ա՛յս խելքր, ա՛յս սիրտը, [ 95 ] ա՛յս հոգին ունենալուց ես, մենք համարձակվում ենք նեղանալ ջոմարջիձեներից, որ նրանք խաբում և հափշտակում են մեզ և ապա անպատվելով թողնում ճանապարհի վերա… Թողնեի՜ք, որ ես ճանաչեի մի անգամ իմ արժանավորությունը, սովորեցնեի՜ք ինձ պատկառ մնալ իմ կոչմանը, հեռացնեի՜ք ինձ սնոտի զվարճություններից և վերջապես խնամեի՜ք իմ մանկությունը մարդկության արժանավայել դաստիարակությամբ, ա՛յն ժամանակ քաջ կասեի նրան, ով կհամարձակվեր գայթակղեցնել ինձ…

«Այո, այս բոլորը ես գիտեմ, հասկանում եմ. տխուր փորձը, մանավանդ, ավելի է զգալի անում ինձ համար այս բոլորի ճշմարտությունը. բայց… արդեն ուշ է, ես էլ վերադառնալ չեմ կարող։ Որքան էլ որ ցանկանամ նորից սովորեցնել ինձ պարզության, պարկեշտության, աշխատասիրության և ուրիշ շատ արժանավայել բնավորությունների, որքան էլ ցանկանամ նորից հայանալ, հայ լեզու սիրել, հայ կյանքով ապրել, այսուամենայնիվ անկարող եմ. այժմ ինձ պակասում է կամքի ուժ, ինձ պակասում է բնավորության հաստատություն. իմ քայլերս մանկությունից արդեն շեղվել են ուղիղ ճանապարհից. իմ ոտքերի տակ հաստատուն հող չկա… Այս կյանքը, որին ես վարժվել եմ, այս թերությունները, որոնք ինձ ստորացնում են, այս րոպեն իսկ, ավելի մոտիկ, ավելի սիրելի են իմ սրտին, որովհետև նրանք ինձ համար միս և արյուն են դարձել, քան այն բոլոր արժանավորությունները, որոնց ես կկամենայի ունենալ, ճշմարտությունն այս է… Բայց, իհարկե, այս կյանքով, այս թերություններով ապրել, կնշանակե, որ օր-օրի վերա փոքրանալ, ոչնչանալ և վերջ ի վերջո գլորվել անպատվության և անվանարկության անդունդը: Այս էլ գիտեմ, հասկանում եմ։

«Բայց, ասացի, ես նոր կյանքի վերադառնալ չեմ կարող, ուրեմն ի՞նչ անեմ հավիտենական անվանարկությունից ազատվելու համար։

«Խեղդվե՞լ ջրի մեջ.— դա շատ ողորմելի միջոց է. ես չեմ կամենում մեռնել, ես պետք է ապրեմ։ Կուսանո՜ց գնալ — այդ էլ հիմարություն է։ Ինչո՞ւ համար կենդանի թաղվել գերեզմանի մեջ. ինչու՞ համար տեսնել արևը, որ ծագում [ 96 ] է, բնությունը, որ կենդանի է թռչունները, որ երգում են, գետերը, որ խոխոջում են, մարդիկ, որ ապրում և զվարճանում են և ինքդ քեզ դատապարտել անշարժության, անզգայության և վերջապես մեռելության…

«Ո՛չ, ես դեռ երիտասարդ եմ, ես դեռ գեղեցիկ եմ, ես կամենում եմ ապրել, ուրախանալ, զվարճանալ, ես կամենում եմ վայելել կյանքը, զգալ նրա քաղցրությունները, զմայլիլ նրա հրապույրներով, և վերջապես, ես դեռ պիտի փորձեմ սիրել, և պիտի սիրեմ այնպես, ինչպես սիրել են ինձ… ինձ վերա պարտք կա վրեժ լուծել մարդիկներից…»:

Եվ իշխանուհի Ամալիան գնաց բուլվար…

  1. օպերայի մի երգչուհի Թիֆլիսի թատրոնում